close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2019
USD1477.83
GBP1601.49
EUR1535.70
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չլուծվող խնդիրների համար մեղավոր են միայն շարքային ծառայողները և նախկին ղեկավարնե՞րը

Թեմա

10 Ապրիլի 2019, 16:31
 Չլուծվող խնդիրների համար մեղավոր են միայն շարքային ծառայողները և նախկին ղեկավարնե՞րը

Շարունակ ականատես ենք լինում պետական տարբեր ոլորտներում ընթացիկ կառավարման կոնկրետ խնդիրների ու բացթողումների և դրանց արդյունքում բազմաթիվ քաղաքացիների համար արձանագրվող բացասական հետևանքների: Այսպիսի արձանագրումներն ինքնին խնդրահարույց են պետական կառավարման արդյունավետության տեսանկյունից: Միևնույն ժամանակ, դրանք մտահոգիչ են դառնում պետական կառավարման համակարգի զարգացման հեռանկարի տեսանկյունից, եթե նկատի ունենանք այս երևույթներին հետևողականորեն ուղեկցող մեկ այլ արձանագրում ևս: Խոսքը վերաբերում է իշխանությունների կողմից որդեգրվող այն ենթակայական մոտեցմանը, որ ընթացիկ ձախողումների ամբողջ մեղքը բարդվում է միայն նախկին իշխանությունների վրա, իսկ հիմա էլ արդեն մեղավորների շրջանակն ընդլայնվում է ստորին օղակներում պետական ծառայություն իրականացնողներով:

Արդեն առիթ ունեցել ենք հրապարակային ներկայացնելու բովանդակային մեր դիրքորոշումներն այս վերջին միտումների վերաբերյալ՝ առանձին յուրաքանչյուր դեպքով: Այս դեպքերի մասին հանրությունը տեղեկացել է նաև կառավարության նախորդ նիստերից, երբ արդեն առաջ էին եկել կոնկրետ խնդիրներ ու  մեկ-երկու ամիս առաջ դրանց կառավարության տված «նոր լուծումները» փոխելու՝ նախկին կարգավորումներին վերադառնալու հրատապ անհրաժեշտություն: Օրինակ՝ մինչև 2019 թվականը պետական-մասնավոր գործընկերությամբ արդյունավետ իրականացվող «Արմաթ» լաբորատորիաների պետական մասի ֆինանսավորումը երեք ամիս ուշացնելու խնդիրը: Այս լաբորատորիաները գործում են Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում, որոնց թիվը ներկայումս կազմում է 260՝ վերապատրաստված շուրջ 300 խմբավարով, որտեղ հաճախում և բարձր տեխնոլոգիաներին վերաբերող գիտելիքներ ու հմտություններ է ստանում շուրջ 6500 աշակերտ:

Նմանատիպ խնդրի առաջ էին կանգնած նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բացառիկ երեք այլ ծրագրերը, որոնք իրականացվում են պետության մասնակի ֆինանսավորմամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համատեղ: Խոսքը վերաբերում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների», «Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման» և «2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման» ծրագրերին:

Պարզ չէ նաև, թե նման խնդիրներ ունեցող քանի՞ այլ ծրագրեր դեռ կան, որոնք, հուսանք, առաջիկայում կստանան իրենց լուծումները՝ կվերադարձվեն իրենց ֆինանսավորման նախկին ձևին և չեն դադարեցվի:

Նմանատիպ մեկ այլ օրինակ է շուրջ 100 հազար աղքատ ընտանիքների` այս տարվա մարտ ամսվա սոցիալական նպաստների վճարման ուշացումը: Այս անգամ էլ կառավարությունը որոշել էր անցում կատարել պետական վճարումների ամբողջական էլեկտրոնային կառավարման: Ցավոք, դարձյալ կառավարման անհետևողականության արդյունքում առաջ եկան սոցիալական կոնկրետ բացասական հետևանքներ: Նաև պարզ չէ, թե երբ ամբողջական կլուծվի այս խնդիրը:

Այս խնդիրների առաջացման համար պետական բարձրաստիճան ոչ մի պաշտոնյա այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց, ինչն օբյեկտիվորեն ենթադրվում էր, քանի որ նրանք նաև այս խնդիրները պատշաճ լուծելու համար են ստանում բարձր աշխատավարձ ու պարգևատրումներ:

Փաստորեն, այս դեպքերի համար կառավարությունը համարում է՝ եթե կան մեղավորներ, ապա կառավարման ստորին օղակներն են, որոնց շարքային պաշտոնյաներն էլ կենթարկվեն անհատական խիստ պատասխանատվության: Ի դեպ, առանձին դեպքերում նրանց թիվը հասնում է շուրջ 7 հազարի:

Հատկանշական այսպիսի մի օրինակ էլ ունեցանք նախօրեին, երբ կառավարության ղեկավարն այցելել էր ավտոմեքենաների մաքսազերծման ծառայություն և օբյեկտիվորեն արձանագրել տարածքի մաքրությանը վերաբերող խնդիրներ: Լրատվամիջոցներով լայն լուսաբանվեց նաև այս ծառայության աշխատասենյակներից մեկում մեր երկրի պետական դրոշի ոչ պատշաճ պահպանումը: Իհարկե, անվիճելի է նմանատիպ դեպքերի անթույլատրելիությունը, բայց նաև հասկանալի չէ այն մոտեցումը, որ այս դեպքում ևս պետք է ամենախիստ աշխատանքային կարգապահական պատասխանատվության ենթարկվեն միայն այդ սենյակում աշխատող շարքայինները: Իսկ այս ամենի համար օրենսդրությամբ սահմանված շատ կոնկրետ պատասխանատվություն ունեցող բարձրաստիճանները դարձյալ մնում են «անձեռնմխելի»:

Պետական ծառայողներին պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցողներին անհրաժեշտ է նաև հիշեցնել՝ աշխատանքային կարգապահական տույժերի ենթարկելու կարգը և տեսակները վաղուց սահմանված են գործող օրենքներով: Օրենքով սպառիչ սահմանված են նաև պետական ծառայողներին աշխատանքից ազատելու հիմքերը: Մասնավորապես` կոպիտ կարգապահական խախտման համար պետք է նշանակվի ծառայողական քննություն՝ խախտման օբյեկտիվ հանգամանքները և աշխատողի մեղքը պարզելու համար, որից հետո յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ: Իսկ նույնիսկ մեկ խիստ նկատողությունը աշխատանքից ազատման հիմք չէ:

Եվ ամենակարևորը՝ օրենքով չնախատեսված տեսակով և կարգով, այսինքն՝ միայն ղեկավարի անսահման հայեցողությամբ ու ցանկություններով կարգապահական տույժի կիրառումն արգելված է օրենքով, նույնիսկ՝ ամենաբարձրաստիճան պաշտոնյաների համար:

  

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ

 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica