close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2019
+15°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինտեգրացիոն նոր հնարավորություններ. Հունաստան-Իսրայել-Կիպրոս առանցքի հեռանկարները

Թեմա

13 Ապրիլի 2019, 11:19
 Ինտեգրացիոն նոր հնարավորություններ.  Հունաստան-Իսրայել-Կիպրոս առանցքի հեռանկարները

Եթե մեկուկես, երկու տասնամյակ առաջ խոսեինք Հունաստան-Իսրայել-Կիպրոս ռազմավարական դաշնակցային գործակցության հնարավորության մասին, ապա լավագույն դեպքում դա ուտոպիստական կընկալվեր։ Եվ դա այն պարզ պատճառով, որ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում նշյալ պետությունների շահերը ոչ միայն չէին հատվում, այլև գտնվում էին հակադիր հարթություններում ու ճամբարներում։ Այդ հարցում կարևոր է հաշվի առնել թուրքական գործոնը, որը զգալիորեն պայմանավորում էր նշյալ երկրների միջև հարաբերությունների ընդհանուր տրամաբանությունը։ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կրում էին ռազմավարական բնույթ, այն դեպքում, երբ Հունաստանն ու Կիպրոսը Թուրքիային ընկալում են որպես իրենց բնական հակառակորդ։ Այդ իրավիճակը, սակայն, վերջին տարիներին աստիճանաբար վերափոխվեց, վերաշարադրվեց շահերի նախկին կոնֆիգուրացիան։ Արդյունքում` այսօր արդեն կարելի է ասել, որ Հունաստան-Կիպրոս-Իսրայել ինտեգրացիոն` իր բնույթով ռազմավարական առանցքը կայացած է։

Եռակողմ դաշինքի ձևավորման համար կային ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ազդակներ ու նախադրյալներ։ Վերջին տասնամյակում Միացյալ Նահանգների մերձավորարևելյան քաղաքականությունում նկատելի են շեշտադրումների որոշակի փոխակերպումներ, որոնք իրենց հերթին պայմանավորել են այդ տարածաշրջանում ներգրավված շահերի նախկին դասավորվածության վերաձևակերպումները։ Տարածաշրջանային հիմնական խաղացողների միջև հարաբերությունների նոր կոնֆիգուրացիայի արդյունքում վերաիմաստավորվեցին նաև դաշնակցային և ինտեգրացիոն նախկին ձևաչափերը, առանցքները, առաջարկվեցին գործակցային նոր ձևաչափեր։ Սակայն հստակեցնենք, որ դրանք կյանքի կոչվեցին ոչ թե քանդելով ինտեգրացիոն նախկին հանգույցները, այլ ավելի շուտ իրենց բնույթով ու գործառույթներով այլընտրանքային են, համալրող։

 

Էներգետիկ անվտանգությունը

Մերձավոր Արևելքում շահերի վերադասավորման միտումները ենթադրում են նաև զարգացման ներքին՝ ինդուկցիոն ազդակներ։ Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում աճող հակասությունների համատեքստում, սիրիական ճգնաժամի բերումով, ձևավորվեց Ռուսաստան-Թուրքիա-Իրան ձևաչափը։ Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածությանը զուգահեռաբար, որակապես նոր՝ առավել բարձր մակարդակ անցավ Ռուսաստանի ու Իսրայելի միջև երկխոսությունը, որն ընթանում է անվտանգային, հետախուզական և այլ ուղղություններով։

Տարածաշրջանային շահերի վերադասավորման ներքին առանցքային ազդակներից թերևս պետք է համարել էներգետիկ ուղղությունը։ Մասնավորապես` խոսքը վերաբերում է 2009-2010թթ. Միջերկրական ծովի արևելյան ավազանի` Իսրայելի ու Կիպրոսի տարածքներում բնական գազի խոշոր պաշարների հայտնաբերման հանգամանքին։ Շատ փորձագետների կարծիքով` դա թույլ տվեց մշակել Մերձավոր Արևելքի էներգետիկ ու անվտանգային քարտեզագրման մի նոր նախագիծ։

Լևանտի ավազանի՝ Իսրայելի և Կիպրոսի սահմաններում բնական գազի ընդհանուր` ապացուցված և հնարավոր պաշարները գնահատվում են շուրջ 1.18 տրլն խորանարդ մետր, որից ավելի քան 1 տրլն խորանարդ մետրը՝ Իսրայելի հատվածում։ Իսրայելի բնական գազի պաշարների շուրջ 88%-ը կենտրոնացած է Լևիաֆան և Թամար հանքավայրերում (ավելի քան 60%-ը գտնվում է Լևիաֆանում, 27%-ը՝ Թամար հանքավայրում)։ Իսրայելական հանքավայրերում գազի պաշարների հայտնաբերումը պայմանավորեց այդ երկրի էներգետիկ անվտանգության ամբողջ ռազմավարությունը, ինչի արդյունքում երկիրը  էներգակիր ներկրողից վերածվեց էներգակիրների պոտենցիալ խոշոր մատակարարի։ Դա մեծ ազդեցություն ունեցավ դեպի Իսրայել բնական գազի արտահանումների նախկին նախագծերի ու ձեռք բերված պայմանավորվածությունների վերանայման առումով։ Կասկածի տակ դրվեց Իսրայելին ռուսական ու ադրբեջանական գազի մատակարարման ապագան։ Ավելին` նախատեսվող ենթակառուցվածքների իրականացման դեպքում Իսրայելը հնարավորություն է ստանում դառնալու տարածաշրջանի էներգետիկ կարևոր հանգույցներից մեկը։

2017թ. դեկտեմբերի սկզբներին Նիկոսիայում Կիպրոսը, Հունաստանը, Իսրայելը և Իտալիան փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին Իսրայելից դեպի Եվրոպա ձգվող EastMed կոչվող գազատարի կառուցման մասին։ Նախագծի համաձայն` այն համարվում է աշխարհում ամենաերկար ստորջրյա գազատարը՝ ձգվելով շուրջ 2 հազար կմ։ Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 6 մլրդ դոլար։ Գազատարի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2025թ.։ EastMed գազատարի թողունակությունը տարեկան կազմելու է 12-16 մլրդ խորանարդ մետր։ Նշենք, որ գազատարի կառուցման հարցում ֆինանսական ու քաղաքական հետաքրքրություն և աջակցություն է ցուցաբերում ԵՄ-ն, որն իր էներգետիկ անվտանգության ապահովման նկատառումներով փորձում է դիվերսիֆիկացնել էներգակիրների մատակարարման ուղիները։

 

Ռազմաքաղաքական համատեքստը

ԱՄՆ-ը շահագրգիռ է պաշտոնական աջակցություն ցուցաբերել Հունաստան-Իսրայել-Կիպրոս եռակողմ ձևաչափի միջև կապերին՝ որպես Միջերկրական ծովի տարածաշրջանում Ռուսաստանին ու Թուրքիային հակակշռող դաշինք, որն արևմտյան մեդիայում հանդիպում է Միջերկրական ծովի արևելյան շրջանում «ժողովրդավարական առանցք» ձևակերպմամբ։ ԱՄՆ-ը, մտադրություն ունենալով ընդլայնել իր ներկայությունը Միջերկրական ծովի արևելյան շրջանում, ակտիվ աշխատանքներ է տանում առաջիկա ամիսներին քառակողմ՝ Կիպրոսի, Իսրայելի, Հունաստանի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ։ Տարբեր աղբյուրների համաձայն` այդ հանդիպումներին ու քննարկումներին մասնակցություն են ունենում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, օրինակ` պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Հանդիպումների ընթացքում քննարկվում են ինչպես էներգետիկ, այնպես էլ քաղաքական, ռազմական համագործակցության հարցեր։ Դեռևս 2010թ. հոկտեմբերին իսրայելական և հունական ռազմաօդային ուժերը մասնակցում էին Հունաստանում կազմակերպված համատեղ դասընթացներին։ 2013թ. մարտի 14-ին Իսրայելի, Հունաստանի ու ԱՄՆ ռազմածովային ուժերն անցկացրեցին երկշաբաթյա համատեղ զորավարժություններ։ 2014թ. ապրիլին Իսրայելի ՊՆ-ն հայտարարեց Շվեյցարիայում իր ռազմական կցորդի գրասենյակի՝ 2014թ. ամռան ընթացքում փակման և Հունաստանում նոր ռազմական կցորդի գրասենյակ հիմնելու որոշման մասին։

           

Սփյուռքի համայնքների միջև գործակցությունը

Իսրայելի, Հունաստանի ու Կիպրոսի ղեկավարները համաձայնություն են ձեռք բերել երկխոսություն հաստատել նաև այդ երկրների սփյուռքյան տարբեր համայնքների միջև։ 2013թ. սկզբներին ԱՄՆ Կոնգրեսում ստեղծվեց հունա-իսրայելական միության համատեղ գործողությունների հարցերով կոկուսը, որում ընդգրկված են հանրապետականների ու դեմոկրատների ազդեցիկ ներկայացուցիչներ։ Կոկուսն իր առջև խնդիր է դրել զարգացնել Հունաստանի, Իսրայելի ու Կիպրոսի լոբբիստական խմբերի միջև համագործակցությունը։ 2017թ. մարտի 6-ին Երուսաղեմում տեղի ունեցավ Իսրայելի, Հունաստանի ու Կիպրոսի սփյուռքի համայնքների միջև կոորդինացման հարցերին նվիրված առաջին եռակողմ հանդիպումը։

 

Հնարավորություններ Հայաստանի համար

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Մերձավոր Արևելքում և միջազգային հարաբերություններում ձևավորվում է շահերի այնպիսի վերադասավորվածություն, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում Հայաստանի քաղաքական ու դիվանագիտական ակտիվացման համար։ Դա է գալիս հաստատելու Հունաստան-Կիպրոս-Իսրայել եռակողմ դաշինքի ստեղծման իրողությունը։ Ընդ որում` փորձագիտական տարբեր շրջանակներում ընդգծվում է այդ առանցքի հակաթուրքական բնույթը։ Հատկապես նոր հնարավորություններ կարող են ստեղծվել դաշինքի հետ քաղաքական երկխոսության հարցում՝ օգտագործելով Կիպրոսի ու Հունաստանի հետ Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները։ Ավելին` Կիպրոսի ու Հունաստանի սփյուռքի համայնքների հետ ունենալով գործակցության մեծ փորձ և լավ ձևավորված ավանդույթներ, հայկական կողմը կարող է դա զարգացնել արդեն քառակողմ ձևաչափում։ Սա իր հերթին լավ հարթակ է ԱՄՆ-ում ոչ միայն թուրքական, այլև թուրք-ադրբեջանական լոբբիստական խմբերի ու կազմակերպությունների դեմ համատեղ պայքարելու համար։ Ի դեպ, մինչև վերջերս դժվար էր պատկերացնել իսրայելական կողմի ներգրավվածությունը նման բնույթի ու բովանդակությամբ գործընթացներում։

Կարծում ենք, որ հայկական կողմը հետագա աշխատանքներում կարող է  Իսրայել-Հունաստան-Կիպրոս առանցքում օրակարգային դարձնել հակաադրբեջանական վեկտորը՝ առանձին վերցրած։ Այդ խնդիրն ուղղակի առնչություններ ունի Ադրբեջանին իսրայելական արտադրության սպառազինության մատակարարումների կրճատման և երկկողմ համագործակցության ռազմավարական մակարդակը իջեցնելու համատեքստում` առհասարակ։

Հիշեցնենք, որ դեռ 2017թ. կեսերին Կիպրոսի նախագահին կից արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսն ԱՄՆ-ում արտերկրի կիպրոսցիների համաշխարհային գիտաժողովում ելույթ ունենալիս շեշտադրեց Հայաստանի, Իսրայելի հետ Կիպրոսի ու Հունաստանի սփյուռքի հարցերով եռակողմ համագործակցության հարցերի կարևորությունը։

 

Կարեն Վերանյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ


«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica