close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2019
USD1479.64
GBP1607.85
EUR1535.66
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այնպես չէ, որ ԱՄՆ-ը միանշանակորեն շահելու է իրանական նավթի ներմուծման ամբողջական արգելքից. Արամ Շահնազարյան

Հարցազրույց

23 Ապրիլի 2019, 14:28
 Այնպես չէ, որ ԱՄՆ-ը միանշանակորեն շահելու է իրանական նավթի ներմուծման ամբողջական արգելքից. Արամ Շահնազարյան

ԱՄՆ պետքարտուղարը երեկ հայտարարեց իրանական նավթի ներմուծման ամբողջական  արգելքի մասին:

«Նման քայլով ԱՄՆ վարչակազմը ցանկանում է Իրանի վրա առավելագույն տնտեսական ճնշում գործադրել՝ արգելափակելով նավթի արտահանումը եւ երկրի հիմնական եկամտի աղբյուրը հասցնելով զրոյի: Սակայն չպետք է աչքաթող անենք այն իրողությունը, որ նավթի միջազգային շուկան չափազանց զգայուն է եւ շատ արագ ու կտրուկ է արձագանքում նման որոշումներին»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Թեհրանում գործող Alikonline կայքի պատասխանատու խմբագիր Արամ Շահնազարյանը:

Ըստ նրա` արդեն Brent տեսակի նավթի ֆյուչերսները մեկ բարելի դիմաց  բարձրացել են մինչեւ 74.31 դոլար, իսկ WTI-ինը՝ մինչեւ 65.87 դոլար` մեկ բարելի  դիմաց: «Սրանք վերջին 6-7 ամիսների համար ռեկորդային ցուցանիշեր են»,- շեշտեց Շահնազարյանը:

Նա նշեց, որ շուկայում իրանական նավթի բացը լրացնելու համար ԱՄՆ-ը հույսեր է կապում հիմնականում Սաուդյան Արաբիայի հետ, որն արդեն հայտարարել է, որ կհամակարգի իր գործողությունները նավթ  արտադրողների հետ, որպեսզի ապահովի հում նավթի համաչափ մատակարարումները եւ հավասարակշռված շուկան՝ կապված իրանական նավթի ներկրումն ամբողջովին արգելելու `ԱՄՆ որոշման հետ:

Մեր հարցին, թե կհաջողվի՞ ԱՄՆ-ին իրանական նավթի արտահանումը զրոյականի հասցել, Արամ Շահնազարյանը պատասխանեց. «Փաստ է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Իրանի նավթի արտահանման ցուցանիշները կտրուկ նվազել են: Ապրիլի սկզբից իրանական նավթի արտահանումը օրական միջինում կազմել է 1 մլն բարել: Մարտին այդ ցուցանիշը եղել է 1.1 մլն բարել, մինչդեռ ընդամենը մեկ տարի առաջ այդ ցուցանիշը գերազանցում էր օրական 2.5 մլն բարելը: Բայց պետք է հստակեցնել, որ ցանկացած դեպքում անհնար է իրանական նավթի արտահանումը զրոյականի հասցնել: Ամենավատատեսական սցենարի դեպքում անգամ Իրանն այսպես, թե այնպես կարտահանի օրական 500 հազար բարել նավթ` բնականաբար, շուկայական գնից ավելի ցածր գնով»:

Ըստ մեր զրուցակցի` այս համատեքստում, անհրաժեշտ է հստակեցնել, որ ԱՄՆ պատժամիջոցներն, այդուհանդերձ, ունենալու են իրենց բացասական ազդեցությունն Իրանի տնտեսության վրա: «Չմոռանանք, որ պատժամիջոցների թիրախում Իրանի տնտեսության ողնաշարն ու առանցքը համարվող նավթարդյունաբերության ոլորտն է: Ամենապարզ հաշվարկներով` իրանական նավթի արտահանման ցուցանիշների` նման կտրուկ նվազման դեպքում Իրանի եկամուտները չեն գերազանցի 10 մլրդ դոլարի սահմանը, իսկ սա, ըստ փորձագետների, չի բավարարի անգամ երկրի` առաջին անհրաժեշտության ապրանքների ապահովման համար: Բացի այդ` նավթի վաճառքից գոյացած գումարների փոխանցումների հետ կապված արգելքները կարող են լուրջ խնդիրներ ստեղծել արտարժույթի շուկայում, արտարժույթի փոխարժեքի կտրուկ աճի եւ, ամենավատատեսական կանխատեսումներով, գների ու սղաճի մինչեւ 50 տոկոսանոց աճի պատճառ դառնալ: Ինչ խոսք, սա լրջագույն մարտահրավեր է, որը կարող է տնտեսական հավանական փլուզման, եւ, բնականաբար, դրան հետեւող քաղաքական-հասարակական չափազանց վտանգավոր ցնցումների պատճառ դառնալ»,- ասաց Շահնազարյանը:

Ըստ նրա` սա, իհարկե, շախմատային այս բարդ պարտիայի մեկ կողմն է միայն. այնպես չէ, որ ԱՄՆ-ը միանշանակորեն շահելու է իրանական նավթի ներմուծման ամբողջական արգելքից, քանի որ Իրանն ունի լայն հնարավորություններ ու անհրաժեշտ միջոցներ տարածաշրջանում եւ միջազգային ասպարեզում ԱՄՆ-ին բարդագույն խնդիրների եւ անցանկալի ու անհարմար իրավիճակների առջև կանգնեցնելու համար: «Հիշեցման կարգով նշենք միայն, որ Իսլամական հեղափոխության պահապան կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է, որ Իրանը ցանկացած պահի կարող է փակել ռազմավարական ջրային ուղի համարվող Հորմուզի նեղուցը, եթե դա բխի Իրանի անմիջական շահերից: Պարսից ծոցում նմանատիպ ցանկացած ցնցում կարող է էներգետիկայի միջազգային շուկայում գների կտրուկ աճի պատճառ դառնալ, ինչն էլ ենթադրում է ԱՄՆ գործողությունների դեմ միջազգային ընդդիմության ձեւավորում եւ Իրանի քաղաքական դիրքերի որոշակի ամրապնդում»,- կարծիք հայտնեց Արամ Շահնազարյանը` հավելելով, որ ԱՄՆ վարչակազմի այս որոշումն էլ պետք է դիտարկել Իրան-ԱՄՆ հակամարտության համատեքստում, որը ցանկացած պահի կարող է հատել առճակատման բարձր մակարդակը, ինչն էլ չափազանց վտանգավոր է տարածաշրջանային անվտանգային մթնոլորտի համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica