close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայոց լեզվի կենտրոնացված քննությունը նման չի լինի ավանդական միասնական քննությանը. ԳԹԿ փոխտնօրեն

Հասարակություն

22 Մայիսի 2019, 12:55
 Հայոց լեզվի կենտրոնացված քննությունը նման չի լինի ավանդական միասնական քննությանը. ԳԹԿ փոխտնօրեն

Մայիսի 26-ին`կիրակի օրը, Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կանցկացվի 9-րդ դասարանցիների համար նախատեսված` «Հայոց լեզու» առարկայի կենտրոնացված քննություն. այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը` շեշտելով, որ քննության համար ընտրվել է ոչ աշխատանքային օրը` հաշվի առնելով քաղաքներում տրանսպորտային խցանումների խնդիրը:

Հանրապետության ամբողջ տարածքում կգործի 251 կենտրոն, ընդ որում` դրանք տեղակայված կլինեն ոչ միայն Երևանում կամ մարզկենտրոններում, այլև գյուղական համայնքներում ու նախկին շրջկենտրոններում: Այս տարի քննական կենտրոնների աշխարհագրությունը բազմազան է` Մեղրիից Բագրատաշենի սահման, Արմավիրի մարզերի գյուղերից մինչև Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղ:

«Հայոց լեզու» առարկայից կենտրոնացված քննություն կհանձնի շուրջ 31.560  իններորդ դասարանցի, որոնցից մոտ 10.000-ը`Երևանում:

Նասիբյանի խոսքով` անցկացվելիք քննությունները նման չեն լինի ավանդական միասնական քննություններին, քանի որ այս պարագայում հաշվի է առնվել երեխաների տարիքը. նրանց համար կենտրոնացված քննությունը կարող է ընկալվել որպես ընթացիկ թեմատիկ կամ ստուգողական աշխատանք:

ԳԹԿ փոխտնօրենը ներկայացրեց նաև կենտրոնացված քննության անցկացման ձևաչափը: Ըստ նրա` թեստը բաղկացած կլինի 3 մասից: «Առաջին հատվածում տեղ կգտնեն ընտրովի ավանդական  20 առաջադրանքը, երկրորդ հատվածը բաղկացած կլինի երկար կամ կարճ պատասխան պահանջող 15 առաջադրանքից. աշակերտն ինքն է գրելու բառ, նախադասություն կամ բառակապակցություն, և երրորդ հատվածը շարադրանքի մասն է, որտեղ տեքստը կարդալուց հետո աշակերտն իր կարծիքն ու տեսակետը պետք է շարադրի 50-70 բառի սահմաններում», - բացատրեց Նասիբյանը` հավելելով, որ աշակերտը պետք է օգտագործի հատուկ սևագրության համար նախատեսված հատվածը, քանի որ բառերի քանակը պետք է չանցնի նշված շեմը. նա դարձերեսին շարադրելու հնարավորություն չի ունենա:

Բանախոսը նշեց նաև, որ քննության անցկացման ընթացքում յուրաքանչյուր քննակենտրոնում կլինի նաև առնվազն ԳԹԿ մեկական ներկայացուցիչ, որն էլ աշակերտների գրավոր աշխատանքները կտանի Գնահատման և թեստավորման կենտրոն:

«Ներկայացուցիչները, ուսուցիչներն ու տնօրենները երեխաների հանդեպ խիստ չեն լինի, բայց քննական կարգը, այնուամենայնիվ, պետք է պահպանվի»,- ասաց Նասիբյանը:

Ինչ վերաբերում է սպասվելիք արդյունքներին, ապա ԳԹԿ փոխտնօրենը մանրամասնեց, որ իրենք իրական արդյունքներ են սպասում: «Լա՞վ, թե՞ վատ, դա կարևոր չէ»,- շեշտեց նա:

Կենտրոնացված քննությունները, միասնական քննությունների համեմատությամբ, մի քանի էական տարբերություն ունեն: Մասնավորապես` եթե միասնական քննության վերջում  դիմորդի պատասխաններով ձևաթուղթը պատճենահանվում և տրվում է նրան, և  ըստ այդմ` նա 1.5- 2 ժամ հետո գիտի իր ստույգ գնահատականը, ապա կենտրոնացված քննության դեպքում նա իր արդյունքի մասին կտեղակացվի քննության անցկացման օրվանից հետո 7-րդ օրը:

«Արդյունքները պարզ կդառնան քննության անցկացման յոթերորդ օրվա ընթացքում: Դրանք կուղարկվեն դպրոցներ: Յուրաքանչյուր դպրոց կունենա անձնական համար, որի միջոցով էլ մուտք կգործի համապաստախան բազա, որտեղից էլ հնարավոր կլինի իմանալ աշակերտի գնահատականը»,- հայտնեց Նասիբյանը` ավելացնելով, որ աշակերտի ծնողի`գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում նա կարող է բողոքարկել այն նույն օրվա ընթացքում:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է այս տարի 9-րդ դասարանցիների համար քննական ձևաչափը վերափոխվել «կենտրոնացված»-ի, նա բացատրեց, որ հրամանը կրթության և գիտության նախարարինն է: «Առաջարկը նախարարությունից է, ԳԹԿ-ն էլ, իհարկե, համաձայնել է»,-ասաց Նասիբյանը:

Անկախության երթ՝ Երևանում
21 Սեպտեմբերի 2019, 19:41 Անկախության երթ՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica