close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինտեգրացիոն նոր հնարավորություններ Հայաստանի համար

Թեմա

16 Մարտի 2019, 11:30
 Ինտեգրացիոն նոր հնարավորություններ Հայաստանի համար

Իրանի նկատմամբ ամերիկյան տնտեսական պատժամիջոցները, ԱՄՆ-Չինաստան առևտրատնտեսական դիմակայությունը, Միջին և փոքր հեռահարության հրթիռների  ոչնչացման մասին պայմանագրից Միացյալ Նահանգների դուրս գալը նպաստում են եվրասիական տարածաշրջանում հիմնական խաղացողների միջև շահերի մոբիլիզացման գործընթացների արագացմանը՝ առևտրատնտեսական, ռազմաքաղաքական և այլ ուղղություններով: Արդյունքում` տնտեսական համագործակցության զարգացման համար նոր հնարավորություններ են բացվում եվրասիական տնտեսական ինտեգրացիոն ուղղություններով: Հոդվածում առավել հանգամանորեն կանդրադառնանք եվրասիական, մասնավորապես, ԵԱՏՄ-Իրան ձևաչափով ինտեգրացիոն վերջին զարգացումներին և այդ համատեքստում Հայաստանի առևտրատնտեսական հնարավորություններին:  

ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը

Վերջին տարիներին սկսել է ակտիվորեն քննարկվել Իրանի և ԵԱՏՄ միջև հարաբերությունների ինստիտուցիոնալիզացման հնարավորության հարցը, ինչը 2018թ. մայիսի 17-ին ամրագրվեց Իրանի և ԵԱՏՄ միջև ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման մասին ժամանակավոր, այլ կերպ ասած՝ պարզեցված առևտրի համաձայնագրով: Փաստաթուղթը ենթադրում է երկփուլանի ընթացակարգ, որի առաջին փուլով նախատեսվում է նվազեցնել գործող մաքսային տուրքերը, երկրորդ փուլը ենթադրում է 3 տարվա ընթացքում ավարտին հասցնել ԱԱԳ ձևավորման շուրջ վերջնական ու ամբողջական պայմանագիրը, որը տարածվում է ապրանքային ամբողջ անվանացանկի վրա: Համաձայնագրով` Իրանի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի միջին մակարդակն արդյունաբերական ապրանքների նկատմամբ նվազելու է 7%-ով, ԵԱՏՄ մասով՝ 3.3-3.5%-ով։ Պարզեցված համաձայնագիրը ենթադրում է 300-ից ավելի ապրանքատեսակների վրա մաքսատուրքերի նվազեցման ընթացակարգ: Այս պահի դրությամբ` 5 երկրներից երեքը՝ Ռուսաստանը, Ղրղըզստանը և Բելառուսը, արդեն վավերացրել են համաձայնագիրը: Առաջիկայում Հայաստանը ևս կվավերացնի:

ԵԱՏՄ-Իրան պարզեցված առևտրի համաձայնագիրն իրապես կարող է նոր տնտեսական հնարավորություններ բացել, այդ թվում` Հայաստանի համար, որը Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ անդամ պետությունն է: Դա կնպաստի ինչպես հայ-իրանական երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացմանը, այնպես էլ ԵԱՏՄ-Իրան ինտեգրացիոն տնտեսական գործընթացների ընդլայնմանն` առհասարակ: Ասենք ավելին` Հայաստանը միակ երկիրն է, որը միաժամանակ անդամակցել է ԵԱՏՄ-ին և ստորագրել համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ԵՄ-ի հետ, որի շնորհիվ Հայաստանը կարող է կամրջել ԵՄ-ն Միջին ու Հեռավոր Ասիայի երկրների հետ:

Հայ-իրանական տնտեսական նախագծերի հեռանկարների շուրջ

Փետրվարի 27-ին  Հայաստանի վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը Իրան նոր շունչ կարող է հաղորդել հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես` այդ համատեքստում նախագծված, սակայն այդպես էլ չգործարկված, ինչպես և կառուցման ընթացքում գտնվող երկկողմ ու բազմակողմ նախագծերին: Այցի ընթացքում` Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո, Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր:

Բանակցությունների ընթացքում կողմերն անդրադարձան ինչպես Հայաստան-Իրան, այնպես էլ քառակողմ՝ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան ձևաչափերով բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ուղղությամբ համագործակցության հեռանկարներին: Օրերս պաշտոնապես հայտարարվեց, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ին արդեն ավարտված կլինեն Իրան–Հայաստան 400կՎ լարման էլեկտրահաղորդման գծի (ԷՀԳ) և համապատասխան ենթակայանի կառուցման աշխատանքները։

Երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկման օրակարգում էին նաև Մեղրիի ՀԷԿ-ի աշխատանքների հետ կապված հարցերը: Հիշեցնենք, որ իրանական կողմը նախատեսում էր իրանական ներդրողից գնել Մեղրիի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալը:

Այսօր միանշանակ չեն Մեղրիի ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) շահագործման հեռանկարները: Նախնական գնահատականներով` տնտեսական գոտու գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում էր ներգրավել մինչև 70 շահագործող կազմակերպություններ, որոնք կիրականացնեն մինչև 130 մլն դոլարի ներդրումներ՝ ստեղծելով շուրջ 1500 նոր աշխատատեղեր: Մեղրիի ազատ տնտեսական գոտում իրանական կողմի առևտրատնտեսական ակտիվության խնդիրը բարդանում է նաև այն պատճառով, որ հարևան Իրանը գտնվում է ամերիկյան տնտեսական պատժամիջոցների ներքո: Մյուս կողմից` անհրաժեշտ քայլերի դեպքում թերևս կարող են այդ ուղղությամբ հնարավորություններ բացվել ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի շրջանակներում, ինչի մասին հայկական կողմը քանիցս հայտարարել է:

Այսօր ավելի քան ակտուալ է դառնում  Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքում Հայաստանի՝ որպես Պարսից ծոցը Սև ծովի  նավահանգիստների հետկամրջող տարանցիկ երկիր ներկայանալու հարցը: Այդ համատեքստում կարևորվում է Եվրոպայից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ (տարբեր տրանսպորտային միջոցներով` երկաթուղային, օդային, ծովային) բեռնափոխադրումների ծրագրի աշխուժացման խնդիրը, որտեղ Հայաստանն իրապես կարող է դառնալ այլընտրանքային տարանցիկ երկիր: Հիշեցնեմ, որ ժամանակին փորձնական տարբերակով 2 կոնտեյներ էր ջրային ճանապարհով տեղափոխվել Փոթի, այնուհետև երկաթուղով՝ Հայաստան (Երասխ կայարան), որտեղից էլ ավտոտրանսպորտով՝ հարևան Իրան: Ի դեպ, Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Իրանի նախագահը հայտարարեց, որ Թեհրանը պատրաստ է մասնակցել Հայաստանի Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքներին:

Կարելի է խոսել Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հավակնոտ նախագծի ու դրա իրագործման խիստ անհրաժեշտության մասին, թեև այսօր մեծ չէ դրա կյանքի կոչման հավանականությունը՝ նախևառաջ հարցի ֆինանսական մասով: Ավելին` Փաշինյան-Ռոհանի հանդիպման ընթացքում ուշագրավ էր Իրանի նախագահի հայտարարությունը, որի համաձայն` «իրանական կողմը պատրաստակամ է ավելացնել իրանական գազի մատակարարումների ծավալները, նաև զարգացնել եռակողմ համագործակցություն` գազ արտահանել դեպի Վրաստան»:  

Ակնկալիքներ ԵԱՏՄ-ՉԺՀ ձևաչափից

Հայաստանի տեսանկյունից` ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը կարևորվում է նաև ավելի լայն իմաստով՝ դիտարկելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական ռազմավարական նախաձեռնության շրջանակում առևտրատնտեսական մեծ հնարավորությունները: Բերենք մի քանի տվյալ. 2015թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության սահմանակից երկրները Չինաստանում ստեղծել են ավելի քան 1600 ձեռնարկություն, իսկ օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 6.12 մլրդ դոլար: Չինական կողմն իր հերթին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության սահմանակից 48 երկրներում իրականացրել է ավելի քան 12 մլրդ դոլար ընդհանուր ծավալով ներդրում: Չինաստանի պաշտոնական աղբյուրներով` 2015թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին չինական ձեռնարկությունները 57 երկրներում ստորագրել են ավելի քան 3000 պայմանագիր՝ 59 մլրդ դոլար ընդհանուր ծավալով:

Հավելենք նաև, որ շուրջ երկու տարի տևած բանակցությունների արդյունքում 2018թ. մայիսի 17-ին Աստանայի տնտեսական ֆորումի ժամանակ ստորագրվեց ԵԱՏՄ-Չինաստանի առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը: Սա իսկապես Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ-պետության համար լավ հնարավորություն է ընդլայնելու առևտրատնտեսական կապերը ինչպես ԵԱՏՄ-ում, այնպես էլ ներգրավվելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» հարթակներում: Այդ ամենի ուղղությամբ հավելյալ ակտիվացումը մեզ չէր խանգարի: Ավելին` մարտի սկզբներին Բուխարեստում Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի և Ռումինիայի արտգործնախարարները քննարկել են Կասպից և Սև ծովերի միջև բեռնափոխադրումների ուղեգիծ անցկացնելու հարցը: Կողմերը հուշագիր են ստորագրել, որով հաստատվում է նրանց պատրաստակամությունը` սեղմ ժամկետներում կյանքի կոչել այդ նախագիծը: Առաջիկայում նախատեսվում է ձևավորել փորձագիտական աշխատանքային խումբ` ընթացիկ տեխնիկական հարցերի լուծման համար: Նշենք, որ Ադրբեջանը (ինչպեսև Վրաստանը) այսօր ակտիվ աշխատանքներ է տանում, որպեսզի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական ռազմավարական նախաձեռնության շրջանակներում հաղորդակցական հնարավոր նախագծերն ու տարանցիկ միջանցքները օգտագործվեն հօգուտ իրեն:

Կարեն Վերանյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica