close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
+5°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թրամփի հայտարարությունը տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից լուրջ մարտահրավերներ է պարունակում. փորձագետ

Աշխարհ

22 Մարտի 2019, 12:20
 Թրամփի հայտարարությունը տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից լուրջ մարտահրավերներ է պարունակում. փորձագետ

Գոլանի բարձունքները Իսրայելի սուվերեն տարածք ճանաչելու՝ Թրամփի հայտարարությունը, անկախ դրա իրավական հիմնավորումից, տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից լուրջ մարտահրավերներ է պարունակում. Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ Մերձավոր Արևելքի գործընթացներում այդ հայտարարությունը:

«Մի փոքր պատմական անդրադարձ կատարենք։ 1944 թվականից Գոլանի բարձունքները պատկանում էին Սիրիային: Բարձունքների այդ կարգավիճակը պահպանվեց մինչև 1967թ.։ Վեցօրյա պատերազմի արդյունքում Գոլանի բարձունքների արևմտյան հատվածը` այդ տարածքի 2/3 մասը, անցավ Իսրայելի վերահսկողության տակ: Իսրայելի Քնեսետը 1981թ. Գոլանի բարձունքների մասին օրենք ընդունեց, որով միակողմանիորեն ճանաչեց բարձունքների նկատմամբ Իսրայել պետության սուվերենությունը։ ՄԱԿ-ը, սակայն, այդպես էլ չճանաչեց այդ որոշումը։ Գոլանի բարձունքների որոշ շրջաններ շարունակում են մնալ Սիրիայի վերահսկողության տակ։ Գոլանի բարձունքներում Սիրիայի ու Իսրայելի միջև բաժանարար գիծն անցնում է ապառազմականացված գոտիով, որը գտնվում է ՄԱԿ-ի մանդատի ներքո։ Ապառազմականացված գոտում ՄԱԿ-ի մանդատը տարածվում է Գոլանի բարձունքների՝ թե՛ Իսրայելի, թե՛ Սիրիայի վերահսկողության տակ գտնվող տարածքի վրա։ Սիրիական ճգնաժամի տարիներին այդ տարածքներում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը խաթարվել էր, քանի որ դրանք անցել էին ահաբեկիչների վերահսկողության տակ։ 2018թ. օգոստոսի կեսերից Գոլանի բարձունքներում ՄԱԿ-ի առաքելությունը վերահաստատվեց»,- Գոլանի բարձունքների վերաբերյալ պատմությունը ներկայացրեց փորձագետը:

Ըստ նրա` նախագահ Թրամփի հայտարարությամբ, որը ճանաչում է Իսրայելի սուվերեն իրավունքը Գոլանի բարձունքների՝ երկրի կողմից վերահսկվող տարածքների նկատմամբ, կարող է հանգեցնել նրան, որ  ապառազմականացված այդ գոտու իսրայելական հատվածից դուրս բերվեն ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը։ «Ավելին` 2018թ. ամռանը Գոլանի բարձունքների մինչապառազմականացված գոտու սիրիական հատվածում վերահսկողական առաքելությամբ դիրքավորվեցին նաև ՌԴ ռազմական ոստիկանական ուժերը։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ այս ամենի արդյունքում Գոլանի բարձունքներում Իսրայելի ու Սիրիայի միջև, և ոչ միայն` նրանց միջև, ուղիղ ռազմական շփման օղակը սեղմվում է, ինչը կարող է կողմերի միջև նոր լարվածության, բախումների հանգեցնել»,- կարծիք հայտնեց Կարեն Վերանյանը:

Նա հավելեց, որ մինչ Թրամփի հայտարարությունը տեղի ունեցավ ևս մեկ կարևոր խորհրդանշական զարգացում, այն է՝ օրերս ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների գծով վերջին զեկույցում Գոլանի բարձունքները սահմանվեցին որպես «Իսրայելի կողմից վերահսկվող տարածքներ», այն դեպքում, երբ նախորդ զեկույցներում հանդիպում էինք «Իսրայելի կողմից գրավյալ տարածքներ» ձևակերպմանը։

«Կարծում եմ, որ Գոլանի բարձունքները Իսրայելի սուվերեն տարածքներ ճանաչելու՝ Թրամփի հայտարարությունը, անկախ դրա իրավական հիմնավորումից, տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից լուրջ մարտահրավերներ է պարունակում։ Ավելին` իրավիճակը բարդանում է նաև Սիրիայից ամերիկյան զորքերի մեծ մասի դուրս բերման հանգամանքներում։ Կկոշտանա նաև իրանական կողմի դիրքորոշումը, ինչը կանդրադառնա Սիրիայում իրանական գործոնի ռազմական մարտավարության վրա»,- ասաց փորձագետը:

Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերեն իրավունքների ճանաչումը կարող է նախադեպ լինել նաև այլ հակամարտությունների, մասնավորապես` Արցախյան հակամարտության համար, Կարեն Վերանյանը պատասխանեց, որ հավանականությունը գրեթե զրոյական է, քանի որ դրանք լրիվ այլ իրողություններ են, ընթանում են այլ տարածաշրջանում, որտեղ ռազմաքաղաքական ու անվտանգային մեխանիզմներն ունեն այլ իրավաքաղաքական, ռազմաքաղաքական տրամաբանություն:

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
11 Դեկտեմբերի 2019, 15:05 ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica