close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2019
USD1477.83
GBP1601.49
EUR1535.70
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մերը երկիրն է, մերը պետությունն է. Լիլիթ Գալստյան

Քաղաքական

23 Մայիսի 2019, 20:02
 Մերը երկիրն է, մերը պետությունն է. Լիլիթ Գալստյան

Այսօր Ազատության հրապարակում #Լրջացեք #ՀանունԵրկրի կարգախոսով` Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնած հանրահավաքում ելույթով հանդես եկավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը: Ելույթը ներկայացնում ենք ստորև` ամբողջությամբ:

Սիրելի' հայրենակիցներ

Ուղիղ մեկ տարի առաջ, երբ մեր ամբողջ ժողովուրդը փողոց դուրս եկավ՝ պայքարելու իր իրավունքների, արժանապատվության, արդար, ապահով  ու զարգացող երկրի համար, մենք նրա հետ էինք։ Նրա հետ էինք, որովհետև համոզված էինք, որ արդար է փոփոխության պահանջը: Մենք ինքներս էինք  քննադատում  երկրում տիրող քաղաքական որակներն ու տարիներ շարունակ համակարգային փոփոխությունների խնդիր դնում։

Իշխանություններն ունեին մի ամբողջ տարի՝ իրականացնելու երկրի և մեզանից յուրաքանչյուրի համար այդքան ցանկալի, խորքային, բովանդակային, իսկապես հեղափոխական փոփոխություններ։ 

Ի՞նչ ունենք այսօր․․․

Ընկերներս խոսեցին մեր հանրային կյանքում առկա մի շարք տագնապեցնող երևույթների մասին, որոնք դրդել են մեզ հրավիրել այս հանրահավաքը։ Ես  կանդրադառնամ երկրում առկա և օրեցօր անտանելի դարձող` ատելության և թշնամանքի մթնոլորտին։

Սոցիալական պետությունը, սերն ու համերաշխությունն իբրև իշխանափոխության հիմնական կարգախոս դարձրած իշխանությունները  բոլորովին այլ վարքագիծ են որդեգրել։ Դեռ ամիսներ առաջ, երբ հրապարակ նետվեց սևերի և սպիտակների կարճամիտ պիտակավորումը, փորձեցինք այն վերագրել քաղաքական փորձի պակասին ու էյֆորիկ կարճատեսությանը։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ սա ուղղորդվող վարքագիծ է,  որը շարունակեց ունենալ իր մերժելի և դատապարտելի դրսևորումները՝ փողոցային արդարադատություն, ներքին թշնամիների փնտրտուք, իբրև սողուններ ու բորենիներ անվանարկվող հակահեղափոխականներ։ Եվ, որ ամենասարսափելին է՝ թշնամիներ ու դավադիրներ փնտրելու ագրեսիվ մոլուցքն ընդհուպ հասավ Արցախ։

Սիրելի' երիտասարդ քաղաքական «գործիչներ», մի՞թե դժվար է հասկանալ, գիտակցել, որ յուրաքանչյուր պետության ռազմավարական ռեսուրսներից մեկն էլ տվյալ հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտն է, մի՞թե դժվար է հասկանալ, որ բաժանարարներով  ջլատելով պատերազմի անհերքելի վտանգով ապրող ժողովրդին, նրա համերաշխությունը, դուք  թուլացնում  ու խոցելի եք դարձնում նրա ոգին, մարտունակությունը։ Ժողովուրդը ձեզանից այլ սպասում և ակնկալիք ուներ՝ մենք ունեինք ռեալ և անթիվ խնդիրներ և ձեզանից  տեսանելի,  շոշոփելի  լուծումներ էինք ակնկալում։

Ավաղ, կոնցեպտուալ, հայեցակարգային լուծումներ չկան որևէ ոլորտում, նաև չկա այն թիմը, որն ունակ է խնդիրներ ձևակերպել ու լուծել դրանք։ Ձեր թիմը պատրաստ չէ անգամ լսել որևէ քննադատություն,  առաջարկ, երկրին անհրաժեշտ ծրագրեր։  Ձեր հակազդեցությունն այնքան բիրտ է ու փողոցային, արդյո՞ք այսպիսին էր ժողովրդավարության ձեր աղճատված պատկերացումը։

Անհերքելի է՝ ԲՌՆՈՒԹՅԱՆ և ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ  ԲՌՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՔԱԳԻԾ Է ԾՆՈՒՄ: Եվ սա պատահական չէ․ երբ մեթոդաբար հնչեցնում ես պատերին ծեփելու, թևեր կտրելու, ծնոտ ջարդելու, ասֆալտին փռելու և այլ` նման հայտարարություններ, դրանք դառնում են  վարքագիծ ու նորմ։ Սա ցածր իրավագիտակցություն ունեցող ժողովրդից ամբոխ ու մանկուրտ կերտելու ամենակարճ ճամապարհն է, իսկ դուք պարտավոր էիք ՔԱՂԱՔԱՑԻ ձևավորել։

Մի՞թե ձեզ թվում է, որ  հակահեղափոխականների և սևերի թիրախմամբ  ու արհեստական հակադրությամբ կարող եք հանրությանը շեղել իրական խնդիրները տեսնելուց։ Ոչ, իհարկե:

Ակնհայտ է կազմակերպված արշավը ազգային, ավանդական, հոգևոր  արժեքների վրա։ Ի՞նչ կատարվեց մշակույթի ոլորտում՝ ոչինչ, և ավելի վատ՝ արկածախնդիր ու չկշռադատված քաղաքականությամբ ահա մեկ տարի է` կաթվածահար է  ողջ մշակութային դաշտը, մեր ազգային ինքնությանը սպասարկող  հիմնական կառույցներից մեկը։

Մի՞թե չեք տեսնում, որ չսպասարկվող ակնկալիքները հիասթափության դռներն են բացում։

Դաշնակցության քաղաքական ինքնությունը հստակ է` ՄԵՐԸ ԵՐԿԻՐՆ Է ու ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, մենք բարդույթներ չունենք, մենք պարտավոր ենք զգուշացնել, կասեցնել այն ընթացքն ու վարքագիծը, որը երկիրը տանում է  ցնցումների, արկածախնդրության, կորուստների ճանապարհով։

Ձեզ ոչ ոք չի տվել այդ իրավունքը:  Լրջացե'ք:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica