close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2019
+19°
+23°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2019
USD1476.76
GBP1608.06
EUR1526.20
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պահանջում ենք վերսկսել քրեական գործի վարույթը և փոխել քննչական ենթակայությունը. ՀՅԴ Հայաստանի ԳՄ

Քաղաքական

2 Ապրիլի 2019, 17:53
 Պահանջում ենք վերսկսել քրեական գործի վարույթը և փոխել քննչական ենթակայությունը. ՀՅԴ Հայաստանի ԳՄ

2019 թվականի ապրիլի 2-ին լրանում է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար, արցախյան ազատամարտի հերոս Հրաչ Մուրադյանի դավադիր սպանության 6-րդ տարելիցը: Սա ազգային արժանապատվության և հայոց պետականության վրա կրակոց էր, որը երբեք անհետևանք չի մնում:

2016 թվականի այս նույն օրը թշնամին էր կրակում հայրենքի պաշտպանի վրա: Խոնարհում և հարգանքի տուրք ապրիլյան պատերազմի մեր հերոսներին:

Վերլուծելով սպանությանը հաջորդող ժամանակաշրջանում այս գործի բացահայտմանն ուղղված հանրային պահանջն ու պատկան մարմինների վարքագիծը`

Արձանագրում ենք՝

Հանրությունը պահանջում է այս ոճրագործության կազմակերպիչների, կատարողների, պատվիրատուների և օժանդակողների ամբողջական բացահայտում և պատախանատվության կիրառում:

Հանրային մեծ հեղինակություն վայելող, համայնքի ղեկավարի քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ իր իսկ աշխատանքային  տարածքում իրականացված այս հանցագործությունը սոսկ մեկանգամյա գործողություն չէր, այլ նաև արդյունք պետական և հատկապես իրավապահ համակարգի անտարբերության:

Հրաչ Մուրադյանի սպանությանը նախորդել էին նրա կյանքին վերջ տալու հանցավոր փորձեր, որոնց հանդեպ իրավապահ համակարգի անգործությունը նաև հանգեցրեց 2013թ. ապրիլի 2-ի ոճրագործությանը:

Շարունակվող անտարբերության գլխավոր պատճառը թերևս այն է, որ Հրաչ Մուրադյանը իշխող ուժի ներկայացուցիչ չէր: Փոխվել են ժամանակները, փոխվել են իշխանությունները, սակայն չեն փոխվել մոտեցումները: Արդարադատության հարցում իշխանությունները դեռ սահմանափակվում են միայն իրենց քաղաքական հետաքրքրություններով: Սա հեղինակազրկում է պետության իրավապահ համակարգը:

Հանցագործության բացահայտման առումով չկա որևէ տեղաշարժ: Նախընթաց ժամանակահատվածը առայժմ հաստատում է այս հարցում երկրի իրավապահ համակարգի անկարողությունը:

Ավելին՝ հանցագործությունների հաջորդականությունը քննչական մարմինների կողմից ոչ միայն չի դիտարկվել որպես մեկ նպատակի՝ Հրաչ Մուրադյանի կյանքի իրավունքի խախտման շղթա, այլև շատ հաճախ տեղի են ունեցել փաստերի աղավաղում, քողարկում, իրական ապացույցների ձեռք բերման անհետևողականություն:

Արդյունքում` սպանությունը բացահայտված չէ, գործի քննությունը չի իրականացվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ, ու չի ձևավորել գործի կասեցման պատշաճ լինելու անհրաժեշտ համոզում:

Առ այդ,

Պահանջում ենք՝

վերսկսել քրեական գործի վարույթը,

փոխել քննչական ենթակայությունը,

քրեական գործն ամբողջացնել Հրաչ Մուրադյանին կյանքից զրկելու հաջորդաբար իրականացված բոլոր գործողություններով,

բացահայտել ապացույցների քողարկման և անտեսման իրական շարժառիթները, մեղավոր անձանց ենթարկել պատասխանատվության,

ակտիվ և հետևողական ջանքեր գործադրել գործին առնչվող բոլոր ապացույցների հայթայթման և վկաների ներգրավման համար:

Հայտարարում ենք՝

Հրաչ Մուրադյանի սպանության գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը, հանրային լայն հնչեղություն ստացած այդ հանցագործության բացահայտումը, ինչպես նաև մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջը մշտապես լինելու է հանրային վերահսկողության ներքո:


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

02 ապրիլի 2019 թվական

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica