close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ահաբեկչական սպառնալիքները և Հայաստանի անվտանգային միջավայրը

Թեմա

23 Մարտի 2019, 11:11
 Ահաբեկչական սպառնալիքները և Հայաստանի անվտանգային միջավայրը

Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքի մզկիթների վրա ահաբեկչական հարձակումները դարձյալ ցնցեցին ամբողջ միջազգային հանրությունը.  ահաբեկչության զոհ դարձավ շուրջ 5 տասնյակ մարդ։

Աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից մեկը համարվող Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությունները վերահաստատում են, որ այսօր որևէ պետություն, ինչպես տեսականորեն, այնպես էլ գործնականում, ապահովագրված չէ ահաբեկչություններից։ IHS Markit միջազգային փորձագիտական ընկերության Jane's (JTIC)` ահաբեկչության խնդիրների հետազոտությունների կենտրոնի զեկույցի համաձայն` 2018թ. ընթացքում կենտրոնի կողմից արձանագրվել է ոչ կառավարական զինված խմբավորումների կողմից իրականացված 15.321 ահաբեկչություն, որոնց հետևանքով զոհվել է զինվորական չհանդիսացող 13.483 մարդ։ Կենտրոնի փորձագիտական տվյալներով` 2017թ. համեմատությամբ, 2018թ. ընթացքում գրանցված ահաբեկչությունների թվաքանակը 33.2%-ով նվազել է։ Ընդ որում` 2018թ. արձանագրված ահաբեկչությունների թվաքանակը, ըստ զեկույցի տվյալների, ամենացածրն է եղել 2011թ.-ից ի վեր։

 «Գլոբալ ահաբեկչության ինդեքս» վարկանիշային զեկույցը. Հարավային Կովկաս

Սիդնեյի համալսարանի Institute for Economics and Peace-ի «Գլոբալ ահաբեկչության ինդեքս» վարկանիշային զեկույցը (Global Terrorism Index) որոշում է երկրներում ահաբեկչության ակտիվության կամ ազդեցության մակարդակը (The impact of terrorism)՝ հիմնվելով 4 հիմնական չափորոշիչների վրա։ Դրանք են՝ ահաբեկչությունների քանակ, զոհերի թիվ, տուժածների թիվ և նյութական վնասի մակարդակ։ Հետազոտության փորձագիտական գնահատականներով` ահաբեկչությունը սահմանվում է որպես ապօրինի զինված խմբավորումների, կազմակերպությունների կողմից սպառնալիք կամ ուժի իրական կիրառում, որոնք փորձում են հասնել իրենց քաղաքական, սոցիալական ու կրոնական նպատակներին բռնության ու սպառնալիքի, վախի մթնոլորտի ձևավորման միջոցով։ Զեկույցի մեթոդաբանությամբ` որքան բարձր է պետության ամփոփ դիրքային միավորը, այնքան այն համարվում է ահաբեկչության ազդեցության տեսանկյունից քիչ խոցելի։

«Գլոբալ ահաբեկչության ինդեքս- 2015թ.» վարկանիշային զեկույցում հարավկովկասյան երկրներից ահաբեկչության ազդեցության ցուցանիշով ամենախոցելի մակարդակում էր Վրաստանը՝ զեկույցում ներառված 124 երկրների շարքում զբաղեցնելով 71-րդ հորիզոնականը։ Վրաստանին վարկանիշային արդյունքով հաջորդում էր Ադրբեջանը, որը 93-րդ դիրքում էր։ Հարավկովկասյան երկրներից ահաբեկչության ազդեցության ցուցանիշով լավագույն արդյունքը Հայաստանինն էր՝ 116-րդ դիրքով։ Կազմակերպության 2015թ. վարկանիշային զեկույցում մեր հարևան երկրներից խիստ խոցելի խմբում էր Թուրքիան՝ 27-րդ դիրք։ Նրան ոչ մեծ տարբերությամբ զիջում էր Իրանը՝ 39-րդ հորիզոնական։

Կազմակերպության 2016թ. վարկանիշային հետազոտությունում ընդգրկված 130 պետությունների շարքում հարավկովկասյան հանրապետություններից ահաբեկչության ազդեցության ցուցանիշով կրկին ամենաբարենպաստ դիրքում Հայաստան էր՝ 108-րդ հորիզոնական։ Հայաստանին հաջորդում էր Ադրբեջանը, որը զբաղեցրել էր զեկույցի 106-րդ հորիզոնականը։ Հարավային Կովկասի երկրներից ամենախոցելի արդյունքը կրկին Վրաստանինն էր՝ 87-րդ հորիզոնական։ 2016թ. վարկանիշային տվյալներով` Թուրքիան հայտնվել էր 14-րդ դիրքում։

2017թ. վարկանիշային զեկույցի տվյալներով` մեծացել է ահաբեկչության ազդեցության ռիսկայնության աստիճանը Հայաստանի դեպքում։ Զեկույցում ընդգրկված 130 պետութունների շարքում Հայաստանը զբաղեցնում էր 75-րդ դիրքը,  Վրաստանը 77-րդն էր։ Հարավկովկասյան երկրներից լավագույն ցուցանիշը Ադրբեջանինն էր՝ 95-րդ դիրքով։ «Գլոբալ ահաբեկչության ինդեքս- 2017թ.» վարկանիշային զեկույցում Թուրքիայի ցուցանիշը բացասական միտում է ունեցել՝ հայտնվել է 9-րդ հորիզոնականում։

«Գլոբալ ահաբեկչության ինդեքս-2018թ.» զեկույցում ներառված 138 պետությունների շարքում Հայաստանը գտնվում է 83-րդ դիրքում՝ կրկին հայտնվելով հարավկովկասյան երկրների շարքում ահաբեկչության ազդեցության ռիսկայնության ամենացածր մակարդակում։ Հայաստանին հաջորդում են Վրաստանն ու Ադրբեջանը՝ համապատասխանաբար 89 և 98-րդ հորիզոնականներով։ 2018թ. զեկույցում հարևան Թուրքիան 12-րդ դիրքում է։

Պետք է նկատել, որ վարկանիշային այս զեկույցների մեթոդաբանությունում, որպես ահաբեկչական ակտիվության խթան հանդիսացող գլխավոր գործոններից մեկը, դիտարկվում են հակամարտությունները։ Կարող ենք ենթադրել, որ վերջին երկու տարիներին զեկույցում Հայաստանին տրված համեմատաբար ցածր ցուցանիշները ուղղակիորեն պայմանավորված են արցախա-ադրբեջանական, հայ-ադրբեջանական սահմանային սրացումներով ու հատկապես` ապրիլյան ռազմական գործողություններով։ Սա իր հերթին թույլ է տալիս հետևություն անել, որ հայ-ադրբեջանական դիմակայությունում Բաքվի ագրեսիվ դիրքորոշումը և գործողությունները դիտվում են որպես ահաբեկչության իրականացման հնարավորության տեսանկյունից պոտենցիալ գործոններ կամ պարունակում են ահաբեկչության տարրեր, դրսևորումներ։ Այլապես` օբյեկտիվորեն անհասկանալի է զեկույցում, վերջին երկու տարիների կտրվածքով, Հայաստանի վարկանիշային ցուցանիշների անկման միտումը՝ հաշվի առնելով Հայաստանի ներքին անվտանգության միջավայրի բավական բարձր մակարդակը։

Մեկ այլ՝ Global Finance ամսագրի կողմից հրապարակվող «Աշխարհի երկրների անվտանգությունը» 2019թ. վարկանիշային զեկույցով հարավկովկասյան երկրներից ամենաանվտանգն է համարվել Վրաստանը, որը զեկույցում ներառված 128 պետությունների շարքում զբաղեցնում էր 49-րդ հորիզոնականը։ Վրաստանին հաջորդում է Հայաստանը՝ 62-րդ դիրքով։ Հարավային Կովկասի երկրների շարքում անվտանգության ցուցանիշով ամենաանբարենպաստ դիրքում հայտնվել է Ադրբեջանը՝ 71-րդ հորիզոնական։ Վարկանիշային այս զեկույցի մեթոդաբանությունը հիմնվում է 3 ցուցիչների վրա՝ տվյալ պետությունում կամ առանձին տարածքում պատերազմի կամ խաղաղության գործոնը, անհատի անվտանգության գործոնը և բնական աղետների ռիսկը։

Տարածաշրջանը և Հայաստանի անվտանգությունը

Թեև Հայաստանն օբյեկտիվորեն կարող ենք համարել մեր տարածաշրջանի, ինչու` ոչ, նաև միջազգային մակարդակով ամենաանվտանգ երկրներից մեկը, այդուհանդերձ, միջազգային հարաբերությունների քաոտիկ իրադրությունը, մերձավորարևելյան տարածաշրջանում անկայունությունը, տարբեր շահերի խտացվածությամբ աչքի ընկնող հարավկովկասյան գործընթացները, ընդհանուր առմամբ, շարունակում են պարունակել անվտանգության տեսանկյունից ռիսկային տարրեր ու միտումներ, որոնք կարող են անուղղակի կամ ուղղակի անդրադառնալ այդ թվում և Հայաստանի վրա։ Աշխարհաքաղաքական զարգացումների ընդհանուր տրամաբանությունում շարունակում է պահպանել ակտուալությունը, այսպես կոչված, թիթեռնիկի էֆեկտը, որը բնութագրում է մի շարք քաոտիկ գործընթացների կամ համակարգերի առանձնահատկությունները։ Ըստ այդ տերմինի` համակարգի նկատմամբ աննշան ազդեցությունը կարող է ունենալ խոշոր և անկանխատեսելի հետևանքներ լրիվ այլ վայրում։ Այդ տեսանկյունից` չպետք է բացառել, որ Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքներ ունենան Մերձավոր Արևելք, Թուրքիա, զուգահեռաբար՝ նաև եվրոպական ուղղությամբ՝ ենթադրելով դրսևորումներ այլ հարթություններում ու երևույթներում։ Ավելին` այսօր շատ է խոսվում այն մասին, որ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում դրական միտումների, հակահաբեկչական պայքարում որոշակի հաջողությունների արդյունքում «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորումը փորձում է ապակենտրոնացնել իր մարտավարությունը՝ ահաբեկչական գործողությունները տեղափոխելով այլ պետություններ։

Թերևս ակտուալությունը չի կորցրել Վրաստանում ԻՊ ահաբեկչական խմբավորման հնարավոր ներթափանցման և գործունեության ծավալման վերաբերյալ թեմատիկան։ Արծարծվում էր Պանկիսի կիրճում ահաբեկիչների հնարավոր տեղակայման, ռազմական ճամբարի առկայության հարցը։ Գաղտնիք չէ, որ Պանկիսի կիրճում վերապատրաստված և Սիրիայի, Իրաքի ահաբեկչական գործողություններին ակտիվ մասնակցած` ահաբեկչական խմբավորման «վրաստանյան» ներկայացուցիչներից շատերը բարձր դիրքեր են զբաղեցրել ԻՊ ղեկավար շրջանակում։

Խորհրդանշական էր 2015թ. նոյեմբերին G-20 գագաթնաժողովում ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունը, ըստ որի` ԻՊ-ը ֆինանսավորվում է շուրջ 40 երկրից, այդ թվում`  քսանյակի որոշ պետություններից։ Դրան հաջորդեց «Իզվեստիա» թերթում հրապարակված հոդվածը, որումղ խոսվում էր ԱՊՀ երկրներից, առաջին հերթին՝ Ղազախստանից ու Ադրբեջանից ԻՊ-ին խոշոր ֆինանսական հատկացումների մասին։ ԻՊ-ում Ադրբեջանի քաղաքացիների ներգրավմանը նպաստում են վերջին տարիներին հարևան երկրում իսլամիստական արմատական հոսանքների ակտիվացման միտումները։

Հայաստանի դեպքում նախ մտահոգիչ են Թուրքիայի կողմից սահմանային խախտումների միտումները, մարտահրավերները։ Իհարկե, ահաբեկչական հնարավոր ներթափանցման հնարավորությունները ցածր ռիսկային են հայ-թուրքական սահմանի ուղղությամբ, նախ` այն պատճառով, որ ՌԴ սահմանապահների կողմից Թուրքիայի հետ սահմանային վերահսկողությունն իրականացվում է բավական բարձր արդյունավետությամբ։ Այդուհանդերձ, նշյալ իրողությունը չպետք է թուլացնի հայկական կողմի զգոնությունը, մանավանդ`վերջին շրջանում հայ-թուրքական սահմանախախտումների միջադեպերը հաճախակի են դարձել, ինչը պետք է դիտարկել որպես Հայաստանում հեղափոխական փուլում Թուրքիայի կողմից սահմանային անվտանգության մակարդակը, սահմանապահների զգոնությունը փորձարկելու հնարավորություն։ Հիշեցնենք, որ սահմանային խախտման դեպքերից մեկի ժամանակ Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերված սահմանախախտի բջջային հեռախոսում առկա էին պետական սահմանին տեղակայված ինժեներական կառույցների և պատնեշների լուսանկարներ ու ֆայլեր։

Մյուս կողմից` փորձագետների մի մասը սահմանային անվտանգության տեսանկյունից առավել խոցելի է համարում հայ-իրանական սահմանը։ Որպես հիմք` դիտարկում են Իրանի տարածքից այդ երկրի քաղաքացի հանդիսացող` ազգությամբ ադրբեջանցիներից եկող հնարավոր ռիսկերը, որոնք կարող են կապ ունենալ Թուրքիայի կամ Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ։ Միևնույն ժամանակ նշենք, որ Հայաստանի սահմանապահ ծառայությունը, ինչպես և ներքին ու արտաքին հետախուզությունը բավական արդյունավետ են իրականացնում իրենց ծառայողական պարտականությունները։

Կարեն Վերանյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica