close
Եղանակը Երևանում
24 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնս 2019
USD1477.53
GBP1604.41
EUR1539.47
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուրացանք մեր մեծերին

Հարթակ

21 Մարտի 2019, 17:42
 Ուրացանք մեր մեծերին

Ավաղ, ուրացանք մեր Մեծերին: Ցավալի է սա արձանագրելը, սակայն փաստերն անհերքելի են: Ընթացիկ տարին հարուստ է հայ մեծերի հոբելյաններով՝ Կոմիտաս, Հովհաննես Թումանյան, Արամ Մանուկյան և Լևոն Շանթ:

Կոմիտասի ու Թումանյանի մասով ամեն բան պարզ է. մշակույթի նախարարությունը կազմակերպել կամ կազմակերպելու է միջոցառումներ, վարչապետ Փաշինյանը Թումանյանի հոբելյանի կապակցությամբ այցելեց Դսեղ... Բայց մոռացության մատնեցինք շատ կարևոր օրեր՝ հունվարի 29-ին Արամ Մանուկյանի մահվան 100-րդ տարելիցը և մարտի 19-ը՝ Արամի ծննդյան 140-ամյակը: Պետական և ոչ մի ինստիտուտ չհիշեց այս օրերը: Հանրապետության վարչապետը լռեց, հանրապետության Ազգային ժողովը լռեց, հանրապետության նախագահը նույնպես լռեց, լռեց նաև հանրապետության ոստիկանապետը: Վերջինս պարզապես լռելու իրավունք չուներ, չէ՞ որ Արամ Մանուկյանը Հայաստանի Առաջին հանրապետության ներքին գործերի նախարարության հիմնադիրն էր ու գերատեսչության առաջին ղեկավարը:

Ցավալի է, սակայն` փաստ, մենք մոռացանք Արամին, մոռացանք այնպես, ինչպես անցյալ տարի մոռացանք Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիր-վարչապետ Հովհաննես Քաջազնունու ծննդյան 150-ամյակն ու մահվան 80-րդ տարելիցը: Մոռացանք ու լռեցինք: Խորհրդարանական կառավարման երկրում անտեսում են հանրապետության վարչապետի ու խորհրդարանի նախագահի ծննդյան օրը: Սա՞ է մեր պատկերացրած խորհրդարանական երկիրը: Ամո՛թ է, պարզապես ամո՛թ: Արամ Մանուկյանին մոռանալը, չհիշելը պարզապես անազնիվ է: Արամ Մանուկյանն այն երջանիկներից էր, որ շուրջ 600 տարվա պետականության կորստից հետո Մայր Հայաստանում ծնեց ու սեփական զավակի նման սկսեց զարգացնել Հայաստանի Հանրապետությունը: Արամը պարզապես ռազմական կամ քաղաքական գործիչ չէր, Արամը նաև լոկ կուսակցական գործիչ չէր, Արամը ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂ ԷՐ, ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ էր: Այսօր  շատերը ասում են, թե Արամը ՀՅԴ-ական էր, թող իրենք էլ մտածեն: ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ վերկուսակցական պետական գործիչ էր, նա Հայաստանի Հանրապետության ՀԻՄՆԱԴԻՐ-ՀԱՅՐՆ է, որին պետք է հիշի ու մեծարի յուրաքանչյուր հայ և յուրաքանչյուր պետական ու քաղաքական գործիչ:

Այս անտարբերությունը տեղիք է տալիս մտածելու, որ պետական մակարդակով ցանկանում են մոռանալ ՀՀ հիմնադիրներին: Անընդունելի է, պարոնա՛յք, անընդունելի է: Մոռանալ անցյալը` նշանակում է անփույթ վերաբերմունք դրսևորել ապագայի նկատմամբ:                                

Առջևում Լևոն Շանթի 150-ամյակն է: Տեսնենք՝ ապրիլին կհիշվի՞ Շանթի ծննդյան օրը, թե՞ այդ հոբելյանն էլ կանտեսվի: Կապրենք, կտեսնենք:

Հրանտ Սարկիսով

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող

ԱԺ նիստը` ուղիղ
24 Հունիսի 2019, 10:02 HES_VIDEOԱԺ նիստը` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica