close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոնոպոլ համարվող ընկերությունները շարունակում են իրենց գործունեությունը նախկին տրամաբանությամբ. «Մոբայլ սենթր»-ն իրականացնում է դեմպինգ. Պարսյան

Տնտեսական

8 Մայիսի 2019, 15:06
 Մոնոպոլ համարվող ընկերությունները շարունակում են իրենց գործունեությունը նախկին տրամաբանությամբ. «Մոբայլ սենթր»-ն իրականացնում է դեմպինգ. Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկմամբ` մեկ տարվա ընթացքում տնտեսության մեջ տեղի ունեցան մի շարք փոփոխություններ, որոնցից, որպես դրական, նա առանձնացրեց համակարգային կոռուպցիայի դեմ պայքարում կատարված զգալի քայլերը, որոնք նկատելի են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում: 

«Նշեմ, որ այդ փոփոխությունները գալիս են դեռևս նախորդ կառավարությունից, և սա, ըստ էության, եղավ լավ շարունակություն, որը պիտի ողջունել և խրախուսել: Միաժամանակ, մենք առանձին ուղղություններով ունեցանք զգալի բացթողումներ, ծայրահեղ լիբերալ մոտեցումներ, որը նախորդ կառավարությունը չուներ: Եվ եթե նախորդ կառավարությունները քննադատվում էին տնտեսական աճի անորակության համար, ապա այս կառավարությունը ևս շարունակեց այդ քաղաքականությունը: Ու եթե նախկինում հանքարդյունաբերությունն էր գերակշռում տնտեսական աճի մեջ կամ արտահանման, հիմա հիմնականում ծառայության ոլորտն է, շահումով խաղերը, որոնք ապահովում են երկրի տնտեսական աճը: Երկրորդ՝ վիճակագրության մասով մի վատ մշակույթ կա. պաշտոնական վիճակագրության համաձայն` առաջին եռամսյակի կտրվածքով ունենք 6.5 տոկոս տնտեսական աճ, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 10.6: Միաժամանակ պիտի նշեմ, որ գյուղատնտեսությունը թեև, պաշտոնական վիճակագրության համաձայն, նվազել է ընդամենը 0.2 տոկոսով, դա ինձ վստահություն չի ներշնչում: Վերցնենք բազային ցուցանիշները` 2018-ին գյուղատնտեսություն մասով 80 միլիարդ էր արձանագրվել այս նույն ժամանակահատվածում, այսօր՝ 74 միլիարդ, սա, ըստ էության, 7 տոկոս անկում է: Ես փորձեցի ճշգրտել, թե ինչով է սա պայմանավորված, նրանք ասացին, որ ընթացիկ գներն ավելի ցածր են, ինչը ճիշտ չէ, քանի որ, նույն վիճվարչության տվյալներով, պարենային ապրանքների գները, նախորդ տարվա համեմատ, աճել են: Այսինքն՝ իրական վիճակը փորձում են թաքցնել»,- «Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց. տնտեսական հեղափոխության չափումները» թեմայով քննարկման ժամանակ նշեց Պարսյանը՝  հավելելով, որ բացասական միտումները պահպանվում են նաև արտահանման դեպքում, այն է՝ այս ոլորտում ունենք 8.6 տոկոս անկում, երբ նախորդ տարի հաշվետու ժամանակահատվածում ունեինք մոտ 34 տոկոս արտահանման ծավալների աճ: 

«Երբ այսօր վարչապետի մամուլի ասուլիսում այս հարցը տվեցին, պատասխանեց՝ դե, գիտեք` Թեղուտը չի աշխատում: Հիշեցնեմ, որ 2018-ի հունվարի կեսերից այն չի աշխատում: Այնպես որ՝ պետք է այլ պատճառ գտնել և ցույց տալ չկատարած աշխատանքը»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, թե ցանկացած կառավարության արդյունավետության մասին հուշում է այն, թե որքան արագ է նա կարողանում լուծել հին և նոր խնդիրները:

Քննարկմանը ներկա` ՀՀ Կենտրոնական բանկի` 1994-98 թթ. նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն իր հերթին շեշտեց` չի կարող պնդել, թե չի երևում տնտեսական քաղաքականության այն մոդելը, որով մեր երկիրն առաջ է գնալու առաջիկա տասնամյակում:

«Համահարթեցումը կամ հարկման այն մեխանիզմը, որն ընտրել է գործող իշխանությունը, նախկին իշխանությունների տիպիկ արտահայտության ձև էր: Այսինքն՝ ձև էին անում, որ գործ են անում, բայց եկեք գնահատենք սոցիալական բևեռացման արդյունքները: Այդ քաղաքականության շնորհիվ մեր տարածաշրջանում Հայաստանը դառել էր սոցիալական բևեռացման ցուցանիշով առաջինը: Ինքը` Հարկային օրենսգիրքը, վատը չէ, բայց խնդիրն այն է, որ վերջին տասնամյակի ընթացքում առանձին առիթներով վճիռներ են կայացվել՝ մեկը մյուսի վրա դրած, որը զրկում է երկիրը հնարավորություններից: Այն, որ այստեղ տեղաշարժեր պետք են, կասկածից վեր է, բայց նախ պիտի կոնցեպցիա լինի, որի վրա կդրվեն հիմնարար սկզբունքները, որով մեր օրենսդրությունը պիտի զարգանա: Բայց կառավարությունը միանգամից լծվեց հարցերը լուծելուն, և չէի ասի, թե ամենահաջող և արդյունավետ ճանապարհով է գնացել: Ի դեպ, ես կողմնակից եմ համահարթեցմանը, քանի որ ինչ ասում էինք, դա ձևականություն էր. բարձր նշաձողով հարկվողները մի փոքր խումբ մարդիկ են, պնդում եմ, որ այդ 700-ի մեջ չկար որևէ մեծահարուստ, իսկ այն հարուստներին, որոնց մենք տեսնում ենք, նրանք ընդհանրապես հարկեր չեն վճարում: Եթե խոսում ենք հարկման պրոգրեսիվ մեխանիզմների մասին, բերեք դրա մասին մտածենք, և պրոգրեսիվը պիտի վերաբերի եկամուտներին, ոչ թե աշխատավարձին»,- նշեց Ասատրյանը:

Այստեղ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուն լրացրեց, որ պետք է հրաժարվել նաև նախորդ կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունից և նոր մոդել առաջարկել՝ հին քարտեզով նոր քաղաք չես գտնի:

Ինչ վերաբերում է մենաշնորհներին՝ Պարսյանը նշեց. «Այս կառավարությունը, որպես հաջողություն, նշում է մուտքի արգելքների վերացումը, բայց առանձին դեպքերում այն կա, երբ քաղաքացին ահազանգում է, որ իր ցեմենտը մինչև հիմա պահեստում է: Ինչ վերաբերում է գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներին, որոնք համարվում են մոնոպոլ ընկերություններ հասարակության ընկալման մեջ, ապա  նույն  տրամաբանությունը շարունակվում է: Օրինակ՝ «Մոբայլ սենթր»-ը, որը կապվում է Ալեքսանյանների ընտանիքի, մերձավորների հետ, այդ շուկայում իրականացնում է դեմպինգ, հեռախոսների առանձին ֆիրմաների պաշտոնական ներկայացուցիչն է ՀՀ-ում, այսինքն՝ իքս հեռախոսը ներմուծում է 100 դոլարով, տալիս այլ կազմակերպությունների, որ վաճառեն, բայց իր խանութների ցանցում դնում է 100-ից ցածր գնով, ինչով շուկայից դուրս է թողնում մնացածին: Իսկ բենզինի և դիզվառելիքի շուկայում կա հակամրցակցային համաձայնության ռիսկ, քանի որ գները միաժամանակ բարձրացնում են, միաժամանակ էլ` իջեցնում, որի հետ կապված կառավարության քայլերն ու մոտեցումները պարզ չեն: Լավագույն մոտեցումը կլինի, երբ մանրածախ և մեծածախ շուկաներն առանձնացվեն: Դեղերի դեպքում այդ որոշումը կայացվեց, բայց  լոբբինգի շնորհիվ այն  հետաձգվեց, հիմա, կարծեմ, հանվեց նույնիսկ: Ունենք խորքային լուրջ խնդիրներ, որոնք նախկինից են եկել և այսօր սրվում են, քանի որ պրոգրեսիվ հարկային համակարգ չի գործելու, որովհետև խոշորներն իրենց մասշտաբի էֆեկտի միջոցով կարողանալու են իրենց շուկայական ուժն օգտագործել և ընդլայնել իրենց բիզնեսը, ինչն անում են: Նախորդ տարի ուսումնասիրություն էինք կատարել, որից պարզ դարձավ, որ ունենք 5.5 տոկոս մանրածախ առևտրի աճ, որն ապահովել են սուպերմարկետները,  նույն միտումը շարունակվում է, սրա դեմը պետք է առնել»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica