close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+7°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մերձավորարևելյան ընթացիկ զարգացումների շուրջ

Թեմա

2 Փետրվարի 2019, 11:30
 Մերձավորարևելյան ընթացիկ զարգացումների շուրջ

Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը

Մերձավորարևելյան տարածաշրջանային զարգացումները կրկին մտնում են սրացման հերթական փուլ։ Տարածաշրջանում նոր լարվածության ստեղծման պատճառ կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Սիրիայից 2000-անոց ամերիկյան զորքի դուրսբերման վերաբերյալ հայտարարությունը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018թ. դեկտեմբերի կեսին հայտարարել էր  Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ հաղթանակի մասին` նշելով, որ դա երկրում ամերիկյան զորքերի գտնվելու միակ պատճառն էր։ Իհարկե, սա ամենևին էլ չի նշանակում, որ այս հայտարարությունից անմիջապես հետո Վաշինգտոնը շատ կարճ ժամանակաշրջանում դուրս կբերի իր զորքերը Սիրիայից։ Թեև նախագահ Թրամփի կողմից հնչել է հստակ պաշտոնական հայտարարություն, սակայն մերձավորարևելյան այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը պայմանավորված է նաև տարածաշրջանային ընթացիկ գործընթացներով, մասնավորապես` նրանով, թե ինչպիսի հետևանքներ և ազդեցություն կարող է ունենալ զորքերի դուրսբերման վերաբերյալ հնչեցված հայտարարությունը, և ինչ արձագանքներ ու դիրքորոշումներ կլինեն տարածաշրջանային այլ պետությունների կողմից։ Այդ համատեքստում թերևս սխալված չենք լինի, եթե ասենք, որ, իհարկե, մտահոգիչ է, երբ տարածաշրջանում, կայունության ու խաղաղության պահպանման նկատառումներից ելնելով, որևէ պետություն երրորդ երկրի կամ երկրների կողմից զորքեր, տվյալ դեպքում՝ ամերիկյան, զորքեր են մտցվում։ Սակայն շատ ավելի մտահոգիչ է, երբ տարածաշրջանից կամ որևէ երկրից դուրս են բերվում աշխարհաքաղաքական խաղացողներից մեկի՝ ամերիկյան զորքերը, որն, անշուշտ, առաջացնում է որոշակի ռազմաքաղաքական վակուում, ինչն էլ նախադրյալներ կարող է ստեղծել ապակայունացման և նոր տեղաշարժերի համար։ Թերևս այդ հայտարարությամբ էր պայմանավորված այն, որ կրկին իրավիճակը սրվեց պաղեստինա-իսրայելական հակամարտությունում, արդեն խոսվում է ճգնաժամային իրադրության փուլ մտնելու մասին, սիրիական ճակատում նոր լիցք հաղորդվեց նաև Իսրայելի ու Իրանի միջև ընթացող, այսպես կոչված, proxy պատերազմական գործողություններին։ Օրերս լուրեր տարածվեցին, որ իրանական կողմը և «Հըզբոլլահ» շարժումը կրկին քայլեր են ձեռնարկում Իսրայելի հետ սահմանին իրենց ռազմական ներկայությունը վերահաստատելու ուղղությամբ, թեև ետ էին քաշվել Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա:

Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին հնչած` Սպիտակ տան հայտարարությունից հետո տարածաշրջանում ձևավորվող ռազմաքաղաքական վակուումը տրամաբանորեն երկար չի կարող պահպանվել։ Միևնույն ժամանակ նշենք, որ չպետք է սպասել ստեղծված վակուումի մեխանիկական լրացման միտում, քանի որ մենք գործ ունենք տարածաշրջանում շահերի բազմաշերտության հետ։ Սակայն անհրաժեշտ ենք համարում հստակեցնել, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումն ամենևին էլ չի նշանակում, որ ԱՄՆ-ի համար Սիրիան դառնում է պակաս հետաքրքրություն ներկայացնող շահերի գոտի։ Խոսքը վերաբերում է զուտ ցամաքային զորքերի դուրսբերմանը, որն ըստ ամենայնի, նպատակահարմար է` ավելի շուտ ֆինանսական հատկացումների կրճատման անհրաժեշտությունից ելնելով,  այլ ոչ թե ռազմական ցամաքային ներկայության հարցն է, առհասարակ։ Հասկանալի է, որ Վաշինգտոնը տիրապետում է ռազմական, ռազմատեխնիկական բավական հզոր պոտենցիալի՝ ռազմածովային ու ռազմաօդային տեսանկյուններից, ինչը հնարավորություն կարող է տալ ամերիկյան կողմին օպերատիվ արձագանքելու և չեզոքացնելու սիրիական ու տարածաշրջանային ուղղությամբ այն սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնք կարող են կանգնել ԱՄՆ պաշտպանական կամ արտաքին քաղաքականության առջև։

Անկարայի ակտիվացումը տարածաշրջանում

Ինչպես արդեն նշվեց, Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը կարող է արագ չընթանալ՝ կախված տարածաշրջանում ընթացիկ ռազմաքաղաքական գործընթացներից, հնարավոր նոր մարտահրավերներից ելնելով։ Այդ առումով, խորհրդանշական պետք է համարել Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունն առ այն, որ Վաշինգտոնը պետք է Թուրքիայից քրդերի անվտանգության հստակ երաշխիքներ ստանա՝ ընդգծելով, որ Թուրքիայի ցանկացած ռազմական գործողություն Սիրիայի տարածքում պետք է համաձայնեցվի Վաշինգտոնի հետ:

Թեև այս վերջին հայտարարության մեջ պաշտոնական Վաշինգտոնն իր մտահոգությունն էր հայտնում Թուրքիայից տարածաշրջանի և Սիրիայի քրդերի անվտանգության ու անձեռնմխելիության երաշխիքներ ստանալու հարցերի վերաբերյալ, այդուհանդերձ, կարծում ենք, որ խնդիրներն ու շահերը շատ ավելի բազմաշերտ են, լայն և բավական փոխկապակցված, քան տարածաշրջանի քրդերի հարցն ու նրանց անվտանգությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով ու իրողություններով։

Իհարկե, տարածաշրջանի քրդերի անվտանգության հետ կապված հարցերը սկզբունքային են համարվում թե՛ Վաշինգտոնի, թե՛ Անկարայի տարածաշրջանային արտաքին քաղաքականությունում, սակայն դրանք ունեն տրամագծորեն հակառակ մոտեցումներ։ Անկարան բազմիցս է հայտարարել, որ քրդերի ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է իր անվտանգությանը: Հիշեցման կարգով նշենք նաև, որ Էրդողանը պատրաստվում էր ռազմական գործողություններ ձեռնարկել Սիրիայիում արդեն մինչ Թրամփի` Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ հայտարարությունը։ Այդ մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը հնչել էր 2018թ. դեկտեմբերի 14-ին, որին դեկտեմբերի 19-ին հաջորդեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտնի հայտարարությունը։ Իսկ արդեն դեկտեմբերի 24-ին Սիրիայում թուրքական ուժերը Ալ Բաբ քաղաքից շարժվում են դեպի Մանբիջի սահման։ Կարևոր ենք համարում հիշատակել, որ  ԱՄՆ և Թուրքիայի զինված ուժերը Մանբիջի ճանապարհային քարտեզի և անվտանգության սկզբունքների համաձայնությունների շրջանակներում Մանբիջի շուրջ անկախ պարեկային գործողություններ էին սկսել նախորդ տարվա հունիսի 18-ից։

Մյուս կողմից` հետաքրքիր զուգահեռներ կարելի է անցկացնել վերը հիշատակված գործընթացների և սիրիական ուղղությամբ ՌԴ-Թուրքիա գործակցության միջև։ Ոչ վաղ անցյալում` 2017թ. հոկտեմբերի 8-ին, Թուրքիայի զինված ուժերը հետախուզական գործողություններ էին սկսում Սիրիայի Իդլիբ նահանգի տարածքում: Թուրքական զինուժը պատրաստվում էր ցամաքային ստորաբաժանումներ ուղարկել սիրիական նահանգի տարածք:  Թուրքական զինուժը Իդլիբում գործողություններ է իրականացնում Աստանայի բանակցություներում Իրանի և Ռուսաստանի հետ ձեռք բերված համաձայնության շրջանակներում: Հիշեցնենք, որ Աստանայում ձեռք բերված համաձայնությամբ՝ Իդլիբում «ոչ բախումային» գոտի է սահմանվել, որի երաշխավորներից Թուրքիան վերահսկողություն է հաստատում նահանգի տարածքում, Ռուսաստանը՝ հետևում նահանգի սահմաններին հրադադարի պահպանմանը: 

Այդ ամենից ինչ է ստացվում. Անկարան կարողանում է խաղալ և բավական արդյունավետությամբ խաղալ տարբեր աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային բևեռների հետ։ Մի կողմից` Էրդողանը սիրիական Իդլիբի և, առհասարակ, Սիրիայում անվտանգության ապահովման հարցում որոշակի գործողությունների նախաձեռնման հնարավորություն է ստանում` Աստանայում ՌԴ-Իրան-Թուրքիա բանակցություններից ելնելով, մյուս կողմից` կարողանում է Վաշինգտոնի հետ քննարկել Սիրիայի քրդերի հետ կապված հարցեր և ոչ միայն։ Կարծում ենք, որ վերջին գրեթե մեկ տասնամյակում սիրիական ճգնաժամի տարիներին զգալիորեն մեծացել է հենց Թուրքիայի տարածաշրջանային կշիռը, նշանակությունը, որը կարողացել է մանևրել տարբեր աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային շահերի միջև և ստանալ առավելագույն քաղաքական, ռազմաքաղաքական դիվիդենդներ։ Նույն տրամաբանությամբ պետք է դիտարկել նաև Բոլթոնի վերջին հայտարարությունը՝ Սիրիայի քրդերի անվտանգության մտահոգության առնչությամբ՝ հստակ երաշխիքներ անկնալելով Անկարայի կողմից։ Կարծում ենք, որ այս հայտարարությունն ինքնին խոսուն է և ցույց է տալիս, իսկ ավելի շուտ՝ ընդգծում Սիրիայի քրդերի հարցում և տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, Թուրքիայի առանձնակի դերակատարությունը։

Ավելին` 2019թ. հունվարի առաջին կեսին կայացավ Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցը, որի արդյունքները կողմերը թեև դրական են գնահատել, սակայն կարծես սկզբունքային հարցերում և առաջին հերթին քրդերի առնչությամբ դեռևս առկա են ավելի շատ հակասություններ, քան երկխոսության եզրեր։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները պատրաստակամություն են հայտնել շարունակել բանակցությունները Սիրիայում Թուրքիայի կողմից անվտանգության գոտու ստեղծման առաջարկի հեռանկարի շուրջ:

Իսկ արդեն ս.թ. հունվարի վերջերին Մոսկվայում տեղի ունեցան Պուտին-Էրդողան բանակցությունները, որոնց գլխավոր թեմաներից մեկը Սիրիայի իրավիճակն էր։ Կողմերը վերահաստատել են իրենց դիրքորոշումները՝ շարունակելու բանակցությունները Աստանայում ձեռք բերված եռակողմ՝ ՌԴ-Թուրքիա-Իրան պայմանավորվածություններին համապատասխան։ Այդ հանդիպման ընթացքում կրկին հնչել է անվտանգության գոտի ստեղծելու առաջարկը, որը թեև արարողակարգային մակարդակով աջակցություն է գտել Պուտինի կողմից, այդուհանդերձ, հասկանալի պատճառներով Մոսկվային ձեռնտու չէ Սիրիայում անվտանգության գոտու ձևավորման գաղափարը՝ Թուրքիայի ուղղակի մասնակցությամբ։ Հարցը պարզ է՝ դա թույլ կտան Էրդողանին առժամանակ ռազմական ներկայություն հաստատել Սիրիայի այդ շրջաններում։ Գուցե իրավիճակային հարթությունում կողմերը գան ընդհանուր հայտարարի, բայց թերևս ոչ ավելին:

Ոչ հրապարակային, հետկուլիսային քննարկումներում Թրամփ-Էրդողան, Պուտին-Էրդողան բանակցությունները, Սիրիայի իրադրության և քրդերի հիմնահարցերից զատ, ծավալվում են նաև առանցքային այնպիսի թեմայի շուրջ, ինչպիսին է՝ Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթա-հրթիռային համակարգերի ձեռք բերման հնարավորությունը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատն այդ գործարքի հետ կապված արգելափակեց F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային. ԱՄՆ նախագահ Թրամփը ստորագրեց 2019թ. ռազմական բյուջեի նախագիծը, որի կետերից մեկով էլ նախատեսվում էր ժամանակավորապես դադարեցնել Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը:  

Ելնելով վերոնշյալ իրողություններից, հաշվի առնելով ԱՄՆ-Թուրքիա, ՌԴ-Թուրքիա ղեկավարների միջև վերջին շրջանում հանդիպումների, քննարկումների հաճախակիացման միտումները՝ կարող ենք ասել, որ հետկուլիսային ձևաչափում կողմերը վերաճշգրտում են նշյալ առանցքային հարցերի շուրջ սեփական հնարավորություններն ու փոխզիջման սահմանները։ Արդյունքում` Թուրքիան կարող է ձգտել թե՛ Վաշինգտոնից, թե՛ Մոսկվայից ստանալ քաղաքական, ռազմական որոշ դիվիդենդներ, քանի որ ստեղծված իրավիճակում առավել շահեկան դիրքում է հայտնվում հե՛նց Թուրքիան։ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը մեծացնում է տարածաշրջանային խաղացողների շահերի ակտիվացման ու վերադիրքավորման  հնարավորությունները։ Սա նախ մանևրելու հնարավորություն է տալիս առաջին հերթին Անկարային, քանի որ զորքերի դուրսբերմամբ ստեղծված վակուումը Մոսկվայի կողմից համալրման փորձերը կհանդիպեն Վաշինգտոնի դիմակայությանը, դա վերաբերում է նաև Իրանին։ Իսկ Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում, չնայած քրդերի հարցում առկա տարակարծություններին, իրավիճակային, մարտավարական առումով կա փոխզիջման առավել նպաստավոր դաշտ, քան մյուսների առումով։ Էրդողանն իր հերթին հստակ գիտակցում է, որ Թրամփը պատրաստ է գնալ փոխզիջման Թուրքիայի հետ, հատկապես` ռուսական С-400 զենիթա-հրթիռային համակարգերի ձեռք բերման վերաբերյալ ռուս-թուրքական հնարավոր գործարքը տապալելու հարցում։ Բավական խորհրդանշական էր նաև վերջերս Մոսկվայում կայացած Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում այն տեղեկատվության արտահոսքը, ըստ որի` կողմերն անդրադարձել են 1998թ. Թուրքիայի և Սիրիայի միջև ստորագրված Ադանայի պայմանագրին, որով կողմերը համաձայնության են եկել համագործակցել անվտանգության ոլորտում և փոխանակվել հետախուզական տվյալներով։ Ասել է, թե` Մոսկվան քաղաքական աջակցություն է ցույց տալիս Թուրքիային, որպեսզի վերջինս ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Սիրիայի հետ սկսի բանակցությունները երկու երկրների միջև համատեղ սահմանի անվտանգության ապահովման հարցի շուրջ՝ հիմնվելով նաև Ադանայում ստորագրված համաձայնագրի վրա։

Հետևություններ

 1. Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը, ըստ էության, ունի մարտավարական-իրավիճակային նշանակություն և դրա ռազմաքաղաքական հետևանքները նույնպես չեն կարող դիտվել ռազմավարական հարթությունում, քանի որ զորքերի դուրսբերումը ռազմավարական առումով փոփոխություններ չի ենթադրում։

2. Սիրիական ճգնաժամի տարիներին զգալիորեն ընդլայնվել է Անկարայի տարածաշրջանային նշանակությունը։ Մերձավորարևելյան այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին հայտարարությունը և դրա գործընթացը կմեծացնեն տարածաշրջանում դիրքերի ամրապնդման հարցում Թուրքիայի հնարավորությունները, հետևաբար` նրա տարածարջանային կշիռը։

 

Կարեն Վերանյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica