close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2019
USD1478.40
GBP1605.13
EUR1539.06
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որքան կդիմակայի Իրանը

Թեմա

19 Մայիսի 2019, 12:35
 Որքան կդիմակայի Իրանը

Տեղեկատվական-հոգեբանական գործողություններ

Վերջին ամիսներին իրանա-ամերիկյան հարաբերություններում պահպանվող լարվածությունն անցել է նոր՝ ռիսկային փուլ։ Վաշինգտոնը ընդլայնում է Թեհրանի նկատմամբ գործադրված տնտեսական, քաղաքական ճնշումները։ Նշենք, որ ընդգծվում են տեղեկատվական-հոգեբանական նշանակության գործողությունները։

Տեղեկատվական-հոգեբանական գրոհի դասական օրինակ կարելի է համարել ընթացիկ տարվա փետրվարին նախագահ Թրամփի ուղերձն Իրանի հասարակությանը, որը հնչեց պարսկերեն։ ԱՄՆ նախագահն ուղերձում մեղադրանքներ էր հնչեցնում Իրանի իշխանությունների հասցեին՝ 40 տարի շարունակ կոռուպցիա, ճնշումներ ու ահաբեկչություն, նաև նշում, որ Իրանի ժողովուրդն արժանի է պայծառ ապագայի։

Հասկանալի է, որ նման գործելակերպը նպատակաուղղված է Իրանի հանրության շրջանում երկրի ղեկավարության նկատմամբ դժգոհությունների ալիք բարձրացնելուն։ Խոշոր հաշվով, տեղեկատվական-հոգեբանական նման օրինակով Վաշինգտոնում հետապնդում են Իրանում հեղաշրջման փորձ իրագործելու նպատակ։ Իրանի ղեկավարությունը, սակայն, լրջորեն վերահսկում է երկրի ներքաղաքական իրադրությունը։

Հիշեցնենք, որ Իրանի հանրությանը հասցեագրված ուղերձով ավելի վաղ՝ 2018թ. հունիսին, հանդես էր եկել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն՝ անդրադառնալով Իրանի ջրային ռեսուրսների անարդյունավետ կառավարման սոցիալական հետևանքներին։ Նա մասնավորապես նշել էր, որ «Իրանի ժողովուրդը դաժան ռեժիմի զոհն է` այն չի բավարարում բնակչության՝ ջրային ռեսուրսներից օգտվելու կենսական կարիքները: Իսրայելը Իրանի ժողովրդի կողքին է»։ Հիշեցնենք, որ Իսրայելի ղեկավարությունը նախատեսում էր ստեղծել պարսկերենով գործող կայքէջ, որտեղ կներկայացվեին ջրային ռեսուրսների կառավարման իսրայելական տեխնոլոգիաներն ու ստրատեգիան։ 

Կարծում ենք, որ Իրանի ժողովրդին ուղղված վերոհիշյալ ուղերձները Վաշինգտոնի ու Թել Ավիվի կողմից համատեղ մշակված գործողության արդյունք են։ Սա հնարավորություն է տալիս ենթադրելու, որ, ըստ ամենայնի, վերջին տարիներին Վաշինգտոնում ու Թել Ավիվում մշակվել է, Իրանում հանրային դժգոհությունների մասսայականացմամբ, հեղաշրջման ճանապարհով իշխանափոխության սցենար։

Ռազմական-անվտանգային ճնշման լծակներ

Վերջերս Իրանի ուղղությամբ Վաշինգտոնի բանեցրած տեղեկատվական-հոգեբանական գրոհին ավելացավ նաև ռազմական-անվտանգային բաղադրիչը։ Սույն տարվա ապրիլին նախագահ Թրամփն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ներառեց ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։ Սպիտակ տունը նախատեսում է նաև քրեական պատասխանատվության ենթարկել` մինչև 20 տարի ազատազրկման, ֆիզիկական ու իրավաբանական այն անձանց, որոնք կշարունակեն համագործակցել ԻՀՊԿ-ի հետ:

Նշենք, որ այդ որոշումը նախադեպային էր այն առումով, որ ԱՄՆ-ն առաջին անգամ է ճանաչում այլ երկրի պետական կառույց որպես ահաբեկչական։ Ընդ որում` սույն որոշումը միանշանակ չընկալվեց նույն Պենտագոնում։ Ամերիկյան պաշտպանական գերատեսչությունում մտավախություն կա, որ այդ քայլով վտանգի տակ են հայտնվում Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերը։ Եվ իսկապես, մեծ է հավանականությունը, որ Վաշինգտոնի ճնշումների ներքո իրանական կողմը, գլխավորապես անուղղակի կերպով, կփորձի թիրախավորել ամերիկյան զորքերը։

Իսկ ավելի ուշ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն տարածեց, որում հորդորում էր Բաղդադում ԱՄՆ դեսպանության և Էրբիլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցներին` լքել դիվանագիտական գրասենյակները՝ նշելով Իրանի կողմից հնարավոր հարձակումների վտանգը։

Թրամփի որոշմանը հետևեց Թեհրանի համարժեք արձագանքը` Իրանում որոշում կայացվեց ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) նույնպես ճանաչել ահաբեկչական կազմակերպություն։ Թեհրանի պաշտոնական հաղորդագրությունում նշված էր, որ ահաբեկչական են համարվում նաև այն խմբավորումներն ու կազմակերպությունները, որոնք համագործակցում են Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի հետ։

Վաշինգտոնում սկսեցին կիրառական քայլեր ձեռնարկել Իրանի նկատմամբ ռազմական բնույթի ճնշումներն է՛լ ավելի ուժեղացնելու ուղղությամբ։ Թրամփի վարչակազմը որոշում կայացրեց ավիակիրների հարվածային խումբ ուղարկել Պարսից ծոց՝ ԱՄՆ ՌԾՈւ «Աբրահամ Լինքոլն» ավիակրի գլխավորությամբ։ Նշենք, որ ավիակիրը տեղակայում է շուրջ 50 ինքնաթիռ, 6 հազար անձնակազմ։

Դրան հաջորդեց Պենտագոնի այն տեղեկատվությունը, թե պաշտպանական գերատեսչությունը մտադիր է շուրջ 120 հազար ամերիկյան զորք տեղակայել Մերձավոր Արևելքում, եթե Իրանը հարձակում նախաձեռնի ամերիկյան զորքերի ուղղությամբ։ Երկար չանցած, սակայն, նախագահ Թրամփն իր մեկնաբանությամբ փորձեց մեղմել այդ դիրքորոշումը։

Փորձագետների մի մասն առաջ է քաշում այն վարկածը, որ այդ որոշման ընդունման հարցում զգալի է եղել հատկապես Իսրայելի արտաքին հետախուզության դերակատարումը, որի ղեկավարությունը ակտիվ համագործակցում է, մասնավորապես, ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Հատկանշական էր ապրիլի կեսերին Բոլթոնի ու Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար բեն Շաբաթի հանդիպումը, որի ընթացքում կողմերն անդրադարձան անվտանգային ոլորտում երկկողմ համագործակցությանը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։

Չհապաղեց Թեհրանի պաշտոնական արձագանքը, ըստ որի` Պարսից ծոցում ամերիկյան ավիակրի ներկայությունը Իրանում չեն համարում երկրի անվտանգության համար լուրջ սպառնալիք, ինչպես դա նախկինում էր։ Ավելին, ըստ հաղորդագրության, դա դիտվում է որպես «հնարավորություն»։ Իրանական կողմի նման վստահությունը թերևս խոսում է այն մասին, որ մերձավորարևելյան այդ երկրում ընդլայնվել են ամերիկյան ռազմական սպառնալիքների հակազդման պոտենցիալ հնարավորությունները։ Բարձրացել է նաև ռազմարդյունաբերության տեխնոլոգիական բաղադրիչի արդյունավետությունը։

Միևույն ժամանակ, Թեհրանը հայտարարեց նաև, որ կարող է փակել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը, որով տեղափոխվում է տարածաշրջանի նավթի շուրջ 30%-ը։

Ինչպես և ակնկալվում էր, Պարսից ծոցում ամերիկյան ավիակրի հնարավոր հայտնվելը չմնաց անարձագանք. օրերս ԱՄԷ ափամերձ շրջանում հարձակման ենթարկվեցին Սաուդյան Արաբիայի մի քանի նավեր։ Վարկածներից մեկի համաձայն` այդ գործողություններում կար իրանական հետք։  

Հնարավոր հետևանքներ   

Փորձագիտական որոշ գնահատականներով` Իրանին ուղղված ամերիկյան ճնշումների սրացման միտումը պայմանավորված է Մերձավոր Արևելքում Իրանի դերի մեծացմամբ։ Դա նախևառաջ դրսևորվում է սիրիական զարգացումներում, պաղեստինա-իսրայելական ռազմական բախումներում։ Մայիսի սկզբին, միայն մի քանի օրվա ընթացքում, Իսրայելի ուղղությամբ Գազայի հատվածից արձակվեց շուրջ 450 հրթիռ։ Սակայն այստեղ կարևոր հանգամանքը միայն արձակված հրթիռների զուտ քանակը չէ, այլ առաջին հերթին դրանց ռազմատեխնիկական բնութագրիչները։ Խնդիրն այն է, որ Իսրայելի «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգն արդեն չի կարողանում բավարար կերպով խոցել դրանք ոչ միայն այն պատճառով, որ արձակված հրթիռների քանակն է շատ։ Պատճառներից մեկն էլ այն է, որ այդ հրթիռները պատրաստվում են ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համապատասխան, որտեղ մեծ է իրանական կողմի անմիջական մասնակցությունը։  

Իրավիճակը ռիսկային է նախ այն առումով, որ կողմերը ընկալում են միմյանց զինված ուժերը որպես ահաբեկչական միավորներ, ինչն աննախադեպ պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծում։ Վաշինգտոնի համար բավական բարդ է լինելու զսպել իրանական գործոնը տարածաշրջանում։ Այդուհանդերձ, հակված ենք ենթադրել, որ կողմերը թերևս կխուսափեն գնալ ռազմական ուղիղ առճակատման՝ հաշվի առնելով դրա անդառնալի հետևանքները տարածաշրջանի ու միջազգային անվտանգային կայունության համատեքստում։

Հավանական է այն սցենարը, ըստ որի` կողմերը կարող են առավելագույնը փոխանակվել պրոքսի ռազմական գործողություններով, ինչպես, օրինակ, դա տեղի ունեցավ սաուդական նավերի վրա հարձակմամբ։ Նման զարգացումներ սպասելի են Սիրիայում։ Կանխատեսելի են նաև պաղեստինա-իսրայելական հատվածում սրացումներ ինչպես սահմանի երկայնքով, այնպես էլ թիկունքում, ինչն արդեն աստիճանաբար դրսևորվում է։

 

Կարեն Վերանյան

Տարածաշրանային հարցերով փորձագետ

       

Մեծամիտները Եւ Միւսները
16 Հունիսի 2019, 15:18 Մեծամիտները Եւ Միւսները
Բողոքի ցույց Թբիլիսիում
15 Հունիսի 2019, 23:01 Բողոքի ցույց Թբիլիսիում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica