close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2019
USD1481.98
GBP1626.09
EUR1542.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը՝ ձախողման եզրին

Թեմա

3 Ապրիլի 2019, 16:16
 ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը՝ ձախողման եզրին

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո սահմանված կարգով ձևավորվեցին նաև միջխորհրդարանական պատվիրակություններ, այդ թվում` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը, որը գլխավորում է նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը: Պատվիրակության 8 անդամներից 5-ը «Իմ քայլը» դաշինքից են, 2-ը՝ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը, ԲՀԿ-ից, և Էդմոն Մարուքյանը` ԼՀԿ-ից: ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները ներառված են, համապատասխանաբար, եվրոպական պահպանողականների ու եվրոպական լիբերալ-դեմոկրատների քաղաքական խմբերում: «Իմ քայլը» խմբակցության ոչ մի պատգամավոր ներառված չէ որևէ քաղաքական խմբի աշխատանքներում:

Եվրոպայի խորհուրդը եվրոպական ամենամեծ և ամենահին կազմակերպություններից մեկն է, որը կազմավորվել է 1949 թ.: ԵԽ-ին անդամակցում է աշխարհի 47 պետություն: Հասարակության շրջանում Եվրոպայի խորհրդի մարմիններից ամենահայտնին, թերևս, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն է, որտեղ հաճախ բախվում են հակամարտող պետությունների շահերը. ԵԽԽՎ-ի հարթակը բազմիցս նշանավորվել է հայկական և ադրբեջանական պատվիրակությունների անզիջում մրցակցությամբ: Շահագրգիռ շրջանակներին հայտնի են ադրբեջանական պատվիրակության կոռուպցիոն դրսևորումների տասնյակ դեպքեր, որոնցից մեկի արդյունքում 2017թ. հոկտեմբերին հրաժարական տվեց ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը:

ԵԽԽՎ-ն խորհրդարանական դիվանագիտության կարևորագույն հարթակներից է, հետևաբար` այս հարթակում համակարգային աշխատանքը խիստ կարևոր է մի քանի պատճառներով, որոնցից են` Հայաստանի Հանրապետության շահի սպասարկում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միջազգային օբյեկտիվ ընկալումների ձևավորում, Ադրբեջանի և Թուրքիայի Հանրապետությունների հակահայկական նախաձեռնություններին պաշտոնական և կուլիսային-լոբբիստական մակարդակներում հակազդում և, ընդհանրապես, պետության արտաքին ներկայանալիության ապահովում: Հիշյալ գործառույթները կարելի է կատարել ԵԽԽՎ աշխատանքներում ամբողջական ներգրավվածության պարագայում միայն: Այդ աշխատանքների առանցքային օղակը քաղաքական խմբերն են, որոնց անդամակցում են անդամ պետությունների պատգամավորները: Հենց քաղաքական խմբերում են տեղի ունենում քաղաքական քննարկումներ ու ընդունվում քաղաքական որոշումներ, որոնցից մեր պատգամավորների մեծ մասը, ըստ էության, կտրված է, հետևաբար` պատվիրակությունը չի կարող պատշաճորեն սպասարկել ՀՀ շահը:

Խնդրո առարկայի վերաբերյալ yerkir.am-ը հարցում էր ուղարկել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանին` խնդրելով տեղեկատվություն տրամադրել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամների՝ վեհաժողովի քաղաքական խմբերում և հանձնաժողովներում տեղաբաշխվածության վերաբերյալ, ինչպես նաև հստակեցնել «Իմ քայլը» դաշինքի գաղափարա-քաղաքական ուղղվածությունը և, դրան համապատասխան,  քաղաքական խմբերի հետ աշխատանքային առաջնահերթությունները:

Ստացված պատասխանում Ռուբինյանը, ներկայացնելով պատվիրակության անդամների ներգրավվածությունը հանձնաժողովների աշխատանքներում, նշել է, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները դեռևս ընդգրկված չեն ԵԽԽՎ քաղաքական խմբերում, իսկ «դաշինքի ուղղվածությունը և աշխատանքային առաջնահերթությունները բխում են Հայաստանում ժողովրդավարության շարունակական ամրապնդման, ապագայում դրա անսասանելիությունը երաշխավորելու տեսլականից»:

Հիշյալ պատասխանից ակնհայտ է, որ հայկական պատվիրակության իշխանական պատգամավորներին չի հաջողվում տեղ գրավել ԵԽԽՎ քաղաքական խմբերում, հետևաբար` կասկածի տակ է դրվում պատվիրակության արդյունավետությունը, քանի որ, արդեն նշել ենք, քաղաքական խմբերում են գեներացվում քաղաքական որոշումները, դրանք նաև այն հարթակներն են, որտեղ անհրաժեշտ է հակազդել ադրբեջանական, թուրքական և նրանց գործակից այլ երկրների պատգամավորների հակահայկական նախաձեռնություններին:

Ռուբինյանը չի հստակեցրել նաև «Իմ քայլը» դաշինքի քաղաքական գաղափարախոսությունը: Հարց է առաջանում` վերջապես, Հայաստանի իշխող քաղաքական ուժն ի՞նչ գաղափարախոսության կրող է` լիբերալ է, սոցիալիստ, պահպանողական…. Ի դեպ, Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակն է, որ չունի քաղաքական գաղափարախոսություն, ինչի վերաբերյալ մի առիթով նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեմ է «իզմ»- երին:

Կարծում ենք` հենց սա է հիմնական պատճառը, որ «Իմ քայլը» դաշինքին չի հաջողվում համագործակցության մեջ մտնել ԵԽԽՎ քաղաքական որևէ խմբի հետ. ընդհանրապես, Եվրոպայում կուսակցությունների քաղաքական գաղափարախոսությունները մեծ դեր ունեն քաղաքական հարաբերություններում:

Այսպիսով` իշխող ուժը պարտավոր է հետ կանգնել հակաիզմական դիրքորոշումից, հստակեցնել սեփական քաղաքական գաղափարախոսությունը, հակառակ դեպքում` վտանգվում է Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության` առանց այդ էլ մշուշոտ ապագան:

Գ.Մ.

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica