close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+7°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցության «հյուրընկալության» և ՔՊ-ի «շնորհակալության» մասին

Թեմա

31 Հունվարի 2019, 14:00
 Դաշնակցության «հյուրընկալության» և ՔՊ-ի «շնորհակալության» մասին

Դաշնակցության` Ստեփանակերտում ընթացող 33-րդ Ընդհանուր ժողովի 5-րդ օրը հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջույնի ուղերձ է հղել ՀՅԴ-ի այդ կարևորագույն համագումարի մասնակիցներին: ՀՅԴ-ն չշտապեց հրապարակել ուղերձի տեքստը, քանի որ վարչապետի աշխատակազմի թափթփվածության պատճառով այն պատշաճ տեսքի չէր բերվել ու չէր հրապարակվել կառավարության պաշտոնական կայքում: Սկանդալը հարթվեց, իհարկե, բայց մեկ օր հետո` տեղիք տալով բազմաթիվ անհարկի շահարկումների` ինչպես մամուլում, այնպես էլ որոշ քաղաքական շրջանակներում: Այդուհանդերձ, բոլորը, այդ թվում` նաև ՀՀ իշխանությունները հասկացան, որ, ի դեմս ՀՅԴ-ի, գործ ունեն ոչ թե մի պատանու հետ, որին կարելի է շլացնել ջերմ ողջյուններով, այլ համահայկական լուրջ քաղաքական ուժի, որի համար կարևոր են բոլոր մանրուքները:

Ավելի ուշ` հունվարի 27-ին, երբ վարչապետ Փաշինյանը հանդիպում էր ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամների հետ, պետք է ասեր. «Մեր կառավարությունը միտված է և հակված է լայն ու արդյունավետ համագործակցություն ունենալ Դաշնակցության հետ, որովհետև հասկանալի է, որ մենք շատ հարցերում նույն տեսակետը չունենք, բայց պակաս չեն հարցերը, որոնց վերաբերյալ առնվազն մեր ընկալման վեկտորները համընկնում են: Այնպես որ` ուրախ եմ այս առիթի համար, նաև համոզված եմ, որ ընթացիկ հարցեր քննարկելու հնարավորություն կունենանք»: Դրան պետք է հաջորդեր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի պատասխանը. «Ուրախ եմ, որ հնարավորություն կա ունենալու բաց զրույց: Ինչպես առհասարակ նշում ենք մեր կարգախոսներում՝ մեր նպատակն է ունենալ հզոր Հայրենիք և Սփյուռք: Վստահ եմ, որ այդ ուղղությամբ կան բավական ոլորտներ, որտեղ կկարողանանք համագործակցել՝ ի շահ մեր ազգային առաջնահերթությունների: Մենք միշտ պետության կողքին ենք՝ Հայաստանի, Արցախի, ինչպես նաև մեր հայապատկան հողերում ապրող հայերի իրավունքների ջերմ պաշտպանն ենք»:

Հայաստանը Հայաստան չէր լինի, եթե նրա մամուլն այս հանդիպումից հետո չսկսեր ջուր պղտորել: Որոշ լրատվամիջոցներ հասան այնտեղ, որ Արցախը հայտարարեցին նախկին իշխանությունների վերջին հանգրվան և վարչապետին «նախազգուշացրին» ՀՅԴ-ի հետ համագործակցության «վտանգներից»: ՀՅԴ Ընդհանուր ժողովը Ստեփանակերտում գումարելու հետ կապված էլ ոմանք «սարսափելի» միտում տեսան, թե Դաշնակցությունը «թողնում է Հայաստանը և իր համար առաջնահերթություն է դարձնում Արցախը»:

ՀՀ իշխանությունները որևէ կերպ չարձագանքեցին այս խայտառակությանը, ինչն առնվազն տարօրինակ է, եթե հաշվի առնենք, որ այդ իշխանության ներկայացուցիչները չեն հապաղում ուղիղ եթերով արձագանքել անգամ սոցցանցերում լսվող ճանճի տզզոցին: Ավելին ասենք` Հայոց բանակի տարեդարձի կապակցությամբ մի լավ «խմվածք տված» ՀՀ իշխանությունները հաջորդ օրը «մոռացան» արձագանքել հայկական պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի մահվան 100-ամյակի միջոցառումներին, ասես իրենք չեն այդ պետականության այսօրվա կրողները: Խումհարն` իր հերթին, բայց պարզվեց նաև, որ նրանք նույնիսկ չեն ըմբռնել Փաշինյան-Ալիև դավոսյան հանդիպումից հետո Արցախի հարցով ՀՅԴ ԸԺ տարածած հայտարարության նշանակությունը, որով ի չիք դարձան հետագա բանակցություններում հայկական կողմին սպառնացող բոլոր վտանգները:

ՀՅԴ-ին հուսահատեցնելն անհնար է: «Դաշտը կա, ընդհակառակը` մեր հանդիպումները դա են ցույց տալիս։ Պարոն Փաշինյանի հետ մենք խոսում ենք շատ կառուցողական մթնոլորտում, հասկանալի ենք դարձնում միմյանց տեսակետները։ Այդ առումով իսկապես ես լավատեսորեն եմ տրամադրված մեր հետագա համագործակցությանը»,- հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը: Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ ԱԺ ԻՔ-ական փոխնախագահ Ալեն Սիմոնյանը բարեհաճել էր հենց Արամ Մանուկյանի մահվան օրն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել «Մեր հայրենիք» օրհներգը փոխելու ոչ այն է` «շարժում» ոչ այն է` «հանրաքվե» սկսելու մասին: Շարքային ՔՊ-ականները մարդկանց զարմացնելու կամ զվարճացնելու համար շատ հեռու չեն գնում: Բավական է մի բանի մասին խոսեն, և զավեշտն ապահովված է: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և ԱԺ-ում հայտնված մյուս քաղպայմանագրայինների պարագան այլ է, կարծում եմ, և ինչ-որ կապ, այնուամենայնիվ, ունի վարչապետի հանգամանքով օժտված Նիկոլ Փաշինյանի հետ: Հետևաբար, խորհրդարանական պաշտոնյաների հայտարարությունները, ուզես թե չուզես, ուղիղ գծով վերագրվում են վարչապետին և շատ դեպքերում հասնում պետական ռազմավարության սահմաններին: Հարց է առաջանում` Փաշինյանն ունի՞, արդյոք, պետության ղեկավարման այնպիսի ռազմավարություն, որտեղ ՀՅԴ-ին իսկապես լրջագույն դերակատարություն է վերապահված, թե՞ նա ազգային խնդիրներին և Հայոց պետականությանը ՀՅԴ-ի նվիրվածությունն այդ կուսակցության «թուլությունն» է համարում:

Մենք չենք կիսում այն մտավախությունը, որ Հայաստանում այսօր կան ուժեր, որոնք տքնաջան աշխատում  են հայրենիքի հզորացման և հայության ներուժի համախմբման հարցերում ՀՀ իշխանությունների և ՀՅԴ-ի համագործակցությունը խաթարելու ուղղությամբ: Բայց թույլ տվեք նկատել, որ արտաքուստ տպավորությունը հենց այդպիսին է: Այլապես պետք է բացատրել, թե ինչպես կարող էր խորհրդարանական միասեռ մեծամասնությունը, երբ տակավին ընթանում էր վարչապետի և ՀՅԴ Բյուրոյի անդամների հանդիպումը, տարածել ՀՅԴ-ի համար խիստ զգայուն թեմայի շուրջ այդ խայտառակ հայտարարությունը:

Lragir.am-ի մեկնաբանն այսօր իրավացիորեն նկատել է. «Ներկայում ուրվագծվում է հայկական պետականության ռազմավարության համատեքստում այդ պետականության ղեկին կանգնած վարչապետի եւ այդ պետականության համահայկական բազայի առանցքային կրողներից մեկի՝ ՀՅԴ բնական շահերի նոր դաշտ, եւ եթե այդ դաշտը «հերկվի» նոր որակներով ու խաղի նոր կանոններով, ապա պտուղները կարող են լինել շոշափելի»: Փաշինյանի խորհրդարանականները, փաստորեն, նրան դնում են «լրջագույն» երկընտրանքի առաջ` հեղափոխական էյֆորիայի տակ լուծել «Մեր հայրենիքի» հա՞րցը, թե՞ լուրջ վերաբերվել սեփական հայտարարություններին, որոնք հնչեցին թե' 33-րդ Ընդհանուր ժողովին հղված ողջույնի խոսքում և թե' ՀՅԴ Բյուրոյի անդամների հետ իր հանդիպման ժամանակ: Հուսանք` վարչապետ Փաշինյանն անձամբ կհայտարարի, թե որ ճանապարհն ընտրեց:

Էդիկ Անդրեասյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica