close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2019
USD1481.98
GBP1626.09
EUR1542.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այն ամենը, ինչ ներկայացված է, իրականում ջուր է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Իրավունք

23 Մարտի 2019, 13:46
 Այն ամենը, ինչ ներկայացված է, իրականում ջուր է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Ընդհանրապես անսպասելի չէր դատարանի որոշումը`հաշվի առնելով ներկայիս ճնշումները դատարանների նկատմամբ և հատկապես` կապված Ռոբերտ Քոչարյանի գործի հետ. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը`անդրադառնալով այն հարցին, թե իրենց համար արդյո՞ք սպասելի էր դատարանի`Քոչարյանին կալանքի տակ պահելու որոշումը:

«Մենք մի փոքր ավելի սպասելիքներ ունեինք`հաշվի առնելով, որ քրեական գործի բոլոր նյութերը մեր ձեռքի տակ էին:  Այն ամենը, ինչ ենթադրությունների մակարդակով կարելի էր ասել, հիմա արդեն հստակ է. ամենը, ինչ ներկայացված է, իրականում ջուր է: Ժամանակին վարչապետն ասաց, որ նախաքննության սկզբնական փուլերում դատավորներից մեկը ինչ-որ խողովակով դիմել էր իրեն և ասել`գործը ջուր է: Այս պատկերավոր արտահայտությունը հիմա ավելի քան տեղին է օգտագործել»,- նշեց փաստաբանը` շեշտելով նաև այն փաստը, որ հենց դատարանների նկատմամբ գոյություն ունեցող ճնշումների ու վարչապետի կողմից հնչող սպառնալիքների պատճառով է, որ արդեն մի քանի  դատավորներ ինքնաբացարկ են հայտնել` պարզապես չուզենալով Քոչարյանի գործի հետ առնչություն ունենալ:

«Ինչո՞ւ, որովհետև  մի կողմից ո’չ կալանավորման հիմքերն են առկա, ո’չ պայմանները, իսկ  մյուս կողմից` չկալանավորել չեն կարող, որովհետև պատկերացանում են` այն, ինչ արվեց դատավոր Ազարյանի նկատմամբ, որը վերաքննիչ դատարանում Քոչարյանին ազատ արձակեց, կլինի իրենց հետ: Կա’մ պիտի այդ ապօրինի փաստաթղթով կալանքի տակ պահել երկրորդ նախագահին, կա’մ ազատ արձակել` դառնալով թիրախ այսօրվա վարչապետի ու իշխանության համար»,- բացատրեց Ալումյանը` հիշեցնելով այն, ինչ տեղի ունեցավ դատավոր Ազարյանի`Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացնելուց հետ. «Դատավորն ազատ արձակեց այն պարզ հիմքով, որ մեղսագրվող հանցագործության առումով Քոչարյանը օգտվում է անձեռնմխելիությունից: Դեպքից ընդամենը 4 օր հետո 100.000-անոց հանրահավաքի ժամանակ ուղղակի ատելության խոսք հնչեց նրա հասցեին, որի ժամանակ վարչապետն էլ ասաց` էդ ո՞ր դատավորն է, որ կարող է չկատարել իմ ասածը: Հետագայում, այս ամենը հաշվի առնելով, դատավոր Բեկթաշյանը երկարացրեց Քոչարյանի կալանքի տակ պահվելու ժամկետը»:

Փաստաբանը մանրամասնեց նաև, որ գործի շրջանակներում կաշառքի դրվագով նվազագույն շեմն անգամ բացակայում է: «Կալանավորման հարցը քննելիս չի քննարկվում` այս մարդը մեղավո՞ր է, թե՞ չէ: Քննարկվում է ողջամիտ կասկածի շեմը, այսինքն` մի նվազագույն շեմ, որ կասկածները պիտի հաղթահարեն, որ հետո քննարկվեն կալանավորման հիմքերը»,- ասաց նա:

Լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ այս գործին կցվեց այս հանցագործությունը, Ալումյանը պատասխանեց. «Անհրաժեշտ էր մեղսագրել մի այնպիսի հանցագործություն, որը նրա պաշտոնական գործունեության հետ կապ չունի: Հենց դրա համար ծնվեց կաշառքի մեղադրանքը»:

Նա նաև մանրամասնեց, որ, ըստ իրենց վերլուծությունների, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով` ՀՀ երկրորդ նախագահը անձեռնմխելի է, և տվյալ ժամանակահատվածում նրա գործողությունները բխել են պաշտոնեական պարտականություններից:

Փաստաբանը նաև ներկայացրեց, թե դատարանն ինչ հիմքով ազատ չի արձակում Ռոբերտ Քոչարյանին: «Չնայած նրան, որ առաջին ատյանի դատարանն արձանագրեց այն փաստը, ըստ որի` հիմքեր չկան, որ Քոչարյանը կարող է թաքնվել քննությունից, այնուամենայնիվ, ազատության մեջ լինելով, նա կարող է խոչընդոտել քննությանը»:

Ալումյանը  հավաստիացրեց,  որ դա չի կարող ճիշտ լինել, քանի որ Քոչարյանի ամբողջ տեղաշարժը ԱԱԾ-ի աշխատակիցների ներկայությամբ է տեղի ունենալու, իսկ ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա դրանք համաձայնեցվում են ԱԱԾ աշխատակիցների հետ: «Հնարավոր չէ, որ նա ինչ-որ հանդիպում ունենա, ու իշխանություններն անտեղյակ լինեն: Երկրորդ նախագահն ունի ավելի քիչ հնարավորություն նման բանի, քան որևէ այլ մեկը»,- ասաց նա:

Անդրադառնալով արդեն կայացված դատական ակտին` Ալումյանը կարծիք հայտնեց,  որ այն ոչ մի ձևով պատճառաբանված չէ: «Մենք մի ամբողջ օր փաստարկներ ներկայացրինք: Միայն ես 5 ժամ շարունակ խոսել եմ, բայց գրված է 2 տող` պաշտպան Հայկ Ալումյանը առարկեց քննիչ Մուշեղյանի միջնորդության դեմ և ներկայացրեց 18 էջից բաղկացած առարկություն:  Չկա ոչ մի խոսք պաշտպանական կողմի մասին կամ` թե ինչու համաձայն չէ»,- շեշտեց փաստաբանը` հավելելով`արդեն 5-րդ գանգատն են ուղարկել Եվրոպական դատարան:

Հարցին, թե Քոչարյանը Մարտի 1-ին արդյո՞ք սահմանապահ զորքերը հրամայել է տեղափոխել Երևան, Հայկ Ալումյանը կարճ ու կտրուկ պատասխանեց. «Քրեական գործի նյութերն այդ մասին չեն վկայում»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica