close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2019
USD1478.40
GBP1605.13
EUR1539.06
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի գազամատակարարման համակարգը կանգնած է ճգնաժամի առջև

Տնտեսական

15 Ապրիլի 2019, 12:57
 Հայաստանի գազամատակարարման համակարգը կանգնած է ճգնաժամի առջև

Ուշացած բանակցությունների արդյունքում 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի սահմանին բնական գազի գինը բարձրացավ 15 ԱՄՆ դոլարով: Ներկայումս 1000 խմ գազն արժե 165 ԱՄՆ դոլար:

Հայաստանի սպառողների համար բնական գազի գործող սակագները (psrc.am) հաշվարկվել էին 150 ԱՄՆ դոլարի հաշվով: Գործող սակագնի հաշվարկում էական նշանակություն է ունեցել այն, որ 2017 թվականի հունվարի 1-ից «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր շահույթի հաշվին նվազեցրել է բնական գազի սակագինը, ինչի հաշվին արտոնյալ սակագներ է սահմանել սոցիալապես անապահով ընտանիքների և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների համար՝ նպատակ ունենալով կանխել վերջին տարիներին բնական գազի ընդհանուր սպառման անկումը, ստեղծել նպաստավոր պայմաններ բնական գազի շուկայի կայունացման և սպառման ծավալների աճի համար, ինչպես նաև խրախուսել գազասպառող կազմակերպությունների գործունեության ընդլայնումը:

2019 թվականի ապրիլի 11-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը վերահաստատեց կառավարության մոտեցումը, ըստ որի՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր խնայողությունների հաշվին չի բարձրացնի բնական գազի սակագինը: Արդեն ապրիլի 12-ին ընկերությունը հայտարարեց, որ ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտարկելով նաև խնայողությունների հարցը: Օրակարգում է նաև հաստիքացուցակների վերանայման հարցը: Միանշանակ է, որ ընկերության պատասխանում հստակությունը բացակայում է: Ընկերությունը դեռևս վերջնական չի բացահայտել այն խնայողությունները, աղբյուրները, որոնք հնարավորություն կտան փոխհատուցելու 1000 խմ հաշվով 15 ԱՄՆ դոլարի բարձրացումը, որը տարվա կտրվածքով կձևավորի մոտ 30 մլն ԱՄՆ դոլարի պարտք: Պարտքի կուտակման մասին համառորեն լռում են թե' ՀՀ կառավարությունը և թե' «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Սա այն դեպքում, երբ 2019 թվականի առաջին եռամսյակում արդեն իսկ կուտակվել է մոտ 9.5 մլն ԱՄՆ դոլարի պարտք:

Մի կողմ թողնելով գործող իշխանությունների խոստումները էլեկտրաէներգիայի, բնական գազի սակագների իջեցման մասին՝ զուտ մասնագիտական տեսանկյունից հարց է առաջանում` արդյո՞ք մեր գազամատակարարման համակարգը, ի դեմս «Գազպրոմ Արմենիա» ընկերության, ունի այդ խնայողությունները, որոնք կպահպանեն ազգաբնակչության համար գոնե գործող սակագները:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության` 2017 թվականի ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ 2017թ. դեկտեմբերի 31-ի թվականի դրությամբ ընկերության կուտակած վնասը կազմել էր 103.3 մլրդ ՀՀ դրամ (armenia-am.gazprom.com), որը, նախորդ տարվա համեմատ, ավելացել էր 9.3 մլրդ ՀՀ դրամով: 2018 թվականի ֆինանսական տվյալները դեռ չեն հրապարակվել: Այնուամենայնիվ, կանխատեսելի է, որ 2018 թվականի ընթացքում վնասը կավելանա: Ի դեպ, ընկերության ֆինանսական տվյալների ճշգրտության նկատմամբ լայն վերահսկողական գործիքակազմ ունի ՀՀ պետական եկամուտների կոմիտեն` հաշվի առնելով, որ ընկերությունը խոշոր հարկ վճարող է:

Բնական գազի սակագնի հաշվարկում ներառված են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատավարձի գծով ծախսերը՝ տարեկան մոտ 16 մլրդ ՀՀ դրամ: Հատկանշական է, որ առ այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ ՀԾԿՀ) կամ կառավարության կողմից ընդունված որևէ նորմատիվ ակտ գոյություն չունի, որը կսահմաներ գազամատակարարման համակարգում աշխատողների թվաքանակի հաշվարկման մեթոդաբանությունը (հիմնական, սպասարկող և օժանդակ), այսինքն՝ ըստ նորմատիվների՝ քանի աշխատող պետք է սպասարկի մեր գազամատակարարման համակարգը: Այնուամենայնիվ, ՀԾԿՀ-ն գործող բնական գազի սակագնի հաշվարկում ներառել է մոտ 5800 աշխատակցի, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է շուրջ 230 000 ՀՀ դրամ: Սովորաբար, ՀԾԿՀ-ն միջին ամսական աշխատավարձի մեծությունը որոշելիս հաշվի է առնում միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, հանրային ծառայությունների կարգավորվող այլ ոլորտներում (մասնավորապես՝ էլետրաէներգետիկական համակարգում) ընդունված մեծությունները և դրանց վերանայման պարբերականությունն ու աճը:

Եվ այսպես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ ընկերությունը ներկայումս գործում է վնասով, իսկ ինչ վերաբերում է հաստիքացուցակի վերանայման (ըստ էության՝ կրճատման) հնարավորությանը, ապա տրամաբանական հարց է ծագում` եթե հնարավոր է ավելի քիչ աշխատակիցներով պատշաճ ձևով սպասարկել Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգը, ինչո՞ւ է ՀԾԿՀ-ն ժամանակին հաստատել ուռճացված հաստիքացուցակները, ո՞ր պաշտոնատար անձն է պատասխանատու  սպառողների գրպանի հաշվին կատարված ծախսերի համար: Անշուշտ, աշխատատեղերի կրճատումն ավելի կսրի սոցիալական իրավիճակը Հայաստանում:

Մեկ անգամ ևս պետք է փաստել, որ սահմանին բնական գազի գնի` 15 ԱՄՆ դոլարով բարձրացման արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կուտակում է պարտք, որը տարվա վերջում կկազմի մոտ 30 մլն ԱՄՆ դոլար: Այս պարագայում ժամանակ շահելու քաղաքականությունն իմաստ չունի, քանի որ այս պարտքը՝ իր տույժերով, ուշ թե շուտ, ուղղակի կամ անուղղակի եղանակով վճարելու է հայ սպառողը՝ գազամատակարարման համակարգը ճգնաժամից հանելու համար: Այս իրավիճակում անհրաժեշտ է համատեղել տնտեսական և քաղաքական ներուժը:

 

Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու


 
Մեծամիտները Եւ Միւսները
16 Հունիսի 2019, 15:18 Մեծամիտները Եւ Միւսները
Բողոքի ցույց Թբիլիսիում
15 Հունիսի 2019, 23:01 Բողոքի ցույց Թբիլիսիում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica