close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ

Հարթակ

26 Դեկտեմբերի 2018, 13:42
 Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ

Դեկտեմբերի 14-ին Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի հաջորդ տարվա կազմակերպման համար տրամադրել 17 միլիոն դրամ` մտածելով, որ կառավարության այս որոշումը հանրությունն ընդունելու է ծափերի համազարկով: Որպես ամանորյա ակցիա` Արայիկ Հարությունյանը գրել էր նաեւ, որ նախկինում ինքը քննադատել է հաղորդաշարը` ռուսերեն լինելու համար, բայց հաջորդ տարվանից այն հայերեն կլինի (բացահայտել է, թե չի շնչում, որովհետեւ մեռած է):

Իհարկե, ողջունելի են Արայիկ Հարությունյանի` լեզվի պահպանմանն ու դրա անաղարտ տարբերակի քարոզին ուղղված քայլերը: Բայց կարծում եմ, որ, որպես լեզվի պահպանության առաջին օրինակ, այն դեպքում, երբ մտավորականություն չկա, Արայիկ Հարությունյանն ինքը պետք է դադարի պաշտոնական ելույթներում կիսաժարգոնային բառեր գործածել: Ավելին` նա դատապարտված է ընդունելու, որ գրական արևելահայերենում «ա» օժանդակ բայ չկա,«ա» ասելով` նախարարը, հավանաբար, «է» նկատի ունի, և լավ կլինի, որ խոսի նկատի ունեցածով:

Բացի այդ` խոսելով խաղը հայերենով անցկացնելու մասին, Արայիկ Հարությունյանը չնշեց, թե ի՞նչ հայերեն է կիրառվելու` դեռ «չսպիացած» վերջին նախընտրական քարոզարշավի՞, թե՞ նորմալ, գրական: Խիստ կվրդովվեմ, եթե եթերում հայերեն խոսող մասնակիցն արտաբերի «բոմժ», «քացու տակ քցել», «համբալ», «սաղիդ կփռեմ ասֆալտին», «դուխով», «արա» ու նմանատիպ բառ-բառակապակցություններ:

Անդրադառնանք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղին: Նախ` հարկավոր է հասկանալ, թե որքանո՞վ է նպատակահարմար ու պատճառաբանված այդ խաղը Հանրային հեռուստաընկերության եթեր մտցնելը, որքանո՞վ է դա աղերսվում Հ1-ի առջեւ դրված խնդիրների հետ: Դրա մասին հետո ավելի հարմար վայրում կխոսենք: Հիմա անդրադառնանք կառավարության որոշմանը:

Հարկերը գանձվում են ի շահ պետության, ճի՞շտ է: Օրինակ` ինձ` որպես ՀՀ հպարտ  հարկատուի, հետաքրքրում է` ո՞րն է այդ խաղի պետական կարևորությունը, նպատակը, և ինչո՞ւ շարքային հարկատուիս վճարած հարկերը պետք է ուղղվեն մի բանի, որով իրենց ժամանցն են ապահովում, ասենք, Նազենի Հովհաննիսյանն ու Եգոր Գլումովը, այն դեպքում, երբ իմ, Արայիկ Հարությունյանի, Նազենի Հովհաննիսյանի, Եգոր Գլումովի ու Երեւանի «կարգին» քաղաքապետի անվտանգությունն ապահովող զինվորն ավելի շատ ունի այդ 17 միլիոն դրամի կարիքը` թեկուզ հենց վարտիքի ու գուլպայի տեսքով: Դեմ չեք, չէ՞, եթե զինվորի վարտիքը գերադասեմ հիշյալ մարդկանց ժամանցին:

Բայց ավելի վատ բան էլ կա. Արայիկ Հարությունյանն իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից կասկածի տակ էր դրել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ու «Հայ ասպետ» կրթահամալիրի հետագա գործունեությունը: Ի դեպ, այդ կասկածներն առ այսօր խելագար ուրվականների պես փոթորկում են մեր կրթաղեկավարների լեցուն ուղեղները: Բայց այսօր այդ նույն ուղեղները (ուղե՞ղ, հա՞ որ) պատրաստ են մոտ երկու տասնյակ միլիոն դրամ վճարել մի խաղի, որը, կարելի է ասել, ոչինչ չի տալիս հեռուստադիտողին ու իր օգտակարությամբ, եթե ունի այդպիսի կողմ, անհամատեղելի է ՀՀ պետական բյուջեից դուրս գրվող գումարների սկզբնական նպատակաուղղվածության հետ: Ավելին` այդ քայլը հակասում է «Նոր Հայաստանի» (Նոր Հայաստան, չէ մի` բրդած մածուն) սկզբունքներին: Եթե չեմ սխալվում, այնտեղ անիմաստ ծախսվող գումարներ չպետք է լինեին, ամեն ինչ պետք է պատճառաբանված լիներ ու ծառայեր հանրության շահերին, հպարտ ու հաղթանակած, սեր ու թավիշ կռած ժողովրդին…

Բայց «Նոր Հայաստանում» էլ, հնի պես, չեն հասկանում իրերի դրությունը` ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ... 

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Նոր նշանակումներ
23 Հունվարի 2019, 18:08 Նոր նշանակումներ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica