close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.94
GBP1576.98
EUR1528.10
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՍԴ-ի որոշումը ուղերձ էր հանրությանը՝ վարչապետի` հրապարակում ասած ամեն բան չէ, որ ճիշտ է. Արմենուհի Կյուրեղյան

Քաղաքական

23 Ապրիլի 2019, 14:31
 ՍԴ-ի որոշումը ուղերձ էր հանրությանը՝  վարչապետի` հրապարակում ասած ամեն բան չէ, որ ճիշտ է. Արմենուհի Կյուրեղյան

2018-ի հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդի մի ստվար զանգվածի բերեց ԱԺ-ին հարակից տարածք և ժողովրդին ներկայացրեց, թե ԱԺ-ի որոշ պատգամավորներ պատրաստվում են ընդունել հակասահմանադրական օրենք, որը հնարավորություն չի տալու անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցնելով սա` ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ Փաշինյանի այս կեցվածքն իր համար հասկանալի կլիներ, եթե նա լիներ զուտ ակտիվիստ կամ, ինչպես ընդունված է ասել, հպարտ քաղաքացի, մինչդեռ այդ ժամանակ նա արդեն երկրի վարչապետ էր: 

«Նիկոլ Փաշինյանը`  որպես վարչապետ, պարտավոր էր գործել իր լիազորությունների շրջանակում, մինչդեռ նա ժողովրդին մղեց հակաօրինական քայլի՝ դուրս գալով իր լիազորությունների շրջանակից: Նա ֆեյսբուքյան մեկ կոչով կարողացավ ստվար զանգված հավաքել և մանիպուլյատիվ քայլերով ներկայացրեց սխալ մեկնաբանություն, թե ԱԺ-ն պատրաստվում է ընդունել մի օրենք, որը հնարավորություն չի տալու անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ իրականությունը բոլորովին այլ էր՝ չկար որևէ հակասահմանադրական մեկնաբանություն և ձևակերպում, ինչն ապացուցվեց ՍԴ-ի ընդունած որոշմամբ: Հոկտեմբերի 2-ն ապացուցեց, որ գործադիր իշխանությունը փորձեց ազդել առաջնային մանդատ ունեցող պատգամավորների կողմից որոշումների կայացման գործընթացի վրա, ինչը հակասում էր Սահմանադրության 4-րդ հոդվածով սահմանված` իշխանությունների տարանջատման սկզբունքին: Սա կարելի է ձևակերպել նաև որպես սահմանադրական կարգի խախտում»,- ընդգծեց Կյուրեղյանը:

Հավելենք, որ ՍԴ-ն երեկ որոշում է ընդունել առ այն, որ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 50-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը համապատասխանում են Սահմանադրությանը: 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը տարաբնույթ մեկնաբանությունների և քննարկումների տեղիք տվեց, ինչից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության գերակայությունը, դիմեց Սահմանադրական դատարան՝ ներկայացված օրենքը Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը որոշելու համար:

Դիտարկմանը՝ ՍԴ-ի այս որոշումը հնարավո՞ր է հիմք ծառայի գործող իշխանություններին դատի տալու համար, դաշնակցական գործիչը պատասխանեց. «Այսօրվա իշխանություններին դատի տալու ուրիշ ճանապարհներ կան, ուրիշ ուժեր էլ կլինեն, ուրիշ քայլերի համար էլ դա կլինի: Կգա ժամանակը, այդ ամեն ինչը կլինի»:

Ըստ Կյուրեղյանի՝ ՍԴ-ի որոշումն ուղերձ էր՝ ուղղված հանրությանը, որ այն ամենը, ինչը մանիպուլյատիվ ձևով ներկայացվում է հանրությանը, չպետք է ընդունել որպես միակ և անհերքելի ճշմարտություն, եթե անգամ դա ասում է Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է յուրաքանչյուր հայտարարություն լավ վերլուծել, հասկանալ` ինչի մասին է խոսքը, և միայն  ծանրութեթև անելուց հետո կարծիք հայտնել, որոշում կայացնել: Սա հրաշք ուղերձ էր հանրությանը, որ վարչապետի` հրապարակում ասած ամեն բան չէ, որ ճիշտ է»,- շեշտեց նա:

Արմենուհի Կյուրեղյանը, վերադառնալով  արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը խոչընդոտելու մեղադրանքներին, հիշեցրեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի հայտարարությունը՝ եթե գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ապա գնանք իրավունքի ուժով և ոչ թե ուժի իրավունքով:

«Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետում հստակ ձևակերպվում էին մեխանիզմները, թե երբ կարող էինք վարչապետի հրաժարականի դեպքում ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բացի այդ` մենք գտնում էինք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեին ժամանակին, ոչ թե հապշտապ, իսկ առաջնահերթ պիտի հայտարարվեր ոչ թե ժամկետը, այլ այն գործողությունները, որոնք պիտի կատարվեին արտահերթ ընտրություններին ընդառաջ: Եվ սրանից հետո միայն պիտի ունենայինք արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ կհասցնեի՞նք դեկտեմբերին, թող լիներ դեկտեմբերին, չէինք հասցնի, թող լինեին մարտին: Ի սկզբանե ունեինք պայմանավորվածություն՝ կապված Ընտրական նոր օրենսգրքի ընդունման, խորհրդարանի վերահսկողությանը ուժային կառույցների հանձնման և ողջամիտ ժամանակի տրամադրման հետ: Աշխատանքային խումբն իր աշխատանքներն ավարտել էր և մնում էր, որ այդ Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը կառավարությունը քննարկի, ավելացնի իր առաջարկությունները, որից հետո այն պիտի մտներ ԱԺ, բայց անգամ հանրային քննարկում չեղավ, ու հոկտեմբերին դեռ ոչ մի նախագիծ չէր բերվել խորհրդարան»,- նշեց ՀՅԴ անդամը:

Նրա խոսքով՝ անհերքելի էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» պետք է ունենար ձայների մեծամասնություն, բայց 80 տոկոսի հասնող քվեն չի խոսում երկրում ժողովրդավարության հաստատման մասին:

«Եթե որևէ ուժ ստանում է սահմանադրական օրենքները միանշանակորեն փոխելու հնարավորություն, անիմաստ է դառնում խոսել երկրում ժողովրդավարության մասին: Դաշնակցությունն առաջարկություն էր արել, որ որևէ կուսակցություն չստանա 2/3 ձայն, այլ այդ շեմը պետք է իջեցնել 3/5-ի, որ որևէ ուժ սահմանադրական օրենք փոխելու հնարավորություն  չունենա: Բայց մեր առաջարկները չանցան, և այսօրվա ԱԺ-ում ընդդիմությունը որքան էլ  խոսի, որոշում կայացնողը մեկ կուսակցություն է՝ «Իմ քայլը»: Նախկինում այդպես չէր՝ կոալիցիոն ուժերը միասին ունեին 63 տոկոս ձայն»,- ասաց Կյուրեղյանը՝ պնդելով, որ եթե արտահերթ ընտրություններն անցկացվեին գարնանը, «Իմ քայլը» կստանար մոտ 50-60 տոկոսի հասնող քվե:

Հանդիպմանը ներկա` «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանն իր հերթին հավելեց, որ քաղաքացիները գնացին և ազատ քվեարկեցին, բայց չունեցանք գիտակցված ընտրություն:  «Դրա պատճառներից մեկն այն էր, որ Ընտրական օրենսգիրքը, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը չէին փոխվել: Եվ, ցավոք, մինչ օրս այս երկու օրենքների վերաբերյալ քննարկումներ չկան»,- ասաց նա: 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica