close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրն արտաքին քաղաքականության և պաշտպանության ոլորտում արդեն արվածին իրավական հիմք է տալու. Կիրո Մանոյան

Քաղաքական

18 Ապրիլի 2019, 20:00
 Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրն արտաքին քաղաքականության և պաշտպանության ոլորտում արդեն արվածին իրավական հիմք է տալու. Կիրո Մանոյան

Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրն արտաքին քաղաքականության և պաշտպանության ոլորտում արդեն արվածին իրավական հիմք է տալու և դրանով իսկ շատ հարցերի պատասխան: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց  ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Որպեսզի չստացվի, որ ամեն անգամ վարչապետը ստիպված լինի ասել` ես չեմ ընտրվել Արցախի բնակչության քվեով, և այլն: Կամ՝ Հայաստանը հայտարարում է, որ ինքն Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց չի ասվում՝ իրավական ի՞նչ հիմքի վրա: Մյուս կողմից՝ այնպես չէ, որ ոչ մի պայմանագիր չի ստորագրվել. կա միջպետական պայմանագիր, միջկառավարական, որն ինչ-որ առումով նաև ճանաչում է ենթադրում: Այսինքն՝ փաստն այն է, որ ինչ-որ առումով մենք  արդեն ճանաչել ենք՝ սկսած նաև նրանից, որ Արցախի Հանրապետությունը ՀՀ-ում ունի ներկայացուցչություն, որը պաշտոնական Երևանի տեսանկյունից նույն կարգավիճակն ունի, ինչ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանությունները: Ավելին` ՀՀ կառավարությունը, ԱԺ-ի համաձայնությամբ, ամենամյա վարկ է տրամադրում Արցախին՝ բյուջեով է նախատեսված և միջկառավարական համաձայնագրի շրջանակում: Մյուս պահը՝ ՀՀ կառավարությունը բուհերում տեղեր է հատկացնում Արցախի քաղաքացիների համար»,- նշեց Մանոյանը՝ հիշեցնելով, որ ժամանակին Սերժ Սարգսյանն ասում էր, թե Արցախի անկախության ճանաչումը կհանգեցնի պատերազմի վերսկսման, ինչը թույլ չէր տալիս երրորդ երկրի ասել՝ ճանաչի'ր, և ինչն Ադրբեջանը քարոզչական դաշտում օգտագործում էր: 

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է նման պայմանագրի ստորագրումը: Չեմ բացառում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետությունները դժգոհ լինեն Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագրից, բայց Ադրբեջանին էլ դեղին քարտ կլինի, որ նա չի կարող առհավետ բանակցություններն իր քմահաճույքներին գերի պահել: Իհարկե, այնպես չէ, որ հաջորդ օրը երկրները հերթ կկանգնեն՝ ճանաչելու համար Արցախի անկախությունը, բայց դա կհեշտացնի միջազգային ճանաչման գործընթացը: Սա կարևոր է բոլորի համար՝ ՀՀ-ն իրավականորեն կհիմնավորի իր արածները, տեղ կբացվի բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության համար»,- շեշտեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ, բացի ՄԽ համանախագահող երկրների դժգոհությունից, առավել լուրջ խնդիրների առջև կանգնենք, քանի որ, ըստ էության, Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրն իրենից դիվանագիտական փաստաթուղթ է ներկայացնելու,  նա ասաց` այս փաստը Ադրբեջանը կարող է որպես պատրվակ գործածել:

«Ինչ վերաբերում է ՄԽ-ին, ապա համանախագահող երկրները բազմիցս ասել են, որ իրենք դատավոր չեն, այլ բանակցությունների իրականացմանն աջակցող: Շատ կարևոր է, որ նրանք լինեն: Մենք Ադրբեջանի պարտադրած և սանձազերծած պատերազմում զենքով հաղթել ենք, բայց իրավական փաստաթուղթ է հարկավոր, որ աշխարհը ճանաչի՝ ինչպես է հարցը եզրահանգվում: Եթե ՄԽ համանախագահողներն ուզեն դժգոհությունից ավելի բան անել, կարող է դիվանագիտական մեկ-երկու բան փորձեն, բայց ուրիշ բան չեն կարող անել: Դա նրանց իրավասության մեջ չի էլ մտնում»,- նշեց Մանոյանը:

Ըստ նրա` Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրը նաև հումանիտար ոլորտում է իրավական հիմք  լինելու բազմաթիվ հարցեր լուծելու համար, որոնք այսօր Հայաստանն է լուծում, սակայն իրականում միջազգային հանրության կատարելիքն է:

«Օրինակ՝ Արցախի Հանրապետությունը ճանաչված չէ, և եթե չլիներ Հայաստանի կողմից անձնագրերի տրամադրումը, ապա Արցախի բնակիչը չէր կարող երկրից դուրս գալ: Այս հարցով միջազգային հանրությունը պիտի զբաղվի, ՄԽ համանախագահողները պետք է ՀՀ-ին շնորհակալ լինեն, որ սրանով ՀՀ-ն է զբաղվում: Պայմանագիրը սրան իրավական հիմք է տալու»,- հավելեց Մանոյանը՝ ասելով, որ ՄԽ-ն դժգոհություն կարտահայտի, քանի որ միշտ էլ կողմերի միջև կեղծ հավասարության նշան է դնում:

ՀՅԴ Բյուրոյի անդամը նաև ընդգծեց` մենք գնում ենք Արցախի միջազգային ճանաչման ճանապարհով, իսկ Ադրբեջանի ցանկացած քայլին պատրաստ ենք:

Նա հիշեցրեց Կոսովոյի անկախության ճանաչման փաստը, երբ միջազգային միջնորդները  հազիվ երեք տարի համբերեցին, որ Սերբիան համաձայնի իրենց առաջարկած լուծումներին: «Երեք տարի բանակցություններից հետո ասացին՝ Սերբիան, միևնույն է, կարծիքը չի փոխի, ուրեմն մենք քայլ ենք ձեռնարկում: Եվ արդեն մոտ 100 պետություն ճանաչել է Կոսովոյի անկախությունը»,- ասաց Մանոյանը՝ չհամաձայնելով պնդումներին, թե Կոսովոյի դեպքը յուրահատուկ է: «Արդարադատության միջազգային դատարանը Կոովոյի հարցով 2010 թվականի հուլիսի` իր խորհրդատվական տեսակետի մեջ անդրադառնում է ինքնորոշման իրավունքին և տարածքային ամբողջականության սկզբունքին՝ անկախ Կոսովոյից: Այնտեղ ասվում է, որ տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության, ազգերի ինքնորոշման իրավունքը երկու տարբեր հարթությունների վրա են: Երկրորդ՝ վերջին 150 տարվա մեջ մոտ 100 պետություն ինքնորոշվել է այդ ձևով»,- պարզաբանեց Մանոյանը:

Հարցին` արդյո՞ք Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական  պայմանագիրը կնպաստի միջազգային կառույցներում Արցախից ներկայացուցիչ ունենալուն, նա պատասխանեց, որ դա հեշտ չի լինի:  «Գրեթե բոլոր միջազգային կառույցներում հասանելի են ՄԽ համանախագահող երկրները՝ կա'մ երեքը միասին, կա'մ նրանցից 1-2-ը, բայց փաստ է՝ պայմանագիրը մեծացնելու է առանձին պետությունների կողմից Արցախի անկախության ճանաչման հավանականությունը»,- հավելեց Կիրո Մանոյանը:

Մարիամ Պետրոսյան 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica