close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման թեմայով

Աշխարհ

23 Մարտի 2019, 23:03
 Արցախի պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման թեմայով

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը։

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ պետնախարար Գ․ Մարտիրոսյանը համառոտ ներկայացրել է այն պայմանները, միտումներն ու նախադրյալները, որոնց արդյունքում սերունդների համերաշխության ներկայիս կենսաթոշակային համակարգը երկարաժամկետ տեսանելի հեռանկարում այլևս չի կարող ապահովել բնակչության սոցիալական ապահովության պահանջմունքը և արժանապատիվ ծերությունը։ 

Պետնախարարը վկայակոչել է ներկայումս պետական բյուջեի այն մասը, որ հատկացվում է բնակչության կենսաթոշակային ապահովմանը՝ 12%՝ նշելով, որ ժողովրդագրական ներկայիս միտումների պայմաններում այդ թիվը չի կարող շարունակապես մեծանալ, և կենսաթոշակային համակարգի ներդրումն այլընտրանք չունի։

Գ․ Մարտիրոսյանը հիշեցրել է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի անցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի գլխավորությամբ ստեղծված է աշխատանքային խումբ։
Ա․ Հարությունյանը զեկուցել է, որ աշխատանքները բաշխված են երեք հիմնական ենթախմբերի՝ օրենսդրական փոփոխություններ, տեխնիկական-ծրագրային ապահովում և հանրային իրազեկվածության բարձրացում։ Ըստ Ա․ Հարությունյանի՝ նոր համակարգին անցնելուն ուղղված օրենսդրական փոփոխություններն ընթացքի մեջ են, շարունակում են համապատասխան աշխատանքներ տարվել իրավական դաշտը Հայաստանի Հանրապետության հետ ներդաշնակեցնելու և հնարավոր իրավական կոլիզիաներից խուսափելու համար։ 

Խոսելով տեխնիկական-ծրագրային կողմի մասին՝ աշխատանքային խմբի ղեկավարը հայտնել է, որ աշխատանքները մեծ մասամբ ավարտուն տեսքի են, մնացել են հաշված շտկումներ։ Հանրային իրազեկման աշխատանքների առնչությամբ Ա․ Հարությունյանը հայտնել է մտահոգություն, որ երեք ամսում անհրաժեշտ է կատարել մեծ ծավալի աշխատանք՝ բնակչության համար այս փոփոխության էությունն ու անհրաժեշտությունը պարզաբանելու համար, և որ ըստ կարիքի անհրաժեշտություն կառաջանա ներգրավելու նաև աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակիցներին, ինչպես նաև խորհրդակցելու ՀՀ համապատասխան մասնագետների հետ։
 
Գ․ Մարտիրոսյանը հանձնարարել է կազմել աշխատանքների պլան-ժամանակացույց, որում սահմանված են լինելու օրենսդրական, տեխնիկական-ծրագրային, կազմակերպչական և հանրային իրազեկման քառաբլոկ անելիքների բուն աշխատանքները, սպասվող արդյունքները, ժամկետները և պատասխանատու պետական մարմինները։ Պետական նախարարը առանձին ուշադրություն է հրավիրել հանրային իրազեկման բարձրացման աշխատանքների վրա՝ կարևորելով հարցի ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնիկական համընդգրկունությունը։ Բովանդակային մասով Գ․ Մարտիրոսյանը հորդորել է, որ բնակչության համար պարզաբանվի ինչպես կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու անհրաժեշտությունը, այնպես էլ դրա գործառնման մեխանիզմը, ընթացակարգը, դրույքաչափերի բաշխվածությունը և պետության երաշխավորիչ դերակատարումը։ Տեխնիկական մասով պետնախարարը կարևորել է հանրության հետ արդյունավետ կապի օգտագործման բոլոր մեխանիզմները՝ սկսած համացանցից, մինչև հեռուստատեսություն, հեռախոսային թեժ գիծ և մասնավոր շփումներ։
 
Խորհրդակցության ավարտին ծավալվել է մտքերի փոխանակություն, Գ․ Մարտիրոսյանի կողմից հանձնարարականներ են տրվել աշխատանքային խմբի արագ և որակյալ աշխատանքային գործունեության մասին։
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica