close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2019
USD1476.18
GBP1593.70
EUR1534.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանին 2009-ին մեղադրանք չի առաջադրվել 300.1 հոդվածով, քանի որ դատախազները, 2008-ին եղածի համեմատ, այն խստացնող նորմ են համարել. Ալումյան

Իրավունք

12 Ապրիլի 2019, 14:55
 Փաշինյանին 2009-ին մեղադրանք չի առաջադրվել 300.1 հոդվածով, քանի որ դատախազները, 2008-ին եղածի համեմատ, այն խստացնող նորմ են համարել. Ալումյան

Չկա որևէ մակարդակի կասկած, որ հնարավոր է Ռոբերտ Քոչարյանը կատարած լինի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածով նախատեսված արարք, նման ենթադրությունը զուրկ է որևէ հիմքից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ  նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Այսօր գործող ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի և 2008-ին գործող 300 հոդվածի հարաբերակցության մասին եմ ուզում խոսել: Գիտեք, որ անձին չի կարող մեղսագրվել մի արարք, որն այդ գործողությունները կատարելու պահին անձը հանցավոր չի համարվել, և անձին չի կարող մեղադրանք առաջադրվել, որն ավելի ծանր է, քան այն  ժամանակ գործող օրենքը, և այդ գործողություններն, ըստ մեղադրանքի, նա չէր կարող կատարել: Այսինքն՝ եթե 2008-ի օրենքն ավելի մեղմ օրենք էր, քան հիմիկվա քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը, ապա պարոն Քոչարյանին  300.1-ին հոդվածն առաջադրվել չէր կարող: Այս առնչությամբ բացեմ մի քանի փակագիծ. 2009-ի դրությամբ այն ժամանակվա ընդդիմության կարկառուն ներկայացուցիչներից 7 հոգի՝ Ալեքսանդր Արզումանյան, Մյասնիկ Մալխասյան, Սուրեն Սիրունյան, Շանթ Հարությունյան և այլն, մեղադրվում էին 300 հոդվածով, այն է՝ սահմանադրական կարգը տապալելը: 2009-ին սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը դուրս եկավ 300 հոդվածից և դարձավ 300.1-ին հոդված, որը շատ ավելի մանրամասն է նկարագրում, թե ինչ է պետք հասկանալ սահմանադրական կարգ տապալելու ներքո: Եվ 6 դատախազ դատարանում հրաժարվեց այդ 7-ին առաջադրված մեղադրանքից՝ պատճառաբանելով, որ 300.1-ին հոդվածը, որը 2009-ին մտավ ուժի մեջ սահմանադրական կարգի տապալման մասով, և որը հիմա վերագրվում է Ռոբերտ Քոչարյանին, այդ հոդվածը, 2008-ին գործող նորմի համեմատ, պատասխանատվությունը խստացնող նորմ է: Եվ այդ 7-ը քրեական պատասխանատվության չենթարկվեցին սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով այս պատճառաբանությամբ: Եվ հիմա մենք պահանջում ենք ընդամենը նույն չափանիշը կիրառել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, բայց  դատախազն առարկում է և դատարանում ասում՝ չեմ հասկանում, թե ինչու են այն ժամանակ դատախազները որոշել, որ 300.1 հոդվածը, 2008-ին եղածի համեմատ, պատասխանատվությունը խստացնում է: Կարելի՞ է ավելի մեծ խտրականություն պատկերացնել: Ի դեպ,  Նիկոլ Փաշինյանին 2009-ին մեղադրանք չի առաջադրվել 300.1 հոդվածով և այդ պատճառով մեղմ պատիժ ստացել և շուտ դուրս եկել, որովհետև դատախազությունը եղել է այն կարծիքին, որ այդ հոդվածը, 2008-ին եղածի համեմատ, պատասխանատվությունը խստացնում է, հետևաբար` այն չի կարող Փաշինյանին մեղսագրվել: Իսկ հիմա դատախազությունը ճիշտ հակառակն է համարում և 300.1 հոդվածը մեղսագրում Քոչարյանին»,-մանրամասնեց փաստաբանը:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ թողնելու` Վերաքննիչ դատարանի որոշմանը՝ Ալումյանը նշեց, որ այն, իրավաբանական տեսանկյունից, ծայրահեղ բախում է իրենից ներկայացնում:

«Շատ կոպիտ ձևով Վերաքննիչ դատարանը խախտեց Քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ նորմեր։ Մեր` առանձին վերցրած յուրաքանչյուր փաստարկ բավարար էր, որպեսզի պարոն Քոչարյանն անմիջապես ազատ արձակվեր: Ինչպես պարոն Քոչարյանն ասաց այդ դատավարության ժամանակ, մենք, իհարկե, չենք կարող ակնկալել, որ դատավորը պետք է նաև հերոս լինի, իսկ այս գործով միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորը կարող է այս փուլում կայացնել օբյեկտիվ որոշում: Այսինքն՝ բավարար չէ, որ դատավորը լավ իրավաբան, լավ դատավոր լինի, լավ մարդ լինի, այլ այս գործով պետք է նաև հերոս լինի, և պարոն Քոչարյանը հենց դա էլ ասաց՝  չենք սպասում, որ դատավորը պիտի նաև հերոս լինի, որ այս փուլում այդ դատավորը կարող է իրական արդարադատություն իրականացնել»,- ասաց փաստաբանը՝ վստահեցնելով, որ գիտեն, թե ինչ խողովակներով են համապատասխան պատվերները հասնում դատավորներին: 

«Կգա դրա ժամանակը, կներկայացնենք՝ անուն առ անուն»,- ընդգծեց Ալումյանը և հավելեց. «Մեղադրանքը շարադրված է այնպես, որ ոչ մեկ չի կարող հասկանալ, թե քննիչն ինչ է ուզում, մեղադրանքի մեջ կա դրվագ, որում ասվում է՝ ճնշում է գործադրվել սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ, բայց չի ասվում, թե որ դատավորի, այդ ճնշումն ինչում է արտահայտվել: Այս մեղադրանքից պաշտպանվել հնարավոր չէ»:

Հայկ Ալումյանը, չգաղտնազերծելով իրենց հետագա քայլերը, վստահեցրեց. «Շատ անսպասելի և ազդեցիկ քայլերի ենք պատրաստ, ուղղակի չենք ուզում, որ բանը դրան հասնի»:

Նա հավելեց, որ ներկայում ՄԻԵԴ-ում 5 գանգատ ունեն և պատրաստում են 6-րդը, սրան զուգահեռ` աշխատում են վճռաբեկ բողոքի վրա:

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica