close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այրում ենք թուրքական ժխտողականության խորհրդանիշ` Թուրքիայի պետական դրոշը՝ որպես այդ ժխտողականության դեմ բողոքի արտահայտություն. Գեղամ Մանուկյան

Քաղաքական

25 Ապրիլի 2019, 16:54
 Այրում ենք թուրքական ժխտողականության խորհրդանիշ` Թուրքիայի պետական դրոշը՝ որպես այդ ժխտողականության դեմ բողոքի արտահայտություն. Գեղամ Մանուկյան

Ապրիլի 23-ին, ջահերով երթի իրականացմանը զուգահեռ, որոշ երիտասարդներ դիմել էին ՀՀ ոստիկանություն` մեջբերելով ՀՀ քր. օրենսգրքի 331 հոդվածը, թե պետական խորհրդանիշ են այրում: Դրան ի պատասխան` ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել էր. «Ապրիլի 25-ին, ժամը 15-ին այրելու եմ Թուրքիայի դրոշը Ազատության հրապարակում։ Էն լամուկին լուր տվեք, որ ոստիկանությանն ահազանգի։ Պաշտոնական հայտարարություն»:

Ազատության հրապարակում հայտարարված ակցիայից հետո  լրագրողների հետ զրույցում Մանուկյանը հիշեցրեց, որ երիտասարդ դաշնակցականներն ապրիլի 23-ին ավանդաբար այրում են թուրքական ժխտողականության խորհրդանիշ` Թուրքիայի պետական դրոշը՝ որպես այդ ժխտողականության դեմ բողոքի արտահայտություն: 

«Այս անգամ դրոշի այրելուց հետո կազմակերպված արշավ սկսվեց սոցիալական ցանցերում, և բանը հասավ նրան, որ առանձին քաղաքացիներ, այդ թվում՝ կառավարման համակարգի պաշտոնյա, հայտարարեց, որ Թուրքիայի պետական դրոշն այրելը քրեական հանցանք պարունակող քայլ է, ինչը ոստիկանության կողմից պետք է դիտվի որպես հանցագործություն: Հաշվի առնելով, որ այստեղ  այդ օրը կանգնած երիտասարդներից շատերը նաև իմ որդու ընկերներն են, և իմ որդին էլ կարող էր այդտեղ լինել, եթե ծառայության մեջ չլիներ, ինչպես նաև  այդ երիտասարդներից շատերի անցած քաղաքական ու մարտական ուղին իմանալով, ես ասում եմ, որ այդպիսի կեղծ ահազանգերով ընդհանրական մեղադրանք հնչեցնել հազարավորների հասցեին անհասկանալի է: Եվ եթե ոստիկանությունը հանկարծ որոշեր այդ ահազանգերի հետքերով գնալ, կոնկրետ որևէ հասցեատեր չէր կարող գտնել, ուստի ես՝ որպես ՀՀ քաղաքացի, շարունակելով այդ քաղաքացիների` դրոշ այրելու քայլը, որոշել եմ հրապարակային  այրել Թուրքիայի դրոշը: Ես եղել եմ  ջահերով առաջին երթի մասնակիցների շարքում և կարող եմ ասել, որ անցնող 20 տարում տեսել եմ, թե ինչպես են դեպքերը զարգանում, այդ հսկայական զանգվածն ինչպես է մեծանում:

2010-2011-ին այստեղ ջահերով երթի ժամանակ պետք է հանդիպեի թուրք լրագրողների հետ, նրանք այն  պահին եկան, երբ դրոշն այրվում էր: Բնականաբար, որպես Թուրքիայի քաղաքացի` այլայլվեցին, իսկ ես բացատրում էի, որ սա թուրք ժողովրդի դեմ չէ, սա ժխտողական քաղաքականություն ունեցող Թուրքիայի կառավարության դեմ է՝ տասնամյակներ շարունակ ցեղասպանություն իրականացրած Օսմանյան իշխանության շարունակություն հանդիսացող կառավարության դեմ: Եվ երբ ապրիլի 23-ից հետո «վայ էս ինչ է...» ոչ քաղաքակիրթ գրառումներ անող մարդիկ երեկ կարդային Թուրքիայի այսօրվա նախագահի ուղերձը, որ քիչ են արել հայերի գլխին,  պետք է հասկանային, թե ինչի դեմ է այս բողոքը, ոչ թե կեղծ եղբայրասիրական, խաղաղասիրական քայլեր անեին»,- ընդգծեց Մանուկյանը:

Նա հավելեց, որ ջահերով երթին մասնակցած` 18-ը չբոլորած շատ երիտասարդներ 2016-ի ապրիլին դաշնակցական կամավորական ջոկատների կազմում Թալիշում էին, ոչ թե «Ֆեյսբուք»-ում Հայոց բանակի դեմ գրառումներ էին անում:

Ըստ Մանուկյանի՝ թուրքական դրոշի այրումից անհանգստացածների շարժառիթները տարբեր են. ոմանք ուզում են ժամանակակից երևալ, ոմանք դեմ են, որովհետև Դաշնակցության նախաձեռնությունն է, ուրիշների դեպքում խաղաղասիրական տարբեր ծրագրերով հետագայում կյանքը մի փոքր բարելավելու նպատակ կա, ընդհուպ` ԱԺ-ում, որոնք տարիներ շարունակ եղել են  հայ-ադրբեջանական, հայ-թուրքական խաղաղասիրական նախաձեռնություններում:

Գեղամ Մանուկյանը նշեց, որ Թուրքիայի դրոշն ապրիլի 23-ին վառելը և՛ քարոզչական, և՛ քաղաքական, և՛ հանրային պայքարի ձև է, և որ ժամանակին պայքարի այլ ձևեր են եղել: «Ամեն մի ցուցադրական քայլ, ի վերջո, ունենում է իր ազդեցությունը»,- շեշտեց ՀՅԴ անդամը:

Եվրոպայում գործունեություն ծավալող դաշնակցական քաղաքական և հասարակական գործիչ Հրաչ Վարժապետյանը yerkir.am-ի հետ զրույցում իր հերթին հավելեց, որ չի հասկանում Թուրքիայի դրոշը վառելու հետ կապված բանավեճը երկարացնելու իմաստը, երբ շատ ավելի կարևոր խնդիրներ կան՝ թե՛ ազգային, թե՛ համազգային և թե՛ ներհայաստանյան: 

«Դրոշակը հրկիզելու խնդիրն այսքան մեծ հարցի վերածելու իմաստը չեմ հասկանում: Ինչ վերաբերում է օրենքին, ապա Թուրքիայի դրոշը և մյուս երկրների դրոշները նույնը չեն մեզ համար: Աշխարհի բոլոր պետությունների դրոշները հարգելի են մեզ համար, բայց թուրքականը՝ որպես թշնամի պետություն, այդ թվում՝ ադրբեջանականը, մեզ համար նույնն են: Ի դեպ, քաղաքակիրթ Ֆրանսիայում՝ Փարիզում,  հենց երեկ թուրքական դրոշը վառեցինք Թուրքիայի դեսպանատան առջև, և որևէ խնդիր չառաջացավ, որևէ ոստիկան չեկավ: Ավելին` եթե թուրքերը դատական գործ հարուցեն, ծիծաղով կընդունվի Ֆրանսիայում, որովհետև օրենքի հարց չկա, այն կդիտվի որպես ամբոխավարական տրամադրության տրամաբանության մեջ: Քանի դեռ Թուրքիան մեր իրավունքները չի վերականգնել, բարոյական, հողային, նյութական հատուցում չի տվել, քանի դեռ մեզ համար թշնամի է, բոլոր քայլերը և ճանապարհները նրա նկատմամբ ընդունելի են, նաև՝ դրոշի հրկիզումը: Այն օրը, երբ բոլոր հատուցումները Թուրքիան կկատարի, այն ժամանակ կկարողանամ խորքային մտածել՝ ճի՞շտ է հրկիզել, թե՞ ոչ: Բայց երբ ես հարց ունեմ, երբ ես իմ իրավունքների խլման խնդիր ունեմ, ինձ համար երկրորդական է՝ դրոշը վառել ենք, թե` չենք վառել, թքել ենք վրան, թե` չենք թքել: Հիմա կարող է հարց լինել՝ ինչպես կվերաբերվենք, երբ թշնամու կողմից ՀՀ-ի դրոշը վառեն: Ես երբեք չեմ կոմպլեքսավորվել այդ փաստից, պարզապես մեկ տարբերություն կա՝ նա ՀՀ-ի դրոշը հրկիզելու պատճառ չունի, ոչ էլ` բարոյական իրավունք, բայց ես ունեմ, որովհետև ես եմ իրավազրկվածը, իմ հայրենիքն է բռնազավթվել, ես պատճառ և բարոյական իրավունք ունեմ, Թուրքիան այդ իրավունքը չունի»,- նշեց Վարժապետյանը:

Ամերիկայից Հայաստան տեղափոխված Մարի Մերտխանյանը մեզ հետ զրույցում Թուրքիայի դրոշը վառելը տկարություն համարողներին հիշեցրեց, որ թուրքական դրոշը վառողները դաշնակցական միությունների երիտասարդներն են, որոնք տարածված են աշխարհի բոլոր երկրներում և տասնյակ տարիներ վառ են պահում պահանջատիրությունը:

«Միջոցները բազմազան են եղել ցույցից մինչև կյանքի զոհաբերություն... Ա՛յդ միությունների նախկին և ներկայիս անդամներն են վարում Հայ Դատի գրասենյակների աշխատանքները: Այո՛, այն գրասենյակները, որոնց լուռ, համառ և հետևողական աշխատանքի շնորհիվ Թուրքիայի մեծ ոճիրը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչում է գտնում: Ճանաչումը միայն պետական մակարդակով չի լինում: Համալսարաններում, օտար դպրոցներում և տարբեր լսարաններում ներկայացնողներն էլ նույն գաղափարական ընտանիքի երիտասարդներն են: Հայ Դատի գրասենյակներն են, որ ԱՄՆ-ի տարբեր պետական հարթակներում ազերիների ու թուրքերի դեմ պայքար են մղում, Ադրբեջանին և Հայաստանին տրամադրվող օժանդակությունների հաւասարակշռությունն են պահում... Ա՛յդ միության անդամները Արցախի պահանջատիրության առաջին օրից մինչև այսօր պատրաստ են ծառայել: Առաջիններն էին, որ 1988-ին և 2016-ին ճակատ փութացին: ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների անդամներն են, որ միջազգային և տարածքային ամենատարբեր ֆորումներում դիմագրավում են թուրք և ազերի երիտասարդների ստերը և ներկայացնում Ցեղասպանության ու Արցախի հարցի իրակա՛ն փաստերը: Եվ նույն միությունների անդամները Եվրոպական Միության տարբեր մարմիններում, ուր հնարավորություն կա, չեն խուսափում իրենց վրա դրված պարտականությունը կատարել... Եվ, այո՛, այդ միությունների անդամներն են, որ, որպես բողոք, թուրքական դրոշն են այրում: ում են այն խորհրդանիշը, որ մեր հայրերի արյան և գրավյալ հայրենիքի վրա ստեղծված երկիրն է խորհրդանշում: Մենք խոսեցինք երիտասարդական ընտանիքի մասին, որը գիտե հարկ եղած պարագայում կռվել, ուր էլ որ պետք է քաղաքակիրթ լինել և չվախենալ... Այս երիտասարդությանը մեկ արարքի համար դատելը սխալ է, եթե չասենք` անբարոյական: Այս երիտասարդության աշխատանքների մեծ մասը լուրերով ներկայացվում է մեր ժողովրդին: Վստահ եմ, որ բարեմիտ մարդիկ եթե հետևեին նրանց գործունեությանը և լայն պատկերը տեսնեին, գոնե լուռ պիտի մնային և այս անբարոյական արշավին պիտի չմասնակցեին: Անբարոյական է, երբ հակադաշնակցական մոլուցքի մեջ ոստիկանությանը հաղորդում է տրվում «դրոշակ այրելու» մասին: Թուրքերի հետ նույն լարը նվագելը, այո, վախկոտություն և անբարոյականություն է: Մարդ որքա՜ն ստոր և ապազգային պիտի լինի, որ կարողանա նման բան անել... Հրկիզե՞լ են... Տո՛, լա՛վ են արել»,-նշեց նա:

Ազատագրված Շուշիում ծնված Արգամ Եղիազարյանն էլ ասաց, որ Թուրքիայի դրոշը վառելը պայքարի միջոց է, ժեստ, այդ թվում՝ ուղղված աշխարհին: «Ցավն էլ հենց այն է, որ գիտենք ամեն ինչ, բայց մեզ պետք է իբր առաջադեմ և ազատամիտ երևալ»,- ընդգծեց նա:

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica