close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2019
USD1479.64
GBP1607.85
EUR1535.66
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եկամտային հարկը իջեցնելով` ներդրողների համար Հայաստանն առավել գրավիչ չի դառնալու

Տնտեսական

16 Մայիսի 2019, 14:55
 Եկամտային հարկը իջեցնելով` ներդրողների համար Հայաստանն առավել գրավիչ չի դառնալու

Ներդրումներ, ստվերի դեմ պայքար, բարձր աշխատավարձերի խրախուսում` սրանք այն հիմնավորումներն են, որ կառավարությունը ներկայացրել է Հարկային օրենսգրքի բարեփոխումների փաթեթի համար: «Խախտվում է ամենակարևոր սկզբունքներից մեկը` շատից` շատ, քչից` քիչ: Բայց եթե շանս կա մեղեմելու որևէ մեկի հարկային բեռը, ապա դա պետք է լինի ցածր եկամուտ ստեղծողինը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնող խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը:

Հիշեցնենք, որ կառավարությունը Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթով առաջարկում է անցնել եկամտահարկի համահարթեցված դրույքաչափի: Եթե այժմ գործում է եկամտային հարկի դրույքաչափերի եռաստիճան համակարգը՝ 23 տոկոս` մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար, 28 տոկոս՝ 150 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ և 36 տոկոս՝ 2 միլիոն դրամից բարձր ստացողների համար, ապա e-draft կայքում հրապարակված նախագծով առաջարկվում է սեպտեմբերի 1-ից բոլորին հարկել 23 տոկոս եկամտային հարկով, իսկ մինչև 2023-ը եկամտային հարկի դրույքաչափը հասցնել 20 տոկոսի:

«Հայաստանում այսօր 570 հազար գրանցված աշխատող կա, որոնցից միայն 65 տոկոսն ունի 150 հազար դրամից ցածր եկամուտ, իսկ նրանց 25 տոկոսն աշխատող աղքատողներ են: Մարդիկ աշխատում են, բայց չեն կարողանում հաղթահարել աղքատությունը: Վերջին հաշվարկներով` նվազագույն աշխատավարձը չի ապահովում մեր երկրում առկա նվազագույն կենսապահովման զամբյուղը: Եվ այսպիսի պայմաններում, երբ գործազրկության ու աղքատության մեծ տոկոս ունենք, Հարկային օրենսգրքում առաջարկել փոփոխություններ, որոնք հարվածում են այս խոցելի խմբերին, մեզ համար անընդունելի է: Հենց այս խնդրի հիմնա վրա էլ «Աահազանգը» սկսեց իր գործունեությունը»,- ասաց Քրիստինե Վարդանյանը:

Ըստ նրա` փոփոխությունները բյուջեում առաջացնելու են մուտքերի պակասուրդ` 22 մլրդ դրամի, իսկ այդ պակասուրդը լրացնելու համար պետությունն անընդունելի լուծում է սահմանում` ակցիզային հարկի տեսքով բարձրացնել անուղղակի հարկերը և որոշ գործառույթներ մտցնել ընդհանուր հարկման դաշտ:

Վարդանյանն ավելացնում է` աշխարհի երկրների 95 տոկոսը հարկումը պրոգրեսիվ տոկոսով է իրականացնում, և անհասկանալի է, թե որն է համահարթեցման գնալու նպատակը, մանավանդ, որ բոլոր այն երկրները, որոնք համահարթեցման սկզբունքով են առաջնորդվել, վերադարձել են պրոգրեսիվին:

«Այս պահին գործող պրոգրեսիվ համակարգը, այո, հեռու է կատարյալ լինելուց և պետք է բարելավվի: Բայց դրա փոխարեն անցյալ տարի սեղանին հայտնվեց  մի նախագիծ, որը ոչ մի կերպ չես անվանի Հարկային օրենսգրքի բարելավման ծրագիր: Սա մի քանի քայլ հետ է ու հակասում է հենց ներկայիս իշխանական ուժի հայտարարած նպատակներին, տնտեսական հեղափոխությանը և մեզ տանելու է դեպի հասարակության տարբեր շերտերի միջև բևեռացվածության խորացման ու մեծ թվով աղքատների ու գործազրկության: Այս ամենը հաշվի առնելով` պետք է հնարավոր ու անհնար ամեն ինչ անել, որ այս նախագիծն օրենքի ուժ չստանա»,- շեշտեց նախաձեռնության անդամը` ահազանգելով մեկ խնդրի մասին նույնպես, այն է` եկամտային հարկի համահարթեցմանը զուգահեռ, վերականգնվելու է պարտադիր կուտակային համակարգի վճարման 2.5%-ը, որի վճարման պարտականությունը քաղաքացու վրայից հանվել և ծանրացել էր նույն քաղաքացիների կողմից ձևավորված բյուջեի վրա:

Նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ, ՀԵՄ կենտրոնական վարչության նախագահ Արգիշտի Գևորգյանն էլ հավելեց, որ կառավարության առաջ քաշած `բարձր աշխատավարձերի մասին հիմնավորումը, թե այն կարող է խթան լինել, իրատեսական չէ , քանի որ մեր երկրում բոլորն էլ ձգտում են բարձր աշխատավարձի: «Բայց դա տեղի չի ունենում մասնագիտական ցածր որակավորման կամ աշխատաշուկա չլինելու պատճառով: Եթե Հարկային օրենսգրքով նվազեցնում ենք բյուջեի մուտքերը, դրա փոխարեն լավ կլիներ` այդ մուտքերը ներդնեինք մարդկանց մասնագիտական որակավորումը բարձրացնելուն միտված ծրագրերի մեջ: Հաջորդ հիմնավորման մասով, թե` սրանով մեր երկրում ներդրումներն  ավելանալու են, ավելի գրավիչ երկիր է դառնալու, ասեմ, որ, ըստ միջազգային կազմակերպությունների զեկույցների, ներդրումներ ունենալու համար առաջնայինը ոչ թե բարձր աշխատավարձերն են, այլ կայուն շուկան, կայուն բիզնես ոլորտը, պետության ենթակառուցվածքները և այլն: Եկամտային հարկը իջեցնելով` Հայաստանը ներդումային առումով ավելի գրավիչ չենք դարձնում»,- մեկնաբանեց Գևորգյանը:

Անդրադառնալով նախաձեռնության հետագա անելիքներին` ՀՅԴ-ական երիտասարդներն ընդգծեցին`ակցիաները շարունակական են լինելու, բոլոր գործողությունները նպատակաուղղված են լինելու սխալը կանխարգելելուն և հարկային գործող համակարգը իսկապես բարելավելուն: Իսկ եթե հանկարծ օրինագիծն օրենքի ուժ ստանա, կանխատեսում են` երկիրը մի քանի քայլ հետ է գնալու: Հետևաբար` լիահույս են, որ որոշում կայացնողները կկարողանան պատկերացնել այս ամենն ու չեն ընդունի որոշում, որը մեր կյանքը բարելավելու փոխարեն ավելի կվատացնի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica