close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստան-Արցախ դաշինքի կնքումը կհստակեցնի Արցախի հարցում ՀՀ-ի իշխանությունների դիրքորոշումը. Կարո Մադենլյան

Հարցազրույց

2 Մայիսի 2019, 18:00
 Հայաստան-Արցախ դաշինքի կնքումը կհստակեցնի Արցախի հարցում ՀՀ-ի իշխանությունների դիրքորոշումը. Կարո Մադենլյան

Ապրիլի 26-29-ը տեղի է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպության 23-րդ Գերագույն ժողովը, որի օրակարգում եղել է կուսակցության վերջին մեկ տարվա գործունեությունը, առաջիկա ռազմավարությունը, ընտրվել է նոր Գերագույն մարմին: Գերագույն ժողովին մասնակցել են նաև Սփյուռքի կուսակցականները, այդ թվում՝ ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի կազմակերպական ներկայացուցիչ Կարո Մադենլյանը: Yerkir.am-ի հետ զրույցում Մադենլյանը նշեց, որ ընդունված կարգ է՝ տարբեր շրջաններից ԿԿ ներկայացուցիչներ, անդամներ մասնակցում են Գերագույն ժողովներին, որպեսզի իրենց աջակցությունը բերեն հայրենիքի ծրագրերին: 

- Մեր շրջանը՝ Արևմտյան Ամերիկայի, հատուկ հանձնախումբ է ստեղծել, որ հայրենիքում ներդրումներ և աջակցություն ապահովենք՝ և՛ ՀՀ-ում, և՛ Արցախում: Խոսքը մեր կազմակերպության և համակիրների ներդրումների մասին է: Եթե կարողացանք հաջողեցնել, ապա մի քանի տարիների ընթացքում կարելի է այնպիսի մեխանիզմ ստեղծել, որ Դաշնակցության միջոցով Արևմտյան Ամերիկայից այստեղ ավելի մեծ ներդրումներ գան՝ ՀՅԴ ԳՄ-ի հետ համադրելով, որ հայ ժողովրդին օգտակար լինենք: Տարիներ շարունակ մեր շրջանը տարբեր ձևերով օգնել է ՀՀ-ին և Արցախին: 1990-ականների սկզբին «Արցախ-Թելեթոն»-ը կար, դա մեր կուսակցության թելեթոնն էր, որի միջոցով Արցախի համար դժվար օրերին կարողացել ենք օգնություն ապահովել: Ավելի ուշ դրանից հրաժարվեցինք և «Հայաստան» համահայկական հիմնադրամի թելեթոնին սկսեցինք մասնակցել: Վերջին մի քանի տարում ՀՅԴ երիտասարդական միության ճամբարներն ենք կազմակերպում: Իսկ ամենավերջին աջակցությունը, որը եղել է մեր շրջանից՝ Գլենդելի «Ահարոնյան» կոմիտեի կողմից,  ՀՀ շրջաններից մեկում երիտասարդական կենտրոնի վերանորոգումն էր, նաև Արցախում՝ Կովսականում, կարողացել ենք երիտասարդական կենտրոնի վերանորոգման ծախսերը հոգալ, որը պիտի անվանակոչվի «Թոռլակյան-Ֆունդուկյան» երիտասարդական կենտրոն: Արևմտյան Ամերիկայի մեկ այլ ՀՅԴ կոմիտեի հովանավորությամբ` Արցախի Մարտունիի շրջանում 30 ընտանիքի համար արևային էներգիայի մատակարարման խնդիր ենք լուծել: Բացի այս` Գյումրիում ունենք երիտասարդական կենտրոն, որը մեր` Արևմտյան Ամերիկայի շրջանն է վերանորոգել ու հովանավորում, ինչպես նաև համալսարանում սովորող մոտ 12 ուսանողի կրթաթոշակ ենք տալիս:

-Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ի՞նչ խնդիրներ կան այսօր:

-Եթե Հայաստանը կարողանա Սփյուռքին աջակցել, Սփյուռքն էլ Հայաստանին կաջակցի՝ և՛ համազգային, և՛  միջազգային քաղաքական հարթությունում, ինչպես նաև ներդրումների ապահովման ու տեխնիկական զարգացման այլ ծրագրերի առումով: Բայց Հայաստանը պետք է հասկանա, որ Սփյուռքն իր մի մասն է, կարևոր օղակն է, ոչ թե փորձի Սփյուռքի մեջ այլ օղակներ ստեղծել: Երբ ասում ենք` Սփյուռք, պիտի հասկանանք, որ շրջանից շրջան տարատեսակ կազմակերպություններ և հաստատություններ կան, որոնք տարիների ընթացքում պահել են Սփյուռքը, քաղաքականացրել են Սփյուռքը, որ Հայ դատի աշխատանքները շարունակվեն:

Երբ ասում եք՝ փորձում են Սփյուռքի մեջ այլ օղակներ ստեղծել, ի՞նչ նկատի ունեք, ի՞նչ օղակներ են, ովքե՞ր են ստեղծում:

Վերջերս հայտարարություններ են լինում դասական Սփյուռքի, ավանդական կազմակերպությունների հասցեին, ոչ անպայման պետական շրջանակներից, այլ անհատների կողմից, որոնք ցանկանում են ինչ-որ ձևով օգտվել՝ հավանաբար չգիտակցելով, թե Սփյուռքի մեր կազմակերպությունները և հաստատություններն ինչերի միջով են անցել, որ հասնեն այսօրվան, թե ինչ դժվարություններ ու հանգրվաններ ենք հաղթահարել, որ կարողանանք քաղաքական ուժ ներկայացնել, որը հայրենիքի, Արցախի համար է, որ մեր ժողովրդին օգնենք: Ոմանք իրենց անձնական հաշիվներն ունեն, նախասիրությունները, ուրիշներն էլ պարզապես չգիտեն, չեն սովորել, չեն գիտակցում: Հայաստան-Սփյուռք հարաբերություններում իշխանությունները պետք է կարողանան աշխատել Սփյուռքի մեր կառույցների հետ՝ համադրաբար հայաստանյան մեր կառույցի: Հնարավոր չէ հայաստանյան մեր կառույցը շրջանցել և անմիջական կապ հաստատել Սփյուռքի մեր կազմակերպությունների հետ, որովհետև մենք մեկ կազմակերպություն ենք, և շատ կարևոր է, որ սա բոլորն իմանան: 

Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքը, որն այդքան կարևորում է Դաշնակցությունը, ի՞նչ խնդիրներ է լուծելու միջազգային հարթակում:

Երանի տարիներ առաջ եղած լիներ, բայց չի եղել, թող գոնե հիմա լինի: Մեր շրջանի պարագայում`հաճախ Հայ դատի աշխատանքների ժամանակ, երբ Արցախի անկախության ճանաչման հարցն ենք առաջ քաշում, մեզ ասում են՝ նույնիսկ Հայաստանը չի ճանաչել, որը դժվարացնում մեր գործը՝ օտարին ինչպե՞ս համոզենք, երբ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը: Այս դաշինքը մեկ քայլ առաջ կլինի այդ գործունեության հարցում: Բնականաբար, եթե այս դաշինքի կնքումը հաջողվի, նեղվողներ շատ կլինեն՝ Ադրբեջանը, Թուրքիան, ԵԱՀԿ ՄԽ-ն, ԱՄՆ-ը: Ես ԱՄՆ-ում եմ ապրում և կարող եմ ասել, որ այս պետության քաղաքականությունը հիմնված է հետևյալ սկզբունքի վրա՝ հարցերը տանել ապազգային հունով, որ ավելի դյուրին լինի իրենց քաղաքականության պարտադրումը կամ համոզելը: Երկրորդ՝ եթե Հայաստան-Արցախ դաշինքը հաջողի, պիտի հստակեցնի Արցախի հարցում ՀՀ-ի ներկայիս իշխանությունների դիրքորոշումը, այլապես հայտարարությունը, թե` թող ժողովուրդը որոշի, Սփյուռքին շփոթության մեջ է գցում: Մենք սպասում ենք, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչով թիկունք կանգնեն Արցախին՝ ոչ թե խոսքով, այլ գործով: Իրականում շատ բաներ Հայաստանն Արցախի հետ կապված անում է` Արցախի բնակչությունն անձնագրի խնդիր ունի, ՀՀ անձնագրով է տեղաշարժվում, բյուջեից վարկ է տրամադրվում և այլն, և այն: Այսպիսի բնական հարցեր կան, և այս դաշինքը պիտի պաշտոնականացնի այդ ամենն ու ամրապնդի Հայաստանի և Արցախի կապը, Հայաստանի դիրքորոշումն Արցախի հարցում: 

- Վերջին մեկ տարում ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ժամանակ առ ժամանակ ակտիվություն է ցուցաբերում, մասնավորապես` անցած տարի Հայաստան այցելեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և նշեց. «Հայաստանի իշխանությունների օրակարգում ԼՂ հակամարտության կարգավորման հարցն առաջնային է։ Եթե կանխատեսումներն իրականություն դառնան, և Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, ապա հզոր մանդատ կունենա մի շարք կարեւոր քայլերի համար»:

-ԱՄՆ-ի այդ ակտիվությունը, այո, պայմանավորված էր ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությամբ: Նախկին իշխանություններն Արևմուտքի պետությունների հետ այնքան էլ մոտիկ չէին, բայց երբ իշխանությունը փոխվեց, առիթ ստեղծվեց, որ ԱՄՆ-ը փորձի իր ազդեցությունը բանեցնել և ՀՀ-ին «պոկել» ՌԴ-ից, ինչը կարող է շատ վտանգավոր լինել Արցախի համար:

-Բայց ՀՀ-ի ներկայիս իշխանությունները ևս չեն պատրաստվում հեռանալ ՌԴ-ից, ինչ-որ կտրուկ քայլեր անել այս առումով: Ավելին` վերջին օրերին մամուլում մի քանի հոդվածներ եղան, թե հայ-ամերիկյան հարաբերությունները փչացել են, սա որքանո՞վ է համապատասխանում իրականությանը` ըստ Ձեզ:

-Նախ՝ ԱՄՆ պետության մասին խոսելիս պիտի տարանջատենք նախագահին, նրա կողքին եղած կառույցները, որոնց պաշտոնյաները չեն փոխվում տարիների ընթացքում, որոնք են արտաքին քաղաքականությունը որոշողը, և սրա կողքին կա Կոնգրեսը, որն այդ որոշումները հաստատողն է: Հիմա կոնգրեսականների դիրքորոշումը Հայաստան պետության նկատմամբ դրական է, մեր հովանավորությամբ նրանք Հայաստան են այցելել, բայց նախագահին մոտ կանգնած պետական կառույցների արտաքին քաղաքականությունը, դիրքորոշումը հինն է: Իմ ենթադրությամբ` ՀՀ-ում իշխանափոխությունից հետո ԱՄՆ-ն առիթ տեսավ ՀՀ-ին ՌԴ-ից հեռացնելու և իր քաղաքականությունը պարտադրելու, բայց երբ տեսավ, որ իր ուզածը չեղավ, փոխեց իր քաղաքականությունը: 

-Հայկական հարցերի հետ կապված ի՞նչ տրամադրություններ կան ԱՄՆ-ում:

-Գիտենք, որ 49 նահանգ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, պետությունը՝ ոչ, քանի որ այն իր շահերն ունի: Ասում են՝ եթե թուրքերի հետ հարաբերությունները վատանան, ԱՄՆ-ն կճանաչի: Այսօր նրանց հարաբերությունները վատ են, բայց ոչ այնքան, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների հետ կապված քաղաքականությունից հրաժարվեն: Ամեն դեպքում, Թուրքիայի հետ ԱՄՆ-ն այսօր ունի լավ հարաբերություններ` այդ առումով, իսկ Թուրքիան վերջին 100 տարվա ընթացքում խաղում է երկու թելի վրա՝ Ռուսաստան և ԱՄՆ, իհարկե, ԱՄՆ-ի հետ մեկտեղ նաև Իսրայելի: ԱՄՆ-ն շատ դժվար կացության  մեջ է հայտնվում, երբ Թուրքիան ՌԴ-ի հետ որոշում է լավացնել հարաբերությունները, և այս դեպքում ամերիկացիները չեն ուզում թուրքերին ավելի շատ նեղացնել: Մենք կարծում ենք, որ եթե թուրք-ամերիկյան հարաբերություններում վատացում է նկատվում, ուրեմն ժամանակն է հարվածելու, մինչդեռ ԱՄՆ-ն ճիշտ հակառակ քաղաքականությունն է վարում՝  մտահոգվելով, որ Իրան-ՌԴ-Թուրքիա եռակողմ հարաբերությունների լավացման դեպքում, որը հիմնված է տնտեսական շահերի վրա, խնդիրներ կառաջանան: Ի վերջո, Ադրբեջանը Թուրքիայի փոքր եղբայրն է, և այդ ճանապարհն ԱՄՆ-ի համար կարող է փակվել՝ զինվորական և տնտեսական, ուստի փորձում են թուրքերի հետ լավ լինել: Այնպես որ՝ ես չեմ սպասում, որ ՍՄՆ պետությունը մոտ ապագայում ճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց մեր աշխատանքը պիտի շարունակվի: Սա կլինի, եթե Թուրքիայում հարցերն այնքան բարդանան, որ Թուրքիան փլուզվի կամ այդ ճանապարհին լինի, այդ դեպքում ԱՄՆ-ն այս ուղղությամբ կմտածի: 

-ԱՄՆ-ում, մեծ հաշվով, հայկակա՞ն, թե՞ թուրք-ադրբեջանական քարոզչությունն է հաղթում: Իհարկե, մենք հաջողություններ արձանագրում ենք, բայց` գլոբալ առումով:

-Ընդհանրապես` մենք ենք, թեև ադրբեջանցիները փորձում են, թուրքերն ահռելի դրամ ունեն: Հայ դատի հանձնախմբերի տարած աշխատանքի դիմաց թուրքերն ահռելի գումարներ են ծախսում, բայց դեռ ամբողջությամբ չեն հաջողում իրենց գործերում: Այն, որ ԱՄՆ պետությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դա թուրքերի աշխատանքի արդյունքը չէ, այլ ԱՄՆ-ի քաղաքական շահերի հետ է կապված: Իհարկե, նրանք հրեական մի քանի կազմակերպությունների աջակցությամբ հոդվածներ են իջեցրել, բայց Հայ դատի հանձնախմբերի լոբբինգը հրեաներից հետո ամենազորավորն է ԱՄՆ-ում:

Զրուցեց Մարիամ Պետրոսյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica