close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2019
USD1487.59
GBP1635.72
EUR1553.22
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի մոռացված ծրագրի մասին

Հարթակ

20 Հունվարի 2019, 17:39
 Մի մոռացված ծրագրի մասին

Ստիպված եմ նորից անդրադառնալ իմ կողմից 2013թ. «Երկիր» եւ «Հայաստանի Հանրապետութուն» օրաթերթերում տպագրված հոդվածներին, որոնք համապատասխան ուշադրության չարժանացան գործող իշխանությունների կողմից: Անդրադառնում եմ, որովհետեւ երկրի եւ նրա ժողովրդի վիճակը հնարավոր չէ բարելավել առանց տնտեսության բարելավման հիմավորված ծրագրի մշակման: Անկախ գոյություն ունեցող վիճակի անալիզից եւ ծրագրի հիմնական դրույթների ընդունումից կարող ենք միարժեք պնդել, որ բոլոր դեպքերում անհրաժեշտ է նախ լուծել տնտեսությունը եւ ժողովրդին էներգիայով ապահովելու հարցը: Բավ է անընդհատ նայել աջ ու ձախ ու փնտրել ճանապարհներ հնարավոր էժան գներով էներգակիրներ ձեռք բերելու համար: Նախախնամությունը մեզ հատկացրել է էներգակիրների բավական մեծ պաշար, հույս ունենալով, որ մեր բանականությունը մեզ կհուշի նրանից օգտվելու եղանակը:

Միջազգային շուկայում գոյություն ունեցող օգտակար հանածոների մեջ իրենց շահութաբերությամբ ուրույն տեղ են գրավում նավթը եւ այրվող գազերը, որոնք հիմնականում ծառայում են էներգետիկ նպատակների համար եւ շատ ավելի փոքր ծավալներով օգտագործվում են որպես հումք քիմիական արդյունաբերության մեջ։ Նրանց շուկայական բարձր գինը հիմնականում պայմանավորված է էներգետիկ նպատակների համար նրանց պահանջարկի ծավալով։ Իզուր չէ, որ զարգացած երկրները ահռելի միջոցներ են ծախսում այլընտրանքային ճանապարհով էլեկտրական էներգիա ստանալու եւ ստացման տեխնոլոգիաները կատարելագործելու վրա (տարեկան մոտ 50 մլրդ դոլլար)։ 
Այլընտրանքային էներգիայի աղբյուրների մեջ (արեւ, քամի, ծովային մակընթացություն եւ տեղատվություն, կենսավառելանյութ եւ այլն) իր մատչելիությամբ (գեոթերմալ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը արեւայինից մոտ չորս անգամ ավելի ցածր է), բնապահպանական անվտանգությամբ, արտաքին եղանակային պայմաններից անկախ լինելու առանձնահատկությամբ եւ ջերմային էներգիան էլեկտրականի փոխակերպելու տեխնոլոգիական գործընթացի պարզությամբ գեոթերմալ էլեկտրակայանները ունեն իրենց ուրույն տեղը։ Նման էլեկտրակայաններ ներկայումս շահագործվում են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իտալիայում, Իսլանդիայում եւ այլուր՝ ընդհանուր առմամբ ապահովելով մոտ 17 000 մեգավատ հզորություն։ Գործող գեոթերմալ էլեկտրակայանները հիմնականում աշխատում են գեյզերային աղբյուրների ստորգետնյա ջերմային էներգիայով, որը, ինչպես հայտնի է, մագմատիկ ծագում ունի։

Գոյություն ունեցող հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի տարածքը հարուստ է այս տիպի էներգիայի պաշարներով։ Հանգած հրաբուխների մեծ քանակության առկայությունը մեր երկրում (մոտավորապես 550) վկայում է ընդերքում ակտիվ ջերմային էներգիայով օժտված հետմագմատիկ զանգվածների գոյության մասին, որոնք, կախված տարիքից եւ զանգվածի չափերից, օժտված են որոշակի ջերմային էներգիայով։

Հայաստանի ընդերքում հիմնականում հանդիպում է բազալտա-գրանիտային ծագում ունեցող համեմատաբար ծանր մագմա, որը պարունակում է 5%-ից ոչ ավելի հեղուկ, եւ քանի որ մագմային զանգվածներին հարակից տարածքներում բացակայում են ստորգետնյա ջրային մեծ տարողություն ունեցող ավազանները,  չունենք արդյունաբերական նշանակություն ունեցող գեյզերային աղբյուրներ։ Սակայն գոյություն ունեցող հետազոտությունների արդյունքները եւ մեր կողմից կատարված տեսական հաշվարկները թույլ են տալիս գնահատել ստորգետնյա մատչելի ջերմային պաշարների մեծությունը։ Մատչելի են համարվում ջերմային դաշտերը, որոնք գտնվում են մինչեւ 5 կմ խորության վրա, չնայած այժմ մեծ թվով նավթի եւ գազի հորատանցքներ են գործում, որոնց խորությունը անցնում է 7500 մետրը (Ավստրիայում գործող բնական գազի հորատանցքը ունի 8553 մ խորություն, իսկ ԱՄՆ-ի Օկլահոմայի նահանգում գործող հորատանցքը ունի 9583 մ խորություն)։

Հայաստանի ջերմային ակտիվ գոտիներում, որոնց տարածքը գնահատվում է մոտ 2500 քառակուսի կմ, գոյություն ունեն մատչելի ջերմային պաշարներ, որոնց ընդհանուր մեծությունը համարժեք է 50-60 միլիոն բարել նավթի ծավալին։ Ընդ որում, այդ ջերմային էներգիայի օգտագործումը չի պահանջում թթվածնի լրացուցիչ ծախս։ Ստացվում է, որ մենք պատկանում ենք երկրագնդի ամենահարուստ եւ ամենաէժան, էկոլոգիապես մաքուր էներգետիկ պաշարներ ունեցող երկրների թվին (երկրագնդի վրա նավթի հաստատված պաշարները գնահատվում են մոտ մեկ տրիլիոն վեցհարյուր միլիոն բարել) եւ չգիտես ինչու նավթ ենք ման գալիս այնտեղ, որտեղ նախախնամությունը նավթին փոխարինող ավելի թանկարժեք հանածո է մեզ ընձեռել։

Տրամաբանական է, որ այսպիսի հզոր եւ էկոլոգիապես մաքուր էներգետիկ պաշարներին տիրապետող երկիրը հնարավոր ամեն ինչ պիտի անի այդ հարստությունները երկրի հզորացմանը եւ բնակչության բարգավաճմանը ծառայեցնելու համար։

Մեր կողմից նախագծվել եւ պատենտավորվել է սարքավորում, որը թույլ է տալիս կորզել ստորգետնյա չոր ապառների ջերմությունը՝ փոխակերպելով այն էլեկտրական էներգիայի։ Սարքի աշխատանքը հիմնված է նավթի եւ գազի արդյունահանման համար հորատվող հորատանցքների օգտագործման վրա։ Որոշակի կոնստրուկտիվ փոփոխությունները թույլ են տալիս փակ միակոնտուր համակարգում հորատանցքի շրջակայքի ստորգետնյա ջերմային էներգիան վեր ածել էլեկտրականի։ Մեկ հորատանցքի վրա տեղադրված սարքավորումը հնարավորություն է տալիս մինչեւ 4.5-4.8 կմ խորություն ունեցող հորատանցքից ստանալ յոթից ութ մեգավատ հզորության էլեկտրական էներգիա։ Եթե օգտագործվում է ճյուղավորված հորատանցքերի համակարգ, ապա արտադրվող էլեկտրաէներգիայի հզորությունը կբազմապատկվի համակարգի մեջ մտնող հորատանցքների թվով։ Այսինքն, մեկ բազմահորատանցք կայանը կարող է ապահովել մինչեւ հիսուն մեգավատ հզորություն։

Պիտի նշել, որ գոյություն ունեցող ստորգետնյա ջերմային դաշտերը կարող են ապահովել կայանին անհրաժեշտ ջերմության մատակարարումը անընդմեջ, մինչեւ երկու հարյուր տարի, իհարկե, ժամանակի ընթացքում աստիճանաբար կնվազի կայանի հզորությունը՝ երկու հարյուր տարվա վերջում կազմելով նախնական հզորության մոտ 70%։ Սարքավորման փակ միակոնտուր համակարգը ապահովում է նրա աշխատանքի էկոլոգիական մաքրությունը, իսկ սարքավորման վերգետնյա մասի զբաղեցրած փոքր մակերեսը (յոթ-ութ մեգավատ հզորություն ունեցող կայանի համար այն կազմում է մոտ քառասուն քառակուսի մետր) հնարավորություն է տալիս անգամ մեծ հզորություններ ստանալու դեպքում չզբաղեցնել վերգետնյա մեծ տարածքներ։

Առաջակվող գէոթերմալ էլեկտրակայանի ծախսածածկման ժամկետը, արտադրված էլեկտրական էներգիան մեկ կիլովատ-ժամը հինգ ցենտով վաճառելու դեպքում, կազմում է մինչեւ երեք տարի:

Պատկերացնելու համար, թե դա ինչ կարող է տալ հանրապետությանը, դիտարկենք առաջարկվող եղանակով գեոթերմալ ջերմային պաշարները էլեկտրոեներգիայի վերածման դեպքում  ստացվող արդյունքը: Եթե հանրապետության ջերմային ակտիվ տարածքի մեկ քառակուսի կիլոմետր մակերեսի վրա կառուցվեն գեոթերմալ էլեկտրոկայաններ, ապա յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրը 150 տարի շարունակ մեզ  կապահովի 200 Մգվտ հզորության էլեկտրոէներգիայով, որը, 1 կվտ-ժամը  5 ցենտով վաճառելու դեպքում, համարժեք է 24 միլիոն ամերիկյան դոլարին։ Եթե հաշվի առնենք մեր ունեցած գեոթերմալ ակտիվ տարացքի մեծությունը, ապա ստացվող արդյունքը (որը գնահատվում եւ մոտավորապես 60 միլիարդ ամերիկյան դոլլար) կարող է գերազանցել ոչ միայն գոյություն ունեցող տնտեսության ամբողջ ՀՆԱ-ն, այլեւ մյուս գոյություն ունեցող օգտակար հանածոների գումարային պոտենցիալ արժեքը նույնպես: Որոշակի հզորության կայանների համակարգ կառուցելու դեպքում կարելի է ոչ միայն բնակչությանն անհրաժեշտ քանակի էլեկտրաէներգիայի մատակարարումը իրագործել սիմվոլիկ գներով, այլեւ հանքարդյունաբերության մեջ ժամանակակից, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ներդրման միջոցով ապահովել արտադրանքի վերջնամշակված արդյունքի ստացումը եւ լուծել հանրապետության առաջ ծառացած տնտեսական ու սոցիալական հիմնական խնդիրները։

Լեւոն ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Կրկին օրհներգի մասին
20 Փետրվարի 2019, 21:35 Կրկին օրհներգի մասին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica