close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2019
USD1475.91
GBP1576.71
EUR1528.16
RUB17.12
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցեղասպանութjան խորհրդով ապրել եւ գործել ի խնդիր պայծառ ապագայի. Սեպուհ արք. Սարգսյան

Հասարակություն

24 Ապրիլի 2019, 22:52
 Ցեղասպանութjան խորհրդով ապրել եւ գործել ի խնդիր պայծառ ապագայի. Սեպուհ արք. Սարգսյան

Ճիշտ հարիւր չորս տարիներ առաջ, երբ մեր ժողովուրդը իր հայրենի հողի վրայ, իր տներում պատրաստւում էր տօնելու իր Փրկչի Հրաշափառ Յարութեան տօնը, յանկարծ չարանենգ թշնամին իր սատանայական մտածումներով ու խաւարագոյն ծրագիրների իրագործման հեռանկարով սկսեց մեր ժողովրդի բնաջնջման եւ անխնայ, անգութ, անմարդկային ու գազանաբարոյ կերպերով ու միջոցներով աւելի քան մէկուկէս միլիոն մարդ գողգոթացեալ կեանքով դէպի մահ առաջնորդեց։

Երեւակայեցէ՛ք սիրելիներ մարդիկ իրենց տներում նստած իրենց խաղաղ կեանքն էին ապրում եւ գործում, երբ յանկարծ պետական հրահանգով խաղաղ կեանքը հայ մարդու վերածւում է փոթորկոտ ու հալածական կեանքի։

Թուրքը երկար ժամանակ է, որ ծրագրել էր բնաջնջել հայը, որպէսզի կարողանար իր պանթուրանական ծրագիրը իրագործել մեր ժողովրդի եւ երկրի հաշւին։

Պատմութեան առաջին եւ անմարդկային Ցեղասպանութիւնը իրագործւեց, այսինքն մի ողջ ժողովուրդ զրկւեց իր հայրենիքից եւ Աստծուց իրեն տրւած կեանքից։ Ցեղասպանութիւնը ծրագրած եւ իրագործած ղեկավարներից մէկը՝ Թալէաթ փաշան յայտարարեց, որ Սուլթան Աբդուլ Համիդ երկրորդը, որ ծանօթ է Կարմիր Սուլթան անունով, երեսուն տարւայ մէջ չկարողացաւ հայոց հարցը լուծել, ես այն երեք ամսւայ մէջ լուծեցի…։ Բայց լուծե՞ց… Ցեղասպանութիւնից ընդամենը հինգուկէս տարի յետոյ Ցեղասպանութիւնից ազատւած հերոսի վրիժառու գնդակով, Բեռլինի փողոցներից մէկում գետին պիտի տապալւէր վերջին շունչը փչելով։

Այո՛, ապրիլ ամիսը, որ կեանքի եւ ուրախութեան ամիս էր, վերածւեց խաւարի ու մահւան ամսւայ։ Ամայացաւ մեր երկիրը, գիշատիչ թռչունների երամները սեւ ամպեր գոյացրին Հայաստանի երկնակամարի ներքոյ։ Ցեղասպանութիւնից ազատւած մեր ժողովրդի զաւակները Դեր Զորում, Հալէպում, Դամասկոսում, Միջագետքում եւ այլ քաղաքներում մահւան դէմ պայքարելով կարողացան վերակենդանանալ եւ վառ յոյսով ու տեսիլքով սկսեցին շինել իրենց նոր բոյնը, որ սակայն ցուրտ էր եւ անհարազատ։

Միւս կողմից էլ մենք, ամէն տարի, իւրայատուկ զգացումներով, ընդվզումի, արդար ցասումի եւ յոյսի վառ ապրումներով յիշում ենք մեր նահատակներին, գիտակցում մեզնից խլւած հայրենիքին, մի օր նրան վերատիրանալու անխուսափելիութեան, որով մեր հաւատքն ու կամքը պայքարի ճամբի վրայ մեզ զօրացնում ու զրահաւորում են եւ վաղւայ գալիք վարդահեղեղ արշալոյսի տեսիլքը վերածում են ամենօրեայ ապրումի։

Քրիստոնէական մեր հաւատքը մեզ վստահութիւն է ներշնչում ու զօրացնում մեզ մեր պայքարի մէջ։ Առաքեալը այսպէս է սահմանում հաւատքը.- «Հաւատ նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդէպ յոյս ունենք եւ համոզւած լինել այն բաներին, որոնք չեն երեւում» (Եբր. 11։1)։

Հաւատքով ու վառ յոյսով է, որ խոնարհւում ենք մեր սրբազան նահատակների յիշատակի առաջ եւ նոյն հաւատքով ու անվրէպ յոյսով շարունակում մեր կեանքի գոյապայքարը ի խնդիր մեր սրբազան հողերի եւ հայրենիքի եւ նրանց կառչած մնալը դաւանանքի եւ կեանքի սկզբունքի վերածելով մեր աչքերը յառած պահենք ձիւնածածկ յաւերժական Արարատին ու Սիփանին, Վանայ ծովին ու Նեմրուդ սարին, Աղթամարին ու Մշոյ Ս. Կարապետ վանքին։

Յիշում ենք Ցեղասպանութեան զոհ գնացած մեր անմեղ ու սուրբ նահատակներին ու մտաբերում իրենց չարչարալից կեանքն ու նահատակութիւնը։

Յիշում ենք Ցեղասպանութիւնն ու պատկերացնում, թէ այդ գարնան ու ամռան հազարաւոր դաշտեր մնացին կարօտ իրենց հնձւորներին, որոնք դառն արցունքներով իրենք յետեւում թողեցին իրենց արտերը եւ քայլեցին դէպի անորոշ ու անյայտ ապագան։

Ցեղասպանութիւն ասելիս մտաբերում ենք մարդկային այն կարաւանները, որոնք ոտաբոբիկ, կիսամերկ, անօթի ու ծարաւ, մահւան ստւերը իրենց գլխավերեւ, յամրաքայլ առաջ են գնում դէպի անյայտութիւն։

Ցեղասպանութիւն ասելիս մտահորիզոնիս առաջ տողանցում են այն որբերը, ովքեր մի թաքստոցից մի այլ թաքստոց են փախչում մարդասպան ոստիկանների ձեռքը չնկնելու համար, դեռեւս տողանցում են այն անմեղ աղջիկներն ու կանայք, որոնք ակամայ զոհ են դառնում բորենիների ու գազանաբարոյ  «ասկեար»-ների եւ մղում են մահւան ու կեանքի, լինել չլինելու իրենց պայքարը։

Տխուր ու սահմռկեցուցիչ այս պատկերի դիմաց մտաբերում եմ լուսաւոր, յուսադրիչ ու հպարտառիթ այն պատկեր-տեսարանները, որոնք ներկայացնում են խիզախ ու քաջ արժանապատւութեամբ զինւած, մահը արհամարհած հայ ֆիդայիններին, հայ կամաւորներին, ովքեր յանուն իրենց հայրենիքի, անհաւասար մարտերում իրենց կեանքն են պատարագում յանուն ազատ եւ արժանավայել կեանքի։

Ցեղասպանութիւն ասելիս մտաբերում ենք այսօրւայ հայակեանքը, հայրենիքում եւ հայրենիքից դուրս իր մարտահրաւէրներով, տագնապներով, մտահոգութիւններով, իր ինքնութեան մղձաւանջով տառապող երիտասարդութեամբ եւ իր հայրենիքի, ամբողջական հայրենիքի տեսիլքը, երազը իրականացնելու տագնապը ամենօրեայ ապրումի վերածող զինւորագրեալ երիտասարդութեամբ։

Ցեղասպանութիւն ասելիս մտածում ենք աւերակւած մեր պատմական հայրենիքի, նրա երբեմնի շէն ու բազմամարդ քաղաքների, գիւղերի, այգիների ու պարտէզների եւ նրանց մէջ աշխատողների մասին, եկեղեցիների, երբեմնի լոյսի ու մտքի օջախներ հանդիսացող մեր վանքերի ու վանական համալիրների, այլեւ հայակերտ կոթողների, խաչքարերի եւ ճարտարապետական գոհար կոթողների, որոնցից շատերը իրենց այսօրւայ աւերակ վիճակում իսկ հիացմունքի առարկայ են։

Անմահանուն Սիամանթօն իր ողջ հայրենիքը հայրենի տան խորհրդանշական կերպարի մէջ տեսնելով, բանաստեղծում է խօսքը ուղղելով իր հայրենի տան.-

Արցունքո՜վ, արցունքո՜վ լսեցի որ աւերակ առ աւերակ

Քու լայնանիստ պատերդ իրարու վրայ կործանեցին,

Սարսափի օր մը, կոտորածի օր մը, օր մը արիւնի…

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Ու մոխրացա՜ւ այն սենեակը կապոյտ,

Որուն որմերուն յետեւ, եւ գորգերուն վրայ

Իմ երջանիկ մանկութիւնս կը հրճւէր,

Եւ կեանքս կաճէր եւ հոգիս իր թեւերը կառնէր…։

Ցեղասպանութիւն ասելիս ակամայ խորհում ենք մեր երիտասարդութեան մասին, երիտասարդութիւն, որ միայն գրքերից է լսել իր ժողովրդի Ցեղասպանութեան պատմութիւնը եւ որ այսօրւայ համաշխարհայնացած, արհեստագիտական եւ համացանցային իր գիտելիքներով փորձում է իր ինքնութիւնը տեղադրել այս աշխարհի կենտրոնում։ Այդ ինքնութիւնը պահանջում է տոկուն ենթահող, ամուր պատւանդան եւ անխորտակ կամք ու հաւատք։

Պատմական հայրենիքից ու նւիրական պապենական հողից հեռու մեր երիտասարդութիւնը կոչւած է նրա անցեալի կամրջող, կապող իրողութիւններով առաջնորդւել։ Լեզւի, պատմութեան, երգի ու պարի, հաւատքի ու հաւատալիքների, որպէս մեր մշակոյթի բաղկացուցիչ տարրերի պահպանումը հրամայական պահանջ է, որպէսզի կարողանանք առողջ ինքնութեամբ առաջ գնալ։

Ցեղասպանութեան ոգեկոչումով ու յիշատակումով ակամայ հայրենիքի, պատմական հայրենիքի կարօտի եւ սիրոյ զգացումով բոցավառ հոգին հայորդու բացագանչում է.-

Ալ կը  բաւէ՛, Տէ՛ր Աստւած, մեր տունն ու տեղը դարձուր մեզ,

Թշնամիս իսկ մեզ նման ուրիշի դուռ չձգի՛ս։

Ի վերջոյ Ցեղասպանութեան ոգեկոչմամբ մենք յիշում ենք Քրիստոսի այն խօսքը որ ասում է. «Ե՛ս եմ յարութիւնը եւ կեանքը։ Ով որ հաւատում է ինձ թէպէտ եւ մեռնի, կապրի» (Յհ. 11։25)։

Այո՛, մենք հաւատացինք Հրաշափառ Յարութեանը Քրիստոսի, այդ հաւատքով մեռանք, նահատակւեցինք եւ սակայն այսօր ապրում ենք ու ստեղծագործում։ Վստահաբար, Ցեղասպանութեան ողջ դառնութիւնը ապրած հայ բանաստեղծը քրիստոնէական այդ արարատանման հաւատքով պատգամում է խօսքը ուղղելով գերեվարւած Արարատին։

Տե՛ս մեր շարքերը խանդաբորբ ու արի,

Տե՛ս մեր կարօտը խոյանքով Վահագնի։

Տե՛ս մեր հոգին՝ քու ձիւներուդ պէս մաքուր,

Ու կամքը մեր, տե՛ս ժայռերուդ պէս ամուր,

Եւ հաւատայ՝, գրանիդեայ ո՛վ Աստւած,

Սրբազա՛ն լեռ, հաւատա՛, թէ կը հասնի՛նք,

Մենք կը հասնի՛նք կատարիդ…

Մարկոս Աւետարանիչը յուշում է մեզ ասելով, որ հաւատացեալի համար անկարելի բան չկայ։ Այդ հաւատքով ենք ապրում եւ գործում եւ վստահաբար մի օր իրականացնելու ենք մեր երազն ու անժամանցելի իղձերը։

Այսօր մեր ժողովուրդը իր հայրենի պետականութեամբ, քաղաքական եւ եկեղեցական կազմակերպութիւններով ու կառոյց-հաստատութիւններով աշխատում է, աւելի ճիշտ պայքարում է իր իրաւունքների ճանաչման եւ ձեռքբերման համար. ի վերջոյ հաւատում ենք, որ իր իրաւունքների ձեռքբերման գիտակցութիւն ունեցող ազգը անպայմանօրէն կը վերատիրանայ նրան։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Ապրիլ 2019

Թեհրան

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica