close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի վերաբերյալ

Քաղաքական

27 Փետրվարի 2019, 12:55
 ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի վերաբերյալ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ: Սկիզբը կարդացե'ք այստեղ (բաժին 1), (բաժին 2) (բաժին 3), (բաժին 4), (բաժին 5), (բաժին 6), (բաժին 7), (բաժին 8):

Մշակույթ և երիտասարդություն

 1.  Ծրագրի «Մշակույթ» բաժնի շարադրանքից ակներև է, որ մշակույթը լուսանցքված է, այն չի կարևորվել մեր պետականաշինության, ազգային ինքնության, ազգային արժեհամակարգի ձևավորման համատեքստում, չի գիտակցվել նրա դերակատարությունը հոգևոր և ազգային ավանդույթների վրա խարսխված մշակութային միջավայրի ձևավորման, քաղաքացիական բարձր գիտակցությամբ օժտված հասարակության ձևավորման մեջ։

2. Հստակ է, որ ծրագիրը գրվել է ի մտո ունենալով Մշակույթի նախարարությունը Կրթության նախարարությանը միավորելու ձգտումը։ Երևույթը կարելի է և պետք է դիտարկել ազգային արժեքների դեմ թիրախավորված արշավի տրամաբանության մեջ։ Այս մտածումը պետք է կասեցնել, մշակույթի քաղաքական ընկալման բացակայությունը կամ թերագնահատումը հղի է անդառնալի հետևանքներով:

3. «Ուղենիշեր և կառավարության խնդիրներ» բաժնում կառավարության գործունեության հիմնական շեշտադրումների և առաջնահերթությունների շարքում մշակույթը որպես ոլորտ առանձնացված կամ քաջալերված չէ։ Կարևորված կամ հասցեական մոտեցում չկա նաև դեպի երիտասարդությունը, որը հեղափոխության շարժիչ ուժն է։

4. Կառավարության խնդիրների շարքում շեշտվում են՝ «Ազդեցության գնահատման և վերլուծությունների վրա հիմնված քաղաքականության ապահովումը», «Անցում կատարելը ռազմավարական պլանավորման և փաստերի ու տվյալների վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակման մոդելին»։ Սակայն մշակույթի ոլորտի պարագայում այդ գնահատականը տրված չէ, ոչ էլ վերլուծություն կամ ազդեցության գնահատում է կատարվել, երբ առաջարկվում է միավորել Մշակույթի և Կրթության և գիտության նախարարությունները։

5. Մարդկային ներուժի զարգացման գործոնների թվում մշակութային գործոնի դերակատարությունը բացակայում է։

6. Սոցիալ–քաղաքական փոփոխությունների համատեքստում (աղքատության, գործազրկության հաղթահարում, ժողովրդագրություն, համաչափ զարգացում, արտագաղթի մեղմում) մշակույթի դերակատարությունը առհասարակ չի դիտարկվում։

7. «Կրթությունը և գիտությունը» բաժնում դպրոցներին վերապահվում է համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին ուղղված՝ ազատ ստեղծագործական, զարգացման կենտրոնների դերակատարություն. անհասկանալի է, թե ինչ հայեցակարգ և նյութական միջոցներ են ընկած այս գաղափարի հիմքում։

8. Ողջ մշակութային դաշտը և այդ ուղղությամբ հանձնառությունները ներառված են երկու խմբում՝ մշակութային ժառանգություն և ժամանակակից արվեստներ։ Ըստ էության այսպիսի ներկայացումը չի արտահայտում ոլորտի ընդգրկվածությունն ու բազմաշերտությունը, խնդիրների այն լայն ցանկը, որոնց լուծումը հայ մշակույթի համար հրատապ ու առաջնային են:

9. Քանի որ բացված չէ, թե «ժամանակակից արվեստներ» հասկացության մեջ ինչ է մտնում, ծրագրում բացակայում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են թատերարվեստը, կինոարվեստը, գրահրատարակչությունը, կերպարվեստը, ժողովրդական արվեստները կամ արխիվային գործը։ Բնականաբար, այս ուղղությամբ, ինչպես նաև գեղարվեստական կրթության ծրագրերի մասին խոսք չկա։

10. Կառավարության մշակույթի ոլորտի հանձնառությունն ավելի շուտ մշակույթի կոնսերվացման ծրագիր է հիշեցնում։ Մշակութային ժառանգության, առհասարակ մշակույթի զարգացման շուրջ որևէ հաստատում չկա։

11. Անդրադարձ չկա այնպիսի կարևոր խնդիրների, ինչպիսիք են պատմության և մշակութային անշարժ հուշարձանների պահպանության գոտիները, դրանց հարակից տարածքներում ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանն ուղղված ներդրումային քաղաքականության ակտիվացումը, կառավարման նոր մոդելների ներդրումը։

12. Սփյուռքի մշակութային ներուժը ներառելու կամ սփյուռքահայ մշակութային կառույցներին աջակցելու, խրախուսելու ոչ մի հանձնառություն։ Խոսք չկա այլ պետությունների տարածքում սփռված հայկական մշակութային ժառանգության պահպանման ու հանրահռչակման, դրանց խնդիրների միջազգայնացմանը միտված ծրագրերի ու նպատակների մասին։

13. Խոսք չկա թվայնացման միջոցով մշակութային ժառանգության մատչելիության մասին (նախկինում խնդիր էր դրվել թվայնացնել նաև Հայաստանի ազգային գրադարանում առկա՝ 1512-1960 թվականների անձեռնմխելի հավաքածուն, կինոժառանգությունը, երաժշտական ստեղծագործությունների նոտաներ):

14. Չի հիշատակվում կամ կարևորվում միջազգային և համահայկական մշակութային կազմակերպությունների և կառույցների հետ համագործակցությունը։

15. «Մշակույթ» բաժնում, ինչպես այլ տեղերում, կոնկրետ, չափելի, ժամանակի մեջ հստակեցված որևէ ծրագրային դրույթ չկա, ինչը նաև նշանակում է, որ վերջնարդյունքը հնարավոր չի լինելու օբյեկտիվորեն գնահատել: Միչդեռ ծրագրի սկզբում շեշտվում է անցումը տվյալների և փաստերի պլանավորման վրա հիմնված քաղաքականության մոդելի։

16. Ակնհայտ է, որ մշակույթի ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործման լուրջ անհրաժեշտություն կա: Ցանկալի է հստակեցնել այն օրենքները, որոնց ստեղծման անհրաժեշտությունը կա։

17. Հանրային հեռուստատեսությանը անդրադարձող միակ պարբերությունում մեկ շեշտադրում կա․ «Կրթական և մշակութային քաղաքականության առանցքային նպատակը գրական հայերենի տարածումն է»։ Սա նշանակում է չգիտակցել և չկարևորել հանրայինի դերակատարությունը ազգային դաստիարակության, հայրենասիրության, հանրային համախոհության, համահայկական ընդհանրական տեղեկատվական, կրթական և մշակութային դաշտի ձևավորման գործում։

18. Հիմնականում երիտասարդներով համալրված իշխող ուժը երկու պարբերություն է հատկացրել երիտասարդության թեմային, ու կրկին՝ ոչ մի հստակություն։ Պարզ խոստում, որ կառավարությունը նախատեսում է «ներառական երիտասարդական քաղաքականություն մշակել», նաև նպատակ ունի «մշակել երիտասարդության զբաղվածության և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ մեխանիզմներ»։ Երիտասարդությանը վռրաբերող ամբողջ բաժինը բարեմաղթություն է, որը չի պարունակում ո՛չ կոնկրետ ծրագրային դրույթ, ո՛չ մեխանիզմներ, ո՛չ էլ՝ չափելի խոստում:

Շարունակելի

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica