close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը, կարծես, փորձում է թոթափել Արցախի անվտանգության երաշխավորի պարտականությունը. Արտաշես Մխիթարյան

Հարցազրույց

19 Փետրվարի 2019, 18:08
 Կառավարությունը, կարծես, փորձում է թոթափել Արցախի անվտանգության երաշխավորի պարտականությունը. Արտաշես Մխիթարյան

Կառավարությունն Արցախի անվտանգության ապահովման հարցում դրսևորած իր մոտեցմամբ, կարծես, առաջիկա հինգ տարիներին փորձում է թոթափել անվտանգության երաշխավորի պարտականությունը. Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության ծրագրի` պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող հատվածին`նշեց ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար Արտաշես Մխիթարյանը:

- Կառավարության ծրագրում Արցախի անվտանգությանը և դրա երաշխավորմանը, ինչպես նաև շարունակական ամրապնդմանն անդրադարձ է կատարվում միայն գործունեության հիմնարար ուղենիշներում: Բացարձակապես անդրադարձ չկա ո'չ կառավարության խնդիրների, ո'չ էլ պաշտպանական ոլորտին առնչվող հարցերի շրջանակում: Իմ կարծիքով` այս մոտեցմամբ կառավարությունը, կարծես, առաջիկա հինգ  տարիներին փորձում է թոթափել անվտանգության երաշխավորի պարտականության կատարումը: Օրինակ, ըստ մեր մոտեցման, Արցախի Հանրապետության հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքմամբ` Հայաստանը պարտավորություն է ստանձնում ոչ միայն խոսակցություններով, այլև իրավական հիմքով կատարել իր պարտականությունները: Ըստ իս՝ Արցախի անվտանգության երաշխավորման առումով կառավարության ծրագիրը թերի է, քանի որ կոնկրետ գործողություններ և ժամկետներ չկան:

- Զինված ուժերի համալրման հարցում պահպանվել է պարտադիր ժամկետային և պայմանագրային ծառայության` փոխլրացնող համակարգը: Մի առիթով ասացիք, որ պահեստազորայինների մասին ևս  օրենսդրական առանձին անդրադարձ պիտի կատարվի:

- Կառավարության ծրագրում նշվում է, որ «պետության պաշտպանունակության բարձրացման տեսանկյունից առաջնահերթությունը տրվելու է առկա ուժերով և միջոցներով ռազմական խնդիրների կատարման՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստականությանը՝ անձնակազմի արհեստավարժության, զինանոցի և միջազգային կապերի արդյունավետության և մարտադաշտում ֆիզիկական, հոգեբանական ու մտավոր գերազանցության միջոցով»: Եվ այստեղ ոչ մի խոսք չկա արհեստավարժ պահեստազորայինների պատրաստման մասին, սա, առհասարակ, անտեսված է, որը ՀՀ ԶՈւ համալրման լրջագույն  ձև է:

Նույն ձևով կարևորում են «զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համաձայնեցված գործունեությունը»: Եվ այսքանով  վերջ, ու  զորահավաքային պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ ուրիշ խոսք չկա:  Այստեղ մոռանում են, թե ինչ ասել է` քաղպաշտպանություն, այն միայն զորահավաքային պահուստներ ունենալը չէ: Կան քաղպաշտպանության կարևորագույն խնդիրներ, որոնք անտեսված են, մասնավորապես` խոսք չկա բնակչության տարհանման, անհատական միջոցներով ապահովման, ապաստարանների կառուցման, մարտական գործողությունների շրջանից խաղաղ բնակչության դուրսբերման մասին: Կարևորում են բնածին կամ տեխնածին աղետների կանխումը, բայց դրանց ժամանակ բնակչության անվտանգության ապահովման համար ինչ-որ միջոցառում կատարելու մասին խոսք  չկա: Այստեղ կարևոր է նաև քաղաքացու  անհատական պաշտպանությունը՝ հակագազեր, խալաթներ և այլ պարագաներ, ոչ մի խոսք չկա: Սա է մտահոգիչ: Թռուցիկ, ցանկությունների տեսքով, ամբոխահաճո հայտարարություններով իրենց անգործությունն ուզում են երաշխավորել: Մինչդեռ 2017-2022 թվականի կառավարության ծրագրում կոնկրետ ժամկետներ կային, նաև թե ինչ են անելու:

Ի դեպ, խորհրդային տարիներին ամեն շենքի տակ կային ապաստարաններ, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանի վայրի սեփականաշնորհման տարիներին վաճառվեցին, և դրանց տեղում այսօր ռեստորաններ և խանութներ են, բայց դրանք նախատեսված էին պատերազմի դեպքում բնակչության անվտանգության ապահովման համար: Երկրորդ՝ նախկին իշխանությունները սահմանամերձ գոտիներում ապաստարանների կառուցման ծրագրեր էին ձեռնարկում, ճիշտ է՝ մասնավոր միջոցներով էին,  բայց պետությունը գոնե  ինչ-որ կերպ խրախուսում էր, հիմա այդ գործընթացն էլ է կանգնեցված:

 - Ընդդիմություն եղած ժամանակ, որոշ առիթներով նաև այժմ իշխող քաղաքական ուժը «Ազգ-բանակ» գաղափարը քննադատում էր, կառավարության ծրագրում ի՞նչ կերպով է այս գաղափարն արտացոլված, գուցե՝ տողատակերո՞ւմ:

- Կարելի է ասել՝ տողատակերում կա. նրանք ասում են՝ «մեր գլխավոր մրցակցային առավելությունն առաքելության զգացումով առաջնորդվող մարդիկ են, ուստի ջանք ու եռանդ չի խնայվելու նրանց համար ծառայության բարենպաստ պայմանների և արժանի վարձատրություն ապահովելու համար»: Բայց այդ` «առաքելության զգացումով առաջնորդվող մարդկանց» թվում կան դասալիքներ, հենց նույն կառավարության անդամները, որոնք եթե պարտականության զգացում չունեն, ինչպե՞ս է դա փոխվելու «առաքելության զգացում»ի: Ընդամենը գեղեցիկ հայտարարություն է: Մինդեռ`  այն մարդիկ, որոնք  իրենց ամբողջ գիտակցական կյանքն այդ նույն առաքելությանն են նվիրել, անտեսվում  են՝ կամավորականներ, աշխարհազորայիններ: Օրինակ բերեմ՝  «Արար» հիմնադրամի հետ համատեղ ՊՆ-ն սահմանամերձ շրջաններում անցկացնում էր վարժական հավաքներ, հիմա դադարեցված են:

Երկրորդ՝ ՀՅԴ-ի կազմավորած պահեստային գումարտակը, որի կազմում եղած ազատամարտիկները  պատրաստ են  պատերազմի դեպքում կամավոր մեկնել առաջնագիծ, լինել զինվորի կողքին, լուծարել են: Նրանց պետք չեն «ռազմահայրենասիրական շիզոֆրենիայով» առաջնորդվող մարդիկ:

- «Մատչելի բնակարաններ` զինծառայողներին» պետական աջակցության ծրագիրը միանշանակ չընդունվեց զինվորականների կողմից, հատկապես` որ այն չի տարածվում թոշակառու զինծառայողների վրա, ավելին` ոչ բոլորի երիտասարդներին է հասու, քանի որ բանկերից վարկային կախվածության  վտանգ կա:

- Այո, թոշակառու զինծառայողները չեն կարող ներգրավվել այդ ծրագրում, և, այո,  նույնիսկ շատ երիտասարդներ չեն կարող օգտվել ծրագրից, քանի որ ընտանիք պահելու  խնդիր ունեն: Կառավարության ծրագրում նշվում  է՝ «կառավարությունը նախատեսում է զարգացնել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության համակարգը, երաշխավորել նրանց ամբողջական և որակյալ իրային ու պարենային բավարարումը: Սոցիալական պաշտպանվածության, զինվորական ծառայության գրավչության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսվում է իրականացնել բնակարանային և բժշկական ապահովման ծրագրեր»: Մինչդեռ նախկին ծրագրերում հստակ նշվում էր, որ մինչև 2020 թվականի  ավարտը պետք է մշակել զինծառայողների և նրանց ընտանիքների, զինվորական հաշմանդամների, զոհված և անհայտ կորածների ընտանիքների սոցիալիական ապահովման ռազմավարությունը, ինչպես նաև երաշխավորել սոցիալական ապահովման գործուն համակարգ, որը կներառի բնակարանային ապահովության, անվճար օգնության, հանգստի կազմակերպման հարցերը և այլ արտոնություններ:

Հարցն այն է, որ կառավարության որոշմամբ 5 միլիարդ դրամ հատկացվեց զինվորական թոշակառուների բնակարանային ապահովման համար, մինչդեռ կառավարության ծրագրում սա ամրագրված չէ: Ասենք՝ 1200 հոգին ստացան, բա այս տարվա զորացրվողնե՞րը: Այս դեպքում զինվորական ծառայության ի՞նչ գրավչության մասին կարող է խոսք լինել: Եթե զինվորական թոշակառուն իր թոշակի մի մասը պիտի բնակարանի վարձ տա, ինչպե՞ս է ապրելու: Եթե նա ոչ մի ապագա չունի, նրան մնում է արտագաղթել, հատկապես` եթե ծառայել է խորհրդային բանակում,  կգնա Ռուսաստան  և այնտեղ թոշակ կստանա:

- Մեր ազգային անվտանգության ռազմավարությունն ավելի քան 10 տարվա պատմություն ունի, մինչդեռ այդ ընթացքում աշխարհաքաղաքական իրողություններ են փոխվել, և այսօր գործ ունենք արագ փոփոխվող աշխարհի հետ: 

- Կառավարության ծրագրում նշված է, որ «իրականացվելու է պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի հերթական շրջափուլը, որը թույլ կտա անվտանգության միջավայրի, առկա և հավանական ռազմական սպառնալիքների, դրանց չեզոքացման հասանելի ռեսուրսների և հնարավորությունների համակողմանի գնահատման հիման վրա սահմանել պաշտպանության ռազմավարական պլանավորման նպատակներն ու խնդիրները»: Սակայն այստեղ անդրադարձ չկա ազգային անվտանգության  նոր հայեցակարգի մշակմանը, որը պետք է ունենա սկզբունքային նշանակություն ազգային անվտանգության ապահովման գործում: Ի վերջո, պետք է հասկանալ, որ գործող հայեցակարգի մշակման ժամանակ այդքան սրված չէին հարաբերությունները հարևանների հետ, չկար Սիրիայի կամ այնտեղ հումանիտար խումբ ուղարկելու խնդիր: Բոլոր սպառնալիքները պետք է հաշվի առնվեն, և այդ պաշտպանական քաղաքականության վերանայումը պետք է բխի ազգային անվտանգության հայեցակարգից: Այստեղ հարկ եմ համարում ընդգծել, որ այսօր երբեմն խոսվում է Իրան-Իսրայել հնարավոր պատերազմից, որը մեզ վրա էլ է ազդելու, քանի որ Իրանը մեր հարևանն է:

Զրուցեց Մարիամ Պետրոսյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica