close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

21-րդ դարի պատերազմում շատ ավելի կարևոր է տնտեսական, ֆինանսական բաղադրիչը. Արայիկ Հարությունյան

Արցախ

22 Մարտի 2019, 17:52
 21-րդ դարի պատերազմում շատ ավելի կարևոր է տնտեսական, ֆինանսական բաղադրիչը. Արայիկ Հարությունյան

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողության համար Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարների թեմայով իր դասախոսության սկզբում նշեց՝ Հայաստանը Հայաստանն ու Արցախն է, կա միասնական տնտեսություն, և Արցախի ապագան պայմանավորված է Հայաստանի տնտեսության զարգացմամբ:

Ըստ նրա՝ արտաքին և ներքին մարտահրավերներին դիմակայելու միակ լուծումը տնտեսության զարգացման մեջ է: «Վերջերս հրապարակվեց  համաշխարհային երջանկության ինդեքսը, ըստ որի` Հայաստանը 16  կետով առաջ է անցել, բայց դեռ 116-րդն է: Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի հաշվով կրկին 110-րդ տեղից այն կողմ ենք: Արդյո՞ք մեր երազանքն այն է, որ լինենք 100-ից այն կողմ»,- հարց բարձրացրեց Արայիկ Հարությունյանը:

Նա վստահեցրեց, որ դեռ 2006 թվականին կանխատեսել էր, որ 2014-2016-ին պատերազմական գործողություն է  սկսելու Ադրբեջանը` հաշվի առնվելով երկրի տնտեսական հնարավոր աճը Բաքու-Թիֆլիս-Ջեյհան նավթամուղի գոյության պայմաններում:

«21-րդ դարի պատերազմը 1980-ականների պատերազմը չէ. մենք 2016-ի ապրիլին մի քանի օրում հասկացանք, որ այս պատերազմում շատ ավելի կարևոր է տնտեսական, ֆինանսական բաղադրիչը: Որքան էլ խոսենք քաղաքական խնդրի մասին, բայց ապագայում` 10-15 տարում, ԼՂ հիմնախնդրի լուծում չի լինի, և այս ընթացքում մենք պետք է զարգացնենք մեր տնտեսությունը: Մենք պետք է աշխատենք, որպեսզի ապահովենք տնտեսական աճ: Իսկ տնտեսական աճի ի՞նչ տեմպեր պետք է ունենանք: 2006-ին ես ասել եմ, որ պատերազմ չլինելու միակ տարբերակը ՀՀ-ի` առնվազն 8 տոկոս տնտեսական աճն է, որը կչեզոքացներ Ադրբեջանի ֆինանսական հնարավորությունները: Ցավոք, սա չստացվեց, բայց, բարեբախտաբար, նավթի գինն ընկավ, Ադրբեջանի ֆինանսական մուտքերը նվազեցին. տարեկան 52 միլիոն տոննայի փոխարեն արդյունահանման ավելի քիչ արդյունքներ եղան: Այսինքն՝ ֆինանսական առումով Ադրբեջանն ունեցավ ճգնաժամ, և սա էր պատճառը, որ պատերազմը լայնածավալ չեղավ, որովհետև պատերազմը մեծ և թանկ ռեսուրսներ է պահանջում: Հիմա` որպեսզի և՛ Ադրբեջանից եկող, և', առհասարակ, տարածաշրջանում առկա մարտահրավերներին դիմակայենք, պետք է տնտեսական բարձր աճի տեմպեր ունենանք: Չմոռանանք, որ ավարտման փուլում է Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող «Հարավային միջանցք» ծրագիրը, որով Ադրբեջանը նպատակ ունի իր գազը տեղափոխել Եվրոպա»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ դա թույլ է տալու Ադրբեջանին շարունակել սպառազինության ավելացումը և ուժի սպառնալիքի կիրառմամբ հարցեր լուծել:

«Հետաքրքիր բան կա. նավթի բարելի գնի հետ տատանվում է Ադրբեջանի ղեկավարի ձայնի կոշտությունը»,- ընդգծեց նա:

Արայիկ Հարությունյանն այս համատեքստում նշեց, որ  երկրների համախառն ներքին արդյունքն արտացոլվում է բյուջեով: «Միջին համաշխարհային ՀՆԱ-ն նոմինալով կազմում է 10 000 դոլար, ԱՄՆ-ի դեպքում այն 60 000 է, Իսրայելի դեպքում ՝ 40 000, ինչը 10-20 անգամ ավելի է Հայաստանի արձանագրածից: Նույնն արտացոլվում է նաև բյուջեում: Մեկ բնակչի հաշվով` ՀՀ-ում բյուջեն 1200 դոլար է կազմում, երբ ԱՄՆ-ում 12.000 դոլար է, Ֆրանսիայում՝ 21.000 և այլն»,- ասաց նա:

Ի՞նչ պետք է անել: Ըստ Արայիկ Հարությունյանի՝ պետք է ներդրումներ ունենալ՝ ուղղակի և անուղղակի, պետական և մասնավոր խողովակներով: «Մենք գիտենք, որ Հայաստանի խնայողությունները շատ քիչ են, և ռեսուրսներ չեն ձևավորվում, որ ուղղենք տնտեսության զարգացմանը: Արտաքին ներդրումների առումով էլ չունենք մեծ ծրագրեր, ինչպիսիք առկա են Ադրբեջանի դեպքում, և առաջիկայում էլ չեն սպասվում նման խոշոր նախագծեր, բայց ունենք զարգացման լայն հնարավորություններ գյուղատնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Տարեկան 3-4 միլիարդ է անհրաժեշտ՝ ապահովելու համար 7-8 տոկոս տնտեսական աճ»,- շեշտեց նա: 

Այս պարագայում Արցախի նախկին վարչապետն ունի մեկ առաջարկ, որը նաև բաց նամակով ուղղել է  ՀՀ վարչապետին, այն է՝  պետք է համարձակ գնալ պարտքի ավելացման՝ պետական և արտաքին, ապահովել ներդրումներ՝ այդպես ապահովելով նաև տնտեսական աճ:

«Ուղղությունները կան, պետք է ունենալ բյուջեի դեֆիցիտ՝ համապատասխան տոկոսով և տարբեր գործիքակազմով, նաև ներդրումներ` ոչ միայն պետական բյուջեով»,- ասաց նա և բերեց  զարգացած երկրների օրինակը, որոնք, ավելացնելով պետական պարտքը, ապահովել են տնտեսական զգալի աճ: «Իսրայելի պետական պարտքը համաշխարհային ճգնաժամի ժամանակ` 2008 թվականին, ՀՆԱ-ի նկատմամբ կազմել էր 77 տոկոս, 2009 թվականին Իսրայելն ավելացրեց պետական պարտքը և այն կազմեց 81 տոկոս: Այսօր Իսրայելի պետական պարտքն իջել է 60 տոկոսի: Տնտեսական թռիչք, զարգացում, մուտքեր, և սկսվեց պարտքի իջեցումը: Արդյունքում` եթե 2008 թվականին Իսրայելի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմել է 21,8 հազար դոլար, ապա 2018 թվականին կազմել է 40 հազար, համարյա երկու անգամ աճել է: Այն կարծրատիպը, որը ձևավորվել է ՀՀ-ում, թե հեղափոխությունից հետո պետք է արտաքին պարտքը մարվի, դա հնարավոր չէ: Այս կարծրատիպը պետք է փոխվի»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ նա նշեց, որ Արցախում 100.000 հա չմշակված հող կա, իսկ ՀՀ-ում՝ 200.000, բայց սա չի նշանակում, որ հայերը հող մշակող չեն, սա վկայում է պետական բավարար աջակցության բացակայության մասին, որն առկա է Իսրայելում, ուստի անապատային երկրից դարձել է ինքնաբավ երկիր: Երկրորդ՝  գյուղվարկերը չեն տրվում արտոնյալ պայմաններով, ինչպես, օրինակ, ՌԴ-ի դեպքում է, ուստի չենք կարող մրցել Կրասնոդարի ցորենի հետ: 

«Մյուս կողմից՝ որքան էլ պետական աջակցություն լինի, հենց միայն Արցախում չկան երկարաժամկետ և էժան ռեսուրսներ, օրինակ՝ զարգացնելու ջերմոցային տնտեսությունը, որն առկա է եվրոպական երկրներում: Երկրորդ՝ չկան համապատասխան մասնագետներ, երրորդ՝  Արցախը և Հայաստանն ունեն նաև ենթակառուցվածքների խնդիր»,- ասաց Արցախի նախկին վարչապետը:

Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտին՝ նա նշեց, որ  այս ոլորտից հրաժարվելու տարբերակ չունենք: «Երկու օր առաջ ձկնաբուծության մասին եմ կարդում, որ պետք է Արարատյան դաշտավայրում արգելել ջրերը հանել. խորքային հորերի մասին է խոսքը: Մենք դա չենք անում, բայց այդ նույն Արարատյան դաշտավայրի գետի մյուս կողմում Թուրքիան հանում է, ընդ որում՝ ավելի մեծ պոտենցիալով»,- լրացրեց նա:

Ի դեպ, ԼՂՀ նախկին վարչապետը հարկ համարեց ընդգծել` ճիշտ չէ ասել, որ Արցախի միջպետական վարկն ամբողջությամբ ՀՀ-ն է ապահովում: «Արցախի մաքսազերծումը, ավելացված արժեքի հարկը ամբողջությամբ մտնում է ՀՀ բյուջե: Իհարկե, մենք շատ գոհ ենք, որ պատերազմի ժամանակվանից մինչ այսօր, ՀՀ բոլոր իշխանությունների օրոք, մենք աջակցություն ենք ստացել,  որի արդյունքում Արցախի տնտեսությունը, 1990-ականների համեմատ, աճել է 3 անգամ, Ադրբեջանինը՝ 2.8 անգամ, ՀՀ-ինը՝ 1.8: Այսինքն՝ Արցախում առաջանցիկ տեմպերի հաշվին երբեմնի հետամնաց տնտեսությունն առաջ է անցել ՀՀ-ի տնտեսությունից»,- ամփոփեց Արայիկ Հարությունյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica