close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2019
USD1480.03
GBP1611.99
EUR1535.62
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սեփականաշնորհված արդարադատություն

Հարթակ

19 Փետրվարի 2019, 15:19
 Սեփականաշնորհված արդարադատություն

Բավական երկար ժամանակ է, ինչ մտահոգված եմ մի խնդրով, որին տարիներ շարունակ բախվել եմ, սակայն այն վերջերս սրվել և մեր երկիրը հասցրել է գրեթե քաոսային իրավիճակի։ Տեսեք` ցանկացած հարցի դեպքում տարբեր մտածելակերպ ունեցող մարդկանց կողմից կարող են լինել տարատեսակ սուբյեկտիվ մոտեցումներ, սակայն կան հարցեր, որոնք պետք է ունենան օբյեկտիվ, արդարացի և լեգիտիմ պատասխաններ։ Առօրյա կյանքում տարաբնույթ հարցեր են առաջանում, որոնք ստիպում են մտածել, քննարկումներ ծավալել, այդ խնդիրներն արժանանում են կա'մ մեր քննադատությանը, կա'մ հավանությանը, ինչն առողջ մարդկային երևույթ է որևէ հասարակության կամ ժողովրդի համար։ Սակայն կան հարցեր, որ շատ ավելի խորքային վերաբերմունքի և անաչառ դատողության կարիք ունեն և չեն կարող սահմանափակվել որևէ մեկի սուբյեկտիվ «այո»-ով և «ոչ»-ով, ճշտով և սխալով, լավով ու վատով: Այդ խնդիրները կարիք ունեն ձերբազատվելու հաճախ մարդկային քմահաճույքների հիման վրա ձևավորված որևէ կողմնակալ ուղղորդումից։ Նման հարցերը պետք է դիտարկվեն թե' մարդկային, թե' իրավական տեսանկյուններից։ Մարդու իրավունքներից բխած դատողության, արդար մոտեցման և իրավական գնահատականի համադրումը կոչվում է արդարադատություն։

Արդարադատություն, իրավական համակարգ և Սահմանադրություն. ահա սրանք են մեր քաղաքակրթության և դրա առաջընթացի երաշխիքները։ Վերոնշյալի կայացումով և կիրառումով է ձևավորվում պիտանի քաղաքացիական հասարակություն, որը զոհ չի գնա պոպուլիստական և ոչ մի իրավական հիմք չունեցող, վտանգավոր օրակարգերի, այլ ընդունակ կլինի, կշռադատելով տվյալ խնդրից բխող բոլոր հետևանքները,  իր բոլոր մանրամասնություններով մատնանշել խնդրի բուն պատճառը և լուծման ուղիները։

Արդարադատությունը ճիշտ արդյունք ունենալու համար պետք է լինի անկախ իր դատական իշխանությունով և ենթակա միմիայն իր արդար, մարդասիրական առաքելությանը։ Իսկ եթե արդարադատությունը լինի ուղղորդված և կողմնակալ, ապա հետևանքները կարող են լինել ճակատագրական։ Ուղղորդել կամ իրականացնել սեփական ցանկություններով թելադրված արդարադատություն` նշանակում է սեփականաշնորհել արդարությունը։ Արդարադատությունը սեփականաշնորհման ենթակա չէ, որ կարողանաս, ըստ ցանկության, շահագործել, որովհետև արդյունքներից մեկը կարող է լինել սխալ հիմքերի վրա ձևավորված քաղաքացիական հասարակությունը, որը կհանգեցնի ժողովրդի սխալ ընկալման ձևավորմանը զանազան էական հարցերի (օրինակ` ազգային, պետական, մարդկային, համամարդկային շահեր հասկացությունների, դրանց առանձնահատկությունների ու տարբերությունների) նկատմամբ։

Նման արատավոր պրակտիկայի բացասական հետևանքներն արդեն երևում են: Հեռու չգնալով` բերեմ թարմ օրինակ` ազգային խորհրդանիշ համարվող՝ Հայաստանի Հանրապետության օրհներգի փոփոխման առաջարկը, որը, ի զարմանս ինձ և ինձ նման շատերի, հասարակության մի հատվածի կողմից արժանացավ դրական արձագանքի։ Սա արդեն վկայությունն է այն փաստի, որ որոշ հասկացություններ խեղաթյուրվում են։ Իսկ խաղալ քաղաքացիական հասարակության գիտակցության մակարդակի ու առաքելության հետ և օգտագործել այն ի նպաստ անձնական քաղաքական նպատակների` առնվազն հանցագործություն է։

Եթե մի քիչ ավելի մանրանանք, կտեսնենք, որ այսպիսով նաև ուրվագծվում են մարդու խոսքի, տեղաշարժի և տեղեկատվության ազատության սահմանները` տվյալ անձի կամ ղեկավարի ճաշակի համաձայն։ Արդյունքում ունենալու ենք մտալվացված, կաղապարված և խաբված ժողովուրդ։

Եզրակացություն` ցանկացած իշխանություն՝ լինի ներկայիս, թե` ապագա, այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում, լեգիտիմության անվան տակ, չարաշահելու է ժողովրդի վստահությունը՝  սեփական իղձերը դե ֆակտո կյանքի կոչելու  համար։ Մենք այլևս պետք է կրենք այն ակնոցը, որով հստակ նկատվում են մարդկայինի և իրավականի միջև առկա չափազանց նուրբ եզրերը, որպեսզի կարողանանք կանխարգելել նման պառակտիչ փորձերը։

Արշակ Մեսրոպյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica