close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավինյանն Ալավերդի չի ժամանել. տեղացիները կրկին փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը

Հասարակություն

15 Փետրվարի 2019, 13:23
 Ավինյանն Ալավերդի չի ժամանել. տեղացիները կրկին փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը

Ալավերդի քաղաքի բնակիչների հետ  փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու ՎՏԲ բանկի ներկայացուցիչների` խոստացված հանդիպումը տեղի չունեցավ: Պղնձաձուլարանի աշխատանքների դադարեցման պատճառով գործազուրկ դարձած ալավերդցիների հետ քաղաքի մշակույթի տան դահլիճում հանդիպմանն էին եկել «Էյ Սի Փի» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանն ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը. հայտնում է Yerkir.am-ի աղբյուրը:

Մարզպետը նախ հիշեցրեց ձուլարանի աշխատանքների դադարեցման ու ՎՏԲ բանկի վարկային պատմությունը, ապա ավելացրեց, որ Թեղուտի հանքավայրի և Ալավերդու պղնձաձուլարանի խնդիրները դիտարկվում են միասին ու միաժամանակ: «Նախկինում ձեզ ժամկետներ են ասել, թե երբ կաշխատի ձուլարանը, բայց կոնկրետ չեն ասում, թե դուք եկող շաբաթ աշխատելու եք կամ կոնկրետ բան է լինելու: Ինձ ինչ ասել են, ես հաղորդում եմ ձեզ: Իմացեք, որ այդ գործընթացը գնում է: Առաջարկում եմ ամենօրյա ռեժիմով կապը պահել ինձ հետ, պատրաստ եմ իմ հեռախոսահամարը ձեզ տրամադրել, որ դուք հստակ իմանաք` գործընթացն ընթանում է, շարժ կա, ու ամեն ինչ այդքան հուսահատ չէ»,- հավաքվածներին հայտնեց Ղուկասյանը:

Լուսինե Մեջլումյանը, պատասխանելով մարզպետին, ասաց, որ տեղեկության մեջ անճշտություն կա, ու այն ձնագնդի պես գնալով տարածվում է: Նա չգիտի` որտեղի՞ց է տեղեկությունը, թե պղնձաձուլարանի վերագործարկումը կապված է «Թեղուտ» ՓԲԸ-ն վերաշահագործելու հետ:

«Գործարանը, այո, ժամանակին գրավադրվել է Թեղուտի հանքավայրի շահագործման շրջանակում, բայց սեպտեմբեր ամսից «Թեղուտ»-ն անցել է բանկին, ու այն այլևս «Վալլեքս»-ի կազմում չէ: Թե ի՞նչ իրավական գործընթացներ են իրականացվում «Թեղուտ» ընկերությունում, ով եկավ, ով գնաց, ինչ արեց, դա «Էյ Սի Փի» ընկերության հետ որևէ կապ չունի: Եկեք «Էյ Սի Փի» ու «Թեղուտ» ընկերությունները, որպես երկու իրավաբանական միավորներ, առանձնացնենք: Տեխնոլոգիական առումով ևս «Թեղուտի» վերաբացումը կամ չվերաբացումը պղնձաձուլական գործարանի վերաբացման հետ կապ չունի: Գործարանն աշխատել է և՛ մինչև Թեղուտի գործարկումը, և՛ դրա դադարից հետո: Ես ուզում եմ, որ այդ մոլորությունը փարատվի, որ եթե Թեղուտը չաշխատեց, ձուլարանն էլ չի աշխատելու»,- ասաց նա:

Մեջլումյանը հստակորեն շեշտեց, որ կառավարությունն ունի այն լծակները, որոնք չունենք իրենք` որպես տնտեսվարող սուբյեկտ: Մոտ 8 ամիս կառավարությանը խնդրում են կիրառել ունեցած գործիքներն ու մեկ սեղանի շուրջ հավաքել թե՛ՎՏԲ-ին, թե՛«Վալլեքս»-ին, թե՛ այն կառույցներին, որոնց ներկայությունը կառավարությունը նպատակահարմար է համարում: «Թե ի՞նչ լուծում կլինի դրանից հետո, դա երկրորդական է: Ըստ էության` բացասական պատասխանն էլ պատասխան կլինի: Մեր ճակատագիրն առաջին հերթին  առկախված է բանկի դիրքորոշումից, որ չգիտենք` վերջիվերջո, ինչ է լինելու, ու երկրորդը` բնապահպանական խնդրից: Բայց մինչև բանկի հետ կապված խնդիրը չլուծենք, չենք կարող անդրադառնալ բանկի հետ կապված խնդրին: Ասեմ, որ երկու-երեք օր է` «Վալլեքս» ընկերության փոխնախագահը փորձում է կապ հաստատել փոխվարչապետ Ավինյանի հետ: Նրանք զրույց ունեցել են, որ լուծումներ գտնվեն այս հարցի վերաբերյալ, բայց դրանից այն կողմ որևէ բան տեղի չի ունեցել: Պարո'ն մարզպետ, ինձ ճիշտ հասկացեք, ես որևէ մեկի բոստանը չեմ ուզում քար գցել, բայց իմ ժողովրդից բան չեմ ուզում թաքցնել: Ամեն օր այս մարդիկ իմ կաբինետում են, գալիս են,  ասում` ի՞նչ է լինելու մեր ճակատագիրը: Այստեղ մեղավորներ փնտրելու կարիք չկա: Կա խնդիր, որ բոլորս համատեղ ուժերով պետք է լուծենք»,- ասաց «Էյ Սի Փի» ընկերության տնօրենը:

Մարզպետն արձագանքեց, որ բնավ չի ցանկացել մոլորության մեջ գցել մարդկանց, պարզապես հստակեցրել է` խնդիրը համաժամանակյա լուծում է ենթադրում: Այսինքն` թե՛ Թեղուտի հանքավայրի, թե՛ պղնձաձուլարանի խնդիրները պետք է նույն ժամանակահատվածում լուծվեն:

Ո՛չ ընկերության տնօրենի, ո՛չ մարզպետի խոսքը պղնձագործ ալավերդցիներին չբավարարեց:  Նրանք սրտնեղած էին, որ իրենց հետ հանդիպման չէր եկել փոխվարչապետը: Բոլորը միաբերան պնդեցին` որևէ նոր բան չկա, հին ելույթներն են, խնդիրը մնում է չլուծված: Աշխատել ցանկացող ալավերդցիները որոշեցին կրկին փակել միջպետական երկաթգիծը` մինչև իրենց ձայնը լսելի դառնա:

Այս պահին բողոքի ցույցը շարունակվում է: Ճիշտ է` ամպամած եղանակ է, բայց դա ներկաների «դուխի» վրա չի ազդում: Նրանք նպաստ չեն մուրում, աշխատելու սովոր պղնձագործներ են, որոնք հաճախ անգամ կյանքի գնով մետաղի հետ կռիվ են տալիս:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica