close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+10°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Յոթ օր կորսված դրախտում

Թուղթուգիր

11 Հունվարի 2019, 23:03
 Յոթ օր կորսված դրախտում

Սպարտակ Ղարաբաղցյան

Երեւան-Բեյրութ թռիչքի տեւողությունը երկու ժամից մի քիչ պակաս է: Բեյրութը, բարեբախտաբար, դեռ հայահոծ է, իսկ մի ժամանակ բնակչության մեկ երրորդը հայեր էին: Հենց այդ երանելի տարիներին էր, որ Բեյրութը «Արեւելքի Փարիզ» տիտղոսն էր կրում, եւ կեսլուրջ-կեսկատակ ասում էին. «Այն ինչ առավոտյան Բերյութն էր հագնում ու կրում, Փարիզը՝ երեկոյան, կամ էլ հաջորդ առավոտյան էր հագնում ու կրում»: Մեղավորնե՞րը. դե իհարկե, Բեյրութի նշանավոր հայ դիզայներն ու կոշկակարներն էին, անզուգական հայ ոսկերիչներն ու ադամանդագործները: Բայց դե Փարիզի անունն էր թնդում, իսկ Բեյրութը համեստաբար «Արեւելքի Փարիզ» տիտղոսով էր բավարարվում: Վերջերս էլ մի թուրք լրագրող էր ի լուր աշխարհի հայտարարել. «Եթե հայերին չհանեինք Վանից, Վանը հիմա «Արեւելքի Փարիզը» կհամարվեր...»:

Ափսոս, երկարատեւ պատերազմները Բեյրութում էլ խաթարեցին հայության կյանքն ու երազները: Պատերազմի վերքերը թեեւ սպիացել են հիմա, բայց հայության նահանջը, պակասը բաց վերքի պես մնացել է քաղաքի դեմքին:

Ինքնաթիռը փափուկ վայրէջք կատարեց Բեյրութի օդանավակայանում: Կողքիս նստածը, որն ամբողջ թռիչքի ընթացքում քնած էր, արթնացավ, խաչակնքեց ու մրմնջաց.

-Փառք Տիրոջ, տեղ հասանք:

Իսկ ես դեռ տեղ չէի հասել, Բեյրութում կես օր մնալուց հետո առավոտյան ուղեւորվելու էի Հալեպ:

Ինչպես միշտ, ինձ դիմավորողը Տոնիկն էր: Բարեւելուց, ողջագուրվելուց հետո հարցրի.

-Դեռ չե՞ս ամուսնացել:

-Գալ տարի,- մեղավոր ժպիտով պատասխանեց Տոնիկը:

-Ամեն տարի նույն պատասխանն ես տալիս:

- Ինչպե՞ս է Հայրենիքը,- Տոնիկի անսպասելի հարցն ավելի շատ թեման փոխելու համար էր՝ կռահեցի:

-Խոսքը կտուր մի գցի, որ ամուսնանաս, Հայրենիքը կամրանա:

-Գալ տարի,- այս անգամ ավելի ժպտերես էր. չէ՞ որ այս տարվան հաշված օրեր են մնացել...

Բեյրութը երեւի աշխարհի ամենածանրաբեռնված փողոցներով քաղաքներից է: Կեսօրից հետո  գրեթե անհնար է երթեւեկել: Ինչքան էլ մեր վարորդը լավ գիտեր քաղաքը, միեւնույնն է, մինչեւ հյուրանոց հասանք, Բեյրութ-Երեւան ինքնաթիռն արդեն հասցրել էր «Զվարթնոցում» վայրէջք կատարել:

-Վաղը, լույսը չբացված, Հալեպ տանող տաքսին հյուրանոց կգա: Ընկեր Անդրանիկն ու Լորիկն էլ կմիանան ձեզ,- ասաց Տոնիկը:

-Քանի՞ ժամից կհասնենք Հալեպ:

-Եոթ-ութ ժամ,- ենթադրեց Տոնիկը:

... Յոթ-ութ ժամ: Հիշեցի խաղաղ տարիներին Երեւանից-Հալեպ թռիչքն ընդամենը մեկ ժամ էր տեւում. հիմա պատերազմը փակել է Հալեպ տանող բոլոր ճանապարհներն ու մի կենտ ցամաքային՝ երկրային ճանապարհ է մնացել, այն էլ կրնկի վրա բացված կիսաբաց դռան պես, որն ամեն պահի կարող է փակվել: Վերջին անգամ Հալեպում 2011 թվականին էի եղել, յոթ տարի առաջ... Հետո պատերազմ, որն ամեն օր թվում էր, թե վաղը, մյուս օրը կավարտվի... Յոթ տարի ձգվեց ու հիմա կեսդուռ-կեսբերան խաղաղություն, այնքան փխրուն, որ ամեն ժամ հնարավոր է փշրվի...

Թուրքերը մեծ ախորժակ ունեն Սիրիայից պատառ փախցնելու, քրդերը` նույնպես: Ռուսները առայժմ զսպում են թուրքերին, ու թեեւ թուրքն ու ռուսը սիրախաղ են սկսել, մեղրալուսնի մեջ են, բայց մեկ-մեկու չեն վստահում, երկուսն էլ անհավատարիմ կնոջ համբավ ունեն հին ժամանակներից: Ամերիկացիներն էլ իրենց առաքելությունն իբր ավարտած են համարում, ձեւ են անում, թե դուրս են գալիս Սիրիայից՝ դեմ-դիմաց թողնելով քրդերին ու թուրքերին: Թուրքն ու քուրդը, քուրդն ու թուրքը հին հաշիվներ ունեն:

Մտաբերեցի տարիներ առաջ Հալեպում ապրող քուրդ ծանոթիս. «Կիլիկիա» պանդոկում մատուցող էր աշխատում: Նրա համար ես միշտ թանկ ու սպասված հյուր էի, մանավանդ, որ, Հայաստանից էի: Ո՛չ խմում էր, ոչ ծխում, բայց երբ հայկական ծխախոտ ու կոնյակ էի տանում, անպայման պիտի փորձեր, համտեսեր: Այդ օրը, երեւի հայկական կոնյակն էր մեղավորը, որ անկեղծացավ ու իր պապերի անունից փորձեց ներողություն խնդրել, որն ավելի շատ ապաշխարհանք-խոստովանության էր նման:

«Մեզ թուրքը խաբեց, ասեց հայերի ոսկին, հարստությունը ձերն է, մաքրեք ու տիրացեք նրանց հողին, ունեցվածքին... Մաքրեցինք... Թուրքը մեզ ոչ հող տվեց, ոչ էլ հայերի ունեցվածքից բաժին հանեց... Խաբեց թուրքը... Մենք մեր ձեռքով մեր աչքն հանեցինք... Առանց հայի քուրդը Թուրքիայում քոռ է, միաչքանի...»:

Մի քանի ամիս անց, երբ կրկին անգամ Հալեպում էի, քուրդ ծանոթիս չգտա: «Կիլիկիա» պանդոկի տիրոջն հարցրի.

-Ո՞ւր է մեր քուրդը:

-Լեռները գնաց... Թուրքի հետ կռիվ ուներ... ասում են զոհվել է...,- շշուկով ասաց պանդոկի տերը:

Ուշացած մի խոստովանություն էլ հիշեցի, Եվրոպայի շուրթերից թռած. «Հայերը Թուրքիայի համար կախարդական ոսկէ ձվեր էին ածում, թուրքերն իրենց ձեռքով մորթեցին ածուին...»:

... Ընթրեցինք: Տոնիկը դեռ տպարան պիտի հասներ «Ազդակ»-ի հերթական համարի տպագրությանը հետեւելու: Հրաժեշտ տվինք: Մինչեւ լուսաբաց բան չէր մնացել, որոշեցի ընթերցանությամբ կարճել գիշերն ու սպասել Հալեպ տանող տաքսուն:

***

Լոյսը չբացված Բեյրութ-Հալեպ երթուղին անթերի սերտած Հայրոյի հետ (Հայրապետ) ճանապարհ ընկանք: Ուխտագնացության նման էր մեր ճամփորդությունը, եւ այդ անսովոր ուղեւորությանը, ինչպես արդեն Տոնիկն է ասել, միացել էին Լորիկ Սապունջյան-Ծատուրյանն ու Անդրանիկ Մըսրլյանը: Լորիկը Բեյրութի «Վանա Ձայն» հանրաճանաչ ձայնասփյուռի խոսնակն էր, Անդրանիկը՝ նշանավոր Բուրջ Համուդի նախկին քաղաքապետը: Երկուսն էլ «Համազգային հայ կրթական եւ մղակութային միության» կենտրոնական վարչության անդամ: Գնում ենք Հալեպ` մասնակցելու Համազգայինի 90-ամյակին նվիրված տոնակատարությանը: Աշխարհի տարբեր երկրներում նշվել է հայապահպան այդ փառահեղ միության 90-ամյակը: Մեկնարկը տրվել էր Երեւանից, հետո ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Հունաստան, Կիպրոս, Ավստրալիա, Արաբական Էմիրություններ, Լիբանան...

Բարակ անձրեւ էր մաղում: Լուսադեմին արդեն հատել էինք լիբանանյան սահմանն ու մոտեցել սիրիականին: Պատերազմի մեջ գտնվող երկրի սահմանները միանգամից տարբերվում են լիբանանյան թափանցիկ անցակետերից: Սիրիա մտնող հենց առաջին անցակետում երկար սպասեցինք: Անձրեւը հորդանում էր, գնալով սաստկանում, եւ մութուլույսի մեջ հազիվ ուրվագծվում էր Հայրոն՝ մեր անձնագրերը ձեռքին անձրեւի տակ այս ու այն կողմ վազվզելիս: Վերջապես եկավ՝ թրջված, դժգոհ նստեց ղեկին ու անձնագիրս մեկնելով ինձ, ասաց.

-Մինչեւ մականունդ (ազգանուն) գրեց, հոգին բերանը եկաւ:

***

Լույսն արդեն բացվել էր: Ամբողջ ճանապարհին ավերված գյուղերի, բնակավայրերի, քանդված մզկիթների տեսարաններ են:

-Ասոնք ամենը չերքեզական գյուղեր են,- ասաց Հայրոն ու ավելացրեց,- խեղճ ու կրակ մարդիկ... ո՞րն էր անոնց մեղքը...

Հայրոյի խղճահարությունն այնքան անկեղծ ու մարդկային էր, որ ես էլ ցավ ապրեցի...

Բնակավայրերը մեծ մասամբ կավեղեն տուն-կացարան էր հիշեցնում. միակ առանձնացող շինությունները հավատի տներն էին՝ մզկիթները: Ժամանակն այստեղ կանգ էր առել: Բնակավայրերի, գյուղերի անունների հուշող ոչ մի ցուցանակ, ոչ մի ուղեցույց…  բայց Հայրոն անգիր գիտեր բոլորի անունները:

-Գյուղի անունն ի՞նչ է,- հարցրի Հայրոյին:

-Սալամիե:

Մտածեցի, որ այն երեւի սալամ`բարեւ, ողջույն է նշանակում:

-Թարգմանաբար երեւի մեր բարեւն է...

-Գուցե, չգիտեմ... բայց ո՞ւմ բարեւես, ո՞ւմ ողջույն ասես... մեռելներո՞ւն... ավերակներո՞ւն...

Ամբողջ ճանապարհին մեզ էր միացել աներեւույթ, անտեսանելի մի ուղեւոր եւս՝ պատերազմի ուրվականը: Մեռելահոտ գյուղեր, շեներ... թվում էր, թե ողբերգական այս տեսարաններն ինչ-որ տեղ կընդհատվեն ու անկոչ ուղեւորը՝ պատերազմի ուրվականը, կչքանա...Ավաղ, վերջ չկար...

Հաջորդ անցակետին հասանք: Հավաքված զինվորներից մեկն առանձնացավ ու նշան արեց, որ կանգ առնենք: Հայրոն հերթական անգամ հավաքեց մեր անձնագրերն ու դուրս եկավ մեքենայից: Դռան բացուխուփից անապատի պաղ քամին ներս սողոսկեց: Տեր-Զորի անապատներից թչող պաղ ցրտի մեջ մահվան հոտ կար:

Կրակի շուրջ հավաքված զինվորները բարեկամաբար ողջունեցին Հայրոյին ու առանց ձգձգելու բարի ճանապարհ մաղթեցին...

«Բարի ճանապարհ...բարի երթ...» Շռայլությո՞ւն. մեղք չէ՞ արդյոք մահվան դժոխքի ճանապարհին նման մաղթանքը...

Հաջորդ անմարդաբնակ դարձած գյուղի անունը Խանասոր էր.

-Խանասո՞ր,- զարմացավ Լորիկը:

-Այո, բայց մեր իմացած Խանասորը չէ... Չերքեզներինն է...

Անշունչ, ավեր բնակավայրի մեռելային լռությունը խախտվեց ուշացած աքլորականչով՝

-Միակ կենդանի շունչը,- եզրակացրեց Անդրանիկը...

Բարի լույսի աքլորականչ չէր ափսոս...այլ ուրացումի...երրորդ աքլորականչը գուցե...

***

Ճանապարհին կանգուն մնացած միակ ցուցանակ-ուղեցույցին երկու քաղաք էր նշված՝ դեպի աջ՝ Ռաքքա, ուղիղ՝ Հալեպ: Ասում են Ռաքքայից միայն անունն է մնացել. պատերազմը ավերել, քարակույտերի է վերածել այն:

-Երկու ժամից Հալեպ կհասնենք,- հուսադրող տոնով ասաց Հայրոն: Ով առիթ է ունեցել մինչ պատերազմը Բեյրութից կամ Դամասկոսից ցամաքային ճանապարհով Հալեպ հասնել, կհիշի անշուշտ, զօր ու գիշեր բաց խորտկարանների ու սրճարանների առատությունը: Հիմա կանգ ենք առել կիսաշեն սրճարան-խորտկարան հիշեցնող միակ շինության առաջ` մի պահ գոնե հանգստանալու, սուրճի կամ թեյի ակնկալիքով: Թեկուզ աղքատիկ, կիսաշեն, բայց խորտկարանը նշույլ խորհրդանշող տարածք էր: Իսկ եթե նման վայրում պատի տակ մրափած շուն էլ կա, ուրեմն կարող ես հանգիստ լինել. ուտելու բան էլ կճարվի... Սրճարան-խորտկարանի տիրոջ աչքերում ուրախություն կար. վերջապես հաճախորդներ ուներ: Անդրանիկը սուրճ, թեյ ու արաբական հաց-պանիր պատվիրեց: Թարմ սուրճի բույրը հուշում էր, որ Հալեպը մոտ է:

***

...Կեսօրին վերջապես հասանք Հալեպ: Բեյրութից մեզ ուղեկցող անձրեւն այստեղ էլ չէր դադարել: Եղանակի տխրությունը, մռայլությունն էլ ավելի կրկնապատկվեց, երբ քաղաքի մուտքից սկսած ավեր ու ռմբահար շենքերի համայնքապատկերն էր բացվում աչքերիդ առաջ: Հինավուրց, կենսուրախ քաղաքին սեւ չանչի պես նստել էր պատերազմի ուրվականը: Հայրոն, որ գերթե ամեն օր այս ճանապարհով հաճախորդներ է տանում ու բերում, արդեն ընտելացել է նման տեսարաններին: Պատմում է քաղաքի անողոք թալանի մասին ու զարմացած ասում.

-Ոչ-ոք չկրցավ թալանի դեմն առնել. կարծես հատուկ կազմակերպված գործ էր: Օրը ցերեկով բեռնատարները կանգնում էին գործարանների, ֆապրիքաների առաջ, քանդում ունեցած-չունեցածը, բարձում ու հանգիստ, անարգել հեռանում...

-Ո՞ւր էին տանում,- հարցրի:

-Թուրքիա. Էլ ո՞ւր:

-Հայերը շա՞տ տուժեցին:

-Թալանված ֆապրիքաների, արտադրամասերի տերերը մեծ մասամբ հայեր էին...ու մի քանիսի անունները թվարկեց:

-Թուրքե՞ր էին տանողները,- հարցրեց Անդրանիկը:

-Թալանչիների մեծ մասը տեղացիներ էին՝ թուրքմեններ, քրդեր, արաբներ...նախօրոք պայմանավորվածություններ ունեին սահմանից այն կողմ իրենց ընկերների հետ: Թալանը անարգել հասցնում էին Թուրքիա, հետո գտնում տիրոջը ու առաջարկում կրկնակի գնով հետ առնել, փրկագնել իրենց իսկ ունեցվածքը: Մի երկուսը միամտաբար, խաբված հասան Թուրքիա` փրկագնելու ունեցվածքը. մինչ այսօր չեն վերադարձել...

-Նույն պատմությունը. նույնը ինչ 1915-ին էր կատարվում:

-Է՜,- հուսախաբ ձայնով միջամտեց Անդրանիկը,- Աշխարհը նույնն է մնացել, ոչինչ չի փոխվել. Ոչ թուրքը, ոչ քուրդը, ոչ ռուսը, ոչ հրեան, ոչ հայը...

-Հայն ուր ոտք է դրել շենացնելու, թուրքը կըրընկակոխ հետեւել է նրան, ու հարմար առիթին սպասել... Հիմա էլ ռըսի թեւի տակ մտած սողոսկել է Սիրիա... Տուժողն էլի մենք ենք...

Հիշեցի պատերազմի առաջին տարիներին Հայաստան տեղափոխված հալեպահայերին: Մի մասին թվում էր, թե շաբաթների հարց է, կխաղաղվի, կվերադառնան: Մի մասն էլ համոզված էր, որ այս խմորը դեռ շատ ջուր կառնէ ու գլխի ճարը տեսնել է պետք:

Քաղաքի մուտքին, չգիտեմ ինչու, մտաբերեցի «Անի՜, Անի՜, քո քանդողին տունը քանդվի...» տողերն ու վերադարձրի Հալեպին՝ «Հալե՜պ, Հալե՜պ, քո քանդողի տունը քանդվի...»:

Սփոփա՞նք, թե՞ անզորությունից ծնված անեծք...

Չգիտեմ...

***

«Համազգային»-ի 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին դեռ ժամանակ կար: Ինձ հատկացված հյուրատանը իրերս տեղավորելուց հետո, որոշեցի շրջել Հալեպի ծանոթ ու հին փողոցներով: Գիտեի, որ շատ բաներ չեմ գտնելու, ծանոթ ու հարազատ դեմքերի չեմ հանդիպելու: Նրանց մի մասը կանադաներում, ամերիկաներում, շվեդիաներում են արդեն, մի մասն էլ երկնքից՝ այս մաղող անձրեւի պես ուղեկցելու է ինձ... Խճճվել եմ իրականության ու հուշերի մեջ: Պատերազմն իր դաժան զիգզագ սահմանագիծն է քաշել փողոցներում նստած ծանր ու թեթեւ բետոնապատերի տեսքով: Մի քայլ այն կողմ հուշերն են. գունեղ հրավառություն հիշեցնող Հալեպը, մի քայլ այս կողմ իրականությունը՝ պաղ, սահմռկեցուցիչ:

Կարոն առաջարկեց իր ինքնաշարժով պտտել քաղաքում: Հրաժարվեցի: Առաջարկեցի քայլելով շրջել:

-Քո տեսած Հալեպը չէ,- փորձեց համոզել Կարոն:

-Գիտեմ, բայց ուզում եմ քայլել. 8 ժամից ավել նստած ճանապարհ եմ եկել, հոգնել եմ նստակյաց:

-Այդ ուրիշ,- համոզվեց Կարոն:

Քայելով` Հալեպի նշանավոր բերդին հասանք: Հազարամյա ամրոցի տարածքը, որ միշտ լեցուն էր զբոսաշրջիկներով, ամրոց մտնելու համար հերթերով, հիմա հատուկենտ վերականգնված սրճարաններ ու խանութներ կան միայն, ու նրանց առջեւ կանգնած տղեկներ, որ գնացող-եկողին ներս են հրավիրում... Արեւելքի հին սովորույթ. ամեն խանութ, ամեն սրճարան իր «Էստի համեցեք...» կանչողն ուներ:

Բերդի վնասված մի հատվածը քարակույտերի էր վերածվել, ու ասես, ոչ թե այդ քարեղեն հսկան է վիրավորը, այլ Մարդկային Հիշողությունը:

Վնասված բերդի մի հատվածը փորձել են վերականգնել, բայց այն ավելի շատ կարկտանի էր նմանվել: Հազարամյակների, քաղաքակրթության մի շերտ էլ Հալեպի «Ներսի շուկա»ն էր, որ ջնջվել էր քաղաքի հիշողությունից: «Ներսի Շուկան» քաղաք էր քաղաքի մեջ, փլատակների կույտ է հիմա... Հիշեցի տասնամյակներ առաջ գունեղ ժխորի մեջ մի ձայն, որն «Ամօ՜, ամօ՜...» կանչելով վազում էր մեր ետեւից: («Ամօ»-ն արաբերենից թարգմանած հորեղբայր է նշանակում): Ընկերոջս՝ Խաչիկ Ճոզիկյանի հետ էինք: 10-12 տարեկան երեխան մի սեւ բան ձեռքին մեր ետեւից էր վազում: Պարզվեց՝ գրպանիցս ընկած դրամապնակն էր գտել ու մեզ էր կանչում... «Ներսի Շուկայում» մի հնավաճառ բարեկամ էլ ունեի՝ Ջեմալ անունով: Աջ այտին մեծ խալ ուներ: Հայագիր, հայատառ ինչ հին իր գտներ, հատուկ պահում էր ինձ համար: Վերջին անգամ Թուրքիայից արծաթե մասունքատուփ էր բերել` Ախթամարի վանքի պատկերով: Մի անգամ էլ ցավով պատմեց, թե ինչպես է հայաստանցի մի հաճախորդ արծաթյա գոտիներ ու զարդեր առաջարկել`  ջրի գնով...

-Քեզ համար հատուկ անակնկալ ունեմ...Թուրքիայում եմ գտել. հաջորդ անգամ կբերեմ,- վերջին անգամ խորհրդավոր ասաց Ջեմալը: Չհանդիպեցինք: Պատերազմը Հալեպ էր հասել...

Քաղաքների կենսագրությունը, պատմությունը գրում, կերտում են մարդիկ:

-Հիշո՞ւմ ես, այստեղ Բարսումյանի նշանավոր խանութն էր-. ասում է Կարոն` ցույց տալով ամայի տարածքը:

-Քիչ այն կողմ Կարպիսի խանութը չէ՞ր...

- Դերձակյանի՞,- ուզում է ճշտել Կարոն:

Այսպես անուններ տալով, հիշելով, ասես ներկա-բացակա անելով շրջում էինք Հալեպի փլատակներում...Բացակաները, ցավոք, շատ էին...

Երանի երազ լիներ, վատ երազ... Մի հրաշքով արթնանայինք այս մղձավանջից ու երազային Հալեպը ծփար իր գունեղ ժխորով... Երանի՜...

***

... Երեկոյան հալեպահայությունը հավաքվել էր նշելու «Համազգային»ի 90-ամյակը: Հալեպահայերը սիրում են կոկիկ ու ճաշակով հագնվել, հատկապես, երբ տոնը ազգային է, համահայկական: Նրանց դեմքերին ոչ հոգս կտեսնես, ոչ անհուսություն: Ընթերցողը հիմա երեւի կմտածի` այսքան տխուր տեսարաններ նկարագրելուց հետո ի՞նչ խանդավառության մասին է խոսքը: Ափսոսում եմ, որ ինձ հետ չեք, իսկ ես էլ չկարողանամ բառերով պատմել տեսածս ու ապրածս: «Եսայան սրահի» վեց հարյուր տեղանոց դահլիճը լեփ-լեցուն ու տոնական էր:

Հալեպահայությունը մեր կորսված երկրի խճանկարն է: Հարյուր ու ավելի տարիներ առաջ Սասունից, Մուշից, Վանից, Կարինից, Տիգրանակերտից, Մարաշից, Ուրֆայից, Այնթափից, Զեյթունից, Սվասից, Խարբերդից, Արաբկիրից Տեր Զորի մահվան անապատներից հրաշքով փրկված, արյան վտակների պետ հոսել, հասեր են Հալեպ, ու թե փորձես փորփրել հալեպահայության Հիշողությունը, ամեն մեկն իր արյան ակունքին կհասնի, կհիշի, Հիշողության գանձատուփը կբանա ու հեքիաթի պես կպատմի՜, կպատմի...

Պատերազմները սրբում են մարդկային հիշողությունն ու վերացնում քաղաքակրթությունները: Սիրիան` պատմական Ասորիքը, աշխարհի հնագույն ցեղերի ու ժողովուրդների քաղաքակրթությունների խառնարան է: Պատմության վաղ արշալույսին ցեղերը, ժողովուրդներն այստեղ են իրենց պատմությունը սրով գրել, սրով խազել ու քաշել իրենց սահմանները: Մենք մի քիչ շտապեցինք, ժամանակից շուտ սուրը՝ գրիչը, արյունը՝ մելան կարծելով... Շտապեցինք առաջինը հավատալ, երկրպագել խաչված ու համբարձված Առաքյալին, առաջինը հավատացինք «Սիրիր մերձավորիդ, ներիր թշնամուդ» պատվիրանին, «մի այտիդ ապտակողին մյուս այտդ դեմ տուր» հորդորին...

Հալեպում ուրֆացի Հովհաննեսը ինձ վաղուց մի պատմություն էր պատմել, որն հիմա արժե վերհիշել: Նրա մեծ պապի անունն էլ էր Հովհաննես, բայց Տեր-Հովհաննես էին ասում: Հաղթանդամ, բարետես հոգեւորական էր: Մի օր երկու թուրք կանգնեցնում են նրան ու փորձում կողոպտել: Թուրքերից մեկը արհամարհական քաշքշում է Տեր-Հովհաննեսի մորուքից ու հետն էլ հարցնում.

-Ճի՞շտ է, որ ձեր ղուրանում գրված է. «երբ մի երեսիդ ապտակում են` մյուսը դեմ տուր»:

-Ճիշտ է,- պատասխանում է հոգեւորականը:

-Դե որ այդպես է, բեր ապտակեմ,- ասում է թուրքն ու շռնդալից ապտակում:

Տեր-Հովհաննեսը անմռունչ տանում է վիրավորանքը՝ լավ հասկանալով շարունակությունը:

-Դե, հիմա էլ մյուս երեսդ շուռ տուր,- քահ-քահ հռհռալով` ասում է մյուս թուրքը:

Մյուս երեսն է դեմ անում Տեր-Հովհաննեսն, ու թուրքի երկրորդ ապտակն է իջնում:

Իրենց արածից գոհ, ոչ մի դիմադրության չհանդիպելով` թուրքերն ավելի են ոգեւորվում ու մտածում, որ որսն իրենց ձեռքին է արդեն:

-Սպասեք,- հանգիստ, անխռով ասում է Տեր-Հովհաննեսը,- մեկ է ունեցածս ձեզ եմ տալու, բայց խնդրում եմ լսեք. մեր ղուրանում չգրված մի պատվիրան էլ կա...

-Ո՞րն է,- զարմացած հարցնում է թուրքը:

Տեր-Հովհաննեսը ձեռքը դանդաղ տանում է, վեղարի տակ թաքցրած զենքը հանում ու դեմ տալիս թուրքի ճակասին, մյուս ձեռքով էլ բռնում փախուստի փորձ անող ընկերոջ շլնքից:

Թուրքերն աղաչանք-պաղատանք են անում, խնդրում, որ բաց թողնի, որ կատակ են արել, Ալլահի սիրուն ների... Տեր-Հովհաննեսը անվրդով գնդակը մեխում է թուրքի ճակատին, մյուսին էլ ցած նետելով կամրջից` հեռանում:

Սա է Սբ. Գրքի ամենակարեւոր չգրված ու չկարդացված պատվիրանը...Երանի թե  Տեր-Հովհաննեսները շատ լինեին...

***

Սիրիահայ Օգնության Խաչի (ՍՕԽ) ատենապետուհի Հռիփ (Հռիփսիմէ) Կանանյանի հետ Քառասուն Մանկանց եկեղեցի այցելեցինք: Պատերազմի տարիներին հատուկ նշանառությամբ, մի քանի անգամ ռմբահարվել էր եկեղեցին ու հիմա վերաշինվում, վերընձյուղվում էր ավելի քան հինգհարյուրամյա եզակի կառույցը: Այն ոչ միայն Հայության, այլեւ Հալեպի պարծանքներից է: Վերականգնման աշխատանքները ղեկավարող Կարպիսը մեկ-մեկ բացատրում էր, թե որը որից հետո են անելու:

-Մինչ Հունվար՝ Սբ. Ծնունդ կհասցնե՞ք,- հարցրեց Հռիփը:

-Հուսամ,- մի քիչ երկմտալով ասաց Կարպիսը ու շարունակեց ցույց տալ փլատակների տակից բացված եկեղեցու նոր դուռը, որը դարերով փակ, գաղտնի էր մնացել: Հայտնաբերվել էր եկեղեցու տակով մինչեւ Հալեպի բերդ ձգվող թունելը, որն ահաբեկիչները ռազմամթերքով էին լցրել ու բարեբախտաբար չէին հասցրել պայթեցնել:

-Եթե պայթեր, ոչ միայն եկեղեցին, այլ այս ամբողջ թաղամասն օդը կհաներ,- ասում է Կարպիսը:

Պատերազմի հենց սկզբից եկեղեցու գանձերը՝ ձեռագիր գրքեր, մատյաններ... տեղափոխվել են ապահով վայր, իսկ այն, ինչը հնարավոր չէր տարհանել, խնամքով թաքցրել քողարկող պատերով, որ կողոպուտի, ավարի բաժին չդառնա:

-Ի՞նչ միջոցներով են վերականգնման աշխատանքները կատարվում:

-Կիլիկիո Կաթողիկոսարանի, նաեւ Սիրիայի նախագահի անմիջական հատկացումներով:

Մինչեւ Սբ. Ծնունդ հիմնական աշխատանքները կավարտվեն, ու Արամ Առաջին կաթողիկոսի ձեռամբ կվերաօծվի Քառասնից Մանկանցը:

Հիշեցի տարիներ առաջ, իսկ ավելի ստույգ 2000 թվականի ապրիլի 26-ն էր, Քառասուն Մանկանց եկեղեցու 500-ամյակն էր նշվում: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած պատվիրակներ, տարբեր համայնքների հոգեւոր դասի բարձրաստիճան սպասավորներ, գիտնականներ, զբոսաշրջիկներ, խուռներամ բազմություն... Եկեղեցու 500-ամյակին նվիրված հատուկ դրամանիշ էր թողարկվել նաեւ...

Աապրիլյան այդ տաք ու խնկաբույր օրվա հուշերը խառնվել էին դեկտեմբերյան ցուրտ, անհրապույր ներկային, ու միակ մխիթարանքը Կարպիսի հուսադրող խոսքերն էին.

վերականգնումից հետո Քառասնից Մանկանցը ավելի գեղեցիկ ու վեհաշուք է լինելու:

Եկեղեցու ներսում աշխատանքային եռ ու զեռ է: Նայում էի գործավորներին ու մտածում. մարդու երկու տեսակ կա. մեկը քանդում է, մյուսը՝ արարում: Մեկը հրամայում է կրակել, մյուսը՝ Կարպիսի պես «հրամայում» է արարել... Որտեղ էլ լինենք, Հալեպում, թե Լոսում, Ղազախստանի շեղաչ տափաստանում, թե ցրտաշունչ Կանադայում, մեզ՝ հայերիս, հրամայված է ապրել ու արարել...

Եկեղեցուց դուրս շրջակա տարածքը անճանաչելի էր: Հռիփի հետ հաշվում ենք իրար ետեւից շարված, ավեր ու թալանված խանութները, արհեստանոցները. հիշում նրանց տերերին: Առաջնորդարանի բակում երկու գրատուն կար. «Օշական»-ը եւ Զավէն Սապունճյանի «Օմար Խայամ»-ը: Հետո Բոսնոյանների հայաստանյան հուշանվերների խանութը, քիչ այն կողմ` Արոյանների հայտնի արծաթե իրերի խանութ-արհեստանոցը...

-Հիշո՞ւմ ես, այստեղ էլ անտիկ իրերի խանութ էր,- ասում է Հռիփն ու ցույց տալիս հերթական ավերված շինությունը:

-Այն մեկն էլ Մովսես Ֆաքեչյանի արհեստանոցը չէ՞ր...

-Ճիշտ ես, Մովսեսինն էր,- հաստատում է Հռիփը:

-Սա էլ Հրաչինն էր, հիշում եմ:

-Ո՞ր Հրաչինը:

-Կաղ:

-Հրա՞չ, թե՞ Պողոս,- փորձում է ճշտել Հռիփը:

-Պողոսի խանութը Նոր Գյուղում էր...

-Պողոսն էլ կաղ էր, բայց երկու ոտքերից:

-Չեմ հիշում. Այնքան շատ էին: Ո՞ր մեկին հիշես,- հուսահատ ասում է Հռիփն ու շարունակում,- ո՞վ կմտածեր, որ այս օրերին կհասնենք...Այս երկրի, քաղաքի համար մենք ամեն ինչ արինք, զինվորներ, նահատակներ տվինք ու դժվար է բաժնվիլը... Այս երկիրն էլ մեզ ոչինչ չխնայեց...

Պատերազմի ամբողջ ընթացքում ոչ մի օր Հալեպը չլքած այդ փոքրամարմին կնոջ մեջ անորոշության մտահոգություն էր, որ առաջին անգամ երեւի բարձրաձայնեց:

Հալեպից բաժանվելն, իրոք, դժվար է...

Իր քանդված տուն ու տեղը թողած Հայն այստեղ էլ առաջինը եկեղիցին ու դպրոցն է նորոգում: Զավարյան դպրոցի տանիքն ընկած ռումբը, բարեբախտաբար, թեեւ չէր պայթել, բայց Հալեպի նշանավոր կրթօջախը անմասն չէր մնացել պատերազմի պատահած արհավիրքից:

Երեկոյան անմոռանալի մի արարողութան մասնակիցը դարձանք. կրթօջախի պատին տեղադրված Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միության 90-ամյակը խորհրդանշող հուշաքարի բացումը: Լսել էի, որ գաղթի տարիներին, այնթափցիները, որպես մասունք ու Հիշողություն, իրենց հետ հնամյա զանգ են բերել նաեւ ու նվիրել Զավարյան դպրոցին, պայմանով սակայն, որ նրա ղողանջների տակ սկսվեն ու ավարտվեն դասաժամերը:

Երբ հրաժեշտ էինք տալիս, դպրոցի տնօրենին խնդրեցի հնչեցնել Զանգը:

-Սիրով, ինչո՞ւ չէ,- ասաց նա ու միասին բարձրացանք ուսուցչանոց:

Զանգն իր տեղում էր: Այնթափից Հալեպ հասած Զանգի ղողանջները Հարության, խաղաղության ղողանջներ էին ասես, որ հետս հասցրել եմ Հայաստան ու տանելու եմ Արցախ...

 

2018 թ. Դեկտ.-2019 թ. Հունվար

Բեյրութ-Հալեպ-Երեւան

ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
14 Նոյեմբերի 2019, 11:27 ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica