close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2019
USD1479.64
GBP1607.85
EUR1535.66
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե սա է քո խմբագրականը

Հարթակ

2 Մայիսի 2019, 13:59
 Եթե սա է քո խմբագրականը

Armlur.am-ը («Ժողովուրդ» թերթ) «Խմբագրական» մեծադղորդ ենթավերնագրով մի հոդված է հրապարակել, որում փորձ է արել հասկանալ և իր ընթերցողին էլ հասկացնել, թե ինչ է իրենից ներկայացնում ՀՅԴ հայաստանյան կառույցի 23-րդ Գերագույն ժողովի հայտարարությունը: Քիչ է ասել, որ թերթին չի հաջողվել իրականացնել իր այդ «առաքելությունը»: Պատճառն այն է, որ լրատվամիջոցն իր առջև հատուկ նպատակ է դրել` խեղաթյուրել վերջին մեկ տարում հայաստանյան քաղաքական կյանքում ի հայտ եկած լրջագույն փաստաթուղթը, որում ախտորոշված է երկրում ստեղծված քաղաքական անորոշ իրավիճակն, ու շարադրված են այդ իրավիճակով պայմանավորված մարտահրավերները դիմագրավելու` 130-ամյա կուսակցության նախանշած քայլերը:

Մեր երկարամյա լրագրական փորձը հուշում է, որ «խմբագրական» կոչվող նյութը թերթի տվյալ համարի ամենալուրջ նյութը պետք է լինի: «Ժողովուրդի» պարագայում, ցավոք, դա այդպես չէ: Հոդվածի հենց մուտքին արդեն հասկանում ենք, որ գործ ունենք ՀՅԴ-ից «մրսող» մի հանրույթի հետ, որին անակնկալի է բերել Գերագույն ժողովի` խնդրո առարկա հայտարարությունը: Հոդվածի վերնագրին կանդրադառնանք վերջում, իսկ առայժմ կարող եք տեսնել, թե իրեն հարգող խմբագիրն ինչպես է բարեհաճել սկսել իր «վերլուծությունը». «Եկող տարի իր 130 տարին բոլորող ՀՅԴ-ի Հայաստանի կազմակերպության 23-րդ Գերագույն ժողովը երեկ տարածած հայտարարության մեջ «դիագնոզել» է երկրում առկա իրավիճակը»: Կարող եք դիմել առաջին իսկ հոգեբանին, և նա կհաստատի, որ «դիագնոզել» բառն արդեն իսկ մատնում է հեղինակի անհավասարակշիռ հոգեվիճակը, որի մեջ նա ընկել է ՀՅԴ հայտարարության տեքստը կարդալուց հետո:

Հաջորդիվ արդեն սկսվում է «խմբագրական ստախոսության» բուն մասը, որտեղ նշվում է, որ հայտարարության տեքստը, կարծես, սոցցանցերում տիրաժավորվող ֆեյքնյուզից արված քաղվածք լինի, իսկ դրանում առկա որոշ ձեւակերպումներ հիշեցնում են հակաիշխանական որոշ գործիչների ֆեյսբուքյան ստատուսներն ու ելույթները: Որպես օրինակ` բերվում են հայտարարության 3-րդ և 4-րդ հաստատումները` «Ազգային, ավանդական, հոգևոր, մշակութային արժեքների, պետական խորհրդանիշերի և հաստատությունների նկատմամբ ուղղորդված հեղինակազրկման արշավը, ինչպես նաև ներազգային անհանդուրժողականության մթնոլորտը սպառնում են ազգային անվտանգությանը և միասնականությանը» և «Զարգացման ռազմավարական ծրագրերի բացակայության, անկանխատեսելի արտաքին քաղաքականության, ուղղորդվող արդարադատության, իշխանությունների որդեգրած գործելաոճի, կառավարման որակների, ինչպես նաև հանրային կյանքի բոլոր ոլորտներում շոշափելի արդյունքներ չարձանագրելու հետևանքով զգալի է հանրային լավատեսության անկման միտումը»: Տպավորություն է ստեղծվում, որ «Ժողովուրդ»-ի հարգելի խմբագիրը պարզապես Հայաստանում չի եղել այս ընթացքում և տեղյակ չէ, որ առաջինը (դեռևս իրավունքի ուժով չցրված ԱԺ-ում) հենց Դաշնակցությունն է հայտարարել նոր իշխանությունների կողմից ազգային արժեքների անտեսման և ոտնահարման վտանգների մասին: Իսկ ինչպե՞ս հավատալ խմբագրի այն պնդմանը, որ ՀՅԴ-ն, իբր, կրկնում է հակաիշխանական որոշ գործիչների` «զարգացման ռազմավարական ծրագրերի բացակայության» մասին հայտարարությունները, եթե ամբողջ աշխարհին է հայտնի, որ Հայաստանը, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից ի վեր, ապրում է ՀՅԴ «Զարգանալ` չզիջելով» հայտնի օրակարգով, որ իր քննությունը բռնեց նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրերին և այսօր էլ շարունակում է մնալ մեր անվտանգությունը երաշխավորող կարևորագույն օրակարգային հարցերից մեկը:

«Ժողովուրդ»-ին խիստ զարմացրել է ՀՅԴ հայտարարության նաև այս կետը. «Արցախի հարցում իշխանությունների խուսափողական քաղաքականությունը մտահոգիչ է եւ չի նպաստում հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ համազգային համախմբմանը»: «… ակնհայտ է, որ «խուսափողականություն» ասելով` ՀՅԴ-ն նկատի ունի Արցախի անունից բանակցելու մանդատ չունենալու մասին վարչապետի հայտարարությունը եւ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու նրա պնդումը: Եթե հաշվի առնենք այն, որ ՀՀ նոր իշխանության այս դիրքորոշումը ողջունվում է Արցախի կողմից, Արցախն էլ չի խուսափում իրեն առնչվող խնդրի շուրջ սեփական դեմքով բանակցելու հանձնառությունից, ապա հասկանալի չէ, թե այդ ինչն է, որ մտահոգիչ է ՀՅԴ-ի համար»,- գրում է հեղինակը` ակամա խոստովանելով, որ իսկապես չի հասկացել, թե ինչ նկատի ունի ՀՅԴ-ն` «Արցախի հարցում ՀՀ իշխանությունների խուսափողական քաղաքականություն» ասելով: Ճիշտն ասած` չգիտեմ, կօգնի՞ նրան մեր բացատրությունը, թե՞ ոչ, բայց, այնուամենայնիվ, ասենք, որ Արցախի անունից բանակցելու մանդատ չունենալու մասին վարչապետի հայտարարությունն ու Արցախը բանակցությունների սեղանի շուրջը վերադարձնելու խնդիրը, ճիշտ է, ինչ-որ տեղ փոխլրացնում են միմյանց, սակայն անհասկանալի են մնում դրանց հաջորդող քայլերն ու պահվածքները, Ադրբեջանի իշխանությունների «խելացիությանն» արվող հղումները, Ալիևի հետ վերացական թեմաներով զրուցելը, կասկածելի հանգամանքներով պայմանավորված թվացյալ հրադադարը, խաղաղության դիմաց ազատագրված տարածքներ վերադարձնելու պատրաստակամության մասին պտտվող շշուկները և այլն: Եվ ուրեմն` «Ժողովուրդ» թերթի հարգելի' խմբագիր, պետք չէ խառնել թացը չորին և ձևացնել, թե անհասկանալի է 130-ամյա Դաշնակցության ախտորոշումը:

Իսկ այժմ, ինչպես և խոստացել էի, վերնագրի մասին. «Իշխանություն՝ ցպահանջ. ինչ նպատակ է հետապնդում ՀՅԴ-ի հայտարարությունը»: Սա կարելի հասկանալ այսպես` ՀՅԴ-ն նպատակ ունի գալ իշխանության: Ստիպված եմ խոստովանել, որ «Ժողովուրդ» թերթի խմբագրին «քաղաքական հոտառությունը» չի խաբում, այո, ՀՅԴ-ն նպատակ է դրել գալ իշխանության և ձևավորել մի իշխանություն, որ կլինի իր առանցքի, այսինքն` ազգային, ժողովրդավարական, սոցիալիստական գաղափարական հենքի վրա կառուցված քաղաքական առանցքի շուրջ: Միայն թե չեմ հասկանում` ինչո՞ւ է «Ժողովուրդ»-ն իր առջև «մութ հարցեր» բացահայտելու խնդիր դրել այսօր, եթե Հայաստանում ամբողջական իշխանություն ձևավորելու պատասխանատվություն ստանձնելու մասին Դաշնակցությունը հայտարարել է ամիսներ առաջ` Ստեփանակերտում տեղի ունեցած Ընդհանուր ժողովի ժամանակ:

Թերևս այսքանով էլ կարելի էր սահմանափակվել, եթե չլիներ սույն «խմբագրականի» մի զավեշտալի հատված: Պատահաբար իշխանության մեջ հայտնված և իր խմբագրի հետ իմքայլական պատգամավոր դարձած «Ժողովուրդը» հարյուր տոկոսով վստահ է, որ քաղաքական կյանքն այսօր կենտրոնացած է ԱԺ-ում, իսկ ԱԺ-ից դուրս մնացած ուժերը մարգինալ են: Զավեշտալին այստեղ այն է, որ ՀՅԴ հայաստանյան կառույցի Գերագույն ժողովի հայտարարությունն, ըստ էության, լրջանալու կոչ է ԱԺ-ի մեծամասնությանը, բայց դրա որոշ մանկապարտեզականները, ավաղ, ի վերուստ իրենց բաժին ընկած ճակատագրով, ի վիճակի չեն ընկալել ո'չ Դաշնակցության ասածները և ո'չ էլ Դաշնակցությունն` ընդհանրապես:

ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica