close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Սագերը փրկեցին Հռոմը», կամ Փաշինյանի նոր հայտարարության մասին

Հարթակ

25 Ապրիլի 2019, 14:05
 «Սագերը փրկեցին Հռոմը», կամ Փաշինյանի նոր հայտարարության մասին

22 տարեկանում երեք լեզու իմանալու, 3 տարվա ստաժ և բարձրագույն կրթություն ունենալու անհրաժեշտության մասին Փաշինյանի հայտարարությունները դրական կարող են լինել միայն նոր սերնդին  ուսման մղելու, փնտրելու, գիտելիքներ գեներացնելու իմաստով։

Իրականում, տնտեսության զարգացումը կամ երկրի բարեկեցությունը անմիջականորեն հասարակության՝ օտար լեզուների տիրապետման աստիճանի հետ կապելը, ինչպես և լեզուների դերի բացարձականացումը, կարծում ենք, քննության չդիմացող միտք է, իսկ սերունդներին այդ մտածողությամբ դաստիարակելը՝ վնասակար։

Եթե հասարակության շրջանում օտար (միջազգային) լեզվի իմացության բարձր մակարդակը լիներ երկրի զարգացման նախապայման, ապա ինչպե՞ս բացատրել այն իրողությունը, որ ֆրանսախոս երկրներ Կոնգոն, Բուրունդին, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, Նիգերը, Մադագասկարը, անգլախոս երկրներ Զիմբաբվեն, Լիբերիան, Մալավին գտնվում են աշխարհի ամենաաղքատ երկրների առաջին տասնյակում, որոնց քաղաքացիները տարեկան միջինը աշխատում են 400-1000 դոլար։ Պարզորոշ է, որ երկրի զարգացումը կախված է բոլորովին այլ գործոններից, որոնք շատ դեպքերում որևէ աղերս չունեն օտար լեզուների հետ։

Դառնալով քննարկվող խնդրին՝ փաստենք, որ, եթե խոսվում է որակյալ կրթության մասին, ապա, բնականաբար, որակյալ կրթության մեջ մտնում են ինչպես որակյալ ֆիզիկան, քիմիան կամ երկրաբանությունը, այնպես էլ որակյալ անգլերենը կամ ռուսերենը, և այստեղ ամենևին էլ կարիք չկա տարանջատելու որակյալ կրթությունը օտար լեզվից։ Մյուս կողմից՝ ամենասակավագալար ուղեղի համար էլ պարզորոշ է, որ, եթե մարդ ուզում է պատմագիտության, երկրաբանության, քիմիայի կամ հիդրոլոգիայի բնագավառում խորանալ, ապա պետք է ռուսերենով, գերմաներենով, ֆրանսերենով կամ անգլերենով բազում նյութեր ուսումնասիրի, և այստեղ ծիծաղելի կլինի ասել, որ մարդ պետք է 22 տարեկանում դառնա լավ երկրաբան, գումարած՝ իմանա լավ ռուսերեն կամ անգլերեն։

Որակյալ կրթության (մասնագիտության) տարանջատումը օտար լեզվի իմացությունից աբսուրդ է։ Դա նույնն է, եթե ասենք, օրինակ, Պողոսն ունի շքեղ առանձնատուն, գումարած՝ առանձնատան կտուր։ Պարզ է, որ առանձնատունը չի կարող լինել առանց կտուրի, և դրանք այնքա՜ն փոխկապակցված են։ Ավելին` օտար լեզվի իմացության արհեստական քարոզն է հենց առաջացրել այն մեծ խզումը, որն այսօր առկա է նոր սերնդի շրջանում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այն դառը իրողությանը, որ հազարավոր աշակերտներ, ուսանողներ կամ երիտասարդ ծնողներ, կատաղի կերպով կենտրոնանալով օտար լեզուների վրա, մնացյալ առարկաները կամ մասնագիտական ոլորտները մղել են հետին պլան։

Իրականում, Փաշինյանի ակնարկն ամենևին էլ պատահական չէր․ գաղտնիք չէ, որ հասարակության շրջանում հասունանում են դժգոհություններ, և այսօր լայն շերտեր պահանջում են խոստացված բարեկեցիկ կյանքը` այն աշխատատեղերը, գործարաններն ու ներդրումները, որոնք խոստանում էր Փաշինյանն ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին։

Ահա այստեղ Փաշինյանը, կիրառելով փորձված հնարքներ, բարձրաձայնեց, որ այդ բարիքների լինել-չլինելը կախված է ոչ թե իրենից, այլ հասարակությունից։ «Մարդն ուզո՞ւմ է լավ ապրել, խնդրեմ, թող ունենա որակյալ մասնագիտություն և տիրապետի երեք օտար լեզվի ու կգտնի աշխատանք։ Չունի՞ այդ տվյալները, թող հույսը կտրի լավ կյանքից, նստի տեղը և չփորձի բողոքել», - մոտավորապես սա է Փաշինյանի ուղերձը լայն հանրությանը իշխանափոխությունից մեկ տարի անց։

Փաստորեն, հասարակության շրջանում 3 լեզուների իմացության պակասը այս փուլում փրկում է կամ գալիս է փրկելու Փաշինյանին («Սագերը փրկեցին Հռոմը»)։

Վահե Սարգսյան, պատմական գիտությունների թեկնածու

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica