close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2019
USD1475.91
GBP1576.71
EUR1528.16
RUB17.12
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարկային հանցագործությունների քննությունը հարկային մարմինների կազմում գործող ստորաբաժանման կողմից համահունչ է միջազգային պրակտիկային. ՊԵԿ-ը՝ Մարուքյանին

Տնտեսական

17 Ապրիլի 2019, 16:38
 Հարկային հանցագործությունների քննությունը հարկային մարմինների կազմում գործող ստորաբաժանման կողմից համահունչ է միջազգային պրակտիկային. ՊԵԿ-ը՝ Մարուքյանին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար  Էդմոն Մարուքյանը ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում անդրադարձել էր  ՊԵԿ քննչական վարչության դերակատարմանը: Նա նշել էր, որ ՊԵԿ քննչական դեպարտամենտը չպետք է մնա ՊԵԿ-ի կազմում: 

«Այն ժամանակ ԱԱԾ-ի պետը, ՊԵԿ-ի պետը գնացել են Սերժ Սարգսյանի մոտ և պահել են քննչական մարմինները: Կոնկրետ ՊԵԿ-ի պարագայում` հարկատուն հարկը չի վճարել կամ սխալմունք է եղել, քրեական գործ են հարուցել հարկերից չարամտորեն խուսափելու համար: Չի վճարում, կալանավորում են, ասում են՝ դե նստի, մինչև փողերը չբերես, բաց չենք թողնի: Դա դարձել է հարկահավաքման միջոց»,- ասել է Մարուքյանը:

ՊԵԿ-ը որոշել է արձագանքել՝ անդրադառնալով  քննչական վարչության՝ ՊԵԿ-ի կազմում գտնվելու նպատակահարմարությանը:

«ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, իր ելույթում անդրադարձել է նաև ՊԵԿ քննչական վարչության դերակատարմանը: 

Մեծապես կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարը բացառապես օրինական ճանապարհով վարելու ուղենիշը, Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է  համարում անդրադառնալ քննչական վարչության՝ ՊԵԿ-ի կազմում գտնվելու նպատակահարմարությանը և հարկային հանցագործությունների քննության ժամանակ օրինականության սկզբունքի պահպանմանը:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ` ՏՀԶԿ) կողմից մշակվել և հրապարկվել է ուղեցույց «Հարկային հանցագործությունների դեմ պայքարի տասը համաշախարհային սկզբունքները» վերտառությամբ (http://www.oecd.org/tax/crime/fighting-tax-crime-the-ten-global-principles.pdf): Ուղեցույցով նախատեսվել են տասը հիմնարար և միջազգային սկզբունքներ, որոնց ապահովումն անհրաժեշտ է հարկային իրավախախտումների դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար: Այդ սկզբունքների շարքում տեղ են գտել հարկային հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսելու անհրաժեշտությունը, պատշաճ քննչական մարմիններ ունենալու և այլ սկզբունքներ: Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է այդ սկզբունքները և հարկային հանցագործությունների դեմ պայքարի չափանիշները հիմնականում համապատասխանեցրել է դրանց:

Ուղեցույցում (http://www.oecd.org/tax/crime/fighting-tax-crime-the-ten-global-principles.pdf, 73-77-րդ էջեր) ամրագրված են նաև տեղեկություններ տարբեր պետություններում հարկային հանցագործությունների քննություն իրականացնող իրավասու մարմինների վերաբերյալ: Հարկ է նկատել, որ երկրների մեծ մասում հարկային հանցագործությունների քննությունն իրականացվում է հարկային մարմինների կողմից:

Մասնավորապես` Ավստրիայում հարկային հանցագործությունների քննությունն իրականացվում է Հարկային օրենքի կատարումն ապահովող մարմնի (Հարկային ծառայության կազմում գտնվող) և հարկային քննչական ստորաբաժանման կողմից, Ավստրալիայում` Հարկային գործակալության, ֆեդերալ ոստիկանության և քրեական հետախուզության հանձնաժողովի, Կանադայում` Եկամուտների գործակալության, Էլ Սալվադորում` Ներքին եկամուտների վարչության, Գերմանիայում` Լանդերի եկամուտների համար պատասխանատու մարմինների, Հունաստանում` Հանրային եկամուտների անկախ մարմնի, Իսլանդիայում` հարկային հանցագործությունների քննության վարչության, Ճապոնիայում` Ազգային հարկային գործակալության, Մալազիայում` Ներքին եկամուտների խորհրդի, Նիդեռլանդներում` Հարկային և մաքսային վարչակազմի, Սինգապուրում` Ներքին եկամուտների գերատեսչության, Սլովակիայում` հարկային և մաքսային մարմինների և ֆինանսական վարչության, Հարավաֆրիկյան Հանրապետությունում` Եկամուտների գործակալության, Մեծ Բրիտանիայում` հարկային և մաքսային մարմնի, Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Ներքին եկամուտների ծառայության կողմից, իսկ հարևան Վրաստանում իրականացնում է ֆինանսների նախարարության կազմում գործող քննչական վարչությունը: Այս ցանկը վկայում է այն մասին, որ հարկային հանցագործությունների քննությունը հարկային մարմինների կազմում գործող ստորաբաժանման կողմից համահունչ է միջազգային պրակտիկային, ինքնանպատակ չէ, այլ պայմանավորված է հատուկ մասնագիտացումով: 

Բացի այն, որ հարկային հանցագործությունները լրջագույն վտանգ են ներկայացնում տնտեսական կայունության համար, խաթարում են մրցակցությունը, նաև շատ հաճախ հանդիսանում են փողերի լվացմանը նախորդող հանցագործություն, հետևաբար դրանց արդյունավետ քննությունը կարևորագույն նշանակություն ունի: Միաժամանակ, Պետական եկամուտների կոմիտեում որդեգրվել է այնպիսի քաղաքականություն, ըստ որի, զուտ վարչաիրավական հարաբերությունները չպետք է քննարկվեն քրեաիրավական դաշտում և չի հարուցվում որևէ քրեական գործ, որտեղ հաղթահարված չեն քրեական գործ հարուցելու շեմերը (օրինակ, երբ զուտ ձևականորեն է առկա 205-րդ հոդվածի օբյեկտիվ կողմը): Այսպիսով, վերացվել է նախկինում գոյություն ունեցող արատավոր պրակտիկան: Միաժամանակ, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները բացառիկ դեպքերում ներկայացվում են բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության դեպքում: Հարկ ենք համարում նշել նաև, որ քրեադատավարական կառուցակարգը չի կարող գործել կամ չգործել՝ պայմանավորված քննչական գործառույթի այս կամ այն մարմնի կողմից իրականացվելու հանգամանքով:

Պատրաստակամ ենք նաև այն սակավաթիվ գործերով, որոնցով կիրառվել է կալանավորում, գաղտնիության ռեժիմի վերացման պահից, հրապարակել կալանքի կիրառման հիմքերը` արդյունավետ հասարակական հսկողություն սահմանելու նպատակով»,-ասված է ՊԵԿ հայտարարության մեջ:

 
Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica