close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի վերաբերյալ

Քաղաքական

26 Փետրվարի 2019, 12:55
 ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի վերաբերյալ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ: Սկիզբը կարդացե'ք այստեղ (բաժին 1), (բաժին 2), (բաժին 3), (բաժին 4), (բաժին 5), (բաժին 6), (բաժին 7):

Կրթություն և գիտություն

 1. Ծրագրում կրթությունը դիտված է որպես սոցիալ-տնտեսական զարգացման հենասյունային մակրոգործոն, սակայն այս մոտեցման լիարժեքությունը, ներառական զարգացման, հատկապես՝ մեր երկրում կրթության բոլոր ձևերի հասանելության ապահովման տեսանկյունից, օբյեկտիվորեն պահանջում է, որ այն բնակչության համար լինի անվճար՝ պետական ամբողջական ֆինանսավորմամբ:

2. Արձանագրենք, որ ծրագրի այս հատվածում կան դրույթներ, որոնց իրագործումը խրախուսելի է: Պետք է փաստել նաև, որ վերջիններս հիմնականում վերցված են նախկին ծրագրերից։ Օրինակ՝ նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում կրթության և ուսուցման որակը բարձրացնելու համար գործատուների ակտիվ ներգրավմամբ դուալ կրթական համակարգի ընդլայնումը, ֆինանսական և գործառնական ուսումնառության ծրագրերի զարգացումը որոնք ներդրվել են 2017-2018 ուսումնական տարվանից: Խրախուսելի է 2010 թվականից գործադրվող բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին կայուն դպրոցական սննդով ապահովելու ծրագրի պահպանումը: Նույնը վերաբերում է նաև դպրոցական կառավարման բարելավված համակարգի, փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մոդելների ներդրումը, միջին մասնագիտական կրթական ծրագրերի արդիականացումը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնումը, հավասարակշռված հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմների ինստիտուցիոնալ հենքի ստեղծումը և այլն:

3. Ծրագրում առկա են մի շարք անորոշ ձևակերպումներ և գաղափարներ, որոնց իրականացման մեխանիզմները, սկզբունքները և գործիքակազմը հստակեցման և որոշակիացման կարիք ունեն։ Մասնավորապես դպրոցները զարգացման կենտրոնների վերածելու շրջանակում նախ անհրաժեշտ է ծրագրի կենսագործման գնահատման վերլուծություն կատաարել՝ հստակեցնելու գաղափարի նյութատեխնիկական բազան, հատկապես երբ ծրագրում խոսք չկա դպրոցաշինության, դպրոցների շենքային պայմանների բարելավման մասին։

4. Հանրակրթության ոլորտում, առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը, ոչինչ չի ասվում ազգային և հայրենասիրական դաստիարակության մասին: Մեր կարծիքով՝ սա առանցքային թերացում է, որին պետք է լուրջ ուշադրություն դարձնել:

5. Շրջանառության մեջ է դրվել «Մանկավարժի վարքականոն» կոչվող փաստաթուղթը։ Չանդրադառնալով վերոհիշյալի առնչությամբ էթիկայի դաշտում հնչած քննադատություններին՝ ցանկալի պիտի լիներ, որ կառավարությունը ոլորտի աշխատավարձի բարձրացում նախատեսեր, ինչպես նաև կարևորեր ուսուցիչների պատրաստման, զարգացման և մասնագիտական առաջընթացն ապահովող ծրագրերը։

6. Հանրակրթության ոլորտում պետք էր արձանագրել սփյուռքահայ կրթօջախներին աջակցելու, դասագրքերով ապահովելու, սփյուռքահայ ուսուցիչներին վերապատրաստելու անհրաժեշտությունը:

7. Միջին մասնագիտական կրթության ոլորտում նախանշված ողջունելի դրույթների հետ մեկտեղ անհրաժեշտ էր ամրագրել նաև հետևյալ հանձնառությունները. պետպատվերի ձևակերպումն իրականացնել ըստ աշխատաշուկայի պահանջների, բարեփոխել օրենսդրական դաշտը, միջին մասնագիտական հաստատությունների գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ֆինասավորումն իրականացնել ըստ մասնագիտությունների առանձնահատկությունների, համակարգում ներդնել սոցփաթեթի ինստիտուտ:

8. Վերանայել և արդիականացնել բուհերի կրթական ծրագրերը, որոշ առարկաներ տեղափոխել ավագ դպրոց:

9. Որևէ անդրադարձ չկա մագիստրոսական կրթությանը, մինչդեռ այն շարունակում է մնալ բարձրագույն կրթական համակարգի խոցելի օղակը։ Պետք է վերանայել որոշ մասնագիտությունների մագիստրոսական ծրագրերը, դրանք տևողությունը և նպատակահարմարությունը:

10. Ծրագրից բացակայում է Հայաստանը տարածաշրջանային համալսարանական կենտրոն դարձնելու կամ, նվազագույնը, արտասահմանցի ուսանողների համար Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալը հրապուրիչ դարձնելու նպատակը:

11. «Բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետու­թյունը, տրա­մադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող և գիտական հետա­զոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին» դրույթը թերի է: Մինչդեռ պետք է շեշտել նաև անվտանգության կարիքները, պակաս կարևոր չեն ազգային հումանիտար-հայագիտական ուղղությունները:

12. Գիտությունը ծրագրում ներկայացված է հիմնականում կրթության հետ, և երկու դեպքում էլ Հայաստանի իրողություններից բխող խնդիրները ամբողջությամբ ներկայացված չեն: Տեղի է ունենում գիտության ծերացում, որն ազգային սպառնալիք է: Գիտության զարգացման համապարփակ ծրագրի մշակումը առաջնահերթություն է: Անհրաժեշտ է նաև գիտության արդյունավետ, ուղղահայաց կառավարման սկզբունքի որդեգրումը, գիտական աստիճանաշնորհման կարգի վերանայումը:

13. Անդրադառնալով ՀՆԱ-ի մեջ կրթության և գիտության մասնաբաժնին՝ պետք է առաջիկա 5 տարվա ընթացքում այն 2 տոկոսից բարձրացնելու նպատակ դնել:

14. Այսպիսով՝ կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագրի կրթության և գիտության բաժինը, դրական և ողջունելի դրույթներին զուգահեռ, ունի մի շարք անորոշ և մտահոգիչ նպատակադրումներ, որոնք չեն բխում ոչ միայն հռչակված հեղափոխական նպատակներից, այլև մեր երկիրը դեպի զարգացում տանելու խոստումներից: Ակնհայտ է, որ այն խոստումները, որոնք տրվել էին նախընտրական փուլում և դրանից առաջ, բացարձակապես արտացոլված չեն ծրագրում։

Շարունակելի

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica