close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+7°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի նախագահն օրինականացնում է թմրամիջոցները՝ հակառակ իր իսլամական հավատքին

Թեմա

30 Հունվարի 2019, 11:05
 Թուրքիայի նախագահն օրինականացնում է թմրամիջոցները՝  հակառակ իր իսլամական հավատքին

«Ալ Մոնիտոր» լրատվական կայքի թուրք լրագրող Փինար Թրեմբլեյը բացահայտել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը կանեփի աճեցումն օրինականացնելու մասին:

Թրեմբլեյը «Ալ Մոնիտոր»-ի 2019 թ. հունվարի 24-ի համարում գրել է, որ Թուրքիայի ղեկավարը իսլամական համոզմունքների պատճառով խիստ դեմ է եղել ալկոհոլի, ծխախոտի և թմրամիջոցների վաճառքին կամ օգտագործմանը, սակայն այժմ որոշել է հանդես գալ ի պաշտպանություն կանեփի աճեցման, որպեսզի խթանի երկրի` անկում ապրող տնտեսությունը և լրացուցիչ եկամուտ ապահովի գյուղացիների համար տեղական ընտրությունների նախօրեին։

Թրեմբլեյը բացատրել է, որ տասնամյակներ շարունակ թուրքական կառավարությունն այրել է կանեփի դաշտերն այն պատրվակով, թե դա եղել է պայքար Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ: Ներկայումս Էրդողանը կանեփի աճեցումը ներկայացնում է որպես դիմադրություն Արևմուտքին…

«Թմրանյութերի պատերազմները օգտագործողների և վաճառողների դեմ ուղեկցվել են խիստ պատիժներով։ Թմրանյութերի վաճառողների դեմ քրեական հետապնդման համար կառավարության ծախսերն աստիճանաբար աճել են՝ հասնելով մինչև 140 միլիոն դոլարի։ Ահա թե ինչու Էրդողանի կողմից կանեփի մշակման քարոզչությունը նրա քարոզարշավի ելույթներում զարմացրել է ունկնդիրներին»,- գրել է Թրեմբլեյը։

1990 թվականից սկսած` թուրքական կառավարությունը մեղմել է կանեփի աճեցման սահմանափակումները։ 2016 թ. սեպտեմբերին խորհրդարանն ավելի ազատական օրենքներ է ընդունել։ «Արդեն իսկ օրինական է կանեփի աճեցումը 19 քաղաքներում, բայց անհրաժեշտ է կառավարության թույլտվությունը»,- տեղեկացնում է լրագրողը:

Էրդողանը հանկարծ հասկացել է, որ մարիխուանայի մշակումը մեծ շահույթ կապահովի այն ժամանակ, երբ թուրքական տնտեսությունը անկում է ապրում։ Ինչպես ասում են՝ «Հուսահատ ժամանակները պահանջում են հուսահատ միջոցներ»։ 2019 թ. հունվարի 9-ին Էրդողանը քննադատեց «Թուրքիայի թշնամիներին, որոնք բարեկամներ են ձևանում», նշելով, որ նրանք ստիպել են Թուրքիային վերջ տալ կանեփի արտադրությանը։ Զվարճալի է, Էրդողանը հիշեցրել է, որ իր հայրական քաղաքում՝ Ռիզեում, տեղի բնակիչները սպիտակեղենը սովորաբար  պատրաստում էին կանեփից, որն ավելի ներծծող է, քան որևէ այլ գործվածք…

Ըստ Թրեմբլեյի՝ թուրքերի մեծ մասը Էրդողանի՝ «թշնամիները, որոնք բարեկամներ են ձևանում» հայտարարությունը մեկնաբանել է որպես հղում Միացյալ Նահանգներին, որը 1971 թվականին պահանջել էր արգելել ափիոնի կակաչի արտադրությունը։ Մինչ այդ Թուրքիան օրինական ափիոնի հիմնական արտադրողն էր, բայց հայտնի էր, որ գյուղացիները նաև զգալի քանակությամբ ապօրինի բերք էին աճեցնում։ Ներկայումս Թուրքիան ունի ալկալոիդի վերամշակման մի գործարան Կենտրոնական Անատոլիայի Աֆիոն մարզում, որը թուրքերեն նշանակում է «ափիոն»: Աֆիոնը հայտնի է իր բարձրորակ կակաչի սերմերի արտադրությամբ: Գործարանն արտադրում է բաղադրիչներ, որոնք օգտագործվում են դեղատոմսով դեղերի պատրաստման մեջ»։

Թուրքական լրատվամիջոցներն սկսել են հնազանդորեն խրախուսել Էրդողանի հայտարարությունը՝ կանեփի արտադրության առավելությունների մասին առողջապահության ոլորտում և տնտեսության համար։ «Սաբահ» թերթը նույնիսկ գրել է Օսմանյան Թուրքիայի նավատորմի կողմից կանեփի օգտագործման մասին:

«Թուրքական պետական TRT հեռուստատեսությունն սկսել է ցուցադրել գովազդային տեսահոլովակներ կանեփի մասին, այն անվանելով «անատոլիական բույս» և մանրամասն պատմելով կանեփի անհամար կիրառությունների մասին։ Հատկապես իսլամիստական մամուլը պատրաստակամ էր աջակցել Էրդողանին։ Օրինակ, «Դիրիլիս Փոսթասի» կայքի սյունակագիր Մեհմեթ Թոփրաքը հոդված է գրել՝ «Կանեփը կստիպի, որ ամերիկյան դոլարի զենքը պայթի իրենց սեփական ձեռքերում» վերնագրով։ Թոփրաքն ընդգծել է, որ «Կանեփի արտադրության վերաբերյալ նախագահ Էրդողանի որոշումը շրջադարձային կետ է մեր պատմության համար։ Դա նույնքան հեղափոխական է, որքան հուլիսի 15-ի [2016թ. ձախողած հեղաշրջման] հաղթանակը։ Այս որոշումը ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է կանգնել Էրդողանի թիկունքին՝ մեր երկրի ապագայի և մահմեդական հողերի համար», հայտնել է Թրեմբլեյը։ «Կանեփի արտադրությունն այժմ ներկայացվում է որպես ազգային դիմադրության ձև Արևմուտքին», հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաներից մեկը:

Այնուամենայնիվ, գյուղատնտեսության մի քանի թուրք մասնագետներ զգուշացրել են, որ կանեփի արտադրությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ սննդամթերքի աճի վրա։ Թրեմբլեյը մեջբերել է կառավարության աշխատակիցներից մեկի, այս ոլորտի մասնագետի խոսքը. «սննդամթերքի գները կտրուկ աճել են, հատկապես նախորդ տարի։ Օրինակ, 2018 թվականին սոխի [որը հիմնական բաղադրիչն է թուրքական խոհանոցում] գինը աճել է 185 տոկոսով։ Մինչ բնակչության թիվն ավելանում է, Թուրքիան ավելի քիչ հիմնական մշակաբույսեր է արտադրում, քան հինգ տարի առաջ, ինչպիսիք են՝ ցորենը, գարին, ոլոռը, ճակնդեղը, լոբին և կարտոֆիլը։ Ընդ որում, վերջին 15 տարիների ընթացքում, բամբակի և կտավատի արտադրությունը, կանեփի նման, աստիճանաբար նվազում է: Կարելի է մեղադրել կառավարությանը՝  մշակաբույսերի վրա կլիմայի փոփոխության ազդեցության պլանավորման բացակայության, այդ ապրանքների սակագների բարձրացման, ավելի էժան ներմուծումների խրախուսման և թունաքիմիկատների ու պարարտանյութի գների աճի պատճառով, որոնք նպաստում են արտադրանքի թանկացմանը։ Կառավարությունը չկարողացավ աջակցել գյուղացիներին, նրանց ճանապարհի գրեթե յուրաքանչյուր քայլափոխի, նրանց մենակ թողնելով եղանակի քմահաճույքին, էժան արտահանման և անբավարար պահպանման աղետների առաջ»։

Ստամբուլի համալսարանի մեկ այլ փորձագետ Թրեմբլեյին ասել է. «Կանեփի մշակման վերաբերյալ այս մեծ խոստումները, որպես Արևմուտքի դեմ ծայրահեղ ազգայնական դիրքորոշում, ոգևորիչ է ամբոխի համար… սակայն ի՞նչ կասեք այլ կարևոր ապրանքների մասին, որոնք անհրաժեշտ են մարդկանց գոյատևման համար։ Արոտավայրերը և ֆերմերային ընտանիքների թիվը նվազում են։ 2017 թվականին, մսի [կարմիր և սպիտակ] սպառումը Թուրքիայում մեկ շնչի հաշվով միջինը կազմել է շուրջ 30 կիլոգրամ։ Եվրամիությունում մեկ շնչի հաշվով այդ միջինը կազմում է մոտավորապես 70 կիլոգրամ: Մեր սննդակարգում մենք ավելի շատ կախված ենք ձավարեղենից և բանջարեղենից։ Հիմա անցնում ենք կանեփի, իսկ մարդիկ ի՞նչ են ուտելու»։

 Հարութ Սասունյան     
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica