close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2019
USD1479.98
GBP1606.50
EUR1534.46
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սյոդերտելիե քաղաքի իշխանությունները մեծ աշխատանք են տարել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում

Հասարակություն

23 Ապրիլի 2019, 14:43
 Սյոդերտելիե քաղաքի իշխանությունները մեծ աշխատանք են տարել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում

ՀՅԴ Հայ դատի Շվեդիայի հանձնախումբը, համագործակցությամբ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ընդառաջ, նախաձեռնել է Շվեդիայի Սյոդերտելիե քաղաքի քաղաքապետ Բոել Սեսիլիա Գոնդերի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:

Քաղաքապետ Գոնդերին և շվեդական քաղաքի ավագանու անդամներին այսօր հյուրընկալել էին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և ՀՅԴ ԳՄ մասնագիտական ոլորտային հանձախմբերի համախմբող Արծվիկ Մինասյանը:

Ողջունելով ներկաներին` Իշխան Սաղաթելյանն ասաց, որ տեղյակ է, թե Սյոդերտելիե քաղաքի իշխանություններն ինչ մեծ աշխատանք են տարել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:

«Այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում, մեծագույն հանցագործություն էր մարդկության նկատմամբ, ու եթե ձեզ նման մարդիկ շատ լինեին, որ դատապարտեին մարդկության նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն, գուցե չլիներ հրեաների Հոլոքոստը: Ուրախ ենք ձեզ տեսնել Հայաստանի ամենահին կազմակերպություններից մեկում: Չափազանց կարևոր է մեզ համար, որ Շվեդիայի կարևոր քաղաքներից մեկի քաղաքապետը մեզ հետ հարաբերություններ է հաստատում: Կարևորում ենք նաև երկուստեք աջակցությունն ու հնարավոր համագործակցությունը մեր երկու քաղաքների` Սևանի և Սյոդերտելիե միջև, որ հետագայում գուցե  քույր քաղաքներ ճանաչվեն: Բարի գալուստ ամենառաջին ու ամենահին քրիստոնեական երկիր»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

ԳՄ ներկայացուցիչը նշեց նաև, որ դեռևս 1918-ին, երբ ձևավորվել էր Հայաստանի Առաջին հանրապետությունը, մենք այն քիչ երկրներից էինք, որտեղ կին պատգամավորներ էին ներկայացված խորհրդարանում և հավասար հնարավորություններ ունեին:

Սյոդերտելիեի քաղաքապետը, որը Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ է, իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերի համար: Հիշեց` 8 տարի առաջ, երբ քաղաքապետ էր ընտրվել, իր երկրի խորհրդարանը նոր էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Մեր կուսակցության, «Կանաչների» ու ձախ կուսակցությունների հետ կարողացանք բարձրացնել այդ հարցն ու հասնել դրա վավերացմանը: Սյոդերտելիեի բնակիչների մեկ երրորդը Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ժառանգներն են, իսկ շվեդահայերի մեկ երրորդն ապրում  է հենց մեր քաղաքում: Ես կարոտով էի սպասում այն օրվան, թե երբ  պետք է գայի Հայաստան ու  հարգանքի տուրք մատուցեի Ցեղասպանության հուշակոթողին»,- նշեց նա:

Շվեդ քաղաքապետը նաև ընդգծեց, որ շարունակելու են աշխատանքն այն ուղղությամբ, որ իրենց երկրի կառավարությունն էլ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ըստ նրա` անցած տարի Սյոդերտելիե էր այցելել արտաքին գործերի նախարարը և հանդիպում ունեցել Ցեղասպանություն ապրած բոլոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: «Խնդիրն այն է, որ գործընթացը բավական երկար է տևում, բայց մենք պետք է անենք հնարավորը, որ կառավարության կողմից Ցեղասպանության ճանաչումը հնարավոր դառնա»,- հավելեց Բոել Սեսիլիա Գոնդերը:

Նա խոսեց նաև Սևանը և Սյոդերտելիեն քույր քաղաքներ ճանաչելու մասին: Շեշտեց` իրենց համար նույնպես հաճելի կլինի նման համագործակցությունը, իրենք նույնպես պատարստ են դրան, բայց, որպեսզի քաղաքները քույր հռչակվեն, պետք է հետևել Շվեդիայում գործող կանոններին:

Հանդիպմանը ներկա` ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն էլ կարևորեց, որ Հայաստան են այցելել  գաղափարակից կուսակցության ներկայացուցիչները: Շվեդացի հյուրերին նա տեղեկացրեց, որ 130-ամյա կուսակցությունը` ՀՅԴ-ն, 102 տարի է` Սոցինտերնի անդամ է: «Ընկերվարական շարժումների մեջ մշտապես փորձում ենք մոտ լինել մեզ համար հարազատ, քույր կուսակցությունների հետ»,- շեշտեց Կարապետյանը:

Հանդիպմանը ներկա էին նաև Սյոդերտելիե քաղաքի ավագանու անդամներ Լինդա Սյոգրեն և հայազգի Սարգիս-Հովհաննես Խաչատուրյանը, ինչպես նաև  Շվեդիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Արամ Յանեկյանն ու ներկայացուցիչ Սիմոն Տեր-Սահակյանը:

Սյոդերտելիե քաղաքի ավագանու անդամ Լինդա Սյոգրեն նշեց, որ շատ կարևորում է Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը և պատրաստվում է ամեն ինչ անել երկկողմ հետագա համագործակցության համար: Իսկ Սարգիս-Հովհաննես Խաչատուրյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մշտապես բարձրացում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներսում, որն այս պահին Շվեդիայի իշխող ուժն է:

Վրույր Սևակ

 #Լրջացեք #ՀանունԵրկրի
23 Մայիսի 2019, 15:58 #Լրջացեք #ՀանունԵրկրի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica