close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+7°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արամ` նշանակում է հաղթանակ

Թեմա

28 Հունվարի 2019, 23:57
 Արամ` նշանակում է հաղթանակ

1879 թվականի մարտի 19-ին զանգեզուրյան ջինջ երկնակամարում հաղթականորեն շողում էր արևը` սպասելով մինչև հայոց մամիկները, թեքված նորածնի գլխին, բարուրեն նրան: Թող որ ծնողները Սերգեյ կոչեցին նրան, բայց ի վերուստ նշված էր, որ Արամ անունը գտնելու էր իր իսկական տիրոջը առավել գեղեցկանալու, հաղթականորեն շողալու մինչև այսօր` նրանից դեռ շատ երկար:

Արամն ընդամենը 11 տարեկան էր, երբ Շուշիի դպրոցում սեր ու հարգանք էր վայելում որպես արտակարգ կարողություններով օժտված աշակերտ: Այնուհետև իր ազգասիրական գաղափարներով նա աչքի է ընկնում Երևանի թեմական դպրոցում: Ազգամիջյան հախուռն հարաբերությունների օրերին Արամը հանգիստ չէր կարող մնալ. անցնում է Կարսի շրջան, որտեղից խառն ու դաժան իրավիճակում զենք ու զինամթերք է փոխադրում Երկիր, խմբեր կազմում Երկիր մտցնելու համար, քանի որ շուտափույթ օգնություն էր պետք Սասունին: Ավա¯ղ, շատ ուշ էր… Սասունն ընկել էր…

Մնալով հավատարիմ իր ազգին ու գաղափարներին` Արամը որոշում է մեկնել Վան, ուր սկսվում է նրա գործունեությունը Վասպուրականում: Այստեղ, որպես հայության ոգևորիչ ուժ, նրա միտքն ու հոգին զբաղված էին դպրոցով, մամուլով, երիտասարդության ու ազգային հարաբերությունների խնդիրներով: Երբ նենգ դավադրության զոհ են դառնում մանկության ընկերներ Իշխանն ու Վռամյանը, Արամը, հույսը դրած սեփական գաղափարների ու բազուկների վրա, աշխատում է փրկել Վանը…

Պատմությանը քաջ հայտնի է Վանի հերոսական ինքնապաշտպանությունը, որի ֆոնին քաջ արծվի պես թևաբախում է Արամը: Վասպուրականն Արևմտահայաստանի միակ փրկված հատվածն էր, ուր Արամը ստեղծեց հայոց հանրապետություն, որը գոյատևեց 70 օր:

Դրանից հետո Արամն Արարատյան դաշտում անանցանելի պատնեշ ստեղծեց հակառակորդի դեմ: Բնավեր հայոց արյան հոտը ռունգերում` հակառակորդը հասել էր մինչև այնտեղ, բայց երերաց, քանի որ կար Արամը: Անշուշտ, Սարդարապատի հաջողությունը նաև զորավարների ու զինվորների հաջողությունն էր, բայցև նրանց կողքին իր խորհուրդներով կանգնած էր Արամը: Երևանի Ազգային խորհուրդը, Արամ Մանուկյանի գլխավորությամբ, կռվողներին ապահովում էր պարենի ու զինամթերքի պաշարներով, կռվողների նոր ջոկատներով: Արամը` բազմաթիվ դեպքերում իմաստուն կազմակերպիչը, դարձել էր Արարատյան երկրի ոգին: Նրա արծվային մտքի թռիչքը և լեռնացող ոգին պատնեշել էին այն միտքը, թե 1918 թվականի գարունը կարող էր վերջինը լինել հայոց համար:

Ավա¯ղ, 1919 թ. հունվարին այն համաճարակը, որով տառապում էր իր ժողովուրդը, խլում է նաև նրա սիրելի հերոսի կյանքը, և ժողովուրդը, չամաչելով իր արցունքներից, երկյուղածորեն քաջ Արամին հողին է հանձնում Մասիսների հավերժական հայացքի ներքո:

 

Անուրանալի է Ա. Մանուկյանի ավանդը 20-րդ դարասկզբի հայոց պետականության վերականգնման գործում:

Ավելի քան 500–ամյա ընդմիջումից հետո` 1918 թ. մայիսի 28-ին, հայության վերջին բեկորների` դարավոր թշնամու դեմ մղված հերոսական մաքառման արդյունքում վերընձյուղվեց հայկական պետականությունը:

1918 թվականի մայիսի 28-ին արտասանած նրա կոչը տակնուվրա արեց թերահավատության, կասկածամտության, հուսահատության ճիրաններում շնչահեղձ լինող հայոց հոգիները և մարտի կոչեց բոլորին: Նա ասես անտես մի ձեռքով պատռեց անորոշության շղարշը և անխնա ճշմարտությամբ ցույց տվեց Հայաստանի իրական պատկերը, որը բանաստեղծության և արձակի մեջ Երկիր Նաիրիի խորհրդանիշով ցույց էին տվել Չարենցն ու Տերյանը: Հոգևոր Հայաստանի ոգին էր խոսում Արամի ձայնով, որի ատաղձն անվերջ հոգևոր, մշակութային արժեքների արարման և միևնույն ազգային նպատակի շուրջ համախմբվելու հերոսության մեջ էր: Այն նպատակի, որը պիտի իրականանար մեր և միմիայն մեր ջանքերով: Ով ապավինում է ուրիշի գթասրտությանը, նա կայացնում է իր մահվան դատավճիռը: Սա էր այն խտանյութը, որով միշտ կենսունակ էր Արամ Մանուկյանի ազգային գաղափարախոսությունը:

Օտար տերություններին ապավինող հայ ազգային ուժերին նա ասաց այժմ արդեն  մարգարեության լուսապսակով  ամփոփված իր հանճարեղ խոսքերը. «Ամեն ոք իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթե նայող կա, նայում է միայն հանուն իր շահի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ` տուն գնացող ռուսներին փոխարինելու համար: Եթե ընդհանուր ուժերով ճակատ պահելու խոսք էլ է լինում, դա խոսք է` զուրկ իրական հիմքից ու անկեղծությունից: Հայերով ոչ ոք չի հետաքրքրվում` շոշափելի օգնություն հասցնելու մտքով: Դրան հակառակ կա դավադրական վերաբերմունք: Մենակ ենք ու պետք է ապավինենք միայն մեր ուժերին` թե’ ճակատը պաշտպանելու և թե’ երկրի ներսը կարգ ու կանոն հաստատելու համար»:

   Մայիսի 28-ի իր հայտնի կոչը նա ավարտեց հետևյալ խոսքերով. «Անխնա պատժի ու պատասխանատվության պիտի ենթարկվեն բոլոր դասալիքները, պրովոկատորները և ժողովրդի բոլոր թշնամիները: Ցույց տանք աշխարհին, որ հայը ազատ, անկախ ապրելու իրավունք ունի: Այժմ կամ երբեք»:

Հիրավի կան անուններ, որոնք դարակազմիկ արժեք են խտացնում իրենց մեջ, և խոսել այդ անունների մասին` նշանակում է մտովի ընդգրկել պատմական մի ամբողջ ժամանակաշրջան` դրա մեջ ներառելով մի ողջ ժողովրդի պատմություն:

Խոսելով նրա կյանքի ու գործի մասին` մենք կամա թե ակամա բացում ենք հայ ժողովրդի պատմության մի ամբողջ դարաշրջանի համայնապատկերը, որը լի է ամենաողբերգական, ամենադրամատիկ և ամենահերոսական էջերով: Թեպետ եթե փորձենք գտնել հայ ժողովրդի պատմության որևէ ժամանակաշրջան, որն իր մեջ չի ամփոփում այդ երեք էջերը միաժամանակ, դժվար թե դա մեզ հաջողվի: Հայ ժողովրդի պատմությունն ամբողջությամբ հունցված է ողբերգության և հերոսականության շաղախից:

Սակայն 20-րդ դարի սկիզբը ասես կտրվեց հայ ժողովրդի  պատմության ամբողջ երկար շղթայից` դառնալով ամենաճակատագրականն ու հերոսականը բոլոր հազարամյակների երթի մեջ:

Միշտ էլ տեղին է հիշատակել Մեծ Եղեռնի ողբերգական դեպքերին, ցավալի վիճակագրությանն ու պատմական անարդարացի զարգացումներին վերաբերող աղաղակող փաստերի տեսությունն ու վերլուծությունը: 

Տեղին է հիշատակել նաև այն պատճառով, որ միանգամայն անհնար է անդրադառնալ 20-րդ դարասկզբի որևէ հայ մեծանուն զավակի կյանքի և գործունեության գնահատմանը` շրջանցելով Մեծ Եղեռնի անխուսափելի գոյությունը ժողովրդի, նրա յուրաքանչյուր անհատի, հասարակ հայ մարդու կյանքում: Հայոց Մեծ Եղեռնը ներծծված է մեր յուրաքանչյուրի արյան բջիջների բաղադրության մեջ` իբրև ցավ և իբրև վեր հառնելու  խորհրդանիշ:

Սակայն այսօրվա խորհուրդն ամփոփված է Եղեռն վերապրած հայ ժողովրդի պանծալի զավակներից մեկի` Արամ Մանուկյանի կյանքի և գործի հանդեպ երախտիքի և խոնարհումի բացառիկ ինքնատիպ դրսևորման մեջ:

Արամ Մանուկյանի անունով այսօր կոչվում են դպրոցներ, փողոցներ, սակայն նրա մեծության իսկական, ահռելի չափերը մինչև այսօր դեռ հասու չեն ժողովրդի ավելի լայն շրջանների գիտակցությանը, դեռ ամբողջությամբ պարպված չէ 70 տարիների այն դատարկությունը, որի մեջ ապրեցին Արամ Մանուկյանի և նրա նմանների անուններն ու գործը, դեռ փառաբանական ձոնով լցված չէ այն մեծ լռությունը, որտեղ արգելված էր անգամ հնչեցնել նրանց անունները:

Արամ Մանուկյանին միանշանակ համարում են Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր, և սրանով ամեն ինչ ասված է նրա մասին: Եթե իսկապես  հնարավոր է մի մարդու անվան հետ կապել  500 տարիների ընթացքում  մի ամբողջ ժողովրդի բազում սերունդների գուրգուրած ու նրա արյունով շաղախված ազգային ձգտումների իրականացման այն կազմավորումը, որ կոչվեց Հայաստանի Հանրապետություն, ապա այդ մարդն իրավամբ պիտի լինի Արամ Մանուկյանը, ով եղավ  անկախության գաղափարի մեծագույն դեմքը, ազգային գաղափարների իրականացման  և պատմական դեպքերի վրա ամենամեծ ազդեցություն ունեցող հայորդին, իր ժողովրդի երազանքի ոգեկոչողն ու նահատակը, մարդ,   ում մեծագույն երախտիքին, սակայն, մենք արժանին դեռ չենք հատուցել:

Արամ Մանուկյանը պետական այր էր և երկու գերագույն արժեք ուներ կյանքում ու գործունեության մեջ` պետություն և ժողովուրդ:

Նորանկախ հանրապետության` Հովհաննես Քաջազնունու ղեկավարած կառավարության կազմում դաշնակցական Արամ Մանուկյանը, ստանձնելով ներքին գործերի նախարարության ղեկավարումը, համոզված էր` ներքին գործերի ուժեղ համակարգը ուժեղ պետության անկյունաքարն է, ուժեղ պետությունը` ժողովրդի ապահովության ու բարօրության գրավականը:

Ներքին գործերի նախարարության առաջնային խնդիրներն էին` պայքարը աննախադեպ չափերի հասած հանցավորության դեմ, երկրում կարգ ու կանոնի, ներքին կայունության և անդորրի հաստատումը:

Ներքին գործերի մարմիններին կարճ ժամանակահատվածում հաջողվեց տարրական կարգ ու կանոն հաստատել երկրում` ապահովելով քաղաքացիների կյանքի և ունեցվածքի պաշտպանությունը: Քչերն էին այսպիսի հստակությամբ պատկերացնում իրավակարգի և ներքին կայունության պահպանման կենսական նշանակությունը, որքան Արամ Մանուկյանը, որը միանշանակ գիտեր` այդ խնդիրը կարող է լուծել միայն նվիրյալ և գործի գիտակ աշխատակիցներով համալրված իրավապահ կառույցը:

Ներքին գործերի նախարարից պահանջվում էին բացառիկ ձեռնարկումներ ու քայլեր, և Արամ Մանուկյանը կարողացավ կատարել խնդիրը:

Այս քաջորդու սխրանքին ենք պարտական մեր 500-ամյա երազանքի իրականացման համար, այն ոգու համար, որ նա ներշնչեց իր զինակիցներին, ամբողջ հայ ժողովրդին` անհավատալի թվացող մեր հաղթանակի` Սարդարապատի հերոսամարտի ժամանակ:

«Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից»,- այսպես է մեզ պատգամել մեր մյուս դյուցազունը` դյուցազունների զարմից Գարեգին Նժդեհը: Արամ Մանուկյանի հայրենասիրությունը կկանգներ ավելի հզոր բանակների դեմ, եթե օրհասն այդպես պահանջեր, կկանգներ և թշնամուն չէր տա հայրենիքի մի թիզ հողն անգամ:

Արամ Մանուկյանն ապրեց ընդամենը 40 տարի, ճիշտ այնքան, որքան Չարենցը, Բակունցը, Տերյանը: Սակայն այն գործը, որ նա հասցրեց անել իր և իր ժողովրդի համար փոթորկահույզ այն ժամանակահատվածում, որ պատմության մեջ մտավ Առաջին Հանրապետություն փառապանծ անունով, այսօր դժվար է միանշանակ գնահատել:

Նա մի հոյակապ, հմայիչ, հզոր ու կախարդիչ դեմք էր, որ եկավ և գնաց պայծառ ու փայլուն ասուպի նման: Մնաց մեր այն համոզումը, որ Արամ` նշանակում է Հաղթանակ:

 

Ֆելիքս Բախչինյան

Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսենե հիմնադրամի նախագահ, գրող

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica