close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օր, երբ Երուսաղեմի հայությունը հավաքվում է մի հարկի տակ

Հարցազրույց

6 Հունվարի 2019, 11:00
 Օր, երբ Երուսաղեմի հայությունը հավաքվում է մի հարկի տակ

Հայերն ամբողջ աշխարհում Նոր տարին յուրովի են նշում: Սուրբ քաղաքում էլ Ամանորը նշում են յուրահատուկ ավանդույթներով և սովորություններով:

Ինչպե՞ս են սաղիմահայերը դիմավորում Նոր տարին: Այս մասին Yerkir.am-ը զրուցեց սաղիմահայ Գրիգոր Սահակյանի հետ:

«Երուսաղեմում Ամանորի շրջանը մի քանի դրվագներով է:  Չկա մի օր, որ ամեն ինչ կայանա ու վերջանա, քանի որ այնտեղ կան շատ դավանանքներ, և երկու շաբաթը մեկ Հիսուսը նորից է ծնվում: Սաղիմահայերիս մոտ տարածված հումոր կա, ասում ենք` Երուսաղեմում Հիսուս երեք անգամ է ծնվում, ու երկու անգամ Նոր տարի է նշվում»,- կատակում է Գրիգորը` հավելելով, որ սա` դեռ արաբների ու հրեաների Նոր տարին չհաշված:

Նրա խոսքով` Երուսաղեմում տոնական օրերը սկսվում են դեկտեմբերի 14-ից, ու թեև հայերը հիմնականում Երուսաղեմում են ապրում, բայց սուրբծննդյան տոնակատարության մթնոլորտը զգալու համար մեկնում են Բեթղեհեմ` Հիսուսի ծննդավայրը, որն ընդամենը 20 րոպե է հեռու Երուսաղեմից: Ըստ Գրիգորի` Երուսաղեմում անգամ տոնածառ չի տեղադրվում. չէ՞ որ այնտեղ բնակչության ընդամենը երկու տոկոսն է քրիստոնյա:  «Այնպես որ` եթե հայերը ցանկանում են տոնական մթնոլորտը վայելել, պետք է այցելեն Բեթղեհեմ»,- նշում է երիտասարդը:

Մեզ հետ զրույցում Գրիգորը պատմում է, որ դեկտեմբերի 24-ին, երբ կաթոլիկներն են տոնում Սուրբ Ծնունդը, Երուսաղեմի հայերը  դարձյալ մեկնում են Բեթղեհեմ` ներկա լինելու մեծ տողանցքին (նվագախմբով շքերթին), որին երբեմն մասնակցում են նաև հայ սկաուտները, ինչպես նաև կաթոլիկ հոգևորականների կողմից մատուցված արարողություններին, որոնց ժամանակ փակվում են Բեթղեհեմի բոլոր փողոցները, և ժողովուրդը վայելում է տոնը:

«Իսկապես, շատ հաճելի օր է»,- այդ միջոցառումները վերհիշելով`  ասում է Գրիգորը:

Պարզվում է` Երուսաղեմում հայ գաղութը Նոր տարին դիմավորում է մեկ վայրում` միասնաբար: Իսկ թե ինչո՞ւ, դաշնակցական երիտասարդը պատմում է, որ դա միակ օրն է, որ Երուսաղեմի ամբողջ հայությունը, անկախ կուսակցական պատկանելությունից, հավաքվում է մեկ կտուրի տակ` նշելու Ամանորն ու, ինչպես ընդունված է ասել հայերի մոտ, «մի լավ ուտել-խմելու և ուրախանալու համար»:

«Երուսաղեմի հայ գաղութն ապրում է Երուսաղեմի հայկական թաղամասում, որտեղ էլ գտնվում է հայկական «Բուլղուրջի» ճաշարանը: Ամեն տարի դեկտեմբերի 31-ին այդ ճաշարանի տերը մեծ խրախճանք է կազմակերպում , որպեսզի ամբողջ հայ գաղութը միասին դիմավորի Նոր տարին: Դա, իսկապես, շատ լավ է, որովհետև եթե նա նման բան չնախաձեռներ, բոլորս` թե´ միությունները, թե´ ընտանիքները, առանձին էինք նշելու»,-ոգևորությամբ պատմում է Գրիգորը` հավելելով, որ այդ խրախճանքի ժամանակ ես տեսնում Երուսաղեմի հայկական գաղութի իրական թիվը:

«Այդ ժամանակ է, որ դաշնակցական, հնչակյան կամ անկուսակցական մարդիկ հավաքվում են  չեզոք վայրում և մինչև լույս առավոտ հայկական երգերով քեֆ անում»,- նշում է երիտասարդը:

Ի դեպ, դեկտեմբերի 31-ին միայն Երուսաղեմի հայ համայնքն է, որ նշում է Նոր տարին:

«Երբ ուշ գիշերին մենք հրավառություն են անում, մարդիկ մոտենում են մեզ ու գանգատվում` ի՞նչ եք անում: Բացատրում ենք, որ այդ օրը մեր Նոր տարին է, և մենք պարզապես նշում ենք: Ասում են` ոչ, չկա այդպիսի բան, վաղը գործ կա: Եվ իսկապես ճիշտ է` հունվարի 1-ին բոլորս գործի ենք»,- ասում է Գրիգորը:

Չնայած տոնակատարությանը խոչընդոտող աշխատանքային մթնոլորտին` Երուսաղեմի հայ գաղութը չի կորցնում իր տոնական տրամադրությունը: Եվ գալիս է հունվարի 13-ը` սաղիմահայերի` հին տոմարով բուն Նոր տարվա օրը:

«Այդ գիշերն ամենագեղեցիկ, ամենայուրահատուկ և «ամենաերուսաղեմահայկական» օրն է ինձ համար»,- ասում է Գրիգորը` պատմելով, որ Նոր տարվա երեկոյան հայերն իրենց ընտանիքներով ժամը 9-ին ընթրում են, և քանի որ բոլորն ապրում են մեկ թաղամասում, մինչև 11.30-ն այցելում են միմյանց, շնորհավորում, նվերներ փոխանակում, սակայն ժամը 12-ն այն ժամն է, երբ բոլորը` միասնաբար, շքեղ շորեր հագած, հավաքվում են Սուրբ Հակոբյանց Մայր Տաճարի մեծ բակում, որտեղ եկեղեցական արարողություն է մատուցվում, և եկեղեցու առաջնորդներից մեկը շնորհավորում է հայ գաղութին` մաղթելով նոր և բարեբեր տարի:

Հրավառություն հետո բոլորը` անկախ տարիքից, մասնակցում են երիտասարդների կողմից կազմակերպված խրախճանքին և մինչև լույս զվարճանում:

Հունվարի 18-ին Երուսաղեմում հայոց եկեղեցին հին տոմարով տոնում է Սուրբ Ծնունդը: Այս օրն է , որ հայերի համար ավարտվում են տոնական, ինչպես նաև տոնածառը վայելելու օրերը:

«Հունվար 18-ին ոչ միայն Հայ մարմնակրթական ընդհանուր միության, այլ նաև մյուս հայկական միությունների սկաուտները ուղղվում են դեպի Բեթղեհեմ, որտեղ ժամանում է պատրիարքը, և տողանցքով նրան ուղեկցում ենք դեպի Մայր տաճար, որտեղ ծնվեց Հիսուսը: Այնուհետև կրկին տողանցք է տեղի ունենում, և այսպիսով ավարտվում հայերի տոնական մթնոլորտը: Հունվարի 19-ից արդեն ո´չ տոնական մթնոլորտ է լինում, ո´չ տոնածառ»,-կատակում է Գրիգորը` այնուամենայնիվ, հաստատելով, որ ամենահատուկ արարողությունը, որ Երուսաղեմում տեղի է ունենում, և բոլոր հայերն անհամբեր սպասում են դրան, հունվար 13-ի գիշերն է` բուն Նոր տարվա օրը:

Զրուցեց Արազ Գայմագամյանը

Նոր նշանակումներ
23 Հունվարի 2019, 18:08 Նոր նշանակումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica