close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը հանձնարարեց պարզել՝ սեղմված գազի շուկայում կա՞ հակամրցակցային ռիսկ, ՊԵԿ նախագահն էլ ստուգման իր «դեղատոմսն» առաջարկեց

Տնտեսական

10 Մայիսի 2019, 13:20
 Փաշինյանը հանձնարարեց պարզել՝ սեղմված գազի շուկայում կա՞ հակամրցակցային ռիսկ, ՊԵԿ նախագահն էլ ստուգման իր «դեղատոմսն» առաջարկեց

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ օրեր առաջ հրավիրած ասուլիսին՝ համարելով, որ ինքն իր ներկայացրած 100 փաստով հաշվետվողականության նոր նշաձող է սահմանել, և որ տարեվերջյան ասուլիսում ևս 100 փաստ պիտի ներկայացվի «նոր Հայաստանի» մասին: Նաև, դիմելով կառավարության անդամներին, նշեց, թե ակնկալում է, որ իրենց աշխատանքի արդյունավետության տեմպն ավելի բարձր կլինի:

«Խորհրդարանն ընդունել է կառավարության նոր կառուցվածքի մասին օրենքը, և առաջիկայում կառավարության կառուցվածքի փոփոխությունները պիտի կյանքի կոչենք, բայց այդ գործընթացը որևէ կերպ չպետք է նվազեցնի մեր աշխատանքի տեմպը, այսինքն՝ առօրյա աշխատանքում ոչ մի բան չպետք է փոխվի: Առաջիկայում մեր ամենակարևոր խնդիրը բյուջեի ծախսային մասի բնականոն ընթացքն է, պետք է կարողանանք լիարժեք ապահովել ոչ միայն բյուջեով նախատեսված ծախսային մասը, այլև այն 62 միլիարդ դրամը, որը գեներացվում է հավելյալ՝ որպես բյուջեի եկամուտ, պետք է այդ միջոցներն արդյունավետ ծախսելու կոնկրետ եղանակներ գտնենք: Ես արդեն հանձնարարություն եմ տվել, և 30 միլիարդի հետ կապված, կարծես, կողմնորոշվել ենք և ևս 30 միլիարդի հավելյալ ծախսեր պիտի պլանավորենք, ինչը պիտի անենք արագ, բայց նաև լուրջ քննարկումներ պիտի լինեն: Ճանապարհաշինության ոլորտում շատ կարևոր գործընթացներ պիտի սկսվեն մայիսի 15-ից: Հույս ունեմ, որ լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքները կսկսվեն, և կառավարության կառուցվածքի փոփոխությունը որևէ կերպ այդ աշխատանքի վրա չպետք է ազդի: Եվ պետք է պայմանավորվենք՝ այն պատմությունը, որն ունեցել ենք Ոսկեպար-Նոյեմբերյան հատվածում, չպետք է ունենանք: Ես նույնիսկ մտածում եմ օրենսդրական փոփոխության վրա, որ եթե մեկն իր պայմանագրային պարտավորությունները չի կատարում, պետք է մտածել, թե պետությունն իր շահերը պաշտպանելու ի՞նչ հավելյալ մեխանիզմներ կարող է ունենալ՝ ընդհուպ քրեական պատասպանատվության նախատեսումը: Մենք չենք կարող մեզ նման ճոխություն թույլ տալ, որ մի գործը մի քանի անգամ անենք»,- ասաց Փաշինյանը:

Նա անդրադարձավ նաև գազալցակայաններում սեղմված բնական գազի չափման միավորը խմ-ից կգ-ով փոխարինելու հետ կապված խնդիրներին՝ վստահեցնելով, որ օրենսդրական համապատասխան փոփոխություն անում են` սպառողների պաշտպանության շահերից ելնելով,  որ դա չի կարող գազի գնի վրա ազդել:

«Բայց, պարո'ն Ջանջուղազյան, համոզվա՞ծ ենք, որ ճիշտ բանաձև ենք ընտրել, երբ  նույն  խորանարդը մետրը տրանսֆորմացրել ենք կգ-ի, այսինքն՝ այն ժամանակ ինչ արժեր 1 կգ գազը և հիմա, քանի որ նախկին օլիգարխներ, կլանների հայտնի անդամներ կան այդ շուկաներում, պետք է համոզված լինենք, որ նրանք իրենց հոտառությունը չեն կորցրել, եթե կորցրել են, պետք է շատ արագ վերականգնել: Եվ երրորդը` համոզվել, որ հակամրցակցային պայմանավորվածություն չկա»,- հարցրեց Փաշինյանը:

 Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վստահեցրեց՝  փոխոխությունն ակցիզային հարկին է վերաբերել: «Խոսքը վերաբերել է միայն  չափման միավորի փոփոխությանը և ոչ թե գումարի: Եթե  նախկինում կիրառվում էր խորանարդ մետրով, և դա տարբեր պայմաններում կարող էր տարբեր քաշ ունենալ: Այդ քաշի պայմաններում նախկինում եղած գինն այլ հավասար պայմաններում, եթե ելնում ենք նրանից, որ որևէ չարաշահում չի եղել նախկինում, չէր կարող անվանական արտահայտությամբ փոխվել»,- բացատրեց նախարարը:

Փաշինյանի մոտ հարց առաջացավ՝ գին փոխողը խոտովանում է, որ նախկինում սպառողին խաբե՞լ է: Արձագանքեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը. «Այո, եթե տնտեսվարող սուբյեկտը նախկինում  խաբել է, գինը 300 դրամից պակաս չի լինի, եթե չի խաբել՝ 275-ից, իսկ 250-ից 255 դրամի դեպքում նշանակում է, որ կիրառվում է դեմպինգային քաղաքականություն»:

Հիշեցնենք, որ խորհրդարանն ընդունել էր «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման բազայի վերանայում էր ենթադրվում: Ըստ այդմ՝ սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինվում է 1 տոննայով՝ զուգահեռաբար վերահաշվարկելով նաև ակցիզային հարկի դրույքաչափը:

Նախատեսվում է չափման միավորը վերանայել՝ հիմք ընդունելով սեղմված բնական գազի 1 խորանարդ մետրի և 1 կիլոգրամի փոխհարաբերակցության՝ տեսությամբ ու գիտականորեն ընդունվող մեծությունը (1խմ = 0.717կգ): Այս պարագայում 1 տոննա սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափին համապատասխանող հաշվարկային մեծությունը կկազմի շուրջ 34867 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է դրույքաչափը սահմանել մի փոքր ավելի ցածր մակարդակում՝ 1 տոննայի հաշվով 34000 դրամ: 

Փոփոխությամբ նախատեսվում է պաշտպանել տրանսպորտային միջոցը սեղմված գազով շահագործող քաղաքացիների շահերն ու բարձրացնել ոլորտում իրականացվող հարկային վարչարարության արդյունավետությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica