close
Եղանակը Երևանում
21 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնս 2019
USD1477.53
GBP1607.42
EUR1539.80
RUB17.55
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ-Սփյուռք հարաբերություններում ներդրվելիք նոր համակարգի քննություն

Թեմա

7 Ապրիլի 2019, 11:11
 ՀՀ-Սփյուռք հարաբերություններում ներդրվելիք նոր համակարգի քննություն

Շուտով ՀՀ խորհրդարանում քննարկվելու և ընդունվելու է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նոր օրենքը: Նշյալ և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել 2019 թվականի մարտի 7 –ի որոշմամբ: 

Ներկայումս պաշտոնապես շրջանառության մեջ դրված, սակայն ԱԺ նստաշրջանի օրակարգում դեռևս չընդգրկված, հարցերի ցանկում գտնվող օրենքի նախագծի համաձայն` Սփյուռքի նախարարությունը լուծարվելու է, իսկ դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում ստեղծվելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: 

Առանձին քննարկման նյութ է ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող այս մասշտաբային փոփոխությունների սոցիալական բաղադրիչը: Ելնելով օրենքի նախագծում տեղ գտած ձևակերպումներից, կարող ենք առանձնացնել կրճատումների պայմանական երեք փուլ: Առաջին փուլում (օրենքի ընդունումից անմիջապես հետո) կրճատվողների թիվը կարող է հասնել մի քանի տասնյակի, մի քանի ամսվա մեջ նախատեսվում է իրականացնել կրճատումների երկրորդ փուլը (այդ ընթացքում նախատեսվում է օպտիմալացնել կրկնվող (աջակցող) ստորաբաժանումների գործառույթները, և կրճատվելու է մի քանի հարյուր մարդ), օպտիմալացման հարցին անդրադարձ կարող է լինել հետագա աշխատանքային գործունեության արդյունքում (երրորդ պայմանական փուլ): Քանի որ հստակ չի սահմանված, թե քանիսն են կրկնվող ստորաբաժանումներում նույն գործառույթներն իրականացնող անձնինք, ապա կարող ենք «մի քանի հարյուր» անորոշ ձևակերպան տակ հասկանալ մինչև 1,000 մարդու, ովքեր կրճատվելու են երկրորդ փուլում: 

Կրճատումների մեծ ալիք է լինելու նաև երրորդ փուլում, երբ արդեն, հայտարարված մրցույթների և կարողությունների գնահատման հիման վրա, աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ են հայտնվելու հազարավոր մարդիկ: Թե որքանով է նպատակահարմար այլընտրանքային աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ էական տեղաշարժերի բացակայության պայմաններում աշխատանքից զրկել այդքան մարդու` այլ քննարկման առարկա է: Փաստենք միայն, որ նման պայմաններում էականորեն նվազելու է նաև այդ հազարավոր մարդկանց աշխատավարձերի միջոցով ձևավորվող ՀՀ ՀՆԱ-ն:

Առաջ անցնելով` նշենք, որ, չնայած դեռևս չի հաստատվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը, այդուհանդերձ, նախագծի 14-րդ հոդվածի 5-րդ կետով որոշակի գաղափար ենք կազմում գլխավոր հանձնակատարի և նրա գրասենյակի նպատակների, խնդիրների և գործառույթների մասին: Ըստ այդմ` գրասենյակի նպատակներն ու խնդիրներն են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի լիազորությունների իրականացմանը մասնագիտական օժանդակությունը և անհրաժեշտ աջակցությունը, վարչապետի կողմից սփյուռքի հետ քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման գործառույթների և դրա շրջանակներում գլխավոր հանձնակատարի կողմից իրականացվող աշխատանքների կատարմանն աջակցությունը: Իր հերթին` Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին վերապահվում է վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման կազմակերպումը (այդ թվում՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով), որի շրջանակներում իրականացվող գործառույթները սահմանում է վարչապետը:

Նախագծի «Հիմնավորումներ» բաժնում շարադրված է, որ նախարարության փոխարեն առաջարկվում է ստեղծել եռաստիճան օպտիմալ համակարգ, որի առաջին մակարդակում կմասնակցի վարչապետը՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման եւ սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորություններով: Երկրորդ մակարդակում դերակատարություն կունենա վարչապետի կողմից նշանակվող Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, որը կլինի հայեցողական պաշտոնյա վարչապետի աշխատակազմում, և որի հիմնական դերակատարությունը կլինի վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման եւ սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունների իրականացման կազմակերպումը: Ստորին մակարդակում կլինի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, որի նպատակներն ու խնդիրներն են լինելու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի լիազորությունների իրականացմանը մասնագիտական օժանդակությունը և անհրաժեշտ աջակցությունը, վարչապետի կողմից սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման գործառույթների և դրա շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից իրականացվող աշխատանքների կատարմանն աջակցությունը:

Ավելացնենք նաև, որ նախագծի հիմնավորման 2-րդ կետով («Առաջարկվող կարգավորման բնույթը») սահմանվում է նորաստեղծ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հաստիքների թիվը, և հետագա մի քանի ամսվա ընթացքում (պայմանական 2-րդ փուլ) ակնկալվում է այդ հաստիքների քանակը կրճատել` թողնելով ընդամենը 20-25 հաստիք (ներկայումս ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցների թիվը 8 տասնյակի սահմաններում է):

Ելնելով վերոնշյալից` կատարենք մի շարք դիտարկումներ:

Առաջին. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կամ իր գրասենյակը չեն ունենալու ծրագրեր իրականացնելու գործառույթներ, այդ մասին մարտի 21-ին տված իր հարցազրույցում հաստատել է նաև ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բ. Տեր-Գրիգորյանը։ Նրանց, բնականաբար, այդ մասով չի հատկացվելու նաև բյուջե։ Վերջիններս, փաստորեն, կատարելու են 12 նախարարությունների` սփյուռքի ուղղությամբ այս կամ այն կերպ իրականացվող աշխատանքները համադրելու (սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովում) խնդիրը։ Նախագծից երևում է, որ սփյուռքի հետ կապված քաղաքականության և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունները իրականացնում է վարչապետը, իսկ գլխավոր հանձնակատարին վերապահված է այդ աշխատանքների կազմակերպումը։

Եթե վերոնշյալ ձևակերպումներն ավելի պարզ լեզվով ներկայացնենք, ապա կստացվի, որ այս դեպքում սփյուռքի «նախարարը» վարչապետն է, գլխավոր հանձնակատարը նրա՝ այդ գծով աշխատանքների կազմակերպիչը կամ, այլ կերպ ասած, գլխավոր օգնականը, իսկ հանձնակատարի գրասենյակի երկու տասնյակ աշխատակիցները լինելու են վարչապետի՝ սփյուռքի գծով գլխավոր օգնականի օգնականները։

Երկրորդ հանձնակատարը կամ վերջինիս գրասենյակը չեն ունենալու նաև նախարարներին կամ նախարարությունների համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարություններ տալու, հետևաբար նաև՝ հաշվետվություններ պահանջելու իրավասություններ։ Կարճ ասած՝ հանձնակատարն, իր փոքրիկ անձնակազմով, գործելու է վարչապետի անունից և հանդիսանալու է վարչապետի աշխատակազմից եկող հրամաններն ու կարգադրությունները «mulberry» համակարգով ցրող, վարչապետի անունից այս կամ այն գերատեսչության թղթերը մեկ այլ գերատեսչությանը փոխանցող կամ, այլ կերպ ասած, թուղթ շրջանառող, «գործ տանող-բերող» և միջնորդական այլևայլ տեխնիկական ծառայություններ իրականացնող մի կառույց։
Հանձնակատարն, իր հերթին, վարչապետին կցված այցելելու է արտերկրի համայնքներ և, որպես սովորական օգնական, ծոցատետրում նշումներ է կատարելու տվյալ համայնքի խնդիրների կամ պահանջների մասին։

Միգուցե հանձնակատարի գրասենյակը տարբեր առիթներով (հարցազրույցներ, ելույթներ կամ գործուղումներ) կարևորի այն 4 ուղղությունները, որոնց մասին հայտարարել է Բ. Տեր-Գրիգորյանն իր հարցազրույցում, այն է՝ հայրենադարձություն և ինտեգրում, հայապահպանություն և համայնքներին աջակցություն, համահայկական օրակարգի ձեւավորում և սփյուռքի ներուժի ներգրավում երկրի զարգացման գործընթացներում: Այդուհանդերձ, արդեն պարզորոշ է, որ դրանք լինելու են ձևական հայտարարություններ։ Իրականում ոչ հանձնակատարը, ոչ, առավել ևս, գրասենյակը, չունեն նման լիազորություններ։ Ինչպես նշեցինք, այդ գործառույթներն ամբողջովին վերապահված են վարչապետին, և հանձնակատարն իր գրասենյակի միջոցով այդ ոլորտի հարցերը ընդամենը բաշխելու է համապատասխան նախարարությունների միջև։ Եզրակացությունն այս մասով հետևյալն է՝ հանձնակատարի գրասենյակի ազդեցությունը յոթ միլիոնանոց հայկական սփյուռքի վրա բովանդակային առումով գրեթե զրոյական է։

Հավելյալ փաստենք, որ այստեղ ճիշտ են այն ընդդիմադիր գործիչները, ովքեր մեղադրում են Ն. Փաշինյանին սուպերվարչապետական համակարգի ստեղծման մեջ։ Ավելին, վերլուծությունից պարզորոշ է դառնում, որ այդ սուպեր համակարգի մեջ էլ սուպեր դերակատարություն է վերապահված անձամբ վարչապետին։

Երրորդ. հայկական սփյուռքին առնչվող գործերը վարչապետի կողմից իրականում կազմակերպվելու են ըստ ոլորտների, հանձնակատարի գրասենյակի խողովակներով՝ յուրաքանչյուր ոլորտին համապատասխան նախարարությունների միջոցով։ Ինչպես պատկերավոր նշել է Բ. Տեր-Գրիգորյանը՝ սփյուռքի մեկ նախարարության փոխարեն հիմա իրենք ունենալու են 12 նախարարություն, որոնք զբաղվելու են սփյուռքի հարցերով։ Նախարարի պարտականությունները կատարող պաշտոնյան ի նկատի ունի գործառույթների բաշխումն ըստ ոլորտների, որտեղ յուրաքանչյուր նախարարություն արծարծելու է իր ոլորտին առնչվող խնդիրները։ Ներդրվող համակարգին սևեռուն հայացք նետելով պարզ է դառնում, որ օրենքի նախագծում սահմանված եռաստիճան համակարգի բոլոր երեք աստիճանները, այն է՝ վարչապետ, գլխավոր հանձնակատար և հանձնակատարի գրասենյակ, իրականում հանձնարարականներ իջեցնողներ են, ոչ թե կատարողներ։

Կատարողներն իրականում նախարարությունների այս կամ այն ստորաբաժանումներն են։ Իսկ թե ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներ են գործելու, ունե՞ն արդյոք նախարարությունները նման ստորաբաժանումներ, տվյալների համահավաք բազա, ինչպե՞ս են տիրապետելու սփյուռքի բազմաշերտ ու նրբին խնդիրներին՝ դեռ ոչինչ պարզ չէ։ Ակնհայտ է, որ եթե գործելու է «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ծանոթանալու է խնդիրներին, ներկայացնելու է վարչապետին, վարչապետն էլ իր հերթին գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով հանձնարարականներ է իջեցնելու այս կամ այն նախարարությանը» մեխանիզմը, ապա այն ի սկզբանե դատապարտված է ձախողման։ Կասկածից վեր է, որ ինչ-որ նախարարության միջին օղակի վարչության ինչ-որ բաժին կամ այդ ստորաբաժանման ինչ-որ աշխատակից հազիվ թե կարողանա իրականացնել այնպիսի ծրագրեր, որպեսզի լուծելի դառնան իր ոլորտին (օրինակ՝ տնտեսական, կրթական ևն) առնչվող հսկայածավալ խնդիրները։

Չորրորդ. Բ. Տեր-Գրիգորյանը նաև հայտարարել է, որ ծրագրային ուղղությամբ բյուջեի չտրամադրման պայմաններում ավելանալու են գործուղումներին հատկացվող ծախսերը, որի շնորհիվ գլխավոր հանձնակատարը ավելի շատ է լինելու համայնքներում՝ խնդիրներին ավելի մոտիկից ծանոթանալու համար։ Այստեղ էլ պետք է փաստել, որ հարյուրավոր երկրներում առկա հայկական համայնքեր պարբերաբար այցելելը զուտ տեխնիկական առումով հնարավոր չէ, եթե անգամ այդ այցերը տևեն ընդամենը մի քանի օր։ Դա նշանակում է, որ գլխավոր հանձնակատարը պարզապես «ապրելու է» դրսում։

Ներդրվելիք համակարգի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրելու, որ, օրինաչափորեն, որպես սփյուռքի հետ անմիջականորեն ծրագրեր իրականացնող գերատեսչություններ, հայկական համայնքներ պետք է այցելեն նախարարությունները ներկայացնող պաշտոնյաները, և դա է միակ արդյունավետ ուղին։ Այստեղ էլ պետք է փաստել, որ ամեն երկիր չէ, որտեղ կարող են հեշտությամբ և առանց դժվարությունների այցելել ՀՀ պաշտոնյաները։ Շատ են դեպքերը, երբ անհրաժեշտ են հատուկ այցեհրավերներ, և ինքնակամ (առանց տվյալ երկրի իշխանություններին տեղյակ պահելու) այցելությունները տեղիք են տալիս տհաճ միջադեպերի։ Այդպիսի երևույթի վառ օրինակ էր ս/թ փետրվարին ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանի այցը Վրաստան, որտեղ որևէ վրացական պաշտոնյայի կողմից չարժանանալով ընդունելության կամ պատշաճ վերաբերմունքի՝ նախարարն ստիպված էր այցի կեսից վերադառնալ Երևան և չմասնակցել Ջավախքում հիմնված «Արմաթ» կենտրոնի բացման արարողությանը։ Վրացական կողմն իր նման նոտայով հասկացրեց, որ այսուհետ, առանց հատուկ հրավերի, որևէ պաշտոնյա չպետք է այցելի երկիր։

Այդպիսով՝ եթե նախկինում ՀՀ սփյուռքի նախարարությունը լիազորված էր և իրականացնում էր որոշակի ծրագրեր, ապա ներկայումս Վրաստանի ուղղությամբ, մեր հստակ համոզմամբ, որևէ նախարարություն չի կարողանալու իրագործել որևէ ծրագիր՝ այն պարզ պատճառով, որ այլ երկրի տարածքում մեկ այլ երկրի պետական գերատեսչություն (արտաքին գործերի, կրթության, մշակույթի, սպորտի ևն) ինչ-որ միջոցառում կամ ծրագիր իրագործելու համար պետք է ունենա այդ երկրի իշխանությունների համաձայնությունը։ (Հիշեցնենք՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը չունի սփյուռքում ծրագրեր իրականացնելու լիազորություններ, հետևաբար, այդ իմաստով նաև անելիքներ)։ Նման փակուղային իրադրություն առաջանալու է բազմիցս, և Վրաստանը, բնականաբար, միակը չէ այդ երկրների շարքում։ Նոր համակարգի ներդրմամբ, փաստորեն, այս հողի վրա ևս հսկայական դժվարություններ են առաջանալու։

Ի մի բերելով՝ նշենք, որ ՀՀ-սփյուռք հարաբերություններում հապճեպորեն և առանց լայն քննարկումների կամ, կարելի է ասել, միանձնյա որոշմամբ ներդրվելիք նոր համակարգով ստեղծվում է քաոսային իրավիճակ։ Նշյալ հարաբերությունների մեջ ներքաշված են և՛ բոլորը և՛ ոչ մեկը, արդյունքում որևէ մի օղակ ամբողջական պատասխանատվություն չի կրելու և հաշվետու չի լինելու սփյուռքի առջև։

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ


 
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica