close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2019
USD1475.91
GBP1576.71
EUR1528.16
RUB17.12
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մերձավոր Արևելք. հայկական գործոնը դարձյալ շահարկվում է

Թեմա

11 Մայիսի 2019, 11:11
 Մերձավոր Արևելք. հայկական գործոնը դարձյալ շահարկվում է

Ականատես ենք լինում Մերձավոր Արևելքում հայկական գործոնի շահարկումների հերթական փուլին։ Պետք է նշել, որ այդ միտումը դրսևորվեց քաղաքական ու տեղեկատվական-քարոզչական դաշտում։ Այսպես` օրերս տեղեկություն տարածվեց, թե Սիրիայի ժողովրդավարական ուժերի կազմում հայկական զորախումբ է ստեղծվել: Հայտնի է, որ Սիրիայի ժողովրդական ուժերը, որոնք գտնվում են քրդերի գլխավորության ներքո, վայելում են Վաշինգտոնի աջակցությունը։ Հայտնի է, որ այդ ուժերի կազմը բազմազգ է, քրդերից բացի, այնտեղ կռվում են արաբներ, ասորիներ և այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։

Հարցի առնչությամբ տեղեկատվություն էր «արտանետվում», որ հայկական զորախումբը ձևավորվել է այն ուժերի կազմում, որոնք պայքարում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ու այդ երկրի կառավարական ուժերի դեմ, ինչը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։  Ինչպեսև սպասվում էր, ապատեղեկատվության այդ միջադեպը շատ արագ արձագանք գտավ թուրքական ու ադրբեջանական մեդիա ու փորձագիտական դաշտում։ Այդ նյութերի կոնտենտից կարելի է ասել, որ դրանով թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում էր Սիրիայում թիրախավորել հայկական գործոնը ոչ միայն ծայրահեղական իսլամական խմբավորումների, այլև արդեն Սիրիայի իշխանությունների կողմից։ Այս գործելաոճն ունի հեռահար նպատակներ՝ ռիսկի տակ դնել տեղի հայկական համայնքի անվտանգությունն առհասարակ։ Ի դեպ, Սիրիայում թուրք-ադրբեջանական տանդեմը քարոզչական-տեղեկատվական և այլ ուղղություններով ակտիվ հակահայկական աշխատանքներ է իրականացրել սիրիական ճգնաժամի ամբողջ ընթացքում, սակայն, ըստ էության, լուրջ հաջողություններ չեն արձանագրել։

Ինչևէ, նշենք, որ իրականում, Սիրիայի ժողովրդավարական ուժերը գլխավորապես պայքար են մղում Սիրիայի իսլամական ծայրահեղական խմբավորումների, առաջին հերթին` «Իսլամական պետություն» խմբավորման դեմ։ Իհարկե, քրդական այդ ուժերը քաղաքական բնույթի անհամաձայնություններ ունեն Սիրիայի իշխանությունների հետ, սակայն, խոշոր հաշվով, կողմերն ունեն կոնսենսուս երկրում հակաահաբեկչական գործողություններում համատեղ ճամբարում պայքարելու հարցում։

Տեղեկատվության համաձայն՝ Սիրիայի ժողովրդավարական ուժերի կազմում ձևավորված հայկական զորախումբն իր պայքարը տանելու է առաջին հերթին Սիրիայում թուրքական ռազմական ներկայության և, առհասարակ, թուրքական գործոնի ազդեցության զսպման ուղղությամբ։ Հայկական զորախմբի ղեկավարներից մեկը՝  Մասիս Մութանյանը, հարցազրույցում մասնավորապես նշել է. «Մենք կշարունակենք մեր նահատակների ճամփան»։

Հատկանշական է նաև այն, որ թուրքական, ադրբեջանական մեդիա-փորձագիտական դիսկուրսում արհեստականորեն ուռճացվում էր նոր ձևավորված հայկական զորախմբի նշանակությունը, ինչպես և թվաքանակը։ Իրականում, զորախմբի կազմը մեծ չէ, այն կազմված է ընդամենը շուրջ 5 տասնյակ զինվորից:

Պետք է նշել, որ Սիրիայի ժողովրդավարական ուժերի կազմում հայկական զորախմբի ձևավորման վերաբերյալ տեղեկատվությունը, ամենայն հավանականությամբ ու գլխավորապես՝ ոչ միտումնավոր նպատակներով, սխալ մեկնաբանվեց նաև հայկական մեդիա տիրույթում։ Այն հիմնականում լուսաբանվեց այն տեսանկյունից, թե հայկական զորախումբը ձևավորվել է հակակառավարական ճամբարում։ Ասել է թե` թեև ոչ միտումնավոր, սակայն հերթական ջրաբաժինը լցվեց թուրք-ադրբեջանական ջրաղացին։ Ավելին` թուրք-ադրբեջանական քարոզչության այս տրամաբանությունը կարող էր նաև տարածվել Սիրիայում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի գործունեության ուղղությամբ։

Հայկական փորձագիտական դաշտում տեսակետեր հնչեցին այն մասին, թե հայկական զորախմբի ձևավորման հարցի ուռճացման, ապատեղեկատվության տարածման հետևում կանգնած են գլխավորապես քրդական ուժերը։ Մեր գնահատմամբ` դա այնքան էլ իրատեսական չէ։

Ինչևէ, շարունակելով թեման, նշենք, որ օրերս լուրեր տարածվեցին, որ Սիրիայում քրդերի դեմ թուրքական զինված ուժերի հերթական գործողությունների ժամանակ բախումներ են տեղի ունեցել վերջիններիս ու տեղի հայերի միջև։ Կարծում ենք, որ սա նույնպես թուրքական կողմի հերթական ապատեղեկատվությունն էր, որի նպատակն էր ներքաշել ու թիրախավորել հայկական գործոնը սիրիական ռազմական գործողություններում։ Իհարկե, Սիրիայի հայությունն այս կամ այն կերպ ներգրավված է երկրի ծայրահեղական իսլամական խմբավորումների դեմ պայքարում՝ տարբեր ուժերի շարքերում։ Առավել ևս` հայությունը չի կարող անտարբեր լինել, երբ թուրքական զինուժը թիրախավորում է հայերով բնակեցված թաղամասերն ու բնակավայրերը։ Սակայն խնդիրն այն է, որ փորձ է կատարվում հայկական գործոնն ուռճացնել, դարձնել տարածաշրջանում քաղաքական շահարկումների առարկա։

Հայկական գործոնը շահարկվում էր նաև մեկ այլ ուղղությամբ. մամուլում անդրադարձներ եղան այն մասին, որ այս տարվա ապրիլի սկզբին Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպանն այցելեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարան, Հայոց ցեղասպանության մատուռում հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության նահատակների հիշատակին: Արձանագրենք, որ Սաուդյան Արաբիայի նման նախաձեռնությունը խորհրդանշական է` մի երկրի, որն այդպես էլ չի ճանաչել ՀՀ անկախությունը։ Սակայն, ըստ էության, դատապարտելի է, երբ հայերի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման հարցը դառնում է միջազգային հարաբերությունների քաղաքական գործիք։ Խնդիրն այն է, որ Սաուդյան Արաբիայի նախաձեռնությունը տեղավորվում է միմիայն այդ երկրի ու Թուրքիայի միջև քաղաքական հակասությունների տրամաբանության ներքո և թերևս ոչ ավելին։  

Կրկին ապրիլի վերջին մամուլում լուրեր տարածվեցին, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Ադամ Շիֆն ապրիլի 26-ին հանդիպել է Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպան` արքայադուստր Ռիմա բինթ Բանդար ալ Սաուդի հետ, և հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ադամ Շիֆի՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը: Նշվում էր, որ Սաուդյան Արաբիայի դեսպանը համաձայնել է աջակցել Կոնգրեսում այդ բանաձևին: Իրականում, այս տեղեկությունն արժանահավատ կարող էր թվալ, եթե հաշվի առնենք Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպանի այցը, ինչի մասին խոսվեց վերևում։

Ի դեպ, այս հանդիպման ու արված հայտարարության վերաբերյալ տեղեկատվությունը վերցվել էր Ադամ Շիֆի պաշտոնական կայքից, սակայն պարզվեց, որ տեղեկատվությունը կոնգրեսականի անունով ստեղծված ֆեյք կայքէջից է։ Այստեղ կարևոր հարցերից մեկն այն է, թե, ի վերջո, ով և ինչ նպատակներով է ստեղծել այդ ֆեյք էջը։

Մեր գնահատմամբ` սա ապատեղեկատվության տարածման պարզ եղանակներից մեկն էր, երբ լուրը տարածվում, հետո` հերքվում է` թողնելով քարոզչական բավական արդյունավետ էֆեկտ։

Ի դեպ, շատ հաճախ հայկական մեդիա տիրույթում ԱՄՆ հայկական լոբբիստական գործունեությամբ զբաղվող կոնգրեսական խմբերը ներկայացվում են այն պրիզմայի ներքո, թե դրանք զուտ հայամետ գործունեություն են ծավալում։ Իհարկե, անհերքելի է ամերիկյան կոնգրեսական լոբբիստական խմբերի դերն ու նշանակությունը Հայաստանի ու հայության տարբեր հիմնախնդիրների կարգավորման և մեր շահերի լոբբինգ անելու հարցերում։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող, այդուհանդերձ, այդ լոբբիստական խմբերը տեղավորվում են ԱՄՆ օրենսդիր քաղաքականության տրամաբանությունում և խոշոր հաշվով կարևորագույն  գործիք են Վաշինգտոնի շահերն առաջ մղելու հարցում։

Հայերի դեմ իրականացված ցեղասպանության հարցը քանիցս շահարկվել է մեկ այլ տարածաշրջանային երկրի՝ Իսրայելի կողմից։ Ցեղասպանության ճանաչման հարցը մեկ անգամ չէ, որ հայտնվել է այդ պետության օրենսդիր մարմնում, սակայն այդպես էլ դրական որևէ քայլ չի իրականացվել այդ ուղղությամբ։ Բնավ, այդ հարցում ակնկալիքներ չկան, քանի որ հարցը շահարկվում է Իսրայել-Թուրքիա լարված հարաբերությունների համատեքստում՝ որպես լծակ Անկարայի դեմ։ Կարծում ենք, որ Իսրայելը կճանաչի հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը թերևս այն դեպքում, երբ ունենանք հայ-իսրայելական քաղաքական հստակ օրակարգ։  

 

Կարեն Վերանյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Yandex.Metrica