close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2019
+19°
+23°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2019
USD1476.76
GBP1608.06
EUR1526.20
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպե՞ս հասնել իրական խաղաղության եւ ի՞նչ ասել է` «Ադրբեջանի խաղաղասեր ժողովուրդ»

Թեմա

18 Մարտի 2019, 11:15
 Ինչպե՞ս հասնել իրական խաղաղության եւ ի՞նչ ասել է` «Ադրբեջանի խաղաղասեր ժողովուրդ»

ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը՝ Արցախում տեղի ունեցած ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, իսկ ՀՀ ԱԽ քարտուղար Ա. Գրիգորյանը՝ Հանրային հեռուստատեսության եթերում, պետական ամենաբարձր մակարդակով հայտարարեցին, որ հայկական կողմը մեծապես կարևորում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը։ Հետաքրքրական էր նաև նշյալ հայտարարությունների այն մասը, որ ադրբեջանական հանրությանը խաղաղության նախապատրաստելը ոչ միայն Ադրբեջանի, այլև ՀՀ իշխանությունների մասնակցությամբ պետք է տեղի ունենա: Ավելին՝ ըստ ՀՀ վարչապետի հայտարարության, չնայած Ադրբեջանի նախագահի ոչ համարժեք արձագանքներին, ՀՀ-ն պատրաստ է շարունակել երկխոսությունը Ադրբեջանի խաղաղասեր ժողովրդի հետ։ Իր հերթին՝ ԱԽ քարտուղար Ա. Գրիգորյանը, Հանրային հ/տ-ն եթերում ամենայն վստահությամբ հայտարարեց. «Առաջին հերթին մենք համոզված ենք, որ ադրբեջանական ժողովուրդը պատրաստ է խաղաղության, և Ադրբեջանի ժողովրդի հետ պետք է շարունակենք երկխոսությունը, մտածենք էն ձևաչափերը, որով հնարավոր է երկխոսություն և տանենք էդ երկխոսությունը, որոհետև այդ ժողովուրդը պատրաստ է խաղաղության։ Մենք տեսնում ենք, որ հնարավորություն կա ժողովրդի հետ երկխոսելու»։

Փաստենք, որ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ շահագրգիռ մի շարք երկրներում, կան գիտահետազոտական և տեղեկատվական-վերլուծական կենտրոններ, քարոզչական բնույթի հատուկ ծրագրեր և այլն (հասկանալի պատճառներով չենք կարող բացել շատ փակագծեր), որոնք արդեն մի քանի տասնամյակ է, ինչ հիմնարար, համակարգված և հայեցակետային դիրքերից «խոսում են» «ադրբեջանական» հորջորջվող ժողովրդի տարբեր հատվածների, այն է՝ թալիշների, թաթերի, լեզգիների և այլ էթնոսների ներկայացուցիչների հետ։ Էթնիկ հանրույթներ, որոնք տասնամյակներ ի վեր տառապում են ադրբեջանականացման-թյուրքացման մեքենայի անիվների տակ, իսկ հաճախ՝ արցախյան ռազմաճակատում օգտագործվում որպես թնդանոթի միս։ Պարզորոշ է այդ «հատուկ երկխոսության» և՛ բնույթը, և՛ նպատակը։ Այսինքն՝ Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելը, այն է՝ իրական այն գործընթացը, որը բերելու է ռեալ արդյունքներ և ապահովելու է երկարատև կայունություն այդ հողի վրա՝ վաղուց արդեն մեկնարկել է, և դրա մեկնարկը տվել են և՛ ՀՀ վերոնշյալ շրջանակները, և՛ վերջիններիս հետ սերտորեն համագործակցող այլ լրջագույն կենտրոններ։ Այստեղ ինչքան էլ վարչապետն ու ԱԽ քարտուղարը փորձեն տպավորություն ՙկերտել՚, թե իրենք հանդես են գալիս ադրբեջանի ժողովրդի հետ առանձին երկխոսության աննախադեպ նախաձեռնությամբ, տեղյակ մարդկանց մոտ դա առնվազն տարօրինակ է հնչում։

Փաստենք նաև, որ ՀՀ ներկայիս իշխանությունները տոտալ անտարբերություն են ցուցաբերում նշյալ շրջանակների այս խիստ կարևոր գործունեության նկատմամբ, և այս հողի վրա վերջիններիս միջև բացակայում է որևէ շփում, քննարկում կամ տարրական շփում։ Եվ այս պայմաններում և՛ զարմանալի է վարչապետ – ԱԽ քարտուղար տանդեմի նման հայտարարությունները, և՛ արդեն ինչ-որ տեղ զարմանալի չէ։ Արդեն պարզորոշ է, որ ՀՀ նոր իշխանությունները գնում են ոչ թե հայ քաղաքակրթությունը երկրի երեսից բնաջնջել ցանկացող ադրբեջանական փոքրիկ կայսրությունը ներսից թուլացնելու, մասնատելու, այնտեղ բնակվող կովկասյան և արիական ժողովուրդների հետ «երկխոսելու» միջոցով տեղում ազատագրական շարժումներ արթնացնելու, ներկայիս ադրբեջանականացվող միջավայրում Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամությունը վայելող թալիշական, թաթական, լեզգիական, ուդիական և այլ քաղաքակրթական շերտեր կայացնելու կարևորագույն ճանապարհով, այլ շոշափելի ոչինչ չտվող, դատարկ հայտարարություններով լրատվական դաշտը լցնելու և միջազգային քիմքին հաճելի պաթոսային տրամադրություններ ստեղծելու ուղիով`առանց հասկանալու, որ Ադրբեջան կոչված արհեստական և որպես բիզնես պրոեկտ ստեղծված միավորը կա և մշտապես լինելու է սպառնալիք հայ ժողովրդի համար, և որ մենք պարտավոր ու պարտադրված ենք օժանդակելու այդ տարածքում արդեն հազարամյակներ ապրող ժողովուրդներին՝ ստեղծելու իրենց պետականությունները։ Բանական հայի համար դժվար է պատկերացնել, թե, որևէ ձևով չօգտագործելով ադրբեջանում ապրող և տառապող բազմաթիվ ժողովուրդների ներուժը, ինչպե՞ս պետք է երկխոսել Ադրբեջանի ժողովրդի հետ, ավելին՝ հասնել խաղաղության հաստատման. այդ ի՞նչ մոգական ուժերի են տիրապետում ՀՀ իշխանությունները, որոնց մասին հանրությունը չգիտի կամ, այդ ո՞ր գաղտնի տեղեկատվության մեջ է արձանագրված, որ «Ադրբեջանի ժողովուրդը» խիստ խաղաղասեր է։

Իրականում, ինչպես նշեցինք վերևում, ամեն ինչ այնքան էլ զարմանալի չէ, ինչպես կարելի է ենթադրել առաջին հայացքից, սա՝ մի կողմից, և մյուս կողմից՝ և՛ Փաշինյանը, և՛ Գրիգորյանը բնավ հիմար չեն, որ անեն նման, առաջին հայացքից գոնե ՀՀ-ում կամ Արցախում ապրող յուրաքանչյուր քաղաքացու ծիծաղը շարժող հայտարարություններ։ Իրականում ամեն ինչ ավելի խորն է, քան կարելի է ենթադրել, իսկ շան գլուխը՝ բոլորովին այլ տեղ։ Նախքան մեկնաբանությունը կցանկանայինք մի դրվագ ներկայացնել մերօրյա կյանքից։ Օրերս մեր բնակարան էին այցելել «Եհովայի վկաներ» կոչված աղանդի քարոզիչ երկու սիրունատես կանայք։ Մի քանի րոպե լսելուց հետո վերջիններիս ուղիղ հարց տվեցի. «Դուք մերժում եք զենքի գործածումը և մեզ էլ քարոզում եք նույնը անել, այդ դեպքում ինչպե՞ս են պաշտպանելու ձեզ մեր զինվորները կամ տղամարդիկ, երբ հարևան թշնամի ադրբեջանցիները մտնեն մեր երկիր և ձեզ բռնաբարեն»։ Պատասխանը սա էր. «Գիտեք, մենք նույնը քարոզում ենք նաև Ադրբեջանում, և երբ բոլորը մեզ լսեն, ապա ոչ մի հարձակում չի լինի»։

Գաղտնիք չէ, որ ադրբեջանի ժողովրդի խաղաղասեր լինելու մեջ անչափ վստահ և այդ նույն ժողովրդի հետ երկխոսելու և խաղաղության նախապատրաստելու գործին լծված ՀՀ նոր իշխանությունները մեծապես վայելում են ինչպես աղանդավորական շրջանակների, այնպես էլ իրենց գործառույթներով դրանց մոտ գտնվող միջազգային տարաբնույթ, հիմնականում՝ վատահամբավ կազմակերպությունների, ինչպես նաև դրանցից ֆինանսապես և գաղափարապես սնվող տեղական մի շարք արբանյակների հարգանքն ու վստահությունը։ Ահա այստեղ պետք է իրականում փնտրել այս հայտարարությունների հիմքերը, գործելաոճ, որը համահունչ է և հար ու նման նշյալ շրջանակների վարքագծին, ավելին՝ իր մեջ կրում է այդ ողջ փիլիսոփայությունը։ Եվ այս գործելաոճը նոր չէ, եւ ցույց է տալիս իր ականջները. արժե հիշել ոչ վաղ անցյալում ոչ անհայտ տիկնոջ՝ զենքերից կանանց զարդեր պատրաստելու մասին ծիծաղելի ու մանկամիտ քարոզչական բնույթի արտահայտությունները, և իշխանական շրջանակներում ազդեցիկ դիրքեր ունեցող բազմաթիվ շրջանակների նմանաբնույթ տրամադրությունները։

Թե ինչ է տալու ՀՀ-ին և Արցախին Փաշինյան-Գրիգորյան զույգի՝ այս հողի վրա դրսևորվող նման վարքագիծը՝ դժվար չէ կանխորոշել. միջազգային ունկնդրին հաճելի պահեր, իսկ հայ ժողովրդին և մեր երկրին՝ ռազմաստրատեգիական և անվտանգության իմաստով՝ առայժմ ոչինչ, իսկ մոտ ապագայում՝ բազմաթիվ վտանգներ և սպառնալիքներ, որոնց անդրադարձը այլ քննարկման նյութ է։

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica