close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրը Արցախի բնակիչների իրավունքների մասով խնդիրների լուծման հնարավոր տարբերակներից է. Ռուբեն Մելիքյան

Արցախ

17 Ապրիլի 2019, 20:39
 ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրը Արցախի բնակիչների իրավունքների մասով խնդիրների լուծման հնարավոր տարբերակներից է. Ռուբեն Մելիքյան

ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ողջունում է Հ.Յ. Դաշնակցության՝ Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագրի կնքման հարցն օրակարգային դարձնելուն ուղղված ջանքերը, քանի որ այսօր բազմաթիվ խնդիրներ կան միջազգայնորեն չճանաչված  Արցախի Հանրապետությունում ապրող մարդկանց իրավունքների սահմանափակումների հետ կապված, որոնք իրավական ճանապարհով պիտի լուծում ստանան: 

«Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագրի մասին մենք երկար ժամանակ է` մտածում ենք, բայց հիմա Դաշնակցությունն առաջարկում է օրակարգ մտցնել այս հարցն ավելի լայն ձևաչափով: Շատ կարևոր է, որ մենք ունենանք քննարկումներ, որովհետև եթե մեր ազգային օրակարգի մասին ենք խոսում, վստահաբար, սա այն  թեման է, որն ունի մեծ կարևորություն և անպայման մեր օրակարգում պետք է տեղ գտնի: Ես ողջունում եմ այս հարցն օրակարգային դարձնելուն ուղղված ջանքերը: Այստեղ երկրորդ հարթությունն իրավական և մասնագիտական կողմն է: Մենք իրավական բնույթի բազմաթիվ խնդիրներ և կնճիռներ ունենք, որոնք երկար տարիներ իրավական լուծում չեն ստացել: Կարծում եմ՝ ժամանակն է, որ սկսենք դրանց իրավական լուծումներ տալ: Դա վերաբերում է ինչպես անվտանգության հետ կապված հարցերին, այնպես էլ մարդու իրավունքների ոլորտին: Արցախի Հանրապետության ճանաչված չլինելու պարագայում իրական խնդիրներ են առաջանում Արցախի Հանրապետության բնակիչների համար՝ իրացնելու իրենց հիմնարար իրավունքները: Դրանք վերաբերում են ինչպես ազատ տեղաշարժի, այնպես էլ կրթություն ստանալու, սոցիալական ապահովության և այլ իրավունքներին, որոնք ուղղակիորեն սահմանափակվում են միայն  այն փաստի ուժով, որ Արցախի Հանրապետությունը ճանաչված չէ: Այն ձևաչափը, որն առաջարկում է ՀՅԴ-ն, կարող է համարվել հնարավոր տարբերակներից մեկը: Իմ պատկերացմամբ` կարևոր է, որ խնդիրն արձանագրենք, իսկ խնդիրն այն  է, որ, կրկնում եմ, կան Արցախի Հանրապետությունում ապրող մարդկանց իրավունքների սահմանափակումներ, որոնք իրավական ճանապարհով պիտի լուծում ստանան, և սրա մասին մենք պետք է խոսենք: Սրանք հարցեր են, որոնք լայն և բազմակողմանի քննարկման առարկա պիտի դառնան»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Մելիքյանը:

Նա անդրադարձավ Եվրոպական դատարանում արձանագրված ոչ դրական փաստերին, որոնք վերաբերել են  մարդու իրավունքների հարցերով և Արցախի տարածքում տեղի ունեցող ենթադրյալ խախտումների մասով ՀՀ-ի իրավազորությանը: Խոսքը մասնավորապես վերաբերում է «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործին:

«Նրանք դիմել էին ՄԻԵԴ և ՀՀ-ից պահանջել իրենց սեփականության իրավունքի վերականգնում: Եվրոպական դատարանն արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, պատասխանատու է Արցախում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների համար: Սա, իհարկե, վատ է: Մի հարց է, որ մենք ունենք անկախ, սուվերեն պետություն՝ ի դեմս Արցախի Հանրապետության, այլ հարց, որ ունենք Եվրոպական դատարանի կոնկրետ մոտեցում: Այս բացասական վճիռը, ես կարծում եմ, կարող է նաև որոշակի դրական տեսանկյունից քննարկման առարկա դառնալ, որ միջազգային իրավունքը, այնուհանդերձ, ճանաչում է ՀՀ-ի որոշակի իրավազորությունը, քանի որ եթե պարտականությունը ճանաչում է, ճանաչում է նաև իրավունքը՝ մարդու իրավունքների ուղղությամբ, ուստի որոշակի քայլեր պիտի ձեռնարկել Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Կարծում եմ, որ այս գործոնը ևս քննարկման առարկա պիտի դարձվի, և Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի գաղափարը պիտի լրացվի մարդու իրավունքներին վերաբերող բավական մեծ բլոկով: Դա այս պահին ոչ պակաս կարևոր է»,- ընդգծեց Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք,  որ «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է ադրբեջանցի 6 փախստականի, որոնք, ինչպես նշում է ՄԻԵԴ-ը, չեն կարողացել վերադարձնել Լաչինում գտնվող իրենց սեփականությունը (ստիպված են եղել փախչել 1992թ․-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ)։ «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը համարել էր, որ տեղի են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պահպանում), 8-րդ հոդվածի (սեփականության, անձնական ու ընտանեկան կյանքի հարգման իրավունք), 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտումներ։

 Մարիամ Պետրոսյան 

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica