close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2019
USD1481.98
GBP1626.09
EUR1542.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հետևողական ենք լինելու Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման հարցում. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

Քաղաքական

30 Մարտի 2019, 23:13
 Հետևողական ենք լինելու Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման հարցում. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

Ապրիլի 2-ին լրանում է Պռոշյանի դաշնակցական գյուղապետ, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով և մի շարք այլ պարգևներով ու մեդալներով պարգրատրված ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի սպանության 6-րդ տարելիցը:

Yerkir.am-ի հետ զրույցում  ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ նոր իշխանությունները 2018-ի սեպտեմբերին գործը վերաբացել էին, սակայն որևէ առաջընթաց տեղի չունեցավ, և դեկտեմբերի 28-ին գործը կրկին կասեցվեց: 

«Ինչպես նախկինում, հիմա ևս մենք հետևողական և պահանջատեր ենք լինելու, որ օրը ցերեկով տեղի ունեցած այս սպանության գործը բացահայտվի: Նախկինում բազմաթիվ ակցիաներ, հստակ գործողություններ ենք իրականացրել և՛ նախագահականի, և՛ դատախազության առջև, նույնիսկ ճանապարհ ենք փակել, ԱԺ-ում ենք խնդիրը մի քանի անգամ հնչեցրել, հանդիպումներ ունեցել դատախազի և ոստիկանապետի հետ: Դժբախտաբար, նախորդ իշխանությունների օրոք գործը չի բացահայտվել: Այս իշխանությունների օրոք ևս, կարծես, ամեն ինչ գնաց նույն տրամաբանությամբ, քանի որ սպանության գործը քննել են նույն քննիչները` նույն քննչական խումբը, և գործը կրկին նույն պատճառաբանությամբ կասեցվել է: Մենք հետևողական ենք լինելու գործի լիարժեք բացահայտման հարցում»,- շեշտեց Սաղաթելյանը:

Հարցին՝  պահանջե՞լ եք, որ փոխվի քննչական խմբի կազմը, նա պատասխանեց. «Սպանության օրը՝ ապրիլի 2-ին, գլխավոր դատախազության շենքի առջև բողոքի ակցիա ենք իրականացնելու, և մեր հիմնական պահանջներից մեկը լինելու է հենց դա, որ ստեղծվի նոր քննչական խումբ, այսինքն՝  գործի վարույթը վերսկսվի և քննչական ենթակայությունը փոխվի: Մենք համարում ենք, որ այն քննչական խումբը, որը նախկինում քննել և կասեցրել է գործը,  ի վիճակի չէ լիարժեք օբյեկտիվությամբ քննություն իրականացնել»:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը հավելեց, որ ակնկալում են արդարություն և մեղավորների շրջանակի լիարժեք բացահայտում: «Տեղի է ունեցել սպանություն` օրը ցերեկով: Մեր խորին համոզմամբ` Հրաչ Մուրադյանի սպանությունն անձնական դրդապատճառներ չունի, նրան սպանել են որպես Պռոշյանի գյուղապետի, հետևաբար՝ մեր պահանջն է գործի լիարժեք բացահայտումը, և մենք ամեն ինչ անելու ենք այդ ուղղությամբ, երբեք չենք լռելու և հետ չենք կանգնելու մեր պահանջից, որովհետև այդ կրակոցը կրակոց էր պետության դեմ: Եվ հատկապես հիմա, երբ նախկինները թերացել են և չեն բացահայտել, ներկայիս իշխանությունը պարտավոր է դա անել, հակառակ դեպքում` կնշանակի, որ որևէ բան չի փոխվել, ամեն ինչ նույնն է: Մենք այս պահին տպավորություն ունենք, որ իշխանությունները շահագրգռված են բացահայտել այն գործերը, որոնցում քաղաքական հետաքրքրություն ունեն: Իսկ այս դեպքում շատ անտարբեր են»,- ընդգծեց Սաղաթելյանը:

Նա հիշեցրեց, որ սպանությանը նախորդել են մի շարք դեպքեր, որոնք այն ժամանակ պատշաճ կերպով չեն քննվել և դրանց չեն տրվել գնահատականներ: «Սպանությանը նախորդել են բազմաթիվ միջադեպեր՝ հրկիզում, կրակոց, վեճ, որոնց ժամանակին պատշաճ ուշադրություն չի դարձվել: Եվ հենց այդ անտարբերության արդյունքում եղավ այն, ինչ եղավ»,- նշեց Սաղաթելյանը:

Նա չհամաձայնեց պնդմանը, որ իրենք այս վեց տարիների ընթացքում բավարար պահանջատեր չեն եղել: «Մենք ինչ կարողացել, արել ենք: Եվ այնպես չէ, թե նախկինում չենք արել, հիմա ենք անում: Մենք հետևողական ենք լինելու` մինչև գործի բացահայտումը: Հրաչ Մուրադյանի սպանության` հանրային լայն հնչեղություն ստացած այդ հանցագործության գործի բազմակողմանի, ամբողջական և օբյեկտիվ քննությունը, ինչպես նաև մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջը մշտապես լինելու է մեր վերահսկողության ներքո»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica