close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք ուխտել ենք, հարկ եղած դեպքում, անգամ կյանքի գնով պաշտպանել հայ ժողովրդի իրավունքներն ու շահերը

Քաղաքական

23 Ապրիլի 2019, 19:55
 Մենք ուխտել ենք, հարկ եղած դեպքում, անգամ կյանքի գնով պաշտպանել հայ ժողովրդի իրավունքներն ու շահերը

Մոտ մեկ ժամ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների նախաձեռնած ջահերով ավանդական երթը, որի այս տարվա կարգախոսն է «Ամբողջական և արդար հատուցում»:

Ելույթով հանդես եկավ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կենտրոնական վարչության նախագահ Արգիշտի Գևորգյանը:

«20 տարի շարունակ, անմար պահելով ջահերը, մենք պահանջել ենք արդարություն։

20 տարի շարունակ այս երթին միացել են բազմահազար քաղաքացիներ, որոնք ունեն տարբեր գաղափարներ, տարբեր կուսակցական պատկանելություն, բայց այնտեղ, ուր սկսվում է ազգային պայքարը, մենք դադարում ենք տարբեր լինելուց: Աշխարհի տարբեր ծայրերում ընդդեմ Թուրքիայի ժխտողական քաղաքականության տարիներ շարունակ իրենց ձայնն են բարձրացրել հազարավոր հայորդիներ: 

Մեր պայքարը երբեք չի դադարել: Երբ անհրաժեշտ էր վերականգնել մի ամբողջ ժողովրդի արժանապատվությունը, մենք կայացրեցինք «Նեմեսիս»-ի իրագործման որոշումը, որի արդյունքում պատժվեցին Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչները:

Մեր պայքարը նոր փուլ թևակոխեց, երբ դիվանագիտական որևէ հնարք ի զորու չեղավ ճեղքել միջազգային հանրության լռությունը, և մեր ժողովրդի հետ պատահածի մասին պատմելու ցանկացած փորձ մնաց անարձագանք: Արդյունքում` Երկանյաններին և Թեհլիրյաններին եկան փոխարինելու Լիզբոնի տղաները, որոնք զոհասեղանին դրեցին իրենց կյանքը:

Մեր պայքարի ճանապարհին իսկական հաղթանակ պետք է համարել ազատ և անկախ Հայաստանի Հանրապետության կերտումը: Մեր ազգային պետությունը և այդ պետությունը պաշտպանող ազգային բանակը մեր անվտանգության լավագույն երաշխավորներն են: Սակայն մեր պայքարն իր ավարտին չի հասել: Ազատ, անկախ Հայաստանին պակասում է ամբողջական բնութագրումը: Ուրեմն մեր պայքարը շարունակվում է նաև այժմ, երբ շուրջբոլորը քարոզում են, որ թշնամին փոխվել է, իսկ անցյալն ուղղակի պետք է մոռանալ և առաջ նայել: Ամբողջ աշխարհում մեր պետության, համազգային կառույցների և բազմաթիվ նվիրյալների համատեղ պայքարի արդյունքում մենք ճանաչումից անցում ենք կատարել հատուցման փուլ: Պատահական չէ, որ այսօր էլ մենք Ծիծեռնակաբերդ ենք շարժվելու ամբողջական և արդար հատուցման պահանջով:

Մենք այն կառույցի երիտասարդական միությունն ենք, որ տասնամյակներ շարունակ իր աշխարհասփյուռ կառույցներով Ցեղասպանության ճանաչմանն ուղղված պայքարի առաջամարտիկն է: Մենք ուխտել ենք հարկ եղած դեպքում անգամ կյանքի գնով պաշտպանել հայ ժողովրդի իրավունքներն ու շահերը: Ուրեմն առաջ` դեպի ամբողջական և արդար հատուցում: Առաջ դեպի ազատ անկախ և միացյալ Հայաստան»,- ասաց Արգիշտի Գևորգյանը:

 Հիշեցնենք, որ Հայաստանի 18 համայնքում, այդ թվում` Երևանում, Ստեփանակերտում, Սպիտակում, Գյումրիում, Իջևանում, Վերին Կարմիրաղբյուրում և այլն, գրեթե միաժամանակ  մեկնարկել  և անցկացվում են ջահերով երթեր: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica