close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2019
+6°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2019
USD1476.98
GBP1615.73
EUR1527.68
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ահազանգ»-ը համահարթեցումը մերժող դրամապանակներ «նվիրեց» կառավարությանը. լուսանկարներ

Հասարակություն

10 Մայիսի 2019, 13:47
 «Ահազանգ»-ը համահարթեցումը մերժող դրամապանակներ «նվիրեց» կառավարությանը. լուսանկարներ

«Համահարթեցում չի լինելու» վանկարկումներով և համահարթեցման քաղաքականությունը մերժող պաստառներ պարզած` ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անդամներն այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին իրականացնում:

Նախաձեռնության անդամներից Արգիշտի Գևորգյանը, որը նաև ՀԵՄ կենտրոնական վարչության նախագահն է, ներկայացնելով իրենց հիմնական պահանջը, նշեց, որ  կառավարությունն Ազգային ժողովից պետք է հետ կանչի Հարկային նոր օրենսգրքի փաթեթը, որ հասարակության առավել բևեռացվածությանն է տանելու` հարուստին ավելի հարստացնելով, աղքատին աղքատացնելով:

«Մենք պահանջում ենք, որ կառավարությունը չեղարկի եկամտային հարկի համահարթեցման սկզբունքը: Աշխարհի երկրների 95 տոկոսը հարկումը պրոգրեսիվ տոկոսով է իրականացնում: Եվ անհասկանալի է, թե որն է համահարթեցման գնալու նպատակը, մանավանդ, որ բոլոր այն երկրները, որոնք համահարթեցման սկզբունքով են առաջնորդվել, վերադարձել են պրոգրեսիվին: Մեր հարևան Վրաստանը, օրինակ, երկար ժամանակ է` ցանկանում է վերադառնալ պրոգրեսիվին, բայց չի կարողանում»,- նշեց նա:

Ըստ Գևորգյանի` կառավարությունը ներկայացնում է թանկացումների փաթեթ, որն արտահայտվելու է ակցիզային հարկի ավելացմամբ, և ամենօրյա օգտագործման մի շարք ապրանքներ թանկանալու են այդ նախագծի հետևանքով: Այսինքն` հարուստների եկամուտներն ավելացնելու համար լրացուցիչ բեռ է դրվելու միջից և ցածր աշխատավարձ ստացողների վրա:

ՀԵՄ կենտրոնական վարչության նախագահը, ընդգծելով, որ «Ահազանգ» նախաձեռնությունը, բացի եկամտային հարկի դեմ պայքարից, այլ օրակարգ չունի, հույս հայտնեց, որ կառավարությունը հետ կկանչի նախագիծն ու ավելի լրամշակված, լայնորեն քննարկված նախաձեռնությամբ հանդես կգա:

Համահարթեցման դեմ բողոքող դաշնակցական երիտասարդներին մոտեցավ կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանը:

Նրա հետ զրույցում Արգիշտի Գևորգյանն ասաց. «Մենք վստահում ենք մեր կառավարությանը, որը ստացել է հասարակության 75 տոկոսից ավելի քվեն, իսկ հասարակության մեծամասնության ներկայացուցիչները միջինից ցածր եկամուտներ ունեցող անձինք են: Ակնկալում ենք, որ կառավարությունը պետք է մտածի բնակչության մեծամասնության մասին, որի ամսական եկամուտը չի բավարարում սպառողական զամբյուղը լրացնելու համար»:

Նա Ղազարյանին  հանձնեց նամակ ու դատարկ դրամապանակ` հավելելով. «Վարչապետը կտրվել է իրականությունից  ու չի պատկերացնում` ինչ է կատարվում միջին վիճակագրական հայ ընտանիքում: Խնդրում եմ` այս դրամապանակը նույնպես հանձնեք նրան»:

Համահարթեցման դեմ բողոքող երիտասարդները ոչ միայն վարչապետին, այլև ամբողջ կառավարությանը դրամապանակներ «նվիրեցին»: Նրանք բողոքի իրենց ակցիան եզրափակեցին` գործադիրի շենքի դիմաց «Ահազանգ» գրությամբ դրամապանակներ շպրտելով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica