close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+7°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

100 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը

Թեմա

29 Հունվարի 2019, 13:10
 100 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը

100 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ Հանրապետության Հիմնադիր, Հայոց աշխարհի փրկիչ Արամ Մանուկյանը (Սարգիս Հարությունի Հովհաննիսյան):

Վստահորեն կարելի է ասել, որ Արամ Մանուկյանը հայոց պատմության ընթացքի վրա վճռորոշ ազդեցություն գործած սակավաթիվ գործիչներից է, հայոց նոր և նորագույն պատմության առաքյալը, քանզի նա էր, որ 1918թ. մայիսին իրականություն դարձրեց հայ ժողովրդի դարերի երազանքը, նրա լավագույն որդիների՝ թուրքական յաթաղանի դեմ մղած տասնամյակների զոհառատ պայքարը՝ անկախ պետականության վերականգնումը, ի դեմս Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման:

Տարողունակ, լուսավոր ու անաղարտ է Արամի անհատականությունը: Արամի կյանքն ու գործն ամբողջական, անմնացորդ ու անվերապահ նվիրում էր իր ժողովրդին: Այդ նվիրվածությունը հասնում էր անձնուրացության, սեփական «ես»-ի անտեսման: Ավելի ստույգ՝ նրա մոտ չկար անձնական «ես», այն միահյուսված էր ժողովրդի մտահոգություններին, ապրումներին ու իղձերին: Որտեղ և ինչ պայմաններում էլ որ գործեց, Արամը եղավ ժողովրդի սիրտը, հոգին ու կամքը: Մինչև կյանքի վերջին ակնթարթը նա մնաց սրտակից ընկեր բոլորի համար՝ լիներ դա հասարակ գյուղացի, զինվորական, կին, երեխա, թե ալեզարդ ծերունի:

Նա ոչ միայն հայոց պայքարի, այլև ստեղծարար մտքի, առաքելական համեստության, ազնվության, բյուրեղյա մաքրության, արդարամտության և անշահախնդրության մարմնացումն ու ոգին էր: Ամենափայլուն հաջողությունները, փառահեղ հաղթանակները, բարձրագույն հասարական դիրքն ու պաշտոնները, անսահմանափակ լիազորություններն ու հնարավորությունները երբեք աննշան չափով իսկ չսասանեցին նրա բարոյական վեհ նկարագիրը:

Նրան միշտ խորթ մնացին նյութապաշտությունը, փառամոլությունն ու պաշտոնամոլությունը: Նա անզիջում էր անարդարության, ստորության, ընչաքաղցության, դավաճանության հանդեպ և հակառակը,  անհուն էր նրա սերը, հարգանքն ու նվիրվածությունը իր ժողովրդի, յուրաքանչյուր առաքինի հայ մարդու նկատմամբ:

Ունենալով ֆինանսական միջոցներից օգտվելու լայն հնարավորություններ՝ Արամն ապրում էր համեստ կյանքով, հասարակ երևանցու նման, նույնիսկ այն աստիճան, որ երբեմն ճաշի ժամանակ հաց, իսկ թեյի ժամանակ շաքար չէր ունենում: Նա երբեք իր անսահմանափակ հնարավորությունները չօգտագործեց իր և իր ընտանիքի նույնիսկ ամենատարրական կարիքները բավարարելու համար, փոխարենը, անտեսելով գործող կարգն ու օրենքը՝ աջակցեց այն մարդկանց, որոնք տառապում էին նյութական կարիքից, տարատեսակ զրկանքներից, բայց պահպանում էին հոգու կորովը, հայրենիքի նկատմամբ պատվի ու պարտականության զգացումները:

Արամը միշտ եղավ լավատես, պայքարող, ոգի տվող և արարող: 1890-ական թթ. անդամագրվելով հայ ազգային-ազատագրական շարժմանը՝ Արամը երբեք չհոգնեց ու չընկճվեց պայքարելուց, երբեք չերկնչեց թշնամու ուժից և տեղի չտվեց նրա բիրտ ուժի առաջ: Որքան էլ որ ծանր ու հուսահատական եղավ հայ ժողովրդի դրությունը, պարտությունները, կորուստները և զրկանքները՝ շատ ու տևական, նա մշտապես մնաց ազատագրական պայքարի առաջին, ամենածանր, վտանգավոր ու պատասխանատու դիրքերում և հույս ու ոգի տվեց պայքարող հայությանը: Ժամանակի ամենաազդեցիկ ուժի` ՀՅԴ ղեկավար  գործիչ Արամը մշտապես վեր կանգնեց կուսակցականությունից, բաց մնաց յուրաքանչյուր հայի համար:

Արամի համոզմունքն էր. ազատության համար պայքարի ելած հայ ժողովուրդը պետք է հույսը դնի սեփական ուժերի վրա: Դա նաև նրա հաջողության, բազում հաղթանակների կարևոր գրավականներից էր: Եվ նա ամեն ինչ արեց իր ժողովրդին համախմբելու, հայության ներքին ռեսուրսները կենտրոնացնելու և հաղթանակի ժամը մոտեցնելու համար: Այդպես էր թե՛ Կարսում (1903-1904թթ.), թե՛ Վանում (1905-1915թթ.) և թե՛ Երևանում (1917թ. դեկտեմբերից 1919թ. հունվար): Եվ ամենուր նա բարձրացնում էր հաղթական դրոշը՝ ի հեճուկս ամենաանբարենպաստ պայմանների: Ասվածի, թերևս, ամենախոսուն վկաներն են Վանն ու Երևանը:

Հայոց Մեծ եղեռնի ժամանակաշրջանում Արամը կազմակերպեց և իր իսկ առաջարկությամբ ստեղծված բազմակուսակցական Հայ Ինքնապաշտպանության Զինվորական Մարմնի հետ ղեկավարեց Վանի 1915թ. ապրիլյան ինքնապաշտպանությունը: Վանի հաղթական ինքնապաշտպանությունից հետո, որի շնորհիվ ավելի քան 150 հազար վասպուրականցիներ փրկվեցին անխուսափելի կոտորածներից, Արամ Մանուկյանը նշանակվեց ազատագրված Վանի նահանգապետ: Պետական գործունեության փորձ չունեցող, սակայն իր ժողովրդին ծառայելու և նրա բարօրությանը հասնելու վճռականությամբ լեցուն Արամը նահանգապետի պաշտոնում վեր հանեց իր կազմակերպչական տաղանդը, ազգային-պետական մտածելակերպն ու անխտրական ոգին: Արամի գլխավորությամբ Վասպուրականի հայությունը ձեռնամուխ եղավ թուրք-քրդական ավազակախմբերից նահանգի անվտանգության ապահովման, քայքայված տնտեսության վերականգնման, գաղթականության խնամքի, օրինականության և կարգ ու կանոնի ապահովման և այլ խնդիրների լուծմանը: Վանի նահանգապետության կարճատև գոյության ընթացքում դրվեցին հայոց նորագույն պետականության առաջին քարերը:

1917թ. վերջին ռուսական Կովկասյան ռազմաճակատի քայքայումը թուրքական ներխուժման սպառնալիքի տակ դրեց ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանը: Հայ ժողովրդի գլխին կախվում էր 1915թ. կրկնության վտանգը: Այդ  իրավիճակում՝ 1917թ. դեկտեմբերին, Թիֆլիսի Հայոց Կենտրոնական Ազգային և Հայ զինվորական խորհուրդների կողմից Արամը իբրև լիազոր գործուղվեց Երևանի նահանգ: Ժամանելով Երևան՝ Արամ Մանուկյանը գերմարդկային ճիգեր գործադրեց հայությանը սպառնացող նոր ողբերգությունը կանխելու համար: Նա առաջադրեց հայ ժողովրդի պաշտպանությանն ու ազատությանը միտված հստակ քաղաքական ուղեգիծ. «Ամէն ոք իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթէ նայող կայ, նայում է միայն յանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ՝ տուն գնացող ռուսներին փոխարինելու համար: Եթէ ընդհանուր ուժերով ճակատ պահելու խօսք էլ է լինում, դա լոկ խօսք է՝ զուրկ իրական հիմքից ու անկեղծութիւնից: Հայերով ո՛չ ոք չի հետաքրքրւում, շօշափելի օգնութիւն հասցնելու մտքով: Դրա հակառակը, կայ դաւադրական վերաբերմունք: Մենակ ենք եւ պէտք է ապավինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար»:

Հետևողական, տքնաջան, անձնուրաց և անզիջում աշխատանքի շնորհիվ հաջողվեց կարճ ժամանակում ստեղծել պետական իշխանության մարմիններ, կանոնավոր հայկական զորք, երկրում հաստատել կարգուկանոն, ճնշել թուրք-թաթարական հակահայկական-հակապետական շարժումները, մեղմել պարենային ծանր դրությունը:

Արամի ջանքերը գերագույն լարման հասան 1918թ. մայիսյան ծայրահեղ ծանր օրերին, երբ թուրքական զորքերը ներխուժել էին Արարատյան դաշտ և անմիջականորեն սպառնում էին Սուրբ Էջմիածնին ու Երևանին, և ամբողջ սրությամբ դրված էր հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը: Թշնամու չորսամսյա հաղթարշավը հայ քաղաքական շրջանակներին, զորքին, զորահրամանատարությանն ու բնակչությանը մատնել էր հուսալքության և անորոշության:

Հայոց մեջ իշխող պարտվողական տրամադրությունները, որոնք հանգում էին նույնիսկ Սբ. Էջմիածնից ու Երևանից նահանջելու անհեթեթ մտքին, անխուսափելիորեն նրան տանելու էին դեպի կործանում, եթե չձեռնարկվեին արմատական հակամիջոցներ: Այդ ծայրահեղ, թվում է, թե անհուսալի իրավիճակում Արամը դրսևորեց թշնամուն հակահարված հասցնելու աներեր վճռականություն, իրավիճակին չհամակերպվելու և շրջապատին չենթարկվելու անսասան կամք: Նա եղավ այն գործիչը, որը կարողացավ լուսավորել իր ժողովրդի պատմական ճանապարհը, նրա, զորքի և զորահրամանատարության մեջ ամրապնդել հավատը սեփական ուժերի նկատմամբ, որի արդյունքում կազմակերպվեցին Սարդարապատի, Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնք հայ ժողովրդին ոչ միայն փրկեցին վերջնական բնաջնջումից, այլև ապահովեցին հայոց անկախ պետականության վերականգնումը: Արդյունքում 1918թ. մայիսի 28-ին ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետության ստեղծմանը մեծապես պարտական ենք Արամին, և ամենևին էլ պատահական չէ, որ նա արժանացել է ՀՀ հիմնադրի կոչմանը:

Սարդարապատի ճակատամարտից հետո հիմնելով նորանկախ Հայաստանի ժամանակավոր կառավարություն, Արամը լծվեց պետական շինարարության և ստեղծեց անհրաժեշտ հիմքեր ՀՀ պետական կյանքի կազմակերպման համար՝ մինչև որ Հայոց կ. Ազգային խորհուրդը և ՀՀ անդրանիկ կառավարությունը տեղափոխվեցին Երևան: ՀՀ կառավարության մեջ Արամ Մանուկյանին վստահվեցին միաժամանակ՝ ներքին գործերի, լուսավորության, հաղորդակցության, պարենավորման և խնամատարության նախարարությունները:

Արամը՝ առաջնորդվելով ազգային-պետական մտածողությամբ, դրսևորելով ժողովրդին հավաքական գործունեության մղելու համար այնքան անհրաժեշտ ազնվություն և անձնական անշահախնդրություն, նախաձեռնողականություն ու հետևողականություն, նպատակային և արդյունավետ գործունեություն ծավալեց Հանրապետությունում ամուր իշխանության և օրինականության հաստատման, պետական իշխանության մարմինների ամրապնդման, թաթարական հակապետական խռովությունների ճնշման և երկրի հայացման, գաղթականության և որբերի խնամքի և այլ ուղղություններով՝ ըստ ամենայնի նպաստելով նորաստեղծ պետականության ամրապնդմանը:

Արամի ազգանվեր գործունեությունը պետք է ուղենիշային լինի բոլորիս, առաջին հերթին` ՀՀ պետական ու քաղաքական կյանքի պատասխանատուների համար, եթե, իհարկե, անկեղծորեն ցանկանում ենք կառուցել հզոր ու երջանիկ, բոլոր հայերին դեպի իրեն ձգող պետություն: Բոլորիս պետք է հետևություն կատարելու տեղիք տան Նիկոլ Աղբալյանի հետևյալ խոսքերը. «Երբ գիշերը գայ, մտէք ձեր հոգիի սենեակը և խօսեցէք ձեր խղճի հետ և ըսէք, արդեօք աշխատե՞ր էք հայ ժողովրդի համար, ինչպէս Արամը, եղե՞ր էք այնքան անձնազոհ, որքան Արամը, տւե՞ր էք ձեր ամբողջ կեանքը հայ ժողովրդին, ինչպէս Արամը…»:

 

Արմեն Ասրյան

պատմ. գիտ թեկնածու, դոցենտ

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica